Պատերազմները դադարեցնում են վեճերն ու հարցեր լուծում․ ինչպե՞ս է դա աշխատում։ Կարծիք Ադրբեջանից
Համեմատելով 2020 և 2016 թվականների Արցախյան պատերազմները․ նախադրյալներն ու հասարակության արձագանքը
Հուզական արձագանքն այնքան ուժեղ էր, որ այդ պահն ընդմիշտ դաջվել է հիշողությանս մեջ։ Ես գրադարանում էի և 1998 թ-ի թերթերի հոդվածներն էի կարդում։ Կարդում ու վերընթերցում էի մի հոդված այն մասին, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին մանկավարժների արհեստակցական միությունը որպես չնչին աշխատավարձերի դեմ բողոքի նշան սպառնում է զանգվածային գործադուլ անել։ Աչքերիս չէի հավատում։ Այսօրվա Ադրբեջանում նման բան հնարավոր չէ։
Ես կարծում եմ, որ հնազանդ քաղաքացիական հասարակությունը քարոզչության արդյունք է։ Իտալացի մտածող Անտոնիո Գրամշին գրում էր այն մասին, որ գաղափարախոսությունը կարող է չեզոքացնել տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները՝ խոչընդոտելով դրա վերածմանը քաղաքականի։ Այդ գաղափարախոսության միջուկը, որը հարթում է դիսկուրսի բոլոր անհարթություններն ու հակասությունները, Ադրբեջանում միշտ Ղարաբաղն է եղել, որն առաջին Ղարաբաղյան պատերազմի արդյունքներից հետո ենթադրում էր ինքնություն, որը հիմնված է դարավոր և անհաշտ թշնամուն տոտալ դիմակայության վրա։ Այս թեմայի առջև անզոր էր դառնում բողոքի ցանկացած արտահայտում։
Բացի այդ, ամեն անգամ ռազմական գործողությունները Ղարաբաղում բերում էին իշխանությունների դիրքերի ուժեղացման։ Բավական է հիշել և զուգահեռներ անցկացնել 2020 թ-ի 44-օրյա և 2016 թ-ի Ապրիլյան պատերազմների միջև։
Ռազմական գործողությունների մեկնարկից առաջ իրավիճակը երկու դեպքում էլ լարված էր։
Երբ 2015 թ-ին իշխանությունները երկու անգամ մանաթի արժեզրկում իրականացրին՝ զուգահեռ անցկացնելով Եվրոպական պերճաշուք խաղեր սնանկացած բնակչության աչքի առաջ, վրդովմունքն այնքան մեծ էր, որ շատ քաղաքներում այն մի շարք մեծ ընդվզումների բերեց։ Բողոքողներին ցրելու համար իշխանությունը կիրառեց տեխնիկա, ներքին զորքեր և արագ արձագանքման ուժեր։
2020 թ-ին իշխանությունը հազիվ հասցրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել կորոնավիրուսային լոքդաուններից առաջ։ Թեև զգալի փոփոխություններ խորհրդարանում դրանից հետո չեղան, բայց շատ էին անկախ թեկնածուները, ինչպես նաև գրանցվեց դիտորդների աննախադեպ ակտիվություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, իսկ ընտրատարածքներից մեկում նույնիսկ ընտրվեց ֆեմինիստ Վաֆա Նագին։
Այս անսովոր ակտիվության ֆոնը նավթի գների անկման պատճառով մանաթի արժեզրկման սպասումն էր, այնուհետև՝ կոշտ հակակորոնավիրուսային միջոցառումները, որոնք չարացրին անգամ բնակչության՝ քաղաքական առումով պասիվ մասին։
Երկու դեպքում էլ ռազմական գործողությունների սկիզբը նվազեցրեց լարվածությունը հասարակությունում։
2016 թ-ին պատերազմի արդյունքը ոչ միայն դրա հակառակորդների մարգինալացումն էր, ընդդիմադիր կայքերի արգելափակումն ու հասարակության մինչ այս աննախադեպ համախմբումն ու խաղաղ կարգավորման կողմնակիցների անցումը միլիտարիստների շարքեր, այլև նախագահական իշխանության բացարձակացումը։
2016 թ-ին հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում նախագահական լիազորությունների ժամկետը երկարաձգվեց 5-ից մինչև 7 տարի, հեռացվեց տարիքային ցենզը, առաջին և այլ փոխնախագահների պաշտոններ ներմուծվեցին, ինչպես նաև նախագահին տրվեցին խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություններ։ Զուգահեռ շարունակվեցին քայլերը դեպի ռուսական քաղաքական ռեժիմ, որոնք ուղեկցվում էին արևմտյան ինստիտուտների հասցեին նախագահի ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ և ակտիվիստների հետապնդումները, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական։
2020 թ-ին հետպատերազմյան էյֆորիայի շնորհիվ ոչ ոք չնկատեց բոլոր սննդատեսակների, բենզինի ողջ տարվա ընթացքում շարունակվող գների աճը և կոմունալ վճարումների ավելացումը։ Ինչպես Ապրիլյան պատերազմից հետո, օգտագործվեցին հաղթանակին նվիրված միջոցառումները, որոնք կոչված էին փոխարինելու ազգային դիսկուրսում նախկինում գերիշխող սուգը։ Նախագահի վարկանիշը երբեք այսքան բարձր չէր եղել։
Ընդդիմությունն այդ ֆոնին բավականին դալուկ տեսք ուներ և՛ 2016, և՛ 2020 թթ-ին։ Սովորաբար, նրա հռետորաբանությունը կառուցված է կառավարության նկատմամբ դժգոհության հիման վրա, և գլխավոր փաստարկը միշտ այն էր, որ իշխանությունն ի վիճակի չէ հետ բերել Ղարաբաղը։ 2016 թ-ին ընդդիմադիրներին ոչինչ չէր մնում, քան սատարել կառավարությանը, փոխարենը, երբ ավարտվեցին ռազմական գործողությունները, նրանք կրկին սկսեցին բողոքել, որ Ղարաբաղն ամբողջությամբ գրավված չէ։ Սակայն 2020 թ-ին ընդդիմությանը միայն մի բան էր մնում՝ պաշտոնապես «միավորվել առաջնորդի շուրջ երկրի համար այդ դժվարին պահին»։
Կյանքը պատերազմից հետո
Ընդհանուր առմամբ, հասարակության ներսում խաղաղ համակեցության հեռանկարների վերաբերյալ քննարկումները փոփոխություն չեն կրել, դա անհնար է համարվում։ Չի մեղմվել «թշնամու» մասին պատկերացումը, որը տարածում է մեդիան։ Ինչ վերաբերում է հենց Ալիևին, ապա արևմտյան լսարանի համար իր ելույթներում նա հնարավոր է համարում խաղաղության մի պատկեր, երբ հայերն Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ են, իսկ ներքին սպառման համար պահպանում է նախկին տոնայնությունը․ հայերը եկվոր ժողովուրդ են, առանց արմատների և առանց Կովկասում իրենց պատմության։ Հադրութում իր վերջին ելույթում նա հայտարարեց, որ պատմաբանները պետք է ավելի շատ գրեն հայերի Կովկաս գալու մասին, ճիշտ քարտեզներ կազմեն, վերադարձնեն հին անվանումներն ու պատմական արդարությունը հասցնեն համաշխարհային հանրությանն ու աճող սերնդին։
Այնուամենայնիվ, հարկ է նշել նաև որոշակի դրական պահեր։ Այսպես, քաղաքացիական ինքնաթիռները երկար տարիների ընթացքում առաջին անգամ սկսել են Նախիջևան թռչել Հայաստանի տարածքով, Ռազմավարի պուրակից հեռացվել են հայ զինվորների մանեկեններն ու սաղավարտները, իսկ քաղաքական բլոգեր-էմիգրանտ Հաբիբ Մունթազիրը նորություն է հրապարակել այն մասին, որ Ալիևը շուտով հրահանգ կստորագրի հայկական բնակչության ինտեգրման ծրագրի մասին։
Հիշում եմ, թե ինչպես Բաքվում 2015 թ․ Եվրոպական խաղերի ժամանակ հանդիսատեսը սկսեց սուլել հայ մարզիկի հասցեին պարգևատրման արարողության ժամանակ, սակայն նախագահի բարձրացված ձեռքը միանգամից դադարեցրեց աղմուկը։ Այժմ Ալիևի վարկանիշը մի քանի անգամ ավելի բարձր է, նրա ձեռքում են քաղաքական ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակության բոլոր ռեսուրսները՝ իշխանության բազմաթիվ գործակալներով։ Այդ նույն կերպ՝ ձեռքի մի շարժումով նա կարող է ազդել հանրության կարծիքի վրա՝ փոխելով առկա «ողջամտությունը», որը հավասար է հայերի նկատմամբ անվստահության և ատելության։ Արդյո՞ք նա կցանկանա անել դա՝ սա է հարցը։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։