«Պատերազմի սպառնալիքն ակնհայտ է»․ ադրբեջանցի փորձագետի սենսացիոն հարցազրույցը
Պատերազմի սպառնալիք Հարավային Կովկասում
«Իրանի և Ռուսաստանի նպատակն է Թուրքիային դուրս մղել առնվազն երկու աշխարհագրական շրջաններից։ Դրանցից մեկը Սիրիան է, մյուսը՝ Ադրբեջանը»,- սենսացիոն հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան և անվտանգության փորձագետ Արաստուն Օրուջլուն։ Նրա կարծիքով՝ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանն ու Ռուսաստանը չկարողացան ընդունելի արդյունքների հասնել։ «Սա, ըստ էության, նշանակում է դիվանագիտական ջանքերի սպառում»,- ընդգծել է փորձագետը։ «Պատերազմի սպառնալիքն ակնհայտ է»,- հավելել է նա:
«Ռուսաստանը դիվերսիոն խմբեր է ստեղծում»
Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան և անվտանգության փորձագետ Արաստուն Օրուջլուն սենսացիոն հարցազրույց է տվել Turan գործակալությանը, որտեղ կիսվել է իր իմացած տեղեկություններով դիվերսիոն խմբերի մասին, որոնք ձևավորում է Ռուսաստանը Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու համար։
«Հարևան երկրներում ձևավորվում են Ադրբեջանի դեմ դիվերսիոն խմբեր։ Այս հայտարարությունը հիմնված չէ ինչ-որ ֆեյքի վրա: Ես այդ մասին հավաստի տեղեկություններ ունեմ։ Ես նույնիսկ գիտեմ, թե ովքեր են ներգրավված այդ գործում և ադրբեջանցի նախկին բարձրաստիճան զինվորականներից ովքեր են հավաքագրվել ռուսաստանցի ադրբեջանցիների սփյուռքի գործունեության քողի տակ, կոնկրետ դասընթացներ անցել»,- հայտարարել է Օրուջլուն։
Նրա խոսքով՝ փաստերով հաստատված տեղեկություններ կան այն մասին, թե Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներից ովքեր են տեղափոխվել Իրան, հաստատվել Թեհրանում, Թավրիզում, Կումում, և հետո Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի երիտասարդներին, իբր, կրթության նպատակով Իրան ուղարկել և նրանց ներգրավել հատուկ դասընթացներում։
«Ինչպես դա ժամանակին տեղի ունեցավ Ղազախստանում»
Արաստուն Օրուջլուն ընդգծել է, որ բոլոր ժամանակներում դիվերսիոն խմբերի նպատակը եղել է երկրի ապակայունացումը․
«Նրանց խնդիրն է ուղղորդել հասարակական-քաղաքական գործընթացներն այն ուղղությամբ, որը համապատասխանում է այն պետությունների կամ մարմինների նպատակներին ու ցանկություններին, որոնց ծառայում են։ Եվ միևնույն ժամանակ նրանց խնդիրն է հասարակության մեջ ստեղծել առճակատում, դիվերսիոն գործունեություն։ Մոտավորապես այնպես, ինչպես ժամանակին եղավ Ղազախստանում։
Այդ սցենարը կիրառվել է Ղազախստանում այս տարվա հունվարին։ Սոցիալական պահանջների ֆոնին հանկարծակի հայտնվեցին ապստամբող խմբավորումներ, դրանք պատահական չէին հայտնվել։ Ի վերջո, դրանք այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ Ղազախստանի կառավարությունը ստիպված եղավ դիմել Ռուսաստանին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ու խնդրել նրանց զորք ուղարկել՝ երկրում իշխանությունն ու կայունությունը պահպանելու համար։
Սրա հիմքում ընկած մտադրություններն ու ծրագրերը կարելի է միայն կռահել: Չեմ ուզում ենթադրություններ անել։ Սակայն Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման օպերատիվ արձագանքը ցույց տվեց, որ իրականում այդ իրավիճակին պատրաստվել էին նախապես։ Այսինքն՝ ի սկզբանե սպասելի էր։ Նույնը կարող են անել Ադրբեջանում։ Այսինքն՝ չի բացառվում ղազախական սցենարն Ադրբեջանում»։
«Ադրբեջանի իշխանություններն այս մասին տեղյակ են»
Փորձագետը կասկած չունի, որ Ադրբեջանի իշխանությունները տեղյակ են, թե ինչ է կատարվում, իսկ պաշտոնական Բաքուն փորձում է սպառնալիքին հակազդել սեփական մեթոդներով։
«Համենայն դեպս, Ադրբեջանի իշխանությունների պահվածքը ցույց է տալիս, որ նրանք նման տեղեկությունների տիրապետում են։ Որքանո՞վ են արդյունավետ ձեռնարկվող քայլերը, կանխարգելիչ միջոցառումները՝ սա արդեն այլ թեմա է։
Օրինակ՝ ցամաքային սահմանների փակումը COVID-ի տարածման սպառնալիքով բացատրելը լուրջ չէ։ Իրականում նպատակը նման դիվերսիոն խմբերի մուտքը երկիր թույլ չտալն է։ Բայց դա արդյունավետ չէ, քանի որ ցամաքային սահմանների փակումը հանգեցնում է լարվածության աճի երկրի ներսում։ Եվ այն պետությունները, որոնք ղեկավարում և ուղղորդում են այդ դիվերսանտներին, կարող են օգտվել աճող լարվածությունից՝ ի հաշիվ ներքին ռեսուրսների»,- ասել է Օրուջլուն:
«Պատերազմի սպառնալիքն ակնհայտ է»
Քաղաքական մեկնաբանը նշել է, որ տարածաշրջանում պատերազմի սպառնալիքն ակնհայտ է.
«Մասնավորապես, Թեհրանի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Իրանը և Ռուսաստանը՝ մի կողմից, իսկ Թուրքիան՝ մյուս կողմից, չեն կարողանում որևէ համաձայնության գալ։ Որովհետև Իրանի և Ռուսաստանի նպատակը Թուրքիային առնվազն երկու աշխարհագրական շրջանից դուրս մղելն է։ Դրանցից մեկը Սիրիան է, իսկ մյուսը՝ Ադրբեջանը։ Սա նույնպես չստացվեց: Սա, ըստ էության, նշանակում է դիվանագիտական ջանքերի սպառում։
Մենք տեսանք, որ Թեհրանի հանդիպումից հետո կամ դրա նախօրեին Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը այցելեց Հայաստան և Ադրբեջան։ Նրա այցն Ադրբեջան, մեղմ ասած, շատ տարօրինակ էր։ Թեև նա ասուլիս էր հրավիրել, սակայն իշխանությանը մոտ կանգնած ԶԼՄ-ները գործնականում չանդրադարձան այդ այցին։ Այցի մասին հաղորդագրություններ կային միայն Ռուսաստանի հետ առնչություն ունեցող որոշ կայքերում ու տեղեկատվական ռեսուրսներում։
Քաղաքականության մեջ սկզբում աշխատում են դիվանագետները, հետո քաղաքական գործիչները, հետո հետախույզները, իսկ հետո գալիս է բանակն ու միանում գործընթացին։ Իմ կարծիքով՝ առաջին երեք ռեսուրսներն արդեն սպառված են»։
Օրուջլուն պնդում է՝ իրավիճակը շարժվում է ռազմական առճակատման ուղղությամբ․
«Նման սպառնալիք կա, բայց դա չի նշանակում, որ անպայման պատերազմ է լինելու։ Ադրբեջանը մենակ չէ. Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել ռազմական և անվտանգության ոլորտներում համագործակցության մասին։ Շուշիի (Շուշայի) հռչակագիրը շատ ընդգրկուն փաստաթուղթ է։ Այն վավերացվել է և ունի իրավական ուժ։ Ամեն դեպքում, կարևոր է չկորցնել զգոնությունը։ Պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի»:
«Ադրբեջանում հնարավոր է ցանկացած իրադարձություն»
Անվտանգության փորձագետն իր ծավալուն հարցազրույցի վերջում ընդգծել է, որ Ադրբեջանում հնարավոր է ցանկացած իրադարձություն։
«Այս նպատակին հասնելու համար հնարավոր է ինչպես ներքին կայունության խախտում, այնպես էլ դիվերսիոն գործողություններ (օրինակ՝ սկսած առանձին քաղաքական գործիչների, լրագրողների, հայտնի հասարակական գործիչների սպանության փորձից մինչև սոցիալական պահանջներով սկսված, իսկ հետո անկարգությունների վերածված գործընթացներ)։ Հնարավոր է ակտիվացում Ղարաբաղյան ճակատում»,- նշել է նա։
Իր հարցազրույցի վերջում Արաստուն Օրուջլուն մատնանշել է տխուր սցենարներից խուսափելու տարբերակը.
«Սրանից խուսափելու միակ ճանապարհը նախ երկրի ներսում հասարակական-քաղաքական իրավիճակի կայունացումն է։ Բայց դա կարելի է անել ոչ թե ձերբակալություններով ու բռնաճնշումներով, այլ քաղաքացիական փոխըմբռնման հասնելով։ Առայժմ իշխանությունների կողմից նման նախաձեռնություններ չկան։ Նման բան տեսանելի չէ նաև ընդդիմության կողմից։ Որովհետև իշխանությունն ունի իր մոտեցումը և նույնիսկ իր ընդդիմությունը։ Սա իռացիոնալ է: Նախաձեռնությունն իր ձեռքը պետք է վերցնի կառավարությունը, բայց, ինչպես ասացի, կարծես թե դա տեղի չի ունենա։ Ցավոք սրտի, դա մեծացնում է ռիսկերը»,- հավելել է մեկնաբանը:
Պատերազմի սպառնալիք Հարավային Կովկասում