Պատուհանները չբացել
Մաքուր օդից զրկվածները
Մեծամոր քաղաքի և հարակից գյուղերի բնակիչների առողջությունը մոտ 20 տարի է վտանգված է: Եվ արդեն մեկ սերունդ է մեծացել նման պայմաններում: Խնդիրն իրեն զգացնել տվեց և մինչև հիմա արտահայտվում է խայտառակ գարշահոտությամբ:
Մեծամորցի Կարինե Հովհաննիսյանը չի հիշում, թե վերջին անգամ երբ են մաքուր օդ շնչել, ամենուր կոյուղու գարշահոտն է: Տիկին Կարինեի խոսքով, իրենք չգիտեն, ինչ է նշանակում պատուհան բացել, տունն օդափոխել՝ հատկապես ամռան ամիսներին:
Մոռացել են նաև քաղաքում երեկոյան զբոսանքների մասին, նախընտրում են տանը մնալ, քան բակ դուրս գալ և տհաճ հոտը շնչել: Միայն հով եղանակին է հնարավոր առիթից օգտվել է և դուրս գալ քաղաք զբոսնելու:
Որն է հոտի պատճառը
Սկզբում մեծամորցիները կարծում էին, որ գարշահոտի պատճառը քաղաքից ոչ հեռու գտնվող ճահճուտներն են: Ավելի ուշ հոտի յուրահատկությունը ստիպեց նրանց հասկանալ, որ պատճառը ճահիճ լցվող կոյուղաջրերն են:
Խնդիրն այն է, որ Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղու մաքրման կայանը տեղակայված է Մեծամորի հարևանությամբ: Խողովակաշարը, որով անցնում է երկու քաղաքների կոյուղաջրերը, վնասվել է, և ջուրը հոսում է տարածքում գտնվող արհեստական լճակներ:
«Հայջրմուղկույուղի» ՓԲԸ-ն փորձեր է կատարել վերականգնել խողովակաշարը, սակայն հասկացել են, որ վերականգնումը մեծ գումարների հետ է կապված, և կանգ առել: Տարիների ընթացքում անգործությունից շարքից դուրս է եկել նաև մաքրման կայանը:
Տարածքի արհեստական լճերի մոտակայքում արոտի են դուրս գալիս տարբեր ընտանի կենդանիներ, բացի այդ լճակների ջուրն օգտագործվում է նաև շրջակա համայնքների հողատարածքների ոռոգման համար:
Ստեղծված իրավիճակի արդյունքում 1998 թվին Զարթոնք համայնքում բռնկվեց խոլերայի համաճարակ: Եղան նաև մահվան դեպքեր: Չնայած փաստը պաշտոնապես չարձանագրվեց, սակայն տարածքում մոտ մեկ տարի կարանտին հայտարարվեց:
Ովքեր են պատասխանատուները
Ստեղծված իրավիճակում մեղավորներին փնտրելը շատ դժվար է: Մաքրման կայանը, որը պատկանում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը, լուծարվեց: 2003-ին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ բազայի վրա ստեղծվեց «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունը, որի հաշվեկշռից բացակայում էր մաքրման կայանը:
«Նոր Ակունքը», որը զբաղվում է Մեծամոր և Արմավիր քաղաքների, ինչպես նաև տասնյակ գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքով, պատճառաբանում էր, որ իր հաշվեկշռում չկա մաքրման կայան, հետևաբար, ինքը կայանի վերակառուցման խնդիր իր առաջ դնել չի կարող:
Երկար քննարկումներից, բանակցություններից ու բնակիչների բողոքներից հետո ՀՀ կառավարությունը խոստացավ ֆինանսական աղբյուրներ փնտրել և խնդրին լուծում տալ: Ուսումնասիրություններ կատարվեցին և պարզվեց, որ մաքրման կայանը վերանորոգելն անիմաստ է, անհրաժեշտ է նորը կառուցել:
Վերջին 5 տարիներին բոլորի համար անհասկանալի պատճառներով խնդրի լուծումը կապվում էր Մեծամորում գտնվող ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հետ: Այդպես էլ մինչև օրս էներգաբլոկ չկառուցվեց՝ մաքրման կայանի խնդիրն էլ մնաց օդում կախված:
2013 թվին «Նոր Ակունք» ՓԲԸ հանձնվեց ֆրանսիացիների կառավարմանը տրված «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը: Մաքրման կայանի ճակատագիրը մնում է ՀՀ կառավարության օրակարգում, բայց որևէ գործ չի կատարվում՝ վտանգները գնալով մեծանում են:
Կոյուղաջրերի տեղաշարժը
Կոյուղաջրերը խառնվելով արհեստական լճակներին հոսում են «Սև ջուր-Ախթամար» ոռոգման ջուր մատակարարող ընկերության պոմպակայան, որտեղից պոմպերով ջուրը մղվում է դեպի ոռոգման համակարգ:
Օրինակ, Եղեգնուտ համայնքի բնակիչ Համլետ Հակոբյանը ասում է, որ իր հողամասը ոռոգելիս չգիտի կոյուղաջրով է ոռոգումն իրականացնում, թե ոռոգման ջրով: Նրա խոսքով, ոռոգման ընթացքում տարածվող հոտը ազդում է նաև մշակաբույսի վրա, բույսը ժամանակից շուտ չորանում է, իսկ բերքը տարօրինակ համ է ունենում:
Հակոբյանն անձամբ վերջին տարիներին իր հողամասում միայն ավել է մշակում, ասում է, ավելը գոնե այն մշակաբույսն է, որի պարագայում կոյուղաջրով ոռոգումը վտանգավոր չէ: Իսկ բանջարաբոստանային կուլտուրաները կոյուղաջրով ոռոգել և հետո օգտագործելը նորմալ չի համարում:
Շրջակայքի գյուղերի խմելու ջրամատակարարումն իրականացվում է արտեզյան հորերից դուրս մղվող ջրերի միջոցով, որի վրա չի կարող ազդեցություն չունենալ կոյուղաջուրը, քանի որ այն ներծծվում է նաև ընդերք:
Մասնագետները հենց դրա հետ են կապում 98-ի Զարթոնքի խմելու ջրի միջոցով տարածված խոլերայի համաճարակը:
Բացի դա, շրջակա համայնքների խոշոր և մանր եղջերավոր անասուններն արոտի ժամանակ հիմնականում խմում են կոյուղաջրերով լցված լճակներից:
Երևույթից ամենաշատը տուժում են մեծամորցիները
Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը բազմիցս անդրադարձել է խնդրին: Նրա խոսքով, ամեն առիթով տարբեր ատյաններում բարձրաձայնել է հարցը, սակայն, բացի խոստումներից, հուսադրող ոչ մի պատասխան չի ստացել: Մեծամորի համայնքային բյուջեի 209 մլն դրամով մաքրման կայանի նախագիծ նույնիսկ չի կարող պատվիրել:
Անհանգստացած է նաև Արմավիրի մարզային հակահամաճարակային կենտրոնը: Բայց դրա աշխատակիցները խնդրի վտանգների մասին հայտնում են միայն մասնավոր զրույցներում՝ պաշտոնական հայտարարությունից խուսափում են:
Մասնագետների հաշվարկներով, նոր մաքրման կայանի կառուցման համար կպահանջվի շուրջ 9 միլիոն եվրո, որը հնարավոր կլինի ձեռք բերել միայն վարկային ծրագրերի միջոցով:
Դեռ 2014-ի նոյերմբերին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Վերականգնողական աշխատանքներ Հայաստանի փոքր քաղաքների և գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերում, ինչպես նաև ենթակառուցվածքներում» ծրագրին, որը պետք է իրականացվեր Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների հաշվին: Այդ նպատակի համար նախատեսվում էր 25,5 մլն եվրո վարկավորում ստանալ:
Վարկային ծրագրի մեջ ներառված էր նաև Մեծամորի մաքրման կայանի կառուցումը: Նախ՝ 2014-ին կատարվելու էր ուսումնասիրություն, ապա 2015-ից պետք է մեկնարկեին շինարարական աշխատանքները: Սակայն մինչ օրս ոչ ոք հստակ չի կարող ասել, թե որ փուլում են գտնվում կառուցման աշխատանքները:
Միջանցքների խոսակցությունները տանում են նրան, որ 2017-ից Հայաստանում ամբողջ ջրամատակարարումը և ջրահեռացումը նախատեսվում է մրցույթային կարգով հանձնել մեկ կառավարչի և միաժամանակ ստեղծել բնագավառի ծրագրերի իրականացման գրասենյակ, որը իրավասու կլինի որոշելու ողջ երկրի տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման տնտեսությունում ծրագերի իրականացման առաջնահերթություններն ու ժամկետները:
Մինչ այս գործընթացը հասունանա, լավագույն դեպքում առաջիկա 3-4 տարիներին տիկին Կարինեն իր պատուհանը չի բացի, իսկ Համլետը ավելից բացի այլ կուլտուրայի մշակության մասին չի մտածի:
Հրապարակվել է՝ 14.06.2016