Ջեյ Դի Վենսը Երևան կգա՞․ ԱՄՆ փոխնախագահի հնարավոր այցի շուրջ քննարկումներ ՀՀ-ում
Ջեյ Դի Վենսը Հայաստան կգա՞
Հայաստանում քննարկում են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցի հնարավորությունը։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի տեղեկություններով՝ 2026 թ․-ի փետրվարին Երևանում է լինելու «չափազանց բարձրաստիճան պաշտոնյա»։ Թե ում մասին է խոսքը՝ Սարգսյանը չի հստակեցրել։ Սակայն քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանի փոխանցմամբ՝ խոսքը փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի մասին է։
«Սա պարզապես բարձր մակարդակի հերթական, սովորական այց չէ։ Սա փաստ է, որ Վաշինգտոնն արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը»,- հայտարարել է Բաբաջանյանը։
Թեև քաղաքական գործիչներն ու փորձագետներն ակտիվորեն քննարկում են թեման, պաշտոնական Երևանը շրջանառվող տեղեկությունները ոչ հերքել է, ոչ էլ հաստատել։
«Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին մենք պատշաճ կերպով և ժամկետներում տեղեկացնում ենք»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հայկական խորհրդի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հնարավոր այցը կապում է «Թրամփի ուղու»՝ TRIPP-ի հիմնարկեքի հետ։
«Եթե շինարարությունը տեղի ունենա բավականաչափ արագ և երթուղին բացվի Թրամփի նախագահության օրոք, չեմ բացառում, որ ԱՄՆ նախագահը կգա Հայաստան՝ արդեն բուն ենթակառուցվածքի բացմանը մասնակցելու համար»,- «Շանթի» եթերում հայտարարել է Քոչինյանը։
Այս պահին հայտնի տեղեկությունները, փորձագիտական կարծիք
- «Հայաստանը փորձում է ՌԴ-ին ցույց տալ՝ TRIPP-ին հավակնել չի կարող»․ կարծիք
- «TRIPP-ը կդառնա Հայաստանի անվտանգության նոր բաղադրիչ». Փաշինյան
- «Թուրքիան փորձում է նվազեցնել Հայաստանի տարանցիկ պոտենցիալը»․ կարծիքներ
«ՀՀ-ն ունի հանգույց դառնալու բացառիկ հնարավորություն»
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի խոսքով՝ Վենսի «պատմական այցի» գլխավոր արդյունքը պետք է լինի ոչ միայն TRIPP-ի և համաձայնեցված մյուս ծրագրերի մեկնարկը, այլև Հայաստանի քաղաքացիներին հղվող ուղերձը, այն է՝ «անկախությունն ու ինքնիշխանությունը պարզապես հռչակված գաղափարներ չեն, այլ պաշտպանվող ռազմավարական ընտրություն»։
«Հայաստանը, այդ թվում՝ ի դեմս ԱՄՆ-ի, այդ ընտրությունն ունի՝ իրական գործընկերներ, գործիքներ ու չափելի աջակցություն՝ անվտանգություն, ներդրումներ, կայուն զարգացում ապահովելու և խորացնելու համար»,- ասում է Բաբաջանյանը։
Անդրադառնալով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման TRIPP («Թրամփի ուղի») նախագծին՝ նա նշել է, որ այդ մեծ ծրագրին ամերիկյան մասնակցությունը նոր հնարավորություն է բացում ՀՀ-ի համար․
«ԱՄՆ ներգրավվածությունը ՀՀ-ի համար բացառիկ հնարավորություն է՝ դառնալու կապի, վստահության և անվտանգության հանգույց։ Դրան հնարավոր է հասնել կարգապահությամբ, արհեստավարժությամբ և պետական շահը պաշտպանող կոնկրետությամբ»։
Քաղաքական գործչի համոզմամբ՝ պաշտոնական Երևանը պետք է նախապատրաստվի բարձրաստիճան հյուրի այցին, մասնավորապես՝ հանդես գա հստակ փաթեթով, որը կներառի՝
- «ներդրումային նախագծեր TRIPP-ի ենթակառուցվածքների համար․ ճանապարհ, լոգիստիկ կենտրոններ, պահեստավորում, բեռնափոխադրում, ապահովագրություն, սպասարկող տնտեսություն,
- սահմանային և մաքսային կարողությունների արագ արդիականացում․ թվայնացում, կիբեռպաշտպանություն, բեռնափոխադրումների վերահսկելիություն,
- իրավական երաշխիքներ․ թափանցիկ պայմանագրեր, անկախ վերահսկողություն, ռիսկերի կանխարգելում, ներդրողի և պետության շահի հավասարակշռված պաշտպանություն»։
«Ֆորմալ առումով «Թրամփի ուղին» կարող է բացվել»
Ի տարբերություն Բաբաջանյանի՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկի անունը չի հնչեցրել։ Այցի պլանավորումը, սակայն, հաստատել է՝ նշելով, որ նախատեսվում է այց միայն Երևան, տարածաշրջանի մյուս պետություններում պաշտոնյան չի լինելու։
Միջազգայնագետի գնահատմամբ՝ 2026 թ․-ի սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու «ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից»։
«Չեմ բացառում, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև «Թրամփի ուղին» [TRIPP]»,- շեշտել է նա՝ առանց մանրամասներ հայտնելու։
Սարգսյանը հիշեցրել է՝ երբևէ ՀՀ այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաները եղել են Ներկայացուցիչների պալատի խոսնակն ու պետքարտուղարը:
«Տարածաշրջան ԱՄՆ նախագահներից այցելել է միայն Ջորջ Բուշ կրտսերը՝ Վրաստան։ Իսկ ԱՄՆ փոխնախագահներից տարածաշրջան այցելել է միայն Մայք Փենսը՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում, էլի Վրաստան»։
Աննախադեպ է համարել այն հանգամանքը, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը կազմակերպվելու է փաստացի ՀՀ-ում դեսպանի բացակայության պայմաններում։
Նախագահ Դոնալդ Թրամփն օրերս աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ ՀՀ-ից, հետ է կանչել իր դիվանագետներին։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են Ջո Բայդենի պաշտոնավարման օրոք։ Ենթադրաբար, Թրամփի վարչակազմը չի վստահում նրանց։ Գործող դեսպան Քրիստինա Քվինը պաշտոնավարումը կավարտի հունվարի կեսին։ Այդ մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ շեշտելով, որ դրանից հետո էլ Հայաստանում Վաշինգտոնի քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվի։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախօրեին նախագահ Թրամփը նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում Սպիտակ տանը հանդիպել է նաև ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանին։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին և առանձնակիորեն ընդգծել հաստատված խաղաղության գործընթացում վարչապետ Փաշինյանի առաջնորդությունն ու նշանակալի դերակատարությունը։
Փաշինյան․ «TRIPP-ի շուրջ աշխատանքները գետնի վրա կտեսնենք 2026 թ․-ի երկրորդ կեսին»
Հայաստանն ու Միացյալ Նահանգները «Թրամփի ուղի» նախագծի ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթուղթ են մշակում, ինչից հետո կսկսվի հաջորդ քայլը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ կանխատեսումը շարունակում է մնալ նույնը, որ մենք «Թրամփի ուղի» նախագծի շուրջ աշխատանքները գետնի վրա կսկսենք տեսնել 2026 թ․-ի երկրորդ կեսին»,- ասել է նա։
Փաշինյանի փոխանցմամբ՝ նախագծի շրջանակներում առաջին աշխատանքը կլինի երկաթուղու կառուցումը․
«Չնայած չեմ բացառում նաև, որ տնտեսական նպատակահարմարությունները և ներդրումային գրավչությունները որոշակիորեն ճշգրտվեն և պարզվի, որ գազամուղի կամ նավթամուղի նախագիծը ավելի վաղ պետք է իրականացվի»։
Ասում է՝ գործընթացը դինամիկ է, ուստի կարող է պարզվել, որ ինչ-որ հանգամանքների բերումով նավթամուղի կամ գազամուղի անհրաժեշտությունն ավելի առաջնային է։
«Բայց այս պահի մեր ընկալմամբ՝ երկաթուղին առաջնային է։ Երկաթուղու առանձնահատկությունն այն է, որ դրա երթուղին պարզ է, քանի որ այդ հատվածով նախկինում գոյություն է ունեցել երկաթուղի»,- մանրամասնել է Փաշինյանը։
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն աշխատում է սահմանային, մաքսային ժամանակակից ենթակառուցվածքների, գերժամանակակից տեխնիկայի ձեռքբերման վրա։
Այդ ամենն, ըստ նրա, ներդրվելու է ինչպես Հայաստան-Ադրբեջան սահմանին, այնպես էլ Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններին։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի մեկնաբանությունը
Վերլուծաբանի կարծիքով․
«Եթե հաշվի առնենք, որ որևէ ԱՄՆ փոխնախագահ և առավել ևս նախագահ երբևէ Հայաստան չի այցելել, դա արդեն իսկ ասում է, որ սա արարողակարգային այց չէ։
Եթե տարածված լուրերը ճիշտ են, ժամանակագրորեն նման է լինում հետևյալին, որ կողմերը մոտ են TRIPP-ի վերաբերյալ պայմանագրային բազայի հաստատմանը։ Ամենայն հավանականությամբ, եկող տարվա հունվար-փետրվար ամիսներին մենք կտեսնենք այդ բազայի հաստատում և հրապարակում, ինչից հետո առիթ կլինի խոսել շինարարության մեկնարկի կամ հիմնարկեքի մասին։ Չեմ բացառում, որ ԱՄՆ փոխնախագահի հնարավոր այցը կապված կլինի հենց TRIPP-ի հիմնարկեքի հետ։ […]
«Թրամփի ուղին» ԱՄՆ գործող ադմինիստրացիայի համար բավականին կարևոր արտաքին քաղաքական նախաձեռնություն է։
Այն փաստը, որ սրանով շարունակում է զբաղվել պարոն Ուիթքոֆի գրասենյակը, որը զբաղվում է Իսրայել-Պաղեստին, Ուկրաինա-ՌԴ և մի քանի այլ հարցերով, արդեն իսկ խոսուն է։
Սա, ըստ էության, մինչ այս պահը նրանց ամենահաջող նախաձեռնությունն է։ Մնացած բոլոր կոնֆլիկտների հանգուցալուծումներն այդքան էլ հանգուցալուծում չդարձան։
Եթե իմ ենթադրությունները ճիշտ են և այցի առիթը TRIPP-ի հիմնարկեքն է, դա նաև լուրջ խթան կհանդիսանա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն էլ ավելի առաջ տանելու և, ինչու ոչ, խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։
Տեսականորեն չեմ բացառում, որ համաձայնագիրը կստորագրվի մինչև ՀՀ-ում [2026 թ․-ի հունիսին] կայանալիք խորհրդարանական ընտրությունները, բայց խորհրդարանի կողմից դրա վավերացումը տեղի կունենա ավելի ուշ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ջեյ Դի Վենսը Հայաստան կգա՞