Պատերազմ Ուկրաինայում։ Ո՞ւմ կողմից է Ադրբեջանը
Չնայած Ուկրաինա ներխուժման նախօրեին Ռուսաստանի հետ ստորագրված դաշնակցային հռչակագրին՝ պաշտոնական Ադրբեջանը չեզոք դիրքորոշում է զբաղեցրել երկու երկրների միջև պատերազմի հարցում։ Ընդ որում, բոլոր լրատվամիջոցները, որոնք գտնվում են Ադրբեջանի իշխանության վերահսկողության տակ, սատարում են Կիևի դիրքորոշումը։ JAMnews-ը փորձել է պարզել ադրբեջանական կառավարության այս արձագանքի պատճառները։
- «Ռուսակա՛ն նավ, գրողի ծոցը գնա»։ Վրացի նավաստիներ, թիեր և ռուս-ուկրաինական պատերազմի մեմեր
- Ի՞նչ կկորցնի և կստանա Հայաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով
- Ինչպե՞ս Ադրբեջանի վրա կազդի SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը
Դաշնակցային հռչակագիրը Ռուսաստանի և բարեկամությունն Ուկրաինայի հետ
Ռուսաստանի կողմից «ԴԺՀ» և «ԼԺՀ» անկախության հենց նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում դաշնակցային հռչակագիր են ստորագրել։
Սակայն 2022 թ-ի հունվարին Իլհամ Ալիևը պաշտոնական այց էր կատարել Կիև, որտեղ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները միջպետական փաստաթղթեր էին ստորագրել և հաստատել երկու բարեկամ երկրների ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության վերաբերյալ իրենց դիրքորոշումները։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ադրբեջանի իշխանությունը պաշտոնական հայտարարություններով հանդես չի եկել։ Ոչ նախագահը, որ արտգործնախարարն ուղիղ հայտարարություններ չեն արել այս առնչությամբ։ Միայն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն է հայտարարել բանակցությունների և դիվանագիտական քայլերի միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման կարևորության մասին։ «Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել և այժմ էլ է հավատարիմ միջազգային իրավական նորմերին։ Նախևառաջ, դա վերաբերում է երկրների ինքնիշխանությանն ու նրանց տարածքային ամբողջականությանը», — նշել է Հաջիևը։
Մարդասիրական օգնություն Ուկրաինային և բողոքի ակցիաներ
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի երկրորդ օրն Ադրբեջանը հայտարարել է այդ երկրին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին։ Փետրվարի 25-ի երեկոյան ադրբեջանական Silk Way ավիաընկերության երկու ինքնաթիռ է մեկնել Ուկրաինա՝ պարենով և դեղորայքով բեռնված։
Դրանից անմիջապես հետո ադրբեջանական պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է, որ Ուկրաինայի սոցիալական ծառայությունների բոլոր ավտոմեքենաները (շտապօգնություն, հրշեջ ծառայություն և այլն) կարող են անվճար վառելիք ստանալ SOCAR Ukraine ընկերության լցակայաններում։ Ընկերությունը 59 լցակայան ունի Ուկրաինայի տարածքում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ցուցաբերված օգնության համար։
Կիրակի՝ փետրվարի 27-ին, Բաքվում Ուկրաինայի դեսպանատան առջև բազմամարդ ակցիա է անցկացվել՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Նաև մարդասիրական օգնություն է հավաքագրվում մինչև մարտի 9-ը։
Այսօր՝ մարտի 1-ին, Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Ցույցի կազմակերպիչը չգրանցված ընդդիմադիր «Ժողովրդավարության և բարեկեցության կուսակցությունն» է։
Իսկ Ադրբեջանում իր իշխանամետ դիրքորոշմամբ հայտնի բլոգեր Ֆուադ Մուրադովը սոցցանցերում հայտարարել է, որ մարտի 3-ին Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիա կանցկացվի՝ ի աջակցություն ռուս ժողովրդի։ Հատկանշական է, որ բլոգերի ֆեյսբուքյան լուսանկարում Ուկրաինայի դրոշն է։
Մեկնաբանություն
Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ ադրբեջանական իշխանության դիրքորոշումը բացատրելը դժվար չէ, կարծում է քաղաքական տեսաբան Ռասիմ Միրզոևը։
«Այո, Ադրբեջանը ստորագրել է Ռուսաստանի հետ դաշնակցային հռչակագիր։ Սակայն պետք չէ մոռանալ Թուրքիայի գործոնի մասին։ ՆԱՏՕ-ի անդամ այդ երկիրը փորձում է հակամարտ կողմերին բերել դիվանագիտական լուծման և վերջին օրերի ընթացքում բազմիցս հարթակ է առաջարկել բանակցությունների համար։ Իսկ Թուրքիան Ադրբեջանի կարևոր դաշնակիցն է։ Եթե անգամ մեր երկիրը մի քանի տարբեր դաշնակիցներ ունի, Թուրքիայի հետ եղբայրական հարաբերությունները նրանց հետ չես համեմատի։
Կա նաև Բրիտանիայի գործոնը։ Բոլորիս հայտնի է, որ Կասպից ծովում նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվում է բրիտանական BP նավթային ընկերությունը։ Այն «Հարավային գազային միջանցքի» գլխավոր բաժնետերերից է, որը կապում է Ադրբեջանը, Թուրքիան ու եվրոպական երկրները։ Այս տեսանկյունից պակաս կարևոր չեն նաև Մեծ Բրիտանիայի հետ Ալիևի անձնական հարաբերությունները։
Այս պատճառներով Ադրբեջանը պարտավոր է աջակցել Ուկրաինային այս պատերազմում։ Այստեղ երկիրը նաև ղեկավարվում է միջազգային իրավունքով։ Եվ Ղրիմը, և Ռուսաստանից բացի այլ պետությունների կողմից չճանաչված ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն Ուկրաինայի անքակտելի մաս են։ Այս սկզբունքով է Ադրբեջանը ղեկավարվել նաև Ղարաբաղն օկուպացիայից ազատագրելիս։
Ինչ վերաբերում է պաշտոնական հայտարարություններին, ապա գրեթե բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք, ինչպես բոլորին հայտնի է, պետության անմիջական վերահսկողության տակ են, ամեն կերպ սատարում են Ուկրաինայի իշխանությունն ու ժողովրդին, խոսում են ամեն ինչի մասին։ Սա միանշանակ աջակցություն է այդ երկրին այս հակամարտությունում», — նշել է Միրզոևը JAMnews-ին տված հարցազրույցում։
«Աշխարհն ու հետխորհրդային տարածքը փոխվում են։ Եվրամիությունն Ուկրաինային իր կազմ է ընդունում։ Եվ ուկրաինական պատերազմից հետո հետխորհրդային տարածքում երկու երկիր հայտնվելու է ժողովրդվարական փոփոխությունների առջև՝ Բելառուսն ու Ադրբեջանը։
Մենք միշտ ասել ենք, որ Ալիևի իշխանությունը չի վախենում Պուտինից։ Ընդհակառակը, Պուտինը միշտ հովանավորել է այն։ Ալիևն ու նրա շրջապատը վախեցել են աշխարհաքաղաքական պայմանների փոփոխությունից և հետպուտինյան ժամանակաշրջանից։ Եվ այն արդեն գալիս է։ Հաջողություն մաղթենք մեր երկրին», — սոցցանցում գրել է Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլին։