Ձմեռ պապիկներին ու էլֆերին փոխարինողները․ պատմություններ Հայաստանից
Հայաստանում Ամանորը տարվա ամենասպասված տոնն է, որին պատրաստվում են դեռ դեկտեմբերի սկզբից։ Դրա մասին են վկայում խանութներում գոյացող հերթերը։ Միջին վիճակագրական ընտանիքում համեստ տոնական սեղանի համար ծախսվում է շուրջ 150 հազար դրամ, սա այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձն ընդամենը 68 հազար է։
Հատկապես 44–օրյա պատերազմից հետո, սակայն, շատերի համար Ամանորը դադարել է լինել միայն գաստրոնոմիկ տոն։ Բազմաթիվ մարդկանց համար այն վերածվել է միմյանց օգնելու, հոգատարություն դրսևորելու ամենահարմար ժամանակահատվածի։
Պատմություններ երեք նախաձեռնության մասին, այն մարդկանց, որոնք գտան գաղափարներ, մարդկանց վարակեցին դրանցով ու սկսեցին տոն նվիրել։
- Կյանք տալ ու ստանալ․ տիկնկիներ, որոնք օգնում են ապրել։ Տեսաբլոգ Հայաստանից
- Safe YOU․ հայ կանանց ստեղծած հավելվածը կօգնի կանանց ամբողջ աշխարհում
- Հետպատերազմյան թիթեռները՝ իբրև վերածննդի խորհրդանիշ
«Պատերազմից հետո երեխաները Ձմեռ պապիկից իրենց պապաներին էին խնդրում»
«Դարձիր ձմեռ պապ, իրականացրու երազանք» նախաձեռնությունը սկիզբ առավ երկու փոքրիկների երիտասարդ մոր՝ Սյուզի Հովհաննիսյանի մտքում։
«Անցյալ տարի՝ պատերազմից ընդամենը մեկ ամիս հետո, երբ, սովորության համաձայն, պետք է պատրաստվեինք Ամանորին, զգում էի, որ անկարող եմ, ձեռքերս կապված են։ Այդ ժամանակ մտածեցի՝ իսկ ի՞նչ են անելու այն երեխաները, որոնց հայրերը հետ չեկան պատերազմից, որոնք անտուն մնացին։ Մտածեցի, որ նրանց անտեսել չենք կարող ու մտածեցի նվերներ պատրաստել նաև նրանց համար։
Այդ գաղափարով կիսվեցի ընկերուհուս՝ Անիի հետ, որը լրագրող է։ Նա միանգամից համաձայնեց օգնել։ Չէինք կարող պատկերացնել, որ մեր նախաձեռնությունն այդքան մեծ արձագանք կստանա, բայց շատ ուրախ եմ, որ կարողացանք «միջնորդ» դառնալ երեխաների և էլֆերի միջև», — ասում է Սյուզին։
Սոցիալական ցանցում բացված խմբին մի քանի օրվա ընթացքում շուրջ 5000 մարդ միացավ։ Սյուզին և Անին հրապարակում էին երեխաներից ստացված նամակները, իսկ խմբի անդամներն ընտրում էին դրանք ու իրականացնում երեխաների երազանքները։
«Պատերազմից հետո շատ դժվար էր կարդալ երեխաների նամակները։ Դրանց մեծ մասում երեխաները Ձմեռ պապիկից միայն իրենց զոհված պապաներին էին խնդրում՝ ուրիշ ոչինչ, կամ՝ խաղաղություն, իրենց կորցրած տունը։ Անտանելի է մտածել, որ փոքրիկ երեխան ուրիշ ցանկություն չունի։ Այս տարի ևս մեկ նամակ ենք ստացել, որ շատ էր հուզել ինձ․ մի փոքրիկ աղջիկ գրել էր, որ նվերներ չի ուզում, բայց ուզում է մեծանալ ու շատ խելացի դառնալ, որ գտնի այս հարցի վերջնական լուծումը, որ պատերազմ այլևս չլինի», — պատմում է Սյուզին։
Մյուս կողմից, պարզվեց, որ շատ են նաև մարդիկ, որոնք ուզում են ինչ-որ բան անել երեխաների համար, բայց չգիտեն՝ ինչ կամ ինչպես։ Այս խումբը դարձավ նրանց և երեխաների հանդիպման վայրը։ Անցյալ տարի մեկ ամսում խմբի միջոցով ավելի քան 1000 երեխայի երազանք իրականացավ։ Թե քանի հոգու նամակ անպատասխան չի մնացել այս տարի, Սյուզին դեռ չի հասցրել հաշվել։
«Շատ ոգևորիչ է մարդկանց՝ միմյանց օգնելու ցանկությունը։ Կան էլֆեր, որ երեխայի հետ հանդիպելուց հետո մտերմացել, ընկերացել են ընտանիքի հետ ու արդեն շուրջ մեկ տարի բարեկամություն են անում, օգնում նրանց։ Իհարկե, լինում են նաև տխրեցնող դեպքեր՝ սուտ նամակներ, բայց դա ինձ չի հուսահատեցնում, որովհետև ամենափարթամ այգիներում անգամ մոլախոտեր կան։
Ես փորձում եմ սոցաշխատողների, ծառայությունների միջոցով ճշտել ընտանիքների սոցիալական վիճակի մասին տեղեկությունները, հետո միայն հրապարակել նամակները։ Ամեն դեպքում, այս ընթացքում դրականն այնքան շատ է լինում, որ մեկ-երկու հիասթափությունը տանելի է», — ասում է Սյուզին։
Այս տարի ևս խումբը երազանքներ է իրականացնում։ Մտավախություն կար, որ այս անգամ ոգևորությունը պակաս կլինի, բայց մարդկանց պատրաստակամությունը չի նվազել։ Այս տարի օգնում են ոչ միայն պատերազմի հետևանքով հայրերին կորցրած կամ անտուն մնացած երեխաներին, այլև սոցիալապես խոցելի, ընտանիքում բռնության ենթարկված փոքրիկներին։
«Թռչող Սանտա»․ նրանք տոն կբերեն անգամ հիվանդանոց
Ձմեռ պապը պետք է այցելի յուրաքանչյուր երեխայի, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է գտնվում փոքրիկը։ Նրա համար խոչընդոտ չեն կարող լինել հիվանդանոցի պատերը։ Այս գաղափարի շուրջ տարիներ առաջ միավորվեցին լեռնագնացությամբ զբաղվող մի քանի ընկերներ, որոշեցին իրենց հմտություններն ու փորձն օգտագործել Ամանորին հիվանդանոցներում գտնվող երեխաներին տոն պարգևելու համար։
«Ամանորը երևի ամենաընտանեկան տոնն է։ Ես ինքս միշտ փորձել եմ այն յուրահատուկ դարձնել որդիներիս համար։ Բայց կան երեխաներ, որոնք այդ օրը չեն կարող իրենց տանն անցկացնել։ Եվ դա շատ անարդար է։ Մենք մտածեցինք, որ մեր հմտությունները՝ որպես լեռնագնացներ, կարող ենք ծառայեցնել ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին անակնկալ մատուցելու համար։ Այդպես առաջացավ «Թռչող սանտա»-ի գաղափարը։
Մեր աջակիցները կամ ուղղակի մարդիկ, որոնք տեղեկանում են մեր նախաձեռնության մասին, իրենց ձեռքով պատրաստում են նվերներ՝ փաթեթների վրա գրելով երեխայի տարիքն ու սեռը, որի համար նախատեսել են այն։
Մենք նախապես ճշտում ենք հիվանդանոցներից, թե քանի երեխա է այնտեղ լինելու Ամանորին և, ըստ այդ տեղեկությունների, բաժանում ենք նվերները՝ պարաններով տանիքից նրանց հիվանդասենյակներ մտնելով», — ասում է «Սպիտակ հովազ» ակումբի ղեկավար, «Թռչող սանտա նախաձեռնության» իրականացնող Անտուան Անանյանը։
Մինչ Ձմեռ պապիկները պատուհաններից հիվանդասենյակ կմտնեն, Ձյունանուշիկները շրջում են սենյակներով և պատրաստում երեխաներին՝ անակնկալ հանդիպմանը։ Անտուանն ասում է՝ երեխաների երջանկությունը, երբ տեսնում են պատուհանից մտնող Ձմեռ պապին, ոչինչի հետ համեմատելի չէ․
«Երբեմն թվում է՝ տարիների ընթացքում պետք է սովորես այդ էմոցիաներին, բայց յուրաքանչյուր երեխայի արձագանք յուրահատուկ է, դրան ընտելանալն անհնար է։ Այդ երջանկությունը, հուզմունքը, որ տեսնում ես նրանց աչքերում, ամեն ինչ արժե։ Մի քանի տարի առաջ շատ հուզիչ դեպք եղավ։ Ձյունանուշը մտել էր հիվանդասենյակ ու փոքրիկ տղային պատմել, թե ինչ է լինելու շուտով։ Երեխան, բնականաբար, անհամբեր սպասում էր իր սենյակ մտնող Ձմեռ պապին։
Հիմա հստակ չեմ հիշում, բայց ինչ-որ տեխնիկական խնդիր առաջացավ, և Ձմեռ պապն ուշացավ կես ժամ։ Երեխան այնքան հուզված էր սպասել այդ անակնկալին, որ ուժասպառ էր եղել ու քնել։ Երբ, ի վերջո, հասանք նրա հիվանդասենյակ, տեսանք, որ քնած է․ բոլորս՝ Ձմեռ պապիկների հագուստով, հավաքվեցինք նրա գլխավերևում։ Իրոք, շատ հուզիչ տեսարան էր՝ մի խումբ Ձմեռ պապիկներ՝ քնած երեխայի մահճակալի շուրջը հավաքված»։
Ըստ նրա՝ այս նախաձեռնության ամենամեծ առավելությունն այն է, որ այն կախված չէ անձանցից․ յուրաքանչյուրը, ով լեռնագնացության համապատասխան փորձ ու հմտություններ ունի, կարող է անել այն։ Դեռ տարիներ առաջ Անտուանի որդիներն էին սպասում Ձմեռ պապին, այսօր արդեն հոր հետ «Թռչող Սանտա» են դառնում՝ հիվանդանոցում գտնվող երեխաների համար։
«Նվիրիր Ամանոր»․ մեծ պատմություն, որ սկսվեց մեկ երեխայից
Սոնա Գրիգորյանը 44–օրյա պատերազմի ընթացքում կորցրել է ընկերներից մեկին՝ հետախույզ Թաթուլ Հակոբյանին, որի որդին՝ Մոնթեն, ընդամենը 2 տարեկան էր։ Ամանորին Սոնան հստակ որոշել էր՝ ամեն ինչ անելու է, որ Մոնթեն ուրախանա։
«Եվ հանկարծ այդ պահին հասկացա, եթե կա Մոնթեն, կան նաև հազարավոր այլ երեխաներ։ Եթե ես կարող եմ տոն պարգևել նրանցից ևս մեկին, երկուսին, գուցե լինե՞ն մարդիկ, ովքեր նույնը կցանկանան անել։ Որոշեցի՝ սկսել մի նախաձեռնություն, որի շրջանակում մարդիկ նվերներ կպատրաստեն մինչև 12 տարեկան երեխաների համար, որոնց հայրերը չեն վերադարձել պատերազմից։
Ես չէի ուզում դրամահավաք անել, անգամ եթե գումար փոխանցելու ցանկություն հայտնող մարդիկ էին լինում, ես նրանց կապում էի կոնկրետ ընտանիքի հետ, որպեսզի գումարային հարցերում միջնորդներ չլինեն։ Ես առաջարկեցի մարդկանց նվերներ պատրաստել՝ իրենց ընտրությամբ, դրանց վրա նշել երեխայի սեռն ու տարիքը, որի համար նախատեսված են նվերները, իսկ ես գտնում էի համապատասխան ընտանիքներ։ Այդպես էլ ծնվեց «Նվիրիր Ամանոր» նախաձեռնությունը», — պատմում է Սոնան։
Անցյալ տարի Ամանորին նախորդող 10 օրերին Սոնան մի խումբ կամավոր ընկերների հետ ամբողջ Հայաստանում բաժանում էր հավաքված նվերները։ Դրանք այնքան շատ էին, որ օրական 10-15 ընտանիքի էին այցելում․
«Անցյալ տարի ծրագրում ներառել էինք պատերազմի մասնակիցների երեխաներին, որովհետև հասկանում էինք, որ զոհված տղաների ընտանիքներ մտնել այն ժամանակ, երբ վերքերը դեռ շատ թարմ էին, ճիշտ չէր լինի։ Դա լուրջ էթիկական դիլեմա էր, որի առջև կանգնած էինք։ Այս տարի արդեն նվերներ ենք պատրաստել զոհված և ծանր վիրավորում ստացած զինվորների երեխաների համար։
Չեմ կարող ասել, որ այս տարի ավելի թեթև է հոգեբանորեն։ Օրեր առաջ այցելել էինք զոհված զինծառայողներից մեկի տուն։ Փոքր որդին լաց էր լինում ու հրաժարվում էր մոտենալ Ձմեռ պապիկին։ Երբ ասացի, որ նրան հայրիկդ է ուղարկել, միանգամից մոտ վազեց, որովհետև գիտի՝ հայրիկը վատ մարդու չի ուղարկի իր մոտ», — պատմում է Սոնան։
Խոստովանում է՝ այս տարի ծրագիրը վերսկսելիս մտավախություն ուներ, որ աջակիցներ շատ չեն լինի, բայց պարզվեց, որ օգնել ցանկացողների պակաս չկա։ Նրանց շնորհիվ ծրագրում ներառված ընտանիքների թիվն էլ ավելացավ։ Շուրջ 10 օր է՝ Սոնան ընկերների հետ նվերներ է բաժանում․
«Ես, իրոք, չէի պատկերացնում, որ այս տարի այսքան մարդ կհավաքվի, բայց սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք շշմելու միասնականություն ենք դրսևորում այն պահերին, երբ գաղափարը ինչ-որ բարի գործի շուրջ է ձևավորվել», — ասում է Սոնան։