Ոստիկանների հետ ծեծկռտուք Թբիլիսիում․ 20 ակտիվիստ է ձերբակալվել
Պարտքերի պատճառով ընտանիքի վտարում Թբիլիսիում
Հունվարի 23-ին Թբիլիսիի կենտրոնում՝ Կեկելիձեի փողոցում, ոստիկանության և հարկադիր կատարման բյուրոյի աշխատակիցների հետ բախումների արդյունքում մինչև 20 մարդ է ձերբակալվել, աշխատակիցները բնակության վայրից վտարել են Խաթիաշվիլի ընտանիքին, որը երկար տարիներ բանկային վարկի մեծ ֆինանսական պարտքեր է կուտակել։
Երկու ձերբակալվածների մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքով։ Մնացած 18-ը ձերբակալվել են վարչական իրավախախտումների՝ ոստիկանի պահանջը չկատարելու և հասարակական կարգը խախտելու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է հայտնի լրագրող Գելա Մտիվլիշվիլին։ Տեղեկությունը հրապարակվել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դռները բացել են եռակցման սարքով
Խաթիաշվիլիների ընտանիքին վտարելու մասին լուրերը տարածվեցին մի քանի օր առաջ։ Հունվարի 23-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները մոբիլիզացվել էին Կեկելիձեի փողոցի թիվ 1 տան մոտ։
Դեպքի վայր էին եկել մի քանի տասնյակ մարդիկ՝ հարազատներ, ակտիվիստներ, պարզապես մարդիկ, որոնք սպասվող վտարման մասին իմացել էին ֆեյսբուքյան գրառումներից և ցանկացել էին աջակցել ընտանիքին։
Գործողությունը շարունակվել է ավելի քան երկու ժամ։ Հարկադիր կատարման բյուրոյի աշխատակիցները փորձել են մտնել բնակարան, հանել Խաթիաշվիլիի ընտանիքի կահույքն ու իրերը և նրանց ստիպել լքել բնակարանը։ Տեղում հավաքված մարդիկ բարիկադներ են տեղադրել և փորձել թույլ չտալ նրանց մուտքը շենք։
Երբ իրավապահները վերջապես հասել են մուտքի դռների մոտ, դրանք ամբողջովին եռակցումով փակված են գտել։ Ընտանիքը պատրաստվել էր պաշտպանության: Արդյունքում նրանք ներս են մտել հատուկ տեխնիկայի, ինչպես նաև պարեկային ոստիկանության ու ԱԻՆ աշխատակիցների օգնությամբ։
Առճակատման ժամանակ մի քանի մարդ տուժել է, վնասվել է իրավապահների մեքենան։
Արդյունքում՝ իրավապահ մարմինների աշխատակիցները ընտանիքին դուրս են հանել բնակարանից և կարողացել են ավարտին հասցնել վտարման գործընթացը։
Իրավիճակը բարդացրել է այն, որ Թբիլիսիում առավոտից ձյուն էր եկել, իսկ ջերմաստիճանը զրոյից ցածր էր։
Սոցցանցերում տարածվել է տեղեկություն, թե, իբր, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել վտարման ընթացքում։ Ծուխն իսկապես տեսանելի է հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող կադրերում։
Սակայն ոստիկանությունը հերքում է արցունքաբեր գազի օգտագործումը։ Հակառակը, հարկադիր կատարման բյուրոն պնդում է, որ հենց ընտանիքի կողմնակիցներն են օգտագործել պղպեղի սփրեյ, ինչի հետևանքով մի քանի ոստիկան է տուժել։
Խաթիաշվիլի ընտանիքի պատմությունը
Բնակարանը պատկանել է Մարինե Խաթիաշվիլիին, նա մասնագիտությամբ արվեստաբան է։ Պատմությունը պարտքերի, որոնք այժմ անտուն են թողել ընտանիքին, մեկնարկել է 2008 թ.-ին։
Այդ ժամանակ Մարինե Խաթիաշվիլին Bank Georgia-ից 20 հազար դոլարի վարկ է վերցրել 10 տարի ժամկետով։ Նա պնդում է, որ 2013 թվականին ընդամենը մեկուկես ամիս է ուշացրել վարկի վճարումը, սակայն բանկն անմիջապես գործն ուղարկել է դատարան։
Տուգանքների պատճառով Խաթիաշվիլին հինգ տարվա ընթացքում Bank Georgia-ին վճարել է 43,000 դոլար, հիշեցնենք, որ դա 20,000 դոլարի համար, որը 10 տարով էր վերցրել: Բացի այդ, ընտանիքը մասնավոր գրավատերերին է վճարել նաև ընդհանուր առմամբ 80 հազար դոլար:
Հարկադիր կատարման բյուրոյից վտարման մասին իր առաջին ծանուցումը Մարինե Խաթիաշվիլին ստացել է 2019 թվականի աշնանը, այդ մասին պատմում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Այդ ժամանակ նա դիմել է դատարան, որը վտարման գործընթացը հետաձգել է երեք ամսով՝ մինչև 2020 թվականի փետրվարի 4-ը։ Այդ օրը ընտանիքն ու նրա համախոհները դիմադրություն են ցույց տվել հարկադիր կատարման բյուրոյի աշխատակիցներին։ Քննարկումներից հետո վտարման գործընթացը կրկին հետաձգվել է մինչև 2020 թվականի մարտի 20-ը։
Բայց մարտի սկզբին մեկնարկել է Covid-19 համավարակը: Պետությունը բոլոր վտարումների համար ընդհանուր մորատորիում էր հայտարարել։
Ընտանիքին վտարելու ևս մեկ փորձ է ձեռնարկվել 2022 թվականի հունիսի 17-ին։ Այդ ժամանակ բանկն արդեն աճուրդով վաճառել էր բնակարանը, այն ուներ նոր սեփականատերեր։
Սակայն այդ ժամանակ ևս վտարումը ավարտին չի հասցվել։ Հարազատների ու համախոհների ամբոխը փակել է փողոցն ու դիմադրություն ցույց տվել։
Վերջին անգամ ոստիկանությունը Խաթիաշվիլիին այցելել էր ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հունվարի 23-ին։ Բայց նույնիսկ այդ ժամանակ կողմնակիցների մեծ խմբի հետ առճակատումից հետո ընտանիքի վտարման գործընթացը հետաձգվեց։
Ի՞նչ է լինելու հետո
Մարինե Խաթիաշվիլին ասում է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները վտարման ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել։ Նա նաև պնդում է, որ իրավապահ մարմինների ներխուժման ժամանակ ոչնչացվել են ընտանիքին պատկանող որոշ իրեր, այդ թվում՝ ընտանեկան գրադարանը։
«Նրանք փողոց են նետել ամեն ինչ՝ իմ նախնիների իրերը, հազվագյուտ գրքեր են այս ու այն կողմ շպրտել»,- լրագրողներին պատմել է Խաթիաշվիլին։
Մարինե Խաթիաշվիլին ասել է, որ պետությունն իրեն այլընտրանքային բնակելի տարածք չի առաջարկել։ Առայժմ ընտանիքը ծրագրում է մնալ ընկերների մոտ։
Փորձագետները քննադատում են «արատավոր գործելաոճը»
Կեկելիձեի փողոցում բողոքի ցույցը շարունակվել է նաև այն բանից հետո, երբ տեղի է ունեցել վտարումը։ Մասնակիցները բնակչությանը կոչ են արել միանալ իրենց։
«Մեկնաբանություն» հարթակի համահիմնադիր, փաստաբան Վախուշտի Մենաբդեն պատմում է, որ բողոքի ակցիային մասնակցել է որպես շարքային քաղաքացի։
«Բոլորն էլ տեսնում են այս անարդարությունը։ Ընտանիքը վճարել է վարկի մայր գումարի եռապատիկը։ Բայց և այնպես, նրանց վտարեցին նման սարսափելի ձևով և ձմռանը։ Շատ երկրներում ձմռանն արգելված է քաղաքացիների վտարումը։ Մեր օրենսդրությունը պետք է փոխվի, այն պետք է մարդասիրական դառնա։ Պետությունը պարտավոր է կացարանով ապահովել անօթևաններին, ովքեր ֆինանսական միջոցներ չունեն»,- On.ge-ին տված հարցազրույցում ասել է Վախուշտի Մենաբդեն։
Սոցիալական արդարության կենտրոնը ևս «դաժան» է որակել պետության մոտեցումները։ Հենց այդ կենտրոնի աշխատակիցներն են առաջինը հայտնել Խաթիաշվիլիի սպասվելիք վտարման մասին։ Նրանք նաև զգուշացնում են, որ հունվարին Թբիլիսիում նախատեսվում է վտարել ևս երկու ընտանիքի՝ ֆինանսական մեծ պարտքերի պատճառով։
Կենտրոնի փոխանցմամբ՝ երեք ընտանիքներն էլ պատրաստ են մարել հիմնական ֆինանսական պարտքը, բայց չեն կարող դա անել հենց հիմա։
«Վրաստանում նման դեպքերը բացառություն չեն։ Արատավոր դրամավարկային քաղաքականություն վարող վարկատուները շահագրգռված են գրավադրված գույքի տիրապետմամբ: Նրանք օգտվում են վարկառուների սոցիալ-տնտեսական ծանր վիճակից, նրանց հետ կնքում են վարկային պայմանագրեր ստրկական պայմաններով` բնակարանը կորցնելու մեծ ռիսկով»,- հայտարարում է Սոցիալական արդարության կենտրոնը։
«Պետությունը երկար տարիներ ամբողջությամբ անտեսել է վտարվող ընտանիքների սոցիալ-տնտեսական խոցելիությունը, ընտանիքում անչափահասների, հղիների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների առկայությունը, ինչպես նաև ընտանիքի՝ առանց տանիքի և փողոցում մնալու վտանգները»։