Ջենտլմեններն՝ ԻԼԻՊ-ի դեմ: Թե ինչպես են Իրաքի քրդերը փոխում Իրաքի հանդեպ վերաբերմունքն աշխարհում
Իրաքի Քրդստանի մայրաքաղաք Էրբիլեի Բազար կենտրոնական շրջանում բացարձակապես տղամարդկային աշխարհ է տիրում. Տղամարդկանց համար ապրանք վաճառասեղաններին, տղամարդիկ՝ սպասարկող անձնակազմ, տղամարդիկ՝ սրճարանի այցելուների շրջանում:
Ամեն քայլափոխի այստեղ խանութներ կան, որոնք հաշմանդամների սայլակներ են վաճառում, իսկ շրջապտում հաճախ խեղված մարդիկ են հանդիպում: Դա «Իսլամական պետության» հետ պատերազմի արձագանքն է, որն արդեն երրորդ տարին է ընթանում հարևան Մոսուլում:
Էրբիլը հրաշքով «Իսլամական պետության» օկուպացիայի տակ չհայտնվեց, որն Իրաքի հյուսիս է մտել 2014թ-ի հունիսին: Սկզբում զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքի հետ սահմանը շատ մոտ էր անցնում քրդական սահմանին: 2016թ-ի հոկտեմբերին ռազմական գործողությունների վերսկսման հետ մեկտեղ այստեղ ներթափանցեց բռնի տեղահանվածների հոսքը, որոնք փախել էին ոչնչացված գյուղերից և քաղաքներից…
Այս տարվա սկզբում Էրբիլում նոր կյանքի խորհրդանիշ հայտնվեց: Ընդհանուր արժեքներով միավորված քուրդ տղամարդկանց խումբը նոր հանրության մեկնարկն ազդարարեց, որի անվանումը Mr. Erbil է և որը կոչված էր աշխարհին պատմելու Իրաքի Քրդստանի նորաձևության և մշակույթի մասին, բացատրելու, որ Իրաքը մի երկիր է, որը հետաքրքիր է ոչ միայն ԻԼԻՊ-ի հետ պատերազմի, քաղաքացիական զինված կոնֆլիկտների և նավթի տեսանկյունից:
Նախագծի հիմնադիրները մեզ հետ հանդիպում են նշանակում «Գիրք» սրճարանում Էրբիլի հյուսիսային ծայրամասում գտնվող Անկավա շրջանի ժամանցային համալիրներից մեկում, որը համարվում է քրդական մայրաքաղաքի առավել պակաս պահպանողական վայրը: Քանի որ Անկավայում պատմականորեն քրիստոնյաներ են բնակվել, ապա այսօր այստեղ կարելի է տասնյակ ռեստորաններ և խանութներ գտնել, որտեղ ալկոհոլ են վաճառում, իսկ ձեռնարկություններում՝ գլուխները չծածկած կանանց հանդիպել (դա հազվադեպ երևույթ է Իրաքում), ինչպես նաև արտասահմանցիների, որպես կանոն, լրագրողների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, որոնք Էրբիլ են գալիս, որպեսզի հետևեն Մոսուլում և այլ կոնֆլիկտային գոտիներում տեղի ունեցող իրադարձություններին:
Mr.Erbil-ի հիմնադիրներ Օմար Նիհադը, Գորան Պշտիվանն ու Ռավա Սալիխը տեղավորվել են երկար սեղանի շուրջ սրճարանի երկրորդ հարկում, որտեղ ծխելը թույլատրված է: Նրանք լայնորեն ժպտում են և ձեռքով բարևում մեզ՝ կանանց: Դա հազվադեպ երևույթ է պահպանողական մուսուլմանական հասարակությունում, որտեղ կանանց հետ ընդունված է հեռավորության վրա շփվել:
Mr.Erbil-ի մասնակիցներն իրենց ջենտլմեններ են համարում, իսկ իրենց նախագիծը՝ ջենտլմեն-ակումբ: Նրանցից յուրաքանչյուրն անթերի արդուկված վերնաշապիկով է՝ բրդյա փողկապով, բաճկոնով կամ սերթուկով և էլեգանտ տաբատով: Հետ սանրած մուգ մազերը, կոկիկ խնամված մորուքներն ու բեղերն՝ իսկ և իսկ ինչպես Instagram-ի լուսանկարներում, որոնց գրանցված է արդեն 78 հազար օգտատեր ողջ աշխարհից: Ջենտլմենները հերթով միմյանց «շիշու»՝ նարգիլե են փոխանցում:
— Միայն մի նկարահանեք մեզ, երբ մենք ծխում ենք, — ասում է Ահմեդը և խորամանկորեն ժպտում: — Մեզ մոտ կանոն կա, որ դա չի կարելի ցույց տալ: Չէ՞ որ մենք ջենտլմեններ ենք:
Mr.Erbil նախագիծը ծնվել է մեկ տարի առաջ համալսարանական ընկերների շրջանում: Գլխավոր միավորող գործոնն ընդհանուր ճաշակն է հագուստի և կյանքի ոճի հարցում:
— Մենք բոլորս Pitti Uomo-ի՝ իտալական նորաձևության կազմակերպության մեծ երկրպագուներ էինք, որը տղամարդկանց հագուստի նորաձևության հայտնի փառատոններ են անցկացնում և ժամանակակաից պճնամոլություն են ներդնում, — պատմում է Ահմեդը: — Մենք տեսել ենք, որ մեզ մոտ քաղաքում նորաձևության նույն ճաշակն ունեցող երիտասարդներ են ապրում, ինչ մենք: Եվ որոշեցինք, որ ինչու նման մի բան չանել Քրդստանում:
Այդպես ծնվել է ջենտլմենների շարժումը: Այնուհետև նրանք հիմնել են Rishn ընկերությունը, որը մորուքների խնամքի յուղեր է արտադրում, և Քրդստանի տեղական ֆաբրիկաներում բրդյա փողկապների արտադրություն են սկսել:
— Մենք ձգտում ենք աջակցել մեր՝ Քրդստանի արտադրողին, — բացատրում է Ահմեդը: — Մարդիկ հաճախ մտածում են, որ եվրոպական ընկերությունները հագուստն ավելի լավ են կարում, քան մերոնք, իսկ մենք ուզում ենք ապացուցել, որ դա այդպես չէ: Մեզ համար դա դեռևս բիզնես չէ, այլ հոբի, որը մենք փորձում ենք բիզնեսի վերածել: Մեր ջենտլմեններից յուրաքանչյուրն աշխատանք ունի, իսկ նախագծով զբաղվում ենք հիմնականում երեկոյան, ազատ ժամանակ: Սակայն, հույս ունեմ, որ կկարողանանք տղամարդու հագուստ և աքսեսուարներ արտադրել համաշխարհային մակարդակի և զարգանալ…
Եվս մեկ նախաձեռնություն, որը գործարկել է Mr.Erbil-ը, «Women Inspiration Day»-ն է՝ կանանց հետ համերաշխության շաբաթական ակցիան:
— Մենք աջակցում ենք կանանց, — ասում է Օմարը: — Կինը պայքարում է իր իրավունքների համար: Հնարավոր է, որ դա նույնիսկ ավելի բարդ է: Յուրաքանչյուր չորեքշաբթի մենք մեր Instagram-ում պատմություն ենք հրապարակում մի կնոջ մասին, որն ինչ-որ կարևոր բան է անում Քրդստանում: Դրանք նրանց աջակցության փոքր քայլեր են, որոնք նրանց համար մեծ նշանակություն ունեն:
Առաջին անգամ Mr.Erbil նախագծի մասին Իրաքի սահմաններից դուրս իմացել են այս տարվա հունվարին, երբ նրանց մասին գրեց Vocativ պլատֆորմը: Դրան հետևեցին հրապարակումները Բի-Բի-Սի-ում, GQ-ում, Elle-ում և այլ համաշխարհային լրատվամիջոցներում: Սակայն տեղացիները դրանք կասկածանքով վերաբերվեցին:
— Սկսեցին խոսել, որ մենք ԻԼԻՊ-ին ենք աջակցում, — ծիծաղում է Ահմեդը: Միայն նրա համար, որ մենք երկար մորուքներ ունենք, ինչպես արմատական իսլամիստները: Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ հասկացան, որ դա ավելի շատ նորաձևություն է, քան քաղաքականություն: Մենք ոչ մի ընդհանուր բան չունենք ԻԼԻՊ-ի հետ:
Mr.Erbil-ի մասնակիցները պնդում են, որ իրենց շարժումը քաղաքականությունից դուրս է: Նրանք նախընտրություն չեն տալիս ոչ մի կրոնական կամ էթնիկական խմբի, ջենտլմեն-ակումբին մուսուլմաններ, եզդիներ, հրեաներ, քրիստոնյաներ՝ գրեթե բոլոր փորամասնություններն են անդամակցում, որոնք ներկայացված են Իրաքի Քրդստանում:
Սակայն այնուամենայնիվ նախագծի գործունեությունն անբաժանելի է քաղաքական իրողություններից, որոնցում այն զարգանում է:
— Պատերազմը մեզնից ոչ հեռու է ընթանում, — ասում է Ահմեդը: — Երբ մենք նոր էինք սկսում, երկիրը տնտեսական ճնաժամը կլանեց: Շատ դեպրեսիա և նեգատիվ կար հասարակությունում: Այժմ մեր հարևանությամբ հրեշներ են՝ «Իսլամական պետությունը»: Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է նորմալ կյանք ունենանք: Կան մարդիկ, որոնք պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ, սակայն կան նաև մարդիկ, որոնք նորմալ կյանքը պահպանում և զարգացնում են հետագա սերունդների համար: Եթե բոլորը գնան պատերազմելու, ո՞վ պետք է մնա երեխաներին կրթի: Դրա մասին էլ է պետք հոգ տանել: Եվ մենք ձգտում ենք հասարակությանը դրական խթան տալ:
Ջենտլմեն-ակումբի մասնակիցներն, ասում է Ահմեդը, հասկանում են, որ նորաձևությունն ունակ չէ կանգնեցնելու պատերազմը կամ փոփոխելու աշխարհը: Սակայն այն գոնե կարող է աշխարհում մարդկանց այն ընկալումը տալ, որ Իրաքում ոչ միայն պատերազմ և ԻԼԻՊ կա, այլ նաև մշակույթ, որը կարևոր է պահպանել և զարգացնել:
— Նորաձևությունը մեզ համար այն է, ինչ մարդկանց մի փոքր հույս և էներգիա կարող է տալ, — ասում է Ահմեդն ու էլեգանտ կերպով ծխում նարգիլեն: