Ամառ և դոմոֆոններ. պատգամավորության թեկնածուների խնդիրներն Ադրբեջանում
Պատգամավորության թեկնածուների խնդիրներն Ադրբեջանում
Մեկուկես ամիս է մնացել Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) արտահերթ ընտրություններին։ Մեկնարկել է պատգամավորության թեկնածուների նախընտրական քարոզարշավը: Նրանք ընտրվելու են մեծամասնական ընտրակարգով։ Այս օրերին պատգամավորության թեկնածուները և նրանց թիմերը զբաղված են ստորագրահավաքի անցկացմամբ: Ստորագրություններն անհրաժեշտ են իրենց թեկնածության հաստատման և քվեաթերթիկում անունների ներառման համար։
Սակայն խորհրդարանի պոտենցիալ պատգամավորները բախվել են անսպասելի խնդիրների: Ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդների կարծիքով՝ ամառային սեզոնը և տների մուտքերի մոտ տեղադրված դոմոֆոնները դժվարություններ են ստեղծում ընտրողների հետ տարվող աշխատանքի համար։
- «ԱՄՆ հետ զորավարժությունները նպաստում են ՀՀ սուբյեկտայնության ավելացմանը». կարծիք
- Հարկային մուտքերը Հայաստանում կրճատվել են. ինչո՞ւ և ի՞նչ սպասել
- «Վրաստանը ՀՀ համար ունի ռազմաքաղաքական նշանակություն». կարծիք Երևանից
Արմատական ընդդիմությունը կրկին ընտրել է բոյկոտի ճանապարհը
Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը կոչ է արել բոյկոտել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
«Այս տարվա հունիսին Միլլի Մեջլիսը առանց որևէ ծանրակշիռ հիմնավորման որոշեց ինքնալուծարվել, և Սահմանադրական դատարանի կողմից այդ որոշման հաստատումից հետո սեպտեմբերի 1-ին նշանակվեցին արտահերթ ընտրություններ…
Նախքան արտահերթ ընտրությունների հարցի օրակարգում հայտնվելը Ժողովրդական ճակատը բազմիցս հայտարարել էր, որ ընտրությունների համար երկրում պետք է առկա լինեն առնվազն նվազագույն պայմաններ։ Ամենաքիչը պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները, թույլատրվեն հանրահավաքները, պայմաններ ստեղծվեն ընդդիմության և անկախ կառույցների կողմից ընտրություններին հետևելու և գործընթացը մշտադիտարկելու համար»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Ճակատը «հասկանում և աջակցում է այս ընտրություններում ժողովրդի ոչ մասնակցային դիրքորոշմանը, կոչ է անում ժողովրդին զանգվածաբար հրաժարվել իր կամքը չարտահայտող նախընտրական շոուին մասնակցելուց»։
Ամառ և դոմոֆոններ
Ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդներից Նաթիկ Ջաֆարլիի փոխանցմամբ՝ ինքն առաջադրվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, արդեն հասցրել է հավաքել 150 ընտրողների ստորագրություն՝ անհրաժեշտ 450-ից.
«Ահա մեր թիմի անդամների առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մի քանիսը.
— Հինգ ընտրողից երեքը չգիտի, որ ընտրություններ են հայտարարվել,
— Դժվար է մուտք գործել նորակառույց շենքեր. դռների վրա կոդեր (դոմոֆոն) են դրված, երբեմն էլ անվտանգությունը թույլ չի տալիս ստորագրահավաք անել,
— Ամառ է, շատերն իրենց ամառանոցներում են, շրջաններում, որոշ բնակարաններում բնակիչներ չկան,
— Կան բազմաթիվ վարձակալներ, որոնք գրանցված չեն բնակության հասցեում,
— Շոգ է, և քանի որ առավոտյան կամ ցերեկը բնակարաններում մարդ չկա, երեկոյան ենք փորձում ստորագրահավաք անել: Այս դեպքում էլ քաղաքացիները դժգոհում են, որ իրենց դռները թակում են հանգստի ժամին»:
Ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է 3 անգամ
Նախկին քաղբանտարկյալ և «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը սոցցանցի իր էջում գրել է Ադրբեջանում ընտրական գործընթացի նկատմամբ մարդկանց հետաքրքրության անկման մասին.
«Այս ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը 2020 թվականի ընտրությունների համեմատ 3 անգամ ցածր է։ Եկեք համեմատական անցկացնենք: Այն բանից հետո, երբ հայտարարվեց սպասվող ընտրությունների մասին, 19 օրվա ընթացքում առաջադրվեց 1320 թեկնածու։ Իսկ այս անգամ 17 օրում առաջադրվել է ընդամենը 401 թեկնածու։
Բացի այդ, այն ժամանակ բոլոր ընտրատարածքները զբաղված էին, իսկ հիմա 20 ընտրատարածք ամբողջությամբ դատարկ է. նույնիսկ մեկ թեկնածու չի առաջադրվել»։