Բորժոմի քաղաքապետարանի աշխատակիցներն այնպես էին պայքարում իրենց աշխատավարձները բարձրացման համար, որ ստիպված էին հատուկ ջոկատայինների կանչել
Մարտի 1-ի առավոտյան Բորժոմիի մունիցիպալ խորհրդի (Սակրեբուլո) շենքի դիմաց ավտոբուսներով և բեռնատարներով ՆԳՆ հատուկջոկատայիններ են հայտնվել:
Խորհրդի շենքն արգելափակվել էր. ներս են թողնվել միայն «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորները: Սակրեբուլոյի մյուս անդամներին, այդ թվում՝ դրա նախագահ Զազա Չաչանիձեին, ներս չեն թողել:
______________________________
Բորժոմիի մունիցիպալ խորհրդում ամեն ինչ խառնվել է 2017թ-ի հոկտեմբերից՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:
Բորժոմիի Սակրեբուլոն միակն է Վրաստանում, որտեղ իշխող կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն չեն ստացել: 28 մանդատից «Վրացական երազանքին» բաժին է ընկել 13-ը, մնացած 15-ն ընդդիմադիր կուսակցություններինն է: Նրանցից ամենաշատ մանդատը ստացել է «Հայրենասերների դաշինքը»՝ 11 մանդատ:
Որպես խորհրդի նախագահ, չնայած իշխանական կուսակցության դիմադրությանն, ընտրվել է «Հայրենասերների դաշինքի» ներկայացուցիչ Զազա Չաչանիձեն:
Ընտրությունների հետո քաղաքի կյանքը զգալիորեն «ակտիվացել է». Բորժոմիի բնակիչներն արդեն 5 ամիս է՝ հետևում են իշխանամետ փոքրամասնության և ընդդիմադիր մեծամասնության, Սակրեբուլոյի ընդդիմադիր նախագահի և իշխանամետ քաղաքապետի միջև դիմակայությանը:
Պատգամավորներն ամբողջ կազմով նոյեմբերից մինչև այսօր հավաքվել են միայն երեկ: Ավելի վաղ իշխող կուսակցության ներկայացուցիչներն էին բոյկոտում նիստերը: Իրավիճակը սկսեց սրվել այն բանից հետո, երբ օրակարգում հայտնվեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այն պատճառով, որ Սակրեբուլոն այդպես էլ չկարողացավ հավաքվել «Վրացական երազանքի» բոյկոտի հետևանքով, չհաստատված մնացին քաղաքապետարանի հաստիքացուցակն ու աշխատավարձի դրույքաչափերը, ինչի պատճառով 125 աշխատակից արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չի ստանում:
Փետրվարի 28-ին աշխատավարձերը հաստատելու արդեն 6-րդ փորձն արվեց: Բոյկոտը դադարեցնելով՝ եկան նաև «Վրացական երազանքի» պատգամավորները: Սակայն ընդդիմության պատգամավորները կտրականապես հրաժարվեցին բարձրացնել քաղաքապետի, նրա տեղակալնների և ծառայությունների ղեկավարների աշխատավարձերը 700-800 լարիով (285-324 դոլար)՝ պնդելով, որ բավական է նաև 150-200 լարի (60-80 դոլար) բարձրացումը:
Արդյունքում՝ Սակրեբուլոյի քննարկումները վերածվեցին գրեթե մարտական գործողությունների: Բանը հասավ նրան, որ ցերեկը ժամը երկուսին մոտ քաղաքապետարանի աշխատակիցներն աթոռներից բարիկադներ սարքեցին, որոնցով փակեցին խորհրդի նախագահին սեփական կաբինետում: Զազա Չաչանիձեն չէր կարող լքել կաբինետը մի քանի ժամ շարունակ:
Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ տեղի գործընկերներին սատարելու համար Թբիլիսիից Բորժոմի եկան Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ Նիկա Մելիան՝ «Միասնական ազգային շարժումից» (Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը) և Սերգո Ռատիանին՝ «Եվրոպական Վրաստանից»:
Ի վերջո, «Հայրենասերների դաշինքը» զիջումների գնաց. ուշ երեկոյան Սակրեբուլոյի շենքում իմպրովիզացված նիստ կազմակերպվեց, որին ներկա էր 17 պատգամավոր («Վրացական երազանքի» և «Հայրենասերների դաշինքի» ներկայացուցիչները), և 13 «կողմ», 4 «դեմ» ձայներով քվեարկեցին աշխատավարձերի բարձրացման օգտին:
Սակայն դրանից հետո իրավիճակի լարվածությունը չհաջողվեց թուլացնել: Սակրեբուլոյի նախագահ Զազա Չաչանիձեն հայտարարեց, որ և՛ երեկոյան նիստը, և՛ ընդունված որոշումը լեգիտիմ չեն: Քաղաքապետարանի աշխատակիցները բարիկադներ կառուցեցին շենքի մուտքի մոտ և պահանջեցին նիստի արձանագրությունը, որը հաստատում է, որ իրենց աշխատավարձերի մասին որոշումն այնուամենայնիվ կայացվել է: Նրանք պահանջեցին նաև Սակրեբուլոյի նախագահի հրաժարականը, որն, ըստ ակցիայի մասնակիցների, «դավաճանել է իր կուսակցությանն» ու անցել «Միասնական ազգային շարժման» կողմը:
Քաղաքապետարանի աշխատակիցները քանդեցին բարիկադները միայն գիշերվա երկուսին: Նրանց, խոսքով՝ մարտի 1-ից իրենք գործադուլ են սկսում՝ Սակրեբուլոյի նախագահ Զազա Չաչանիձեի հրաժարականի պահանջով: