Չի ստացվել Ադրբեջան վերադառնալ համավարակի ժամանակ․ դժբախտությո՞ւն, թե հաջողություն
Կորոնավիրուսի համավարակը շատ ադրբեջանցիների արտասահմանում է թողել։ Ոմանք աշխատում էին արտերկրում, ոմանք՝ սովորում։ Ոչ բոլորն են հասցրել վերադառնալ, չէ՞ որ սահմանները բավականին արագ փակվեցին։
Ադրբեջանում խիստ կարանտինի առաջին փուլից հետո սկսեցին խոսել սահմանների բացման մասին, սակայն կորոնավիրուսային իրավիճակը այնքան վատթարացավ, որ երկիրը ստիպված էր կրկին «փակվել»։
● «Չգիտեմ, թե ինչ է լինելու»։ Պատմություն Բաքվից՝ երաժշտության, բիզնեսի և կորոնավիրուսի մասին
● Արտ–ավան․ թե ինչպես է երիտասարդությունը մշակութային կյանքը զարգացնում Ադրբեջանի շրջաններում
● Վրացական Մառնեուլի քաղաքի կյանքն առանց 1000–հոգանոց հարսանիքների
Ինչպե՞ս են ապրում նրանք, ովքեր համավարակի ժամանակ տանը չեն, և ի՞նչ են մտածում նրանք վերադառնալու մասին։
Քյամիլ։ Կարանտինը Ռուսաստանում
Քյամիլը Բաքվում է ապրում, սակայն սովորելու է մեկնել Ռուսաստան։ Աստրախանի համալսարանի պատմության ֆակուլտետն է ավարտել, վերջերս՝ դիպլոմային պաշտպանել։ Ադրբեջան չի վերադարձել նախապաշտպանության, նախադիպլոմային պրակտիկայի և դիպլոմի պաշտպանության պատճառով, քանի որ պատրաստվում է մագիստրատուրա դիմել Մոսկվայում։
«Սկզբից մեզ երկու ժամ էին հատկացնում մթերք գնելու համար։ Հանրակացարանից դուրս գալիս անուն–ազգանունը, սենյակի համարը, ելքի և վերադարձի ժամը նշում էին։ Այնուհետև այդ ժամը կրճատեցին մինչև մեկ ժամ։ Մարդկանց մեջ գտնվելու ցանկություն առանձնապես չկար, հասկանում էինք, որ իրավիճակն անվտանգ չէ։ Իսկ հետո արգելեցին նույնիսկ խանութ գնալ»։
Երբ համավարակը սկսվել է, հանրակացարանի տեղացի ուսանողները տուն են մեկնել, քանի որ դասերը, միևնույն է, առկայից հեռակա են սկսել անցկացվել։ Մնացել են հիմնականում արտասահմանցիներ՝ ուսանողներ Թուրքմենիայից, Ղազախստանից և մի քանի մարդ Ադրբեջանից։
2020 թ–ի հուլիսի վերջին Ռուսաստանն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում COVID-19–ով վարակվածների թվով։ Կարանտինն այստեղ ի սկզբանե խիստ էր։ Աստրախանում առանց հատուկ անցագրերի թույլատրվում էր միայն խանութ և դեղատուն գնալ, խախտողները տուգանվում էին։
Հունիսի վերջին կարանտինի պայմանները մեղմացվեցին, սակայն, ըստ Քյամիլի, ուսանողական հանրակացարանները շարունակում էին ապրել մեկուսացման կանոններով․ ուսանողներն իրավունք ունեին դուրս գալու միայն կամավոր «ակտիվիստների» ուղեկցությամբ և միայն կենսական կարևորության դեպքում։
«Ովքեր ընկերներ ունեն, նրանց համար լավ է անցնում, նրանք միասին են։ Ես ընկեր չունեմ, այդ պատճառով էլ ամեն օրս անցնում է պարզապես հաջորդի սպասմամբ։ Երկու հարևան ունեի, մեկն Ադրբեջան վերադարձավ, երկրորդը՝ Եմենի քաղաքացին, այստեղ մնանց։ Եմենի կառավարությունն իր ուսանողներին, որքան գիտեմ, կրթաթոշակ է ուղարկում, մեր չափանիշներով, քիչ չէ՝ 600 դոլար։ Իսկ ինձ փող են ուղարկում ծնողներս։
Հիմնականում փորձում էի ֆիլմեր դիտել և դիպլոմայինս գրել։ Ծանր էր այդ կենսակերպը, սակայն ընտրություն չկար։
Կարանտինի ժամանակ շրթհարմոն գնեցի։ Ձանձրանում էի և ուզում էի երաժշտական գործիք նվագել։ Սովորելու համար ինձ հեշտ թվաց հենց շրթհարմոնը, բացի այդ, բլյուզ եմ սիրում։ Ափսոս, որ հետո գործիքը մի փոքր վնասեցի»։
Քյամիլն ավարտել է դիպլոմայինը, հաջողությամբ պաշտպանել այն, այժմ էլ պատրաստվում է Մոսկվայում մագիստրատուրա դիմել։ Դեռևս շարունակում է միևնույն հանրակացարանում ապրել։
«Իհարկե, վախենում եմ պլացքարտով Աստրախանից Մոսկվա մեկնել․ անգամ ձիասայլով ավելի անվտանգ կլինր։ Վախենում եմ վարակել պապիս, որն այնտեղ է բնակվում, և որին շուտով հանդիպելու եմ»։
Թեև Քյամիլը կարոտում է Բաքուն, իրավիճակն այնտեղ ավելի անվտանգ չի թվում, քան Ռուսաստանում։
«Երբեմն կարոտում եմ Բաքվի շոգն ու խոնավ տաք քամին։ Իսկ Աստրախանում քամին հազվադեպ երևույթ է։
Ես սարսափում եմ համավարակի դեմ պայքարի ադրբեջանական մեթոդներից և հայրենակիցներիս անպատասխանատվությունից։ Պարզ է, որ մարդիկ շատ են տուժել անիմաստ միջոցներից, և յուրաքանչյուրը փորձում է հաղթահարել դժվարություններն, ինչպես կարող է, սակայն երբ բանը հասնում է վարակին չհավատալուն և «իշխանավորների խաղերի» մասին վարկածներին, դա շատ է վշտացնում։
Անգամ այստեղ՝ մեր հանրակացարանում, հայրենակիցներ կան, որոնք դավադրության տեսության կողմնակիցներ են։ Նրանց ինչ–որ բան բացատրելու և լուսավորելու ուժ չկա, ապարդյուն ջանքեր են»։
Ինչպե՞ս Ադրբեջան վերադառնալ
Ադրբեջանում հիմա խիստ կարանտինային դեժիմ է․ տնից կարելի է դուրս գալ երկու ժամով և միայն SMS-թույլտվություն ստանալուց հետո։ Եվ ցամաքային, և օդային սահմանները պաշտոնապես փակ են մինչև օգոստոսի 31–ը, սակայն մի քանի «հատուկ չվերթներ կան» դեպի Ստամբուլ, Բեռլին և Լոնդոն։ Դրանք իրականացնում է Ադրբեջանի ազգային փոխադրող «Ազալ» ավիաընկերությունը (գործում է նաև «Բելավիա» ընկերության Բաքու–Մինսկ–Բաքու չվերթը)։
Այսինքն՝ արտասահմանում մնացած ադրբեջանցիները կարող են վերադառնալ, սակայն, օրինակ, «Ազալի» չվերթներից նրանց թույլ կտան օգտվել միայն կորոնավիրուսի նոր հանձնած թեստի բացասական արդյունքի դեպքում։ Այնուհետև՝ գրանցում են հասցեն, որտեղ նրանք պետք է երկու շաբաթ գտնվեն՝ առանց տնից դուրս գալու, այսինքն՝ նրանց օրական երկու ժամ դրսում գտնվելու համար sms-թույլտվություն չեն տրամադրի։
Վարակվածներին Ադրբեջանը հետ չի ընդունում։
Կարանտինային ռեժիմի առաջին փուլի ժամանակ՝ դեռ գարնանը, տուն վերադարձած քաղաքացիներին կարանտինի տակ էին առնում հիվանդանոցներում և հյուրանոցներում, այդտեղ էլ թեստավորում էին։
Նարգիզ։ Ֆրանսիական կարանտին
Նարգիզը Ֆրանսիայում է սովորում՝ Փարիզ–Նանտեր համալսարանի կազմակերպչական հոգեբանության ֆակուլտետի առաջին կուրսում։
«Տուն չվերադարձա, որովհետև վախենում էի, որ հետո ստիպված եմ լինելու գործով Ֆրանսիա վերադառնալ, բայց չեմ կարողանալու փակ սահմանների պատճառով։ Այստեղ դեռ պրակտիկա պետք է անցնեմ և դիմեմ վիզայի երկարաձգման համար, այնպես որ, դեռ այստեղ եմ»։
Ֆրանսիայում կարանտինը սկսվել է մարտի 17–ին և տևել մինչև մայիսի 11–ը։ Աշխատում էին միայն դեղատները, խանութներն ու բանկերը։ Հուլիսի վերջի դրությամբ Ֆրանսիային հաջողվել է զսպել վարակման օրական քանակն ու կորոնավիրուսով վարակվածների թիվը կայունացնել մոտ 70 հազար մարդ մակարդակում։
«Մենք կարող էինք տնից դուրս գալ՝ գրելով «attestation de déplacement», որի մեջ նշում էինք տնից դուրս գալու պատճառը (առաջարկվածներից են առաջին անհրաժեշտության ապրանքի համար խանութ գնալը, տնից մեկ կմ հեռավորության վրա ֆիզիկական ակտիվությունը), տնից դուրս գալու ժամանակն ու հասցեն։
Ամեն օր երեկոյան 8–ին մարդիկ պատուհաններից դուրս էին նայում, պատշգամբ դուրս գալիս և ծափահարում բուժաշխատողներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց»։
Նարգիզն ուրախ է, որ մենակ չէ։ Նա ընկերուհիների հետ է ապրում։ Նրան հաջողվել է նույնիսկ նշել է իր ծննդյան օրը․
«Կեսգիշերին, ըստ ավանդույթի, ընտանիքս զանգահարեց և շնորհավորեց, իսկ երեկոյան ընկերուհիներիս հետ զուգվեցինք, սեղան գցեցինք, երաժշտություն միացրինք։ Աղջիկներն ինձ տորթ, շամպայն և նորմանդական քաղցրավենիք նվիրեցին։ Ես նրանց ադրբեջանական և ռուսական կենացներ սովորեցրի։ Չնայած որ ամեն ինչ մեկուսացման մեջ էր անցնում, ուրախ ստացվեց, չէ՞ որ ինձ հարազատ մարդիկ էին շրջապատում։
Շատերը կարանտինի ժամանակ սկսեցին մարզվել, ավելի ճիշտ՝ վազքով զբաղվել, այդ թվում՝ շենքի իմ հարևանները։ Սովորում և աշխատում էինք հեռավար։ Սեմեստրի մնացած մասն առցանց եմ սովորել, առցանց էլ քննություն եմ հանձնել։
Իսկ մայիսի 11–ին կարանտինը սկսեցին աստիճանաբար հանել։
Հուսով եմ, որ Ադրբեջանում իրավիճակն այն մասշտաբների չի հասնի, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում էր։ Սոցցանցերում անընդհատ մարդկանց եմ տեսնում, ովքեր միասին հավաքվում են, զբոսնում՝ չնայած կարանտինին։
Անհանգիստ եմ Ադրբեջանում իմ ընտանիքի և հարազատների համար, բայց մտածում եմ, որ բախտս բերել է, որ այնտեղ չեմ։
Մյուս կողմից՝ ես դեռևս հույս ունեմ, որ կհաջողվի Բաքու մեկնել օգոստոսին մի–երկու շաբաթով, անգամ եթե ստիպված լինեմ մեկուսացման մեջ լինել, որովհետև ուզում եմ ընտանիքիս տեսնել»։
Ինչպե՞ս է անցնում «Վերադարձ» գործողությունը
Ադրբեջանի՝ արտասահմանում մնացած բոլոր քաղաքացիներին «հետ բերելու» համար «Еvə gedirəm» («Մեկնում եմ տուն») հատուկ կայքն է ստեղծվել, որտեղ կարելի է գրանցվել և օգնության սպասել․ սակայն դա դեռևս միայն նրանց համար է, ովքեր Ռուսաստանում են մնացել, որտեղից կանոնավոր չվերթներ չկան և մարդկանց տեղափոխում են չարտերային չվերթներով։
Կայքում բերված վիճակագրության համաձայն՝ ծրագրի օգնությամբ 500 մարդ է վերադարձել, ևս 500–ն իր հերթին է սպասում։
Չարտերային չվերթներով տասնյակ հազարավոր մարդիկ են հայրենիք վերադարձել դեռևս ապրիլին՝ «առաջին կարանտինի» ժամանակ։
Սակայն այն երկրներից, որտեղ Ադրբեջանի քաղաքացիներն այնքան էլ շատ չէին, օրինակ՝ Թուրքիայից և Ռուսաստանից, շատերը ստիպված էին ինքնուրույն տեղ հասնել, առանց որևէ օգնության։ Հաճախ դա ներառում էր թանկարժեք տոմսերի կրկնակի գնում և միշտ՝ չվերթների անսպասելի չեղարկման ռիսկ։ Սակայն, այնուամենայնիվ, նրանք, ովքեր որոշել էին հայրենիք վերադառնալ, այլ ոչ թե ինչ–որ տեղ անցկացնել կարանտինը, ճնշող մեծամասնություն են կազմում։