Պե՞տք էր արդյոք զենք վերցնել
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել են շիա աստվածաբան Թալեհ Բագիրզադեի և նրա մի խումբ կողմնակիցների գործով լսումները: Առաջադրվել են ամենածանր մեղադրանքները, ներառյալ՝ սպանություն, սահմանադրական կարգը տապալելու փորձ, զենքի ապօրինի պահպանում և այլն: Գործով ձերբակալված 72 հոգուց ամբաստանյալի նստարանին են ընդամենը 18-ը: Մոտ այդքան մարդ է տեղավորվում դատական նիստերի դահլիճի երկաթյա ճաղավանդակում: Այնպես որ, ներկա դատական գործընթացը, հավանաբար օրինակ կդառնա մի շարք դատերի համար:
Հավանաբար այս դատը ոչ միայն կոնկրետ ամբաստանյալների նկատմամբ է, այլ նաև Նարդարան ավանում կյանքի ավանդական ձևի: Բաքվից ոչ այնքան հեռու գտնվող այս ավանը, որն ունի 9300 բնակիչ և 5 մզկիթ «Իրանի անկլավի» համբավ է հասցրել ձեռք բերել: Այստեղից են Ադրբեջանում արգելված իսլամական կուսակցության շատ ակտիվիստներ, մի շարք շիա աստվածաբաններ: Այստեղ է 2015թ-ին ստեղծվել Մուսուլմանական միասնության շարժումը (ՄՄՇ), որի համակիրներն այժմ դատվում են:
Հիշում եմ Նարդարանը 2002թ-ին. ապստամբություն էր, ոստիկանական շրջափակում, այրված ոստիկանական մեքենաներից բարիկադներ, գնդակների հետքերով պատված պատեր, նարդարանցիների կողմից փորված սեփական գերեզմաններ: Բնակչություն, որը զինված էր մահակներով ու քարերով, սակայն միասնական ու համերաշխ էր: Եվ դեպքերի էպիկենտրոնից 20-30մ հեռավորության վրա գտնվող անվնաս ոստիկանական բաժին: Իշխանություններն այն ժամանակ հայտարարեցին, որ այդ բաժինը հրկիզվել է և քանդվել, սակայն իրականում նարդարանցիները ցուցադրել էին իրենց հարգանքը պետական կառույցների հանդեպ և ձեռք չէին տվել ոչ շինությանը, ոչ ոստիկաններին (և սա ոստիկաններով շրջափակված ավանի ներսում):
Քաղաքացիական հասարակության փորձագետների հանձնաժողովն այն ժամանակ եզրակացության եկավ, որ բողոքը ոչ թե կրոնական, այլ սոցիալական արմատներ ունի: Իշխանությունները, հուսահատվելով նարդարանցիներին պարտադրել վերահսկվող մունիցիպալիտետ, սկսեցին նրանց վրա տնտեսական ճնշում կիրառել՝ խաթարելով նրանց ջերմոցային տնտեսությունն ու ձկնորսությունը: Եվ հենց այդ խնդիրը մասնակի լուծվեց, նարդարանցիներն ընկրկեցին:
Այն նարդարանցիները պատրաստ էին զոհվել: Ներկայիս Նարդարանն արդեն ուրիշ է, պատրաստ է թաքուն կրակել ոստիկանների վրա ավանի խաղաղ բակերից մեկից: Սակայն, ինչպես ցույց տվեց իրավիճակն այդ դեպքերից հետո, այդպիսիք քիչ են: Դա հիմնականում վախեցած մարդիկ էին, ովքեր թաքնվում են իրենց տներում և ում էլեկտրաէներգիայի պարտքի ներումը թերևս ավելի շատ է հետաքրքրում, քան քաղաքականությունը:
Նարդարանցիները նախկինի պես հավատացյալ և իրասածի են: Սակայն զոհվել այլևս ոչ ոք չի ուզում, և ամբոխը ցրվեց 3 օր անց, չնայած փակվեց 4 մզկիթ և ձերբակալվեց մի քանի տասնյակ գյուղացի:
2015թ-ի նոյեմբերի 26-ին, երբ ոստիկանական գործողության համար ավան եկած իրավապահների վրա կրակ բացեցին, այդ երկու Նարդարանների միջև անդունդ բացվեց, որը բաժանեց հավատացյալներին իսլամիստներից: Հավատացյալն Աստծո, իր և իմաստուն թագավորի վրա է հույսը դնում: Իսլամիստը՝ իսլամական հեղափոխության և աշխարհիկ իշխանությունը շարիաթի կառավարությամբ փոխարինելու վրա: Այդ պատճառով էլ պատահական չէ, որ Նարդարանում իսլամիստների ազդեցության տակ երկար ժամանակ դիմադրում էին ցանկացած աշխարհիկ ինստիտուտների ձևավորմանը՝ մունիցիպալիտետից մինչև անգամ հրշեջ մեքենա:
Երբ հրաձգությունից առաջ ՄՄՇ-ն հայտարարեց, որ «մենք իսլամական հեղափոխություն և Ադրբեջանի սահմանադրական կարգի փոփոխություն չենք ուզում», նա ակնհայտ կեղծում էր իրեն: Հարևան Իրանում երկրի հոգևոր առաջնորդ Խամենեիի ներկայացուցիչ այաթոլա Մոջթահեդ Շաբեստարին հստակ հայտարարեց. «Նարդարանում տեղի ունեցածը տարերային, հեղափոխական շարժում է»:
Ադրբեջանի սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքը պետք է արտահայտվի կրոնն ու պետությունը միմյանցից բաժանելն ընդունելով, օրենքներին հետևելով: Այսպես, «հասարակական կազմակերպությունների մասին» (ՈԿԿ) օրենքն արգելում է քաղաքականությամբ զբաղվել: «Կրոնի ազատության մասին» օրենքի համաձայն՝ կրոնական գործունեությամբ չպետք է զբաղվեն ոչ ՈԿԿ-ը, ոչ արտասահմանյան իսլամական համալսարանների շրջանավարտները (Բագիրզադեն 6 տարի սովորել է Իրանում և Իրաքում): Իսկ ՄՄՇ-ի կոչը՝ բոյկոտել 2015թ-ի հոկտեմբերի ընտրությունները, ոչ մի կերպ չի տեղավորվում ՈԿԿ մանդատում:
Բագիրզադեն չէր թաքցնում իր նպատակները: Բանտից ազատ արձակվելուց անմիջապես հետո 2015 հուլիսին աստվածաբանը հայտարարեց, որ “փոքր բանտից դուրս է եկել մեծ բանտ և “ողջ վճռականությամբ կշարունակի պայքարը. “Կարծում եմ, որ աստվածաբանը կարող է քաղաքական գործիչ լինել, իսկ քաղաքական գործիչն՝ աստվածաբան: Այն կարծիքը, որ կրոնը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից, սխալ է: Եթե նայենք իսլամի պատմությանն, ապա մինչև 19-րդ դարն Ադրբեջանում կիրառվել է մուսուլմանական իրավունք:
Ինձ համար հայտնաբերված զենքից ու թմրանյութերից ավելի կարևոր է, որ ՄՄՇ-ն ցանկանում էր չարաշահել Սահմանադրությամբ երաշխավորված ազատությունները մեզ 19-րդ դար վերադարձնելու համար, որտեղ այդ ազատությունները չեն եղել:
Բագիրզադեի այս ծրագրային հայտարարությունն ամբողջությամբ գիծ է քաշում շարժման լոյալության վերաբերյալ ավելի ուշ արված հարկադրված հավաստիացումների վրա: Այդ ընթացքում Եվլախում աստվածաբանին ոստիկանները թույլ չտվին մտնել մզկիթ: Նրան ձերբակալեցին և հավանաբար ծեծի ենթարկեցին: Այդ առթիվ անկարգություններ եղան Սաբունչիում՝ ՄՄՇ կողմնակիցների հետագա ձերբալությամբ:
Բացի այդ, հավատարմության մասին հայտարարությունը չարդարացավ նաև դրան հետևած իրադարձությունների ժամանակ: Հարց է առաջանում՝ ի՞նչ են անում զենքը Սահմանադրությանը հետևող դեմոկրատները: Չէ՞ որ Բագիրզադեի նախորդ ձերբակալության ժամանակ 2013թ-ին նրա վարորդի մոտ նույնպես ատրճանակ է հայտնաբերվել: Սակայն այն ժամանակ զենքը լռում էր, իսկ այժմ դրա զոհ է դարձել ոստիկանության 2 սպա և 5 քաղաքացիական անձ (այդ թվում նաև՝ այլ քաղաքներից): Զենք զինամթերք է հայտնաբերվել ՄՄՇ կողմնակիցներին Նարդարանում, Գյանջայում և այլ շրջաններում ձերբակալելիս:
Ինչ-որ մեկը կասի, որ “սարքել են: Սակայն հարցեր են մնում, ինչ զենքով են այն ժամանակ Նարդարանում կրակել ոստիկանների վրա, և ամենակարևորը՝ ինչո՞ւ: Չէ՞ որ զենքի պահպանման համար քիչ ժամկետ են տալիս, իսկ այժմ նրանց ցմահ ազատազրկում է սպասվում:
Եթե ինչ-որ օրենքներ կամ պաշտոնյաների գործողությունները խախտում են հավատացյալների իրավունքները, ապա դա պետք է դատարանի միջոցով լուծել, այլ ոչ թե զենքի դիմելով: Առավել ևս, որ հիմա կարելի է բողոքել ՄԻԵԴ:
«Կասըմախունովն ու Սայբաթալովը Ռուսաստանի դեմ» գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ «Քաղաքական կազմակերպությունը կարող է գործել օրենքի և պետության իրավական ու սահմանադրական կառույցների փոփոխման ուղղությամբ երկու դեպքում. առաջինը՝ դրա համար օգտագործվող միջոցները պետք է իրավական և ժողովրդավարական լինեն, երկրորդը՝առաջարկվող փոփոխությունն ինքը պետք է համատեղելի լինի հիմնարար ժողովրդավարական սկզբունքների հետ: Այստեղից, ըստ անհրաժեշտության, հետևում է, որ քաղաքական կազմակերպությունը, որի առաջնորդները հրահրում են բնակչությանը կամ ժողովրդավարությունը չհարգող քաղաքականություն են վարում, որն ուղղված է ժողովրդավարության, ժողովրդավարության մեջ ընդունված իրավունքների ու ազատությունների խարխլմանը, չի կարող հավակնել այդ հիմքերով սահմանված պատժի կոնվենցիայի պաշտպանությանը»:
Նարդարանի դեպքերն օրենսդրության խստացման համար զգալի խթան դարձան: Այդ դեպքերից արդեն մեկ շաբաթ անց Ադրբեջանում «Կրոնական էքստրեիզմի դեմ պայքարի մասին օրենք ընդունվեց: Իսկ այս տարվա հուլիսի 18-ին նախագահն առաջարկեց փոփոխություն մտցնել Սահմանադրության 24-րդ հոդվածում՝ առաջարկելով ավելացնել հետևյալ արտահայտությունը. «Չի թույլատրվում իրավունքների չարաշահում»: Ինչպես կասեր հայտնի ռուս հեղափոխական Պլեխանովը. «Այդ հանգամանքը դժվար չէր կանխորոշել: Այդ պատճառով էլ պետք չէր զենք վերցնել»:
Նարդարանցիների առջև, ում տարիներով մանիպուլյացիայի էին ենթարկում քաղաքական գործիչները, այժմ պատմության նոր էջ է բացվում: Իշխանությունները լրացնում են մեկ քառորդ դարի բացթողումները. ավարտվել է ներքին ճանապարհների վերանորոգումը, հարթվում են մզկիթների և պետության միջև հարաբերությունները, բարելավվում է էլեկտրա և գազամատակարարումը, խոստանում են աշխատանքի տեղավորել: Նույնիսկ աշխարհիկ Գիտելիքների տուն է հայտնվել: Վերջերս Նարդարան այցելեց երկրի նախագահն, ով խոստացավ, որ ավանի ենթակառուցվածքները «հարկ եղած մակարդակի» կլինեն:
Տրամաբանական է, որ բացել են նաև ոստիկանության և Պետական անվտանգության ծառայության բաժանմունքներ: Ինչ հետևանք կունենա այս ամենը՝ կայունություն և կարգուկանոն, թե համատարած ոստիկանական վերահսկողություն, ցույց կտա ժամանակը: Սակայն լավ կլիներ, որ և՛ իշխանությունները, և՛ նարդարանցիները խոհեմություն ցուցաբերեին:
Հրապարակվել է 29.07.2016