Տուգանքներ և ազատազրկման ժամկետներ՝ պակաս, քան նախանշված էր։ Հայաստանի խորհրդարանը հաստատել է արտակարգ դրության ռեժիմի խախտման համար պատժի ձևերը
Տուգանք և անգամ ազատազրկում է սպասվում այսուհետ Հայաստանի քաղաքացիներին, որոնք կխախտեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջներն արտակարգ դրության ժամանակահատվածում։ Այն Հայաստանում հաստատվել է մարտի 16–ին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։
Մարտի 23–ին խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է քրեական և վարչական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։
Մարտի 20–ի ուշ երեկոյան՝ շաբաթվա վերջին ախատանքային օրն, Ազգային ժողովում արտահերթ արտակարգ նիստ է կայացել։ Շտապողանակությունը պայմանավորված էր նրանով, որ արտակարգ դրությունը որոշակի սահմանափակումներ է ենթադրում, սակայն օրենսդրությունում արձանագրված չէր, թե ինչպես է պատժվելու խախտումը։
Պատգամավորները միաձայն կողմ էին քվեարկել կառավարության առաջարկներին, թեև բոլոր կետերի հետ չէին համաձայն։ Եվ արդեն երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ կատարվեցին։
Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի հանար և ինչպես են այժմ պատժվելու կարգազանցները։
• Ի՞նչն է արգելված Հայաստանում արտակարգ դրության ժամանակահատվածում
• Կորոնավիրուսի համաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր տարածաշրջանի վերաբերյալ
Ի՞նչ էր առաջարկում կառավարությունը
Առաջին ընթերցման ժամանակ պատգամավորները շտապողականության մթնոլորտում ընդունեցին կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը, որպեսզի հասցնեն ավարտել ուրբաթ օրն անցկացվող նիստը մինչև ժամը 23.00–ն, ինչպես պահանջում է կանոնակարգը։
Դրանում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջների խախտման համար նախատեսված էր տուգանք նվազագույն աշխատավարձի 300-500–պատիկի չափով, ինչը կազմում է 300-500 հազար դրամ։
Անզգուշությամբ մարդկանց զանգվածային վարակման բերող խախտման համար ներկայացված փաստաթղթում նախատեսվում էր մինչև եռամսյա կալանք կամ մինչև հինգ տարվա ազատազրկում՝ ելնելով դրանից, թե քանի մարդ կտուժի և որքան ծանր կլինեն հետևանքները։
Խորհրդարանում բանավեճ էր առաջացրել այն սահմանափակումը, որը վերաբերում է լրատվամիջոցներում և սոցցանցերում կատարված հրապարակումներին։ Բանն այն է, որ, ըստ արտակարգ դրության պահանջների, Հայաստանում թույլատրվում է հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ կորոնավիրուսի համաճարակի մասին։ Կառավարությունում դա բացատրում են հիվանդների նկատմամբ ագրեսիայի և բնակչության շրջանում խուճապի բացառման անհրաժեշտությամբ։
Լրագրողներն ու խմբագիրները քննադատում էին այս որոշումը, քանի որ չկա հստակ սահմանում, թե որ հաղորդագրությունները կարող են խուճապ առաջացնել, որոնք՝ ոչ։ Սակայն այդ պահանջի խախտման համար նախատեսվում էր տուգանք նվազագույն աշխատավարձի 30-500-պատիկի չափով, այսինքն 30-500 հազար դրամ։
Փոփոխությունների վերջնական տարբերակը
Երկրորդ ընթերցմամբ օրենսդրական փաթեթում հետևյալ փոփոխություններն են կատարվել։
— Նվազել է տուգանքն արտակարգ դրության ժամանակահատվածում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջի խախտման համար։ Տուգանքը կազմելու է 100-250 հազար դրամ։
— Ավելի մեծ տուգանք է նախատեսվում, եթե քաղաքացին վարակում է այլոց։ Այդ դեպքում տուգանքը կազմում է 300-500 հազար դրամ կամ միամսյա կալանք։
— Երկու և ավելի քաղաքացիների վարակելու կամ նրանց առողջությանը ծանր վնաս հասցնելու համար տուգանքը կազմում է 500-700 հազար դրամ, հնարավոր է 1-3–ամսյա կալանք կամ մինչև երկու տարվա ազատազրկում։
— Առավել խիստ պատիժ է նախատեսվում, եթե արտակարգ դրության պահանջների խախտումը հանգեցնի մարդու մահվան։ Այդ ժամանակ կարգազանցը կարող է բանտում հայտնվել 2-4 տարով։
— Փոփոխությունների նախնական տեքստից հանվել են տուգանքները սոցցանցերում գրառումների համար։
— Փոփոխություններ են կատարվել նաև մեդիայի աշխատանքի մասին կետում։ «Լրատվամիջոցներ» բառը փոխարինվել է «կազմակերպություն, որը լրագրողական գործունեություն է ծավալում» արտահայտությամբ։ Այս որոշումն ընդունվել է՝ «լրատվամիջոց» հասկացության մեջ ներառելու համար նաև էլեկտրոնային այն հարթակները, որոնք մամուլ չեն համարվում։
— Տուգանքի առավելագույն չափը, որը նախատեսվում էր արտակարգ դրության ռեժիմի պահանջները խախտող հրապարակման համար, նվազել է և կազմում է 300 հազար դրամ։
— Սակայն նոր կետ է ավելացվել, որի համաձայն՝ արգելված տեղեկությունը մեկ օրում չհեռացնելու համար ավելի խոշոր տուգանք կսահմանվի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000–պատիկի չափով (500 հազարից մինչև մեկ մլն դրամ)։