«Կարող է վերածվել լայնածավալ ագրեսիայի»․ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Ռազմական բախում Տեղ գյուղում
Նախօրեին սահմանային իրադրությունը լարվել էր Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում։ Դեռևս մարտի վերջին այս նույն հատվածում Ադրբեջանի զինուժը դիրքային բարելավում էր ունեցել՝ տեղակայվելով սահմանից 100-300 մետր առաջ՝ ՀՀ սուվերեն տարածքում։ Հենց բարելավված դիրքերից են ապրիլի 11-ին ադրբեջանական զինվորականները կրակ բացել հայ զինծառայողների ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է 4 զոհի և 6 վիրավորի մասին։
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ Հայաստանի ԶՈՒ զինծառայողներին են մոտեցել «սահմանի տեղակայման կետերի ճշգրտման» պատրվակով, սադրել, այնուհետև հրազենային զենքերից, տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել նրանց ուղղությամբ։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ճշգրտումը լինում է «հեռադիտակներով, քարտեզներով, մատիտներով ու թղթերով», ոչ թե կրակոցով։ Տեղի ունեցածը որակում է որպես ագրեսիա ու նշում, որ ինչ-որ պահի դիրքային մարտերը կարող են վերածվել լայնածավալ պատերազմի։
«Ոչ թե կարող են, այլ վերածվելու են, թե երբ՝ չենք կարող կանխագուշակել։ Դա կարող է լինել հենց այսօր, կարող է լինել 5 տարի հետո, բայց միևնույն է՝ լինելու է»,- ընդգծել է նա։
Տեղեկություններ Երևանից, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի»
Պաշտպանական գերատեսչությունն իրավիճակի վերաբերյալ թարմացված տվյալներ է հրապարակել վաղ առավոտյան։ Դրանց համաձայն՝ գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 4 զինծառայողներ, 6-ը վիրավորվել են։ Վիրավորներից երեքի առողջական վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր։
Հայկական կողմը նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ դրանում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները սադրանքի նպատակով մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող Հայաստանի ԶՈՒ զինծառայողներին, այնուհետև կրակ բացում հայ զինծառայողների ուղղությամբ:
Հրապարակվող հաղորդագրություններից մեկում Երևանն արձագանքել է նաև ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող տեղեկություններին, թե հայկական կողմը, իբր, կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր։
«Հայաստանի ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան»,- նշել է նախարարությունն ու հերքել այդ լուրերը։
ՊՆ փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող Հայաստանի ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետային միջոցներ: Փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է 19:00-ի դրությամբ։ Գրեթե մեկ ժամ անց հաղորդվեց, որ իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
Տեղեկություններ էին տարածվել նաև Վարդենիսի ուղղությամբ կրակոցների առկայության և Սոթքի հանքավայրի աշխատակիցների տարհանման մասին։ ՊՆ-ն, սակայն, դրանք հերքել էր։
«Ադրբեջանցիները պահանջել են դադարեցնել ինժեներական աշխատանքները»
Լրագրողների հետ զրույցում ադրբեջանական սադրանքի մանրամասներն է ներկայացրել խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական մեքենան իրենց կողմից վերահսկվող տարածքից մոտեցել է հայկական դիրքերին բանակցությունների պատրվակով, հայ զինծառայողներից պահանջել են դադարեցնել ինժեներական աշխատանքները։
«Մերոնք արժանի պատասխան են տվել, և պատասխանից հետո մարտական գործողություններ են սկսվել։ Բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է, մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել»,- նշել է նա։
Իշխանական պատգամավորի փոխանցմամբ՝ մարտական գործողությունները դադարացնելու հարցում որևէ երրորդ կողմի միջնորդություն չի եղել, այն դադարեցվել է «Հայատանի ուժային գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների» խոսակցությունների արդյունքում․
«Հարցը այսպես է դրվել՝ շարունակում ենք կռվե՞լ, վերածվո՞ւմ է պատերազմի, թե՞ դադարեցնում ենք։ Վստահ եմ, որ դադարեցման հարցում մեծ դեր է ունեցել նաև այն, որ մեր բանակը իր դիրքերում ամուր կանգնել է և պատասխան հարված է տվել»։
Խաչատրյանը հայտնել է, որ տվյալ հատվածում հայկական կողմը լուրջ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, ինչն էլ ադրբեջանցիներին դուր չի գալիս, ամեն կերպ փորձում են խափանել։
«Հերթական ոտնձգությունն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»
Ադրբեջանական զինուժի ձեռնարկած գործողություններն այսպես է բնորոշել պաշտոնական Երևանը։ Արտգործնախարարությունը շեշտել է, որ Բաքվի այս քաղաքականությունը նոր չէ, այն շարունակությունն է 2021թ. մայիսին և նոյեմբերին, 2022թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ իրականացրած հարձակումների, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է երկրի ինքնիշխան տարածքներ.
«Փաստենք, որ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը»:
ԱԳՆ-ն միջազգային հանրությանն ու «տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված» բոլոր գործընկերներին կոչ է արել հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան:
«Ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները»
Տեղ գյուղի սահմանային միջադեպից հետո Ադրբեջանին և Հայաստանին նման կոչ է արել ԵՄ արտաքին ծառայությունը։ Հայտարարությունում նշվում է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ գործընթացին․
«Մենք զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու կոչ ենք անում: ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»։
Հայտարարությունում չի նշվում՝արդյո՞ք Տեղ գյուղի հատվածում տեղակայված են ԵՄ դիտորդներ, արձանագրե՞լ են խախտումներ, թե՞ ոչ։
Շեշտվում է, որ նախկինում ձեռքբերված, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ստանձնած պարտավորությունները պետք է հարգվեն․
«Միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատման բացակայության պարագայում անհրաժեշտ է հարգել 1991 թ․-ի սահմանագիծը և կողմերի ուժերը հեռացնել այդ գծից անվտանգ հեռավորության վրա՝ նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ նախօրեին Տեղ գյուղում տեղի ունեցածը մարտական գործողություններ էին, որոնք Ադրբեջանը ձեռնարկել էր՝ ելնելով իր «զավթողական քաղաքականությունից»։ Ասում է՝ նման «սողացող» դիրքային գործողությունները ինչ-որ պահի կարող են վերածվել լայնածավալ ագրեսիայի։
Հիշեցնում է՝ դիրքերը, որտեղից կազմակերպվել է ագրեսիան, Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել բոլորովին վերջերս և հայկական կողմի անփութության պատճառով։
«Ադրբեջանը կանգ չի առնելու, վերցնելու է այնքան, ինչքան կկարողանա։ Մենք պետք է թույլ չտանք»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ սադրանքներին պետք է պատասխանել, բայց այնպես, որ հստակ երևա՝ դրանք Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան գործողություններ են։
Նրա համոզմամբ՝ ադրբեջանական կողմի ռազմական հանցագործությունները կանխվելու համար Հայաստանը պետք է անմիջապես վավերացնի Հռոմի ստատուտը։ Ասում է՝ երկրորդական-երրորդական հարց է, թե որ երկրի ղեկավարի վերաբերյալ է ձերբակալման օրդեր արձակվել Միջազգային քրեական դատարանի կողմից [նկատի ունի՝ Պուտինի ձերբակալությունը]․
«Մեր ազգային շահերից է բխում Հռոմի ստատուտը վավերացնելը, որպեսզի Ադրբեջանը՝ գերագույն գլխավոր հրամանատարից մինչև կատարող զինծառայող, հստակ իմանա, որ ինքը վաղ, թե ուշ կանգնելու է դատարանի առաջ, և դա էլ կաշկանդող հանգամանք կարող է լինել»։
Քաղաքագետն ասում է՝ փաստ չէ, բայց չի բացառվում, որ ագրեսիան հրահրած լինի Ռուսաստանը, որը բացահայտ հայտարարում է՝ Արևմուտքի հետ Հայաստանի պայմանավորվածությունները ցանկալի չեն, ԵՄ դիտորդական առաքելությունը «արդյունավետ լինել չի կարող, կարող է լարվածություն ստեղծել տարածաշրջանում»։ Նպատակը, ըստ նրա, կարող է լինել հենց ԵՄ դիտորդական առաքելության հեղինակազրկումն ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ահաբեկումը։
Նկատում է՝ Բաքուն փորձում է նաև խնդիրը տեղափոխել «հակաիրանյան հարթություն»։
«Հարցն ուզում են հակաիրանյան ենթատեքստով փաթեթավորել, որպեսզի քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի լռակյաց համաձայնությունը ստանան, որոշակի օպերացիաներ իրականացնեն Սյունիքում»,- շեշտում է Սիմոնյանը։
Կարծում է՝ պաշտոնական Երևանը պետք է փաստերով, ապացույցներով և դիվանագիտական աշխատանքի միջոցով բոլորին ներկայացնի, որ «պղտոր ջրում ձուկ են որսում»։
Անդրադառնալով միջազգային հանրության հավանական արձագանքին՝ նկատում է՝ գործնական օժանդակություն չեն ցուցաբերում, քանի որ Հայաստանի և հայ ազգի կողմից չեն տեսնում «ինքնապաշտպանության վճռականություն»։ Ասում է՝ երբ դա դրսևորվի, օժանդակության տեսակարար կշիռը երկրաչափական պրոգրեսիայով կավելանա։
«Միջազգային հանրությունը կարող է հասցեական արձագանք հղել, բայց դա ընդամենը բարոյական հիմք է ստեղծելու Հայաստանի ԶՈՒ համար, որպեսզի մենք կարողանանք հարցը ուժով լուծել։ Դրա համար նախ ԶՈՒ բարեփոխումները պետք է արագացնենք, երեք տարի անցել է, պետք է կարողանանք ռեաբիլիտացվել։ Սա է մեր հիմնական խնդիրը»,- ամփոփել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռազմական բախում Տեղ գյուղում