Պարզվեց, դրանք ոչ էլ հուշարձաններ են
Խորհրդայինը քաղաքի կենտրոնում հայտնի թաղամաս է՝ կիսաքրեական վայրի ռոմանտիկ համբավով: Խորհրդայինի «կարգին տղաներին» բաքվեցիները հնում վախով, հարգանքով ու ինչ-որ հարազատ նրբությամբ էին վերաբերվում: Եվ երբ 2014-ին այս թաղամասն իր կիսաքանդ տներով սկսեցին ապամոնտաժել, բաքվեցիները վրդովված էին, որ իրենց սիրելի քաղաքից մի մաս պոկում են: Ինքնաշեն կառույցների ապամոնտաժումը զուգակցվում էր սկանդալներով, մարդիկ դժգոհ էին փոխհատուցման գումարից, այդ պատճառով էլ ոմանց ստիպողաբար էին վրաբնակեցնում, բառացիորեն դուրս էին հանում տնից:
Խորհրդայինից վերև՝ Բադալբեյլի փողոցի երկայնքով բնակիչներից նվաճած տարածքում «Ձմեռային բուլվար» կառուցեցին՝ երկար այգի Բաքվի համար ավանդական մարմարային ծածկույթի գերակայությամբ:
Բաքվի «Ձմեռային բուլվարը»
Սակայն սա դեռ ամենը չէ. 2011թվին հաստատված Բաքվի կենտրոնական հատվածի պլանը ենթադրում է քաղաքի հետագա ձևափոխում: Սակայն այն փոքր խոչընդոտի հանդիպեց: Ապամոնտաժման ենթական տարածքում շատ էին պատմական և ճարտարապետական հուշարձանները: Օրենքի համաձայն, դրանք քանդել չէր կարելի:
Բաքվեցիները սկսեցին ակտիվորեն բողոքել սոցցանցերում, երբ սեփական աչքով տեսան, թե ինչպես են քանդում Աբբաս Միրզա Շարիֆզադեի տունն ու «Ֆարաջուլլայի բաղնիք» կոչվող շենքը:
«Այստեղ է ապրել Ադրբեջանի հայտնի թատերական գործիչ Աբբաս Միրզա Շարիֆզադեն»: Լուսանկարը՝ sputnik.az
Սակայն բազմաթիվ հրապարակումները սոցցանցերում և լրատվամիջոցների հոդվածները ոչ մի արդյունք չտվեցին:
Փաստարկներ՝ ապամոնտաժման օգտին
Ֆեյսբուքյան իր էջում արտահայտվեց Ադրբեջանի ճարտարապետների միության փոխնախագահ Էլչին Ալիևը: Նա հայտարարեց, որ լավ գիտի այդ շրջանը.
«Այնտեղ վախենում ես ոտք դնել, տեղ անգամ չկա քայլելու: Ինչպե՞ս էին այնտեղ ապրում մեր քաղաքացիները, ո՞րտեղ էին խաղում և հանգստանում նրանց երեխաները: Շատ լավ են անում, որ քանդում են: Իմ կարծիքով այդ մեծ թաղամասում առավելագույնը 3-4 ճարտարապետական հուշարձան կա, ընդ որում, խոսքը գնում է միայն շենքերի ճակատային մասերի մասին: Դրանց ներքին վիճակը, կոնստրուկցիաները վթարային են: Այդ թաղամասում կա նաև մի քանի (առավելագույնը 6-7) շենք՝ առանձին գեղեցիկ ճարտարապետական դետալներով՝ պորտալներով, պատշգամբներով, սյուների դետալներով և այլն: Բայց չի կարելի ճակատային հատվածի մի քանի առանձին էլեմենտների պատճառով ընդհանուր առմամբ տձև շենքը պահպանել»:
Հարցը լուծելու համար պարզապես օրենքը փոխեցին. մայիսի 23-ին Ադրբեջանի նախարարների կաբինետի որոշմամբ «Ադրբեջանի՝ պետական պաշտպանության տակ առած պատմական և մշակութային անշարժ հուշարձանները ըստ կարևորության բաշխման հաստատման մասին» օրենքը փոփոխվեց: Անսպասելիորեն «մաքրվող» տարածքում գտնվող 23 շենք դադարեց պետության պաշտպանության տակ գտնվող հուշարձան համարվել:
Բնակիչներին դուրս են անում
Չնայած չինովնիկների հնարամտությանը՝ հասարակությունը չհանգստացավ: Համացանցում՝ www.change.org կայքում արշավ սկսվեց՝ «Դադարեցրեք Բաքվում պատմական շենքերի ապամոնտաժումը»: Այդ ընթացքում քանդման ենթակա տների բնակիչները բողոքում էին, որ իրենց ստիպողաբար են վերաբնակեցնում՝ խախտելով օրենքը:
«Մեր տանը, որը գտնվում է ակումբի մոտ (7-րդ փակուղի) ծնվել է Սուլեյման Ռուստամը (հայտնի պոետ և դրամատուրգ – խմբ.): Տատիս տատն է ընդունել ծնունդը, քանի որ այն ժամանակ ծննդատներ չեն եղել: Մեր տանը սենյակ էր վարձակալում հայտնի կրիստալոգրաֆ, Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ Խուդու Մամեդովը և այլոք: Տներն ապօրինի են քանդում՝ հաշվի չառնելով դրանց պատմական արժեքը և մարդկանց կարծիքը», — ասում է այդ թաղամասի բնակիչ Գյուլչոխրա Ալիևան:
Նրա խոսքով, օրենսդրության համաձայն, հողի գնումը պետք է իրականացվի պետական կարիքների համար հողի գնման մասին օրենքի, Բաքվի գլխավոր պլանի, բնակչության հետ պայմանավորվածության համաձայն, սակայն բնակիչներին, ովքեր չեն համաձայնում լքել իրենց տները, վախեցնում են և շանտաժի ենթարկում:
«Մենք այստեղ արդեն մեկ տարեց մարդու մահ ունենք, ով այն տան վերջին ժառանգորդն է, որտեղ տեղակայված է եղել կանանց ակումբը: Նա այնքան վախեցած էր, որ սարսափում էր նույնիսկ հեռախոսին մոտենալ: Ամբողջ բակը քանդել են, լույսն անջատել, թողել են միայն երկրորդ հարկի բնակարան տանող աստիճանը, այն էլ ՝ կիսաքանդ: Դատարկ տներում գիշերները անտուններն էին քնում: Այդ կինը հիվանդ չէր, շատ բան էր տեսել, սակայն մահից առաջ, երբ գնացինք նրան այցելելու, ասաց՝ «Նրանք ինձ գերեզման հասցրին իրենց քանդելով»», — պատմում է Ալիևան:
Այլ լուծում
Ճարտարապետ Ջամիլ Ախունդովի խոսքով, ճարտարապետական և պատմական արժեք ներկայացնող տներից շատերն արդեն բարբարոսաբար ոչնչացվել են:
«Ժամանակին մեր սակավաթիվ ճարտարապետների-էնտուզիաստների մի խումբ այդ տարածքի բազմակողմանի վերլուծություն է արել (80 հա) և վերականգնման նախագիծ է առաջարկվել՝ պահպանելով բոլոր ճարտարապետական հուշարձանները, որոնք կազմում էին տարածքի մոտ 30%-ը, և հաշվի առնելով նման խնդիրների լուծման եվրոպական փորձը: Նոր ենթակառուցվածքի ստեղծումը ենթադրում էր համալիր զոնավորում, երբ ամեն ֆունկցիոնալ սեկտոր բաժանվում է հիմնական ճանապարհներով, որոնք էլ այդ տարածքը գրագետ կերպով միացնում էին քաղաքի մնացած մասերին: Նախագիծը խորը իմաստավորում էր պահանջում նրանց կողմից, ովքեր զբաղվում են քաղաքի պատմական հատվածի կառուցապատմամբ, այդ պատճառով էլ անտեսվեց», — ասում է նա:
«Մեծ Բաքվի տարածաշրջանային զարգացման պլան» նախագծի նախկին ղեկավար, ճարտարապետ Նովրուզ Էլդարովի խոսքով, մի քանի տարի առաջ վերականգնման ևս մեկ նախագիծ է մշակվել, որը թույլ կտար պահպանել բոլոր արժեքավոր տներն ու փոխարինել անպետքները այնպես, որ այդ վայրը «պահպաներ դեմքը» և զբոսաշրջիկների համար հետաքրքիր լիներ: Նախագիծը մշակել էր բրիտանական Mcbain’s Cooper ընկերությունը՝ օգտագործելով Համաշխարհային բանկից ստացված դրամաշնորհը: Դրանում ակտիվ մասնակցություն էր ունենում նաև Ադրբեջանի ճարտարապետների միությունը:
«Սակայն, ցավոք, Բաքվում պրոֆեսիոնալ իրավասու կառույցներ չկան, որոնք ի վիճակի լինեին նման նախագծեր իրականացնել», — ասում է Էլդարովը:
Նրա խոսքով, պատմական հուշարձանների ապամոնտաժումը պարզապես հանցագործություն է:
«Այդ տարածքը պետք է հենց վերականգնել, այլ ոչ թե քանդել, ինչ պատահի՝ այդ տարածքում այգի կառուցելու համար: Այդպիսի «այգի» արդեն կառուցել են Հ. Ալիևի պալատի ետևը: Եվ ի՞նչ: Ո՞մ է այն պետք: Դա այգի չէ: Ես անձամբ նամակ եմ գրել նախագահին, սակայն, ցավոք, ոչ մի պատասխան: Եվ կրկին, ցավոք, բոլորի աչքի առաջ մենք կորցնում ենք Բաքու քաղաքի ճարտարապետական և քաղաքաշինական կարևորությունը», — կարծում է Էլդարովը:
Բաքվում պատմական շենքերի ոչնչացումը կանգնեցնելու խնդրանքով երկրի ղեկավարությանն է դիմել մի քանի հասարակական գործիչ՝ Ադրբեջանի պատմության ազգային թանգարանի գիտական քարտուղար Ֆարհադ Ջաբարովի գլխավորությամբ, իսկ շենքերը շարունակում են քանդել:
Ջրաբաշխիչ աշտարակ՝ 19-րդ դար
Այստեղ 1888թ-ի բաղնիք է եղել, Մուխտարովի 83
Հրապարակվել է 16.06.2016