Երևանի և Մոսկվայի արձագանքն՝ Ադրբեջանի «պատմական» հողերի մասին Ալիևի հայտարարությանը
Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ, որը նվիրված էր Արցախում տարած հաղթանակին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի մայրաքաղաքն, ինչպես նաև Զանգեզուրը՝ Սյունիքի մարզը, և Սևանն Ադրբեջանի «պատմական հողեր» է անվանել։ Նա առաջին անգամ չէ, որ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանին։
Իլհամ Ալիևի սադրիչ հայտարարությունները ծայրահեղ բացասական արձագանք են առաջացրել Հայաստանի հասարակությունում։ Դրան արձագանքել են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի քաղաքական շրջանակները։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ քաղաքական հայտարարությունները չպետք է խաչ քաշեն ձեռք բերված արդյունքի՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վրա․
«Իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է, շատ մեծ ջանքեր են գործադրվել՝ այն խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու և փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքի կարգավորման համար պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համար»։
- Արցախ․ գյուղերը բացարձակ առանց լույսի են մնացել։ Մեկ պատմություն, տեսանյութ
- «Արցախի ինքնորոշումը բանակցությունների առանցքային մասն է»․ ՀՀ արտգործնախարար
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի մեկնաբանությունը
Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Հայաստանի հողերի նկատմամբ տարածքային նկրտումները կասկածի տակ են դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և վտանգում են տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը․
«Բացի այդ, այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց»։
Վարչապետի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Բաքվի շքերթին Թուրքիայի նախագահի ելույթը։
«Թող լուսավորվի այսօր Էնվեր փաշայի հոգին», — ասել էր Էրդողանն իր ելույթի ժամանակ, հիշել Նուրի փաշային։
Ըստ Մանե Գևորգյանի՝ խիստ դատապարտելի է նաև Հայոց ցեղասպանության կազմակերպիչների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից․
«Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ»։
Հայաստանի օմբուդսմենի մեկնաբանությունը
Արման Թաթոյանը մեկնաբանել է Բաքվի շքերթում հնչած հայտարարությունները Facebook-յան իր էջում։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ելույթներն, ըստ օմբուդսմենի, լի են եղել ողջ հայ ժողովրդին, Հայաստանի ողջ բնակչության կյանքին, առողջությանն ուղղված սպառնալիքներով, վիրավորանքներով ու ատելություն բորբոքող արտահայտություններով։
Հայաստանի օմբուդսմենը կարծում է, որ այդ հայտարարությունները հաստատում են Արցախում վերջին պատերազմի ընթացքում էթնիկ զտումների և ահաբեկչական մեթոդներով ցեղասպանությանն ուղղված ադրբեջանական քաղաքականությունը․
«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահի այսօրվա ելույթներում ատելության ու թշնամանքի այն նույն շեշտադրումներն ու խոսքերն էին, որոնք ադրբեջանական զինվորականներն այս պատերազմի ընթացքում օգտագործում են հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց դաժանաբար սպանելիս կամ բացառիկ ցինիզմով անմարդկային վերաբերմունք դրսևորելիս»։
Ալիևի նախորդ հայտարարությունները
Ադրբեջանի նախագահը Երևանը բազմիցս անվանել է իր երկրի պատմական տարածք։ Ավելին՝ 2018 թ-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության VI համագումարի ժամանակ նա հայտարարել էր․
«Երևանը մեր պատմական տարածքն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական հող։ Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը, որին մենք աստիճանաբար պետք է մոտենանք»։
Այս թեմայով իր բոլոր հայտարարություններում Ալիևն անպայման Ադրբեջանի «պատմական» հողեր է անվանում նաև Սևանա լիճը՝ այն անվանելով Գյոյչե, ինչպես նաև Զանգեզուրը՝ Հայաստանի հարավային շրջանը։