Պատմական Շատիլի գյուղը Վրաստանում․ թե ինչպես են սարերն ամայանում
Վրաստանի տարածքի մոտ 70 տոկոսը լեռներ են։ Վերջին տասնամյակներում մարդիկ աստիճանաբար լքում են այդ շրջանները։ Դժվար բնական պայմաններին զուգահեռ տեղի բնակիչները փախչում են գործազրկությունից, աղքատությունից, ճանապարհների բացակայությունից, հնացած ենթակառուցվածքներից, դպրոցների և մանկապարտեզների պակասից և հեռանկարի բացակայությունից ընդհանրապես։ Կառավարությունը փորձում է կանգնեցնել այդ գործընթացը։ Ի՞նչ է նրա մոտ ստացվում։ Ռեպորտաժ Շատիլիից՝ բարձրադիր լեռներում ծվարած հնագույն բնակավայրից Խևսուրեթի շրջանում, Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային լանջին։
Շուրջ երեք քառակուսի մետր մակերեսով դասարան միմյանց հետևից ներս է մտնում չորս երեխա, սենյակը միանգամից լցվում է։
Անին, Մանգիան, Կոտեն և Քեթին, որոնք այսօր դպրոց են եկել, Շատիլիի պետական դպրոց-ինտերնատի աշակերտների կեսն են։
Անին իններորդ դասարանում է սովորում, Մանգիան՝ յոթերորդ, Կոտեն՝ իններորդ, Քեթին՝ երրորդ։
•Թե ինչպես է վրացական գյուղը հարավաֆրիկյան բուրերի համար նոր տուն դարձել
•Վրացի օլիգարխի հայրենի գյուղը․ լեգենդ վրացական երազանքի մասին
Այն բանից հետո, երբ ուսուցիչը ողջ դպրոցին շնորհավորում է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, երեխաները ցրվում են իրենց դասարաններով։ Մեկական դասարան՝ մեկական աշակերտի համար։
Քեթին ամենակրտսերն է, այս տարի նա երրորդ դասարան է տեղափոխվել։ Նրա գյուղը՝ Մուցոն, Շատիլիից 12կմ հեռավորության վրա է գտնվում։ Երբեմն նա դպրոց է գալիս տնից, երբեմն դպրոցում մնում մի քանի օր։
Ձմռանը, երբ ձյունը ծածկում է ճանապարհները, ընտանիքի հետ բաժանումն ավելի երկար է տևում։
Քեթիի ընտանիքն այլ ելք չունի․ Շատիլիի դպրոցը միակն է տարածքում՝ 50 կմ շառավղով։
Գունավոր շենքը
Նոր ուստարվա մեկնարկից մի քանի օր առաջ Շատիլիի դպրոցում լսվում է մուրճի ձայնը, ներկի և շինանյութի հոտ է գալիս։
Շատիլիի դպրոցն արդեն մի քանի տարի էր, ինչ վերանորոգման կարիք ուներ։ Քանդված ճանապարհների պատճառով անգամ շինանյութի տեղափոխումը գյուղ լուրջ խնդիր է։
— Բացմանը հյուրեր լինելո՞ւ են։
— Մարզպե՞տն է գալու։
— Լրագրողներն այստե՞ղ են։
Դպրոցի վերանորոգումն, ինչպես նաև հյուրերի ժամանումն այստեղ մեծ իրադարձություն է։
Շատիլիում և շրջակա 11 գյուղերում ընդամենն ութ երեխա է ապրում, և նրանք բոլորն այս դպրոց են հաճախում։
Վերջերս վերանորոգված դպրոցի նարնջագույն շենքը, թվում է, կենդանի է դարձնում մռայլ լանդշաֆտը, գորշ աշտարակներն ու Շատիլիի քարե շենքերը, մյուս կողմից՝ այն բոլորովին դուրս է մնում գյուղական համայնապատկերից, ինչպես և աշտարակների մեջ վերուվար անող զբոսաշրջիկների վառ շապիկները։
Այս տարի աշակերտներին դիմավորել է դպրոցի նորացված շենքը, որտեղ նրանք չեն կարող քիմիա, մաթեմատիկա և ֆիզիկա ուսումնասիրել․ ինչպես մեզ ասաց դպրոցի տնօրեն Մակվալա Դայիաուրին, ոչ բոլոր ուսուցիչներն են դիմանում տեղի ծանր ձմռանը։ Մի քանի ուսուցիչ լքել է դպրոցը, և փոխարինող չի գտնվել։
Շատիլի
Շատիլին «Պիրիկիտա Խևսուրեթի» («Անդրաշխարհային Խևսուրեթի») շրջանի ամենագեղեցիկ գյուղերից է՝ հին աշտարակներով, միջնադարյան համայնապատկերներով, հին ավանդույթներով, որոնք պահպանվել են միայն այստեղ, և գեղեցիկ բնությամբ։
Շատիլին համարվում է շրջանի բազմամարդ կենտրոն գրեթե ամբողջությամբ լքված և դատարկված հարևան գյուղերի ֆոնին։ Այստեղ ութ ընտանիք է ապրում, կա դպրոց, բջջային կապ, երբեմն էլ՝ ինտերնետ, երբ լույսը տալիս են։
Տարվա մեծ մասն էլեկտրականությունն այստեղ միացնում են օրը մեկ ժամով։
Թբիլիսի տանող միակ տրանսպորտը միկրոավտոբուսն է։ Այն էլ՝ շաբաթական երկու անգամ և միայն ամռանը։
Մայրաքաղաքից այստեղ հասնելու համար պետք է հատել սարեր, խորը կիրճ և գլխավոր կովկասյան լեռնաշղթայի մեկ լեռնանցք, բարձրանալ ծովի մակարդակից երեք հազար մետր և վար իջնել լանջով։ Ճանապարհը գրունտային է, տեղ-տեղ՝ հսկայական ջրափոսերով։
Երբեմն լեռնանցքի լանջով իջնելիս ճանապարհն այնքան է նեղանում, որ ակամա աչքերդ փակում ես վախից։
Թբիլիսիից Շատիլի 140 կմ է հեռու, սակայն երբեմն ճանապարհը մինչև յոթ ժամ է խլում։
Դաթվիջվարի լեռնանցքի մոտ մենք հասանք սպիտակ միկրոավտոբուսով։ Երթուղայինը կանգնեց հսկայական ջրափոսի մոտ, որը փակել էր ճանապարհը։ Ուղևորները շարք կազմեցին՝ փորձելով շրջանցել այն ոտքով։ Որոշները թրջվեցին։ Վարորդն իջեցրեց ուղևորներին և խնդրեց նրանց անցնել վտանգավոր հատվածը՝ վախենալով փոսի մեջ խրվելուց։
Թբիլիսիից շարժվող այդ միկրոավտոբուսը Շատիլի է տեղափոխում ինչպես ուղևորների, այնպես էլ ձմեռվա պաշար։
Ձմռանը ճանապարհն ամբոջովին փակվում է։ Նոյեմբերին ձյունը կտրում է Խևսուրեթին մնացած Վրաստանից։ Ոչ մի մեքենա չի կարող Շատիլի հասնել, և անգամ ուղղաթիռը պետք է լավ եղանակի սպասի այնտեղ հասնելու համար։
Ճանապարհի ձյունը ոչ ոք չի մաքրում, մինչև որ այն չի հալվում։
Միխայիլ Չինչարաուլին՝ 61-ամյա բժիշկը, պատրաստվում է Թբիլիսի մեկնել և երկու երկար ցուցակ է կազմում։ Մեկն ընտանիքի համար մթերքի ցուցակն է, մյուսը՝ դեղորայքի, որն անհրաժեշտ է լինելու ձմռանը։
Չինչարաուլին արդեն 20 տարի է՝ Խևսուրեթիի միակ բժիշկն է։ Նա բուժում է թոքերի բորբոքումը, կույրաղիքի վիրահատություն անում, կոտրվածքները նույնպես նրա մասնագիտացումն են։
«Ես ունեմ 80 անուն դեղորայք, որն այստեղ անհրաժեշտ է։ Ես պետք գնեմ այն, որպեսզի ձմռանն օգնեմ դրա կարիքն ունեցողներին։ Ես պետք է բուժեմ բոլորին․․․ Ամեն ինչ պետք է հերիքի մինչև մայիսի կեսերը, քանի դեռ ճանապարհը չի բացվել»։
Խևսուրեթիում ասում են, որ ձմռանն այստեղ հաջողություն է պետք չհիվանդանալու համար։ Անելանելի իրավիճակում մարդիկ օգնություն են խնդրում սահմանապահներից, որոնք ուղղաթիռ են կանչում։
Միգրացիա
Ողջ Վրաստանում գյուղերը դատարկվում են միևնույն պատճառներով՝ գործազրկություն, վատ ենթակառուցվածք, բարդ կլիմայական պայմաններ, ջրի և էլեկտրականության բացակայություն։
Ավանդաբար լեռնային շրջաններում մարդիկ ապրում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։
Շատիլիում մնացած ընտանիքները խոշոր եղջերավոր անասուններ և ոչխարներ ունեն, որոնք նրանց տնտեսության հիմքն են։ Լեռնալանջերին արածող ոչխարի հոտերը լանդշաֆտի անքակտելի մասն են։
Տեղացիները խոսում են, որ երիտասարդներն ավելի ու ավելի քիչ են ցանկանում անասունների համար հոգ տանել։
Հստակ վիճակագրություն, թե քանի մարդ է վերջին տարիներին լքել լեռնային շրջանները, չկա։ Սակայն դատարկված գյուղերն ավելի խոսուն են։
Լեռներից դեպի դաշտավայրեր միգրացիան այսօ՛ր չի սկսվել։ Գործընթացը սկսվել է դեռ 1960-ականներին, իսկ 1990-ականներից հետո՝ կտրուկ ակտիվացել։
Խորհրդային Վրաստանում լեռներից դեպի զարգացող արդյունաբերական քաղաքներ միգրացիան՝ հատկապես դեպի Ռուսթավի և Քութայիսի, ամեն կերպ խթանվում էր և պրոպագանդվում, այդ թվում՝ գեղարվեստական ֆիլմերում։
«Լեռների օրենքը»
2016թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ լեռնային շրջանների զարգացման մասին օրենքը, որն ընդունվել է լեռների բնակիչների զանգվածային միգրանցիան կանգնեցնելու նպատակով։
Օրենքը սոցիալական և տնտեսական արտոնություններ է առաջարկում բարձրադիր շրջաններում ապրողներին։
Օրինակ, յուրաքանչյուր նորածնի համար ընտանիքը մեկ տարի շարունակ ամսական 100 լարի [մոտ $34] է ստանում։
Թոշակառուները մնացած բնակիչներից 20%-ով ավելի շատ կենսաթոշակ և սոցիալական օգնություն են ստանում։ Ուսուցիչներն ու բժիշկներն՝ ավելի բարձր աշխատավարձ։
Կոմունալ ծառայությունների ծախսերը մասնակիորեն վճարվում են պետության կողմից։
Լեռնային շրջանների դպրոցների շրջանավարտները բուհերում ուսումն անվճար են շարունակում։
Այստեղ շահեկան է բիզնես անելը․ ընկերությունները հարկերից ազատված են 10 տարով։
Օրենքը նախաձեռնողների փաստարկներից մեկն այն էր, որ միգրացիայի արդյունքում, բացառիկ վրացական լեռնային գյուղն ու տեղի ավանդույթներն անհետանում են։ Եվ մշակութային ժառանգությունն անտեր է մնում։
Էլդար Դայիաուրին հարազատ Մուցո գյուղ է վերադարձել վեց տարի առաջ։ Նա աշխատում է այդ պատմական գյուղի ռեստավրացիայի վրա։ Նա նաև իր սեփական տունն է կառուցում սեփական ձեռքերով, պապական «չոր ձևով»՝ քարերը միմյանց վրա դնելով առանց շաղախ օգտագործելու։
Մենք նրան հանդիպեցինք գուղի կենտրոնում՝ Վերգիլիոսի ստեղծագործությունների գիրքը ձեռքին նստած։
Դայիաուրին մեզ պատմում է Մուցոյի կյանքի մասին։ Նա հիշում է, որ իր մանկության տարիներին այստեղ 16 ընտանիք էր ապրում։
Այսօր միջնադարյան բացառիկ գյուղ-բերդում չորս ընտանիք է ապրում։ Նրանցից մեկը երբեք էլեկտրականություն չի ունեցել։ Մնացածներն ապահովված են հին հիդրաէլեկտրակայանով։ Էլեկտրականությունը բավականացնում է միայն լուսավորությանը, երբեմն էլ՝ հեռուստացույցին։
«Մեր ինչի՞ն է պետք անվճար էլեկտրականությունը, երբ մենք չունենք այն», — հարցնում է Էլդարը։
Արտաքին աշխարհի հետ կապվելու, հեռախոսազանգ կատարելու համար պետք է 12կմ անցնես և հասնես Անատորի գյուղ, քանի որ այնտեղ արդեն «բռնում է»։
Մուցոյում երբեք ինտերնետ չի եղել։
Ինչպե՞ս մարդկանց լեռներ վերադարձնել
Շատիլիում և Մուցոյում ասում են, որ, գլխավորն, ինչ կարող էր մարդկանց պահել լեռներում, ոչ թե անվճար էլեկտրականությունն է, այլ ընդհանրապես էլեկտրականության, մյուս բազային ծառայությունների և ենթակառուցվածքների առկայությունը՝ ճանապարհներ, ջուր և այլն։
Տեղացիները կարծում են, որ դա իրենց կօգնի զբոսաշրջիկներ գրավել և աշխատատեղեր ստեղծել։
Շատիլին, Մուցոն և Վրաստանի բարձրադիր շրջաններն ընդհանրապես զբոսաշրջիկների սիրած վայրերն են։ Այստեղ հաճախ կարելի է ճանապարհորդներ տեսնել, որոնք հիացմունքով լուսանկարում են հին աշտարակներն ու լեռնային տեսարանները։
Շատիլիում մի քանի փոքր հյուրանոց կա։
Այստեղի բնակիչներից շատերը, որոնք քաղաքում են ապրում, ամռանը վերադառնում են՝ զբոսաշրջային օբյեկտները սպասարկելու։ Սակայն զբոսաշրջիկների լիարժեք հոսք ընդունել չի ստացվում։
Զբոսաշրջիկներին վախեցնում է վատ ենթակառուցվածքը և, ինչն ամենակարևորն է, վատ և վտանգավոր ճանապարհը։
Շատիլիի 24-ամյա բնակիչ Մինդիա Չինչարաուլին, որը ներկա պահին Թբիլիսիում է սովորում, ասում է, որ, եթե «զարգացման հեռանկար լինի», նա անպայման Շատիլի կվերադառնա ուսումն ավարտելուց հետո և զբոսաշրջությամբ կզբաղվի։
Երկու տարի առաջ նա վերանորոգել է իր ընտանեկան հյուրանոցը պետական ֆինանսավորման օգնությամբ։
«Հենց նման նախագծերը պետության լավագույն աջակցությունը կարող են լինել երիտասարդությանը՝ ֆինանսական աջակցությունն ու արտոնությունները», — ասում է Մինդիան։
«Լեռների օրենքից» կառավարությունում լիովին գոհ են։
Ինչպես JAMnews-ին հայտարարեցին Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունում, օրենքն ընդհանուր առմամբ «դրական ազդեցություն է ունեցել լեռնային շրջանների բնակիչների վրա»։
«Բոլոր խնդիրները ներկա պահին դեռ չի հաջողվել ամբողջությամբ լուծել, սակայն զգալիորեն բարելավվել է, օրինակ, կրթության և առողջապահության հասանելիությունը», — մեկնաբանել են նախարարությունում։
«Ընդհանուր առմամբ, աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների բարձրացումը բնակչության համար շատ լավ է։ Սակայն դա չի կարող փոխել իրավիճակը լեռներում։ Չեմ կարող ոչ մի շրջան նշել, որտեղ այդ օրենքը զգալիորեն որևէ բան է փոխել», — ասում է «Լեռնային շրջանների զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Շոթա Բուչուկուրին։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, ժողովրդագրական պատկերի փոփոխությունը երկարատև գործընթաց է։ Այդ պատճառով էլ մասնագետները պատրանք չունեին, որ մարդիկ զանգվածաբար լեռներ կվերադառնան երկու-երեք տարում։
Խնդիրն այլ է․ օրենքի ընդունումից հետո առաջին տարիներին կառավարությունը չի ուսումնասիրել և չի վերլուծել դրա տնտեսական արդյունավետությունն ու արդյունքները։ Բուչուկուրին կարծում է, որ «նման գնահատում պետք է անցկացվի յուրաքանչյուր տարի՝ ապագայի պլաններ կազմելու համար»։
Ավելին, Վրաստանի կառավարությունը դեռ տվյալներ անգամ չունի այն մասին, թե որքանով է փոխվել լեռնային շրջանների բնակիչների թիվը վերջին չորս տարում։
Վերջին մարդահամարն անցկացվել է 2014թ-ին։ Հաջորդը պլանավորված է 2022թ-ին, և տարածաշրջանային զարգացման նախարարությունը կարծում է, որ օրենքի արդյունավետությունը կկարողանա գնահատել միայն երեք տարուց։
«Միակ բանը, որ ունենք, լեռնային շրջաններում մահացածների և նորածինների թվի մասին տեղեկությունն է, — ասում է Շոթա Բուչուկուրին։ — Եթե համեմատեք այդ տվյալները, կտեսնեք, որ այդ շրջաններում մահացությունների թիվը գերազանցում է նորածինների թիվը։ Դրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ ժողովրդագրական իրավիճակը շարունակում է վատթարանալ»։
2017թ-ի տվյալներով՝ Վրաստանի լեռնային շրջաններում ծնվել է 1433 երեխա, մահացել 1967 մարդ։