«Ծրագրված սադրանք» Հայաստանի սահմանին։ Ի՞նչ է լինելու։ Կարծիքներ
Իրավիճակը Հայաստանի հարավային սահմանին չի փոխվել, այս մասին մայիսի 13-ի առավոտյան կառավարության նիստի ժամանակ հաղորդել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի Զինված ուժերը նախօրեին հատել էին Հայաստանի սահմանը՝ 3,5 կմ առաջանալով Սյունիքի մարզի Սև լճի հատվածում։ Ադրբեջանական կողմն, ըստ Փաշինյանի, փորձում է վերահսկողություն սահմանել լճի տարածքում։
Մայիսի 12-ին հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Սյունիքի մարզում իրավիճակն անհանգիստ է, բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի ԶՈւ հետ, որոնք առաջ են տվել իրենց դիրքերն Իշխանասար համայնքի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը բախումների մասին լուրը հերքել էր, սակայն հաստատել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել, որոնք դադարեցվել են հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո»։
Մայիսի 12-ին՝ կեսգիշերին մոտ, Երևանում կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքում տեղի ունեցածը «դիվերսիոն անցում» է անվանել․
«Այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, սակայն մեր առաջնահերթ խնդիրը բանակցությունների միջոցով իրավիճակի լուծումն է […] Սա տարբերակներից մեկն է»։
Մայիսի 13-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սև լճի շրջանում իրավիճակը դեռ ծայրահեղ լուրջ է․
«Լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, այնտեղ նաև մեծ թվով մեր զինվորների ներկայություն կա: Բայց իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն եւ բախում չկա, երեկվանից աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։
Պետք է նշեմ, որ սա նախապես ծրագրված սադրանք է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որոնցով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս, սակայն դրանք ակնհայտ կեղծ փաստաթղթեր են։
Մեր խնդիրն այն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը»։
Փաշինյանի խոսքով՝ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է գործել «շրջահայց, վճռական և սկզբունքորեն»։
- Առաջ գալու փո՞րձ։ Ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին
- Հայաստանի հարավում ռուսական ռազմաբազայի երկու հենակետ է տեղակայվել
Փորձագետների կարծիքը
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է․
«Անկախ նրանից, խախտել են ադրբեջանական զինվորականները Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ սահմանը Սև լճի շրջակայքում, թե ոչ, նրանց գործողությունները հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը [Արցախում հրադադարի մասին փաստաթուղթ], ըստ որի՝ Սյունիքին հարող տարածքում զորքերը պետք է մնային իրենց դիրքերում։
Տրամաբանորեն ենթադրվում է, որ այստեղ որևէ փոփոխություններ պետք է տեղի ունենային սահմանազատման և սահմանագծման պաշտոնական գործընթացի կամ գոնե նոր պաշտոնական համաձայնագրի արդյունքում միայն։
Այն պահից, երբ դեռ մի քանի ամիս առաջ հայկական կողմը հնազանդորեն և Ռուսաստանի լուռ համաձայնությամբ թույլ տվեց ադրբեջանցիներին առաջանալ, իրականացնել կամայական «սահմանաճշտման» աշխատանքներ երկրի հարավ-արևելյան մասում, և նույնիսկ չբարձրացրեց խնդիրը կառավարական մակարդակով, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ որպես հակամարտության հաղթահարման հուսալի հիմքի մասին խոսելն անիմաստ է։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ պետք է գտնել անվտանգության ապահովման նոր երաշխիքներ։ Եվ Անվտանգության խորհուրդը պարտավոր է անդրադառնալ այս հարցին, այլ ոչ թե միայն վերջին միջադեպին»։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Սյունիքում և տարածաշրջանում տեղի ունեցածը «միաշերտ չէ և չի կարող լինել»․
«Հետևաբար, հարցերն ու պատասխանի փնտրտուքը պետք է լինի նույնքան բազմազան, այդ թվում՝ Մոսկվայի դերի առումով […]
Կարո՞ղ է Ալիևը իրեն թույլ տալ Սյունիքում սահմանային այդօրինակ ոտնձգություն՝ առանց Մոսկվայի: Այստեղ մեր հանրության մեջ կարծիքները իհարկե տարբեր են: Կան մարդիկ, որոնք համոզված են՝ չի կարող: Բայց հարցը չունի պատասխան՝ իսկ ինչո՞ւ չի կարող: Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը, եթե նա իրեն թույլ տա այդպիսի բան […]։ Ալիևը չի կարող հարձակվել Ռուսաստանի վրա, չի հարձակվի Ռուսաստանի անվտանգային պարտավորության գոտում տարածքի վրա, բայց ի՞նչ պետք է անի Մոսկվան, եթե Ալիևը դիմի այդօրինակ սահմանային սադրանքի […]։
Ակնառու է, որ անվտանգային ռուսական երաշխիքները գործունակ չեն և չեն կարող լինել, եթե Մոսկվան գտնվում է ԱՄՆ հետ դիմակայության ռեժիմում: Գործունակ չեն՝ լինի դա Մոսկվայի կամքով, թե հնարավորությունների սահմանափակությամբ: Հարցը այստեղ այն է, թե Հայաստանը ինչպես պետք է լուծի [անվտանգության] այլընտրանքային մեխանիզմների հարցը, չսպասելով, որ ռուսները իրենց օրակարգով պայմանավորվեն Արևմուտքի հետ, որովհետև դա կարող է և տեղի չունենալ, կամ ունենալ այլ առանցքով, քան հայկական շահն ու անվտանգությունը»։
Թուրքագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքում գրում է․
«Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում թշնամին առաջխաղացում է արել՝ օգտվելով նրանից, որ հայկական կողմը ձյան պատճառով չի պահպանել դիրքերը […]: Ի՞նչ արդարացում ունի ՀՀ քաղաքական իշխանությունը։ Գուցե դա՞ էլ է նախկինների մեղքով։
Որպես ծանոթացում՝ ասեմ, որ Սիսիանի հատվածը ՀՀ ամենանեղ մասն է, որը թշնամին փորձում է ավելի նեղացնել՝ հարմար առիթի դեպքում մեկ հարվածով ՀՀ-ն երկու մասի բաժանելու և Սյունիքին տիրանալու համար։
[…] Մեր իշխանության հիմար և անլուրջ քայլերի պատճառով Սյունիքը և Արցախը ամբողջությամբ կարող են անջատվել ՀՀ-ից»։