«Պուտին՝ Բեսլանի դահիճ»
Հյուսիսօսական Բեսլանում 2004թ-ին դպրոցում սպանված 186 երեխաների ողբերգությունը կրկին ռուսական լրատվամիջոցների առաջին էջերին է: Այժմ Բեսլանում ձերբակալում և ծեծում են այդ երեխաների մայրերին:
Ամեն ինչ կտրուկ սրվեց այս տարվա սեպտեմբերի 1-ին, երբ 5 կին «Բեսլանի ձայնը» կազմակերպության նախագահ Էլլա Կեսաևայի գլխավորությամբ մուտք գործեցին այն նույն մարզադահլիճը, որտեղ 2004-ին տեղի ունեցավ կոնֆլիկտային Կովկասի ամենասարսափելի ողբերգություններից մեկը:
Այն ժամանակ ահաբեկիչների խումբը դպրոց էր գրավել սեպտեմբերի 1-ի տոնական արարողության ժամանակ, որին այս կամ այն կարգավիճակում մասնակցում էր 1 128 մարդ: Այնուհետև նրանց բոլորին 3 օր պահել էին դպրոցում առանց սննդի ու ջրի, որից հետո ռուսական հատուկ ջոկատայինները գրոհ էն սկսել: Արդյունքում 334 մարդ զոհվեց, այդ թվում՝ 186 երեխա: 783 մարդ վիրավորվեց:
«Պուտին՝ Բեսլանի դահիճ»
Էլլա Կեսաևայի աղջիկը՝ Զարինան այն դպրոցից կենդանի էր դուրս եկել: Ինչպես գրում է «Մեդուզա» կայքի հեղինակներից մեկը՝ Իլյա Ազարը, — «հնարավոր է՝ այդ պատճառով էլ Կեսաևան ուժ ու եռանդ ունի «Բեսլանի ձայնը» հասարակական կազմակերպությունը գլխավորելու»:
Այս տարվա սեպտեմբերի 1-ին նա և 4 այլ կանայք մտել են մարզադահլիճ ավանդական սգո արարողությանը և հանել իրենց բաճկոնները, որոնց տակից հագած են եղել «Պուտին՝ Բեսլանի դահիճ» գրությամբ սպիտակ վերնաշապիկներ:
Կանանց ձերբակալել են, ընդ որում նրանցից մեկի մեջքին այնքան ուժեղ են խփել, որ նա փսխել է: Նույն օրն, ավելի ճիշտ սեպտեմբերի լույս 2-ի գիշերը նրանք բոլորը դատապարտվել են հասարակական աշխատանքի և 20 հազար ռուբլի տուգանքի [մոտ $300].
Նույն վայրում ձերբակալել էին նաև մոսկովյան լրագրողներ Ելենա Կոստյուչենկոյին, որը «Նովայա գազետայի» թղթակիցն է, և «Տակիե դելա» կայքի աշխատակցին: Նրանց շուտով ազատ են արձակել: Սակայն 2 օր անց նրանց վրա «Հակաահաբեկչություն» գրությամբ վերնաշապիկներովմարդիկ են հարձակվել, ընդ որում՝ Կոստյուչենկոյի վրա կանաչաներկ են լցրել:
«Կավկազսկի ուզելի» տեսանյութը
Բոլոր ձերբակալվածները տուն են վերադարձել, սակայն պատմությունը նոր շարունակություն է ստացել:
Ինչպես գրում է «Կավկազսկի ուզելը», սեպտեմբերի 14-ին Էլլա Կեսաևայի տանը մի քանի մեքենա է մոտեցել, որոնցից ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով 15 տղամարդ է դուրս եկել:
Նրանք չեն ներկայացել, չեն նշել իրենց այցի պատճառը, սակայն կտրուկ պահանջել են, որպեսզի Կեսաևան դուրս գա: Նրանցից մեկն այդ ընթացքում տեսանկարահանելիս է եղել:
Կեսաևայի բարեկամը հայտնել է, որ նա տանը չէ, և դուռը փակել նրանց առջև:
«Բեսլանի ձայնը» կազմակերպության առաջնորդ Էլլա Կեսաևան այժմ մտադիր է բողոքել Հյուսիսային Օսիայի ՆԳՆ ղեկավարությանը:
Ի՞նչ են ուզում զոհված և տուժած երեխաների մայրերը
«Մենք ուզում էինք Բեսլանի թեման բարձրացնել, քանի որ դրա մասին սկսել են մոռանալ», — «Մեդուզային» տված հարցազրույցում սեպտեմբերի 1-ի բողոքի ակցիայի իմաստն է բացատրել մասնակիցներից մեկը՝ Սվետլանա Մարգիևան: 2004թ-ին նրան դստեր հետ ահաբեկիչները պահել են հենց այդ մարզադահլիճում:
«Պուտինն իր իշխանությունն ամրապնդեց մեր երեխաների արյամբ: Աղջիկս ձեռքերիս մեջ մահացավ, իսկ քանի դեռ կենդանի էր, ասում էր. «Պուտինը մեզ կօգնի՞, մամ»: Մնացած երեխաներն էլ էին այդպես ասում: Մենք հույսներս Պուտինի վրա էինք դնում, իսկ նա մազ անգամ չշարժեց մեր երեխաներին փրկելու համար», — ասում է Մարգիևան:
«Մենք գիտենք, որ նախագահն, ով նաև գերագույն հրամանատարն է, մեղավոր է: Նրան ոչ մի անգամ չհարցաքննեցին՝ չնայած մեր հայտարարություններին: Բեսլանի հարցով նա օրենքից դուրս է», — ավելացնում է Էլլա Կեսաևան:
Այս կազմակերպության կանայք վստահ են, որ ռուս ուժայինները ոչ միայն ոչինչ չարեցին 2004-ի ահաբեկչությունը կանխելու համար, այլ նաև հենց իրենք են մեղավոր երեխաների մահվան համար:
Նրանց վստահությունը հիմնված է ոչ միայն ականատսների անձնական փորձի վրա, այլ նաև որոշ անկախ հետաքննությունների արդյունքների: Պաշտոնական պետական քննության զոհվածների մայրերն այդպես էլ ականատես չեղան. քրեական գործը պաշտոնապես փակված չէ, սակայն որևէ աշխատանքի նշան այդ գործով չի նշմարվում: Արդեն 12 տարի է:
«Բեսլանի ձայնը» ահաբեկչությունից տուժածների և նրանց հարազատների ստեղծած միակ հասարակական կազմակերպությունը չէ և նույնիսկ ամենաբազմամարդը չէ: Գոյություն ունի նաև «Բեսլանի մայրեր» կազմակերպություն, և նրանց միջև հարաբերությունները լարված են:
«Բեսլանի ձայնի» ակտիվիստներն անձամբ Պուտինին ու ռուսական ղեկավարությանն են մեղադրում 2004թ-ին երեխաների սպանության համար: «Բեսլանի մայրերը» կարծում են, որ իշխանությունները գլխավորապես մեղավոր են, որ թույլ են տվել պատանդներ վերցնել:
«Արդեն 12 տարի մենք պահանջում ենք գործի օբյեկտիվ քննություն: Մենք դա օրինական մեթոդներով ենք անում, հանդիպում ենք կառույցների ղեկավարների, պատգամավորների հետ: Կամաց-կամաց առաջ ենք շարժվում: Մենք սպասում ենք, որ նախագահը կամ պատգամավորական կորպուսը կգիտակցեն, որ դասեր է պետք քաղել և սխալների ուղղման աշխատանք տանել», — «Մեդուզային» ասել է «Մայրերի» կոմիտեի նախագահ Սուսաննա Դուդիևան:
«Բեսլանի մայրերը» քննադատել են «Բեսլանի ձայնի» ակտիվիստների այս ակցիան և ընդհանրապես Կեսաևային խմբին կասկածում են քաղաքական դրդապատճառներ ունենալու համար:
«Դա սգո վայր է, և այժմ ցավը գոչյուններով փակելը ստորություն է, — ասել է Դուդիևան «Մեդուզային»: — Ցանկացած կարծիք կարելի է հայտնել այդ շենքից դուրս՝ չխախտելով դրա աուրան»:
«…Այդ մեթոդները ձեռնտու են ռուսական և արտասահմանյան ընդդիմադիր կազմակերպություններին: Մոսկվայում ինչ-որ տեղ, Ամերիկայում, Եվրոպայում բոլորը դրանով ուրախացան: Շատերը ձեռքերը շփեցին՝ ասելով. «Այդպես էլ պետք է դրան»», — կարծում է Դուդիևան:
Իրենց հերթին ակցիայի մասնակիցները կտրականապես հերքում են քաղաքական մոտիվները, այդ թվում նաև այն ասեկոսեներն, իբր ակցիան կապված է գալիք խորհդարանական ընտրությունների հետ:
Իսկ Դուդիևայի խմբի դիրքորոշումը նրանք հետևյալ կերպ են բացատրում. «Բեսլանի մայրերը» կորցնելու բան ունեն, քանի որ նրանք բոլորն աշխատում են նախարարություններում («Մեդուզա»):
Ի՞նչ են կատարվածի մասին մտածում Բեսլանի բնակիչները
«Մեդուզայի» թղթակիցը Բեսլանում մի քանի պաշտոնյաների շրջանում հարցում է անցկացրել և գրում է, որ նրանք բոլորը վերոհիշյալ ակցիայի մասին արտահայտվում էին, որպես «անհարիր սադրանքի»: Ռուսական իշխանությունների հասցեին զոհված երեխաների մայրերի մեղադրանքների հետ նրանք համաձայն չեն:
Ինչպես ցույց է տվել «Մեդուզայի» հարցումը՝ մոտավորապես նույն կարծիքն ունեն նաև քաղաքացիներից շատերը. որ այստեղ քաղաքական դրդապատճառներ կան, և որ ակցիան հովանավորվել է ինչ-որ ընդդիմադիրների կողմից:
Էլլա Կեսաևան «Մեդուզայի» հետ զրույցում նշել է, որ մարդիկ նման կերպ են մտածում, քանի որ, առաջին հերթին, վախենում են անկեղծանալ, երկրորդ հերթին, պրոպագանդայի ազդեցության տակ են:
«Դպրոցներում երեխաներին քարոզում են, որ հատուկ ջոկատայինները հերոսներ են, — պատմել է նա «Մեդուզային»: — …Սակայն մեզ մոտ միայն վերնաշապիկով հասարակ տղամարդիկ էին երեխաներին փրկում, իսկ նրանց հանդեպ բացարձակ ուշադրություն չկա»:
«Բեսլանի ձայնի» կանայք վստահ են, որ քաղաքում շատերն իրականում իրենց հետ համերաշխ են, սակայն այդ մարդիկ դեռևս պատրաստ չեն հանրային կերպով արտահայտել դա:
Ինչպես «Մեդուզային» հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ Սվետլանա Մարգիևան, «Շատերն էին սեպտեմբերի 1-ին ցանկանում մեզ պաշտպանել, սակայն նրանց թույլ չեն տվել: Փոխարենը մենք լսել ենք, թե ինչպես են մարդիկ գոռում. «Բա՛ց թողեք նրանց: Դուք ոստիկա՞ն եք, թե՞ ահաբեկիչ»»: