«Պատվաստումային առասպելաբանություն»․ ինչո՞ւ Ադրբեջանի բնակիչները չեն ուզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել
Ադրբեջանում պատվաստումն արդեն թափ է հավաքել․ մայիսի 10-ից կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, ինչպես նաև կացության իրավունք ունեցող օտարերկրացիները։ Պաշտոնական տվյալներով՝ հունիսի 5-ի դրությամբ ավելի քան 900 հազարը պատվաստման արդեն երկու դեղաչափ է ստացել (դա բնակչության տասը տոկոսն է), իսկ 600 հազարը՝ դեռևս միայն առաջինը։ Ադրբեջանի բնակիչներից շատերը կամ դժկամությամբ են պատվաստվում, կամ ընդհանրապես չեն պատրաստվում դա անել, «քանի դեռ հույժ անհրաժեշտ չէ»։ Պարզենք, թե ինչն է նրանց կանգնեցնում, և պատվաստման մասին ինչ առասպելներ կան ադրբեջանական հասարակությունում։
Ո՞ր պատվաստանյութն է օգտագործվում Ադրբեջանում
Կորոնավիրուսի դեմ պատվաստումն Ադրբեջանում սկսվել է հունվարին, և ի սկզբանե դրա համար օգտագործվում էր չինական Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութը։ Այնուհետև ներկրվեց նաև AstraZeneca պատվաստանյութը (դրանով այժմ պատվաստվում են 60 տարեկանից բարձր անձինք) և ռուսական Sputnik V-ն։ Հունիսի 10-ից կարելի է պատվաստվել Pfizer/BioNTech գերմանա-ամերիկյան պատվաստանյութով։
Ինչո՞ւ շատերն Ադրբեջանում չեն շտապում պատվաստվել
Սկսենք նրանից, որ նրանցից շատերն, ովքեր չեն շտապում պատվաստվել, պարզապես չեն վստահում նոր պատվաստանյութին և սպասում են․ թող սկզբից պատվաստվեն մնացածները, և, եթե չմահանան, ես էլ կփորձեմ։ Դրանում մեծ դեր են խաղում նաև վերջին տարիների հակապատվաստումային տրամադրությունները․ եթե մարդիկ սկսել են վախենալ կարմրուկի դեմ տասնամյակներով ստուգված պատվաստումից, ի՞նչ կարելի է ասել ինչ-որ անհայտ հիվանդության դեմ ինչ-որ անհայտ պատվաստանյութի մասին։
Ինչ վերաբերում է հենց միֆերին, ապա դրանք կարելի է երկու խմբի բաժանել․
- «ներկրված» միֆեր, որոնք տարածված են ողջ աշխարհում․ համացանցում անթիվ խմբեր, էջեր, բոլոր լեզուներով տեսանյութեր կան, որոնք քարոզում են չպատվաստվել։
- «Տեղական արտադրության» միֆեր, որոնք երկրի ներսում են հորինվել՝ հաշվի առնելով տեղի առանձնահատկությունները։
Ներկրված միֆեր
- Պատվաստումն իրականում չիպավորում է։ Պատվաստանյութի անվան տակ մարդկանց կչիպավորեն ինչ-որ խորհրդավոր չիպով՝ նրանց մտքերը կարդալու, գործողությունները վերահսկելու համար և այլ գիտաֆանտաստիկ մտքեր։ Ո՞ւմ է դա պետք։ Համաշխարհային կառավարությանը։ Լրջորեն դիտարկել և հերքել այս դավադրության տեսությունը, հուսով ենք, անհրաժեշտ չէ։
- Պատվաստանյութի փոխարեն մարդկանց թույն են ներարկում՝ ոչնչացնելու համար։ Այս սարսափ-պատմության մեջ կրկին գլխավոր դերերում են համաշխարհային կառավարությունն ու վերացական հարուստներ, որոնք ուզում են ոչնչացնել աղքատներին՝ այդպիսով կրճատելով մարդկանց թիվը Երկրի վրա։ Բայց հասկանալի չէ թե ինչու պետք է հարուստները ոչնչացնեն էժան աշխատուժը։ Այստեղ նույնպես ամեն ինչ պարզ է։
- Ոչ մի կորոնավիրուս էլ չկա։ Այո, նույնիսկ մեկ տարի անց, որոշ մարդիկ պարզապես չեն հավատում քովիդի գոյությանը։ Եվ չեն ուզում պատվաստվել գոյություն չունեցող վարակի դեմ։ Ադրբեջանում այս համոզմունքը տարածված է հիմնականում շրջաններում։
- Պատվաստանյութը կանանց մոտ անպտղություն է առաջացնում։ Այս միֆը հիմնված է հակապատվաստումային տրամադրություններ ունեցողների այն վարկածի վրա, որ պատվաստումից հետո մարդու օրգանիզմում արտադրվող հակամարմինները ճնշում են սինտիցին-1 սպիտակուցը, որն անհրաժեշտ է ընկերքի ձևավորման համար, ինչն իր հերթին՝ բերում է անպտղության։ Սակայն բժիշկները (օրինակ՝ Պտղաբերության հարցերով բրիտանական միությունը) ասում են, որ այդ վարկածն անհիմն է, գիտական հիմք չունի, և «ոչ մի ապացույց և տեսական հիմք չկա՝ պնդելու համար, թե կորոնավիրուսի դեմ որևէ պատվաստանյութ ազդում է կանանց կամ տղամարդկանց պտղաբերության վրա»։
- Պատվաստանյութի փոխարեն մարդկանց ներարկում են վիտամին C կամ պարզապես ջուր։ Այս տեսությունն ամրապնդվում է նրանով, որ առաջին դեղաչափից հետո շատերի մոտ ոչ մի զգացողություն չի առաջանում։ Թեև, եթե պատվաստանյութի փոխարեն որևէ այլ բան ներարկեին, կառաջանար։ Օրինակ՝ վիտամին С-ի ներարկումը շատ ցավոտ է։ Եվ կրկին․ անգամ իշխանավորների նկատմամբ ամենաթերահավատ վերաբերմունքի դեպքում դժվար է պատկերացնել, որ որևէ կառավարություն կարող է նման թատրոն բեմադրել՝ երկարաձգելով բոլորի համար ոչ շահեկան այս համավարակը։
«Միջազգային» միֆերն Ադրբեջան են ներթափանցում ռուսալեզու և անգլալեզու համացանցի միջոցով, այնուհետև փոխանցվում են բանավոր կամ սոցցանցերի միջոցով։
Տեղական արտադրության միֆերը
Այս միֆը հակամիֆ ունի․ «Արագ պատվաստվեք Sinovac-ով, քանի դեռ «վատ պատվաստանյութեր» չեն բերել։
Տեղի միֆերի մեծ մասը փոխանցվում է «օֆլայն» կամ սոցցանցերի տեղական տիրույթում։ Եվս մեկ պոպուլյար ձև կա․ WhatsApp-ով ձայնային հաղորդագրություն են ուղարկում «անանուն ինսայդերից», որը մարդիկ ուղարկում են միմյանց։
- Պետական հիվանդանոցներում մարդկանց միայն դեղաչափի կեսն են ներարկում։ Այս միֆը հստակ աղբյուր ունի։ Մարտի վերջին այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել էր տեղական լրատվամիջոցներից մեկի խմբագիրը։ Նրա խոսքով՝ անանուն աղբյուրներից իրեն հայտնի է դարձել, որ այդ կերպ մի դեղաչափով երկու հոգու են պատվաստում, իսկ խնայված պատվաստանյութը վաճառում են մասնավոր հիվանդանոցներին։ Այս լուրը մեծ արձագանք էր առաջացրել, և տարածքային բժշկական ստորաբաժանումների վարչությունը նույնիսկ մեկնաբանել էր այն՝ ասելով, որ ոչ մի պաշտոնական բողոք այդ առթիվ չի ստացվել, իսկ պատվաստանյութի քանակը երկրում բավարար է։
Թեև ադրբեջանական առողջապահական սեգմենտում լինում են մեքենայություններ, դրանք չեն կարող բացարձակ անիմաստ լինել։ Այն պահին, երբ այդ գրառումը կատարվել էր, պատվաստում էին միայն 40-ից բարձր տարիքի անձանց, և պատվաստանյութի քանակն, ըստ պաշտոնական տեղեկությունների, երկրում ավելի շատ էր, քան պատվաստվել ցանկացողների թիվը։ Այսինքն՝ պատվաստանյութը տնտեսելու պատճառ չկար։ Եվ դժվար է պատկերացնել մեկին, ով փողի դիմաց նախընտրում է պատվաստվել մասնավոր կլինիկայում (մասնավոր կլինիկաները պատվաստումներով չեն էլ զբաղվում), եթե դա կարելի է անել պետության հաշվին, անվճար։ Սակայն, այսպես թե այնպես, մի խելամիտ խորհուրդ «բժիշկների այդ անանուն նախազգուշացման» մեջ կար․ հետևեք, որ պատվաստանյութի սրվակը բացեն ձեր աչքի առաջ։ Ամեն դեպքում։
- Ընկերուհուս սկեսրոջ հարևանը հիվանդացել է պատվաստվելուց անմիջապես հետո։ Ինչպես նաև․ գործընկերոջս ջերմությունն էր բարձրացել և մարմինն էր ցավում, պատվաստանյութից հետո մարդիկ վարակի նկատմամբ ավելի զգայուն են լինում, այդ պատճառով էլ առաջին և երկրորդ դեղաչափը ստանալու միջև ընկած ժամանակահատվածում չի կարելի տնից դուրս գալ և այլն։ Սա միֆերի առանձին խումբ է, որոնք առաջանում են բժշկական փաստերի և պատճառահետևանքային կապի սխալ մեկնաբանության հետևանքով։ Դրանք փոխանցվում են ասեկոսեների տեսքով, բերնեբերան։
Այո, գործընկերոջ ջերմությունը պատվաստումից հետո կարող էր բարձրանալ, սակայն դա նորմալ արձագանք է, որը վկայում է այն մասին, որ պատվաստանյութն աշխատում է (հիվանդության «իմիտացիա» է ստեղծում, որպեսզի օրգանիզմն իմունիտետ ձևավորի)։ Մեկ-երկու օրից այդ ախտանիշներն անցնում են։ Պատվաստումից հետո նույնպես հնարավոր է վարակվել․ այն հարյուր տոկոս պաշտպանություն չի երաշխավորում, սակայն դա չի նշանակում, որ վարակումը տեղի է ունեցել պատվաստումից կամ պատվաստումն իմաստ չունի։
Ի սկզբանե Ադրբեջանում պատվաստումը դանդաղ էր ընթանում, և երբ երկիր ներկրվեց Pfizer-ն, իշխանությունը որոշեց գործընթացին խթան տալ։ Դրա համար ներդրվեցին պատվաստման մասին էլեկտրոնային հավաստագրերն ու հիվանդացած-առողջացածների համար իմունային հավաստագրերը, որոնք մարզասրահների անցաթուղթ են։ Հայտարարվեց, որ հավաստագրերը կարող են օգտագործվել նաև մյուս օբյեկտներում։
Պատվաստումը դեռ կամավոր է, սակայն կառավարությունը զգուշացրել է, որ հուլիսի 1-ից աշխատանքի և ծառայությունների ոլորտի աշխատակիցների նվազագույնը 80 տոկոսը պետք է ունենա այդ հավաստագրերից մեկը։ Դրանից հետո գործընթացն արագացել է։