Պայքար պոլիէթիլենային տոպրակների դեմ Հայաստանում․ իրավիճակի գնահատում
Պայքար պոլիէթիլենային տոպրակների դեմ ՀՀ-ում
Հայաստանի կառավարությունը դեռ հինգ տարի առաջ որոշեց օրենսդրական կարգավորումներով կրճատել երկրում պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը:
2022թ-ի հունվարի 1-ից առևտրի կետերում դրանք դարձան վճարովի (40-50 դրամ)։ Դրա հետ մեկտեղ, արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը։ Որոշումը բացատրվում է նրանով, որ այս հատության տոպրակները նախատեսված են բազմակի օգտագործման համար, հետևաբար, աղբավայր կհասնեն ավելի ուշ, քան բարակները։ Ըստ մեր հարցման՝ մարդիկ չեն կիսում այս կարծիքը։
Ամեն դեպքում, 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքի հսկողության գործառույթը դրված է Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վրա։ Նրանք պետք է մոնիթորինգ իրականացնեն, իրավախախումները բացահայտեն և վարչական վարույթներ հարուցեն:
Սակայն երկրի ցանկացած բնակչի համար գաղտնիք չէ՝ վերահսկողության մեխանիզմը չի գործում: Թե՛ բանջարեղենի կրպակներում, թե՛ շուկաներում, հագուստի ոչ մեծ խանութներում և տոնավաճառներում հաճախորդներին ապրանքները վաճառվում են 50 միկրոնից շատ ավելի բարակ տոպրակներով:
Այս իրավիճակում բնապահպանները կարևորում են մարդկանց վարքագծի փոփոխությունը։ Կարծում են՝ պետք է բնակչությանը ցույց տալ պլաստիկի օգտագործման վնասը: Ընդ որում այնպիսի օրինակներով, որ պարզ դառնա՝ յուրաքանչյուրը տուժող է: Մասնավորապես, անհրաժեշտ են համարում բացատրել, որ պլաստիկը աղտոտում է և հողը, և ջուրը և օդը, որոշակի իրավիճակներում հայտնվում է կենդանիների մարմիններում, իսկ դրա արտադրությունն ու ոչնչացումը առաջացնում են կլիմայի փոփոխություն։
- Էկոտուրիզմ Սյունիքում․ հաճույք զբոսաշրջիկների և աշխատանք տեղացիների համար
- Սևանի ափին 8 հազար սոճի է չորացել՝ բզեզների՞, թե՞ մարդկանց մեղքով
- Ագրոհեղափոխություն Հայաստանում։ Ի՞նչ է դա նշանակում՝ երկու գյուղի օրինակով
«Կտորե տոպրակ օգտագործելը դարձնել սովորույթ»
Աիդային հանդիպեցինք բանջարեղենի կրպակում, նա հրաժարվեց վաճառողի տրամադրած պոլիէթիլենային տոպարակներից, դասավորեց ապրանքները իր կտորե, բազմակի օգտագործման տոպրակների մեջ: Ասաց՝ կտորից տոպրակներ է օգտագործում արդեն հինգ տարի։ Ժամանակ առ ժամանակ լվանում է, մաշվելու դեպքում փոխում և միշտ պահում պայուստակի մեջ․
«Պոլիէթիլենից հրաժարվելն անձնական որոշում էր ինձ համար և պայմանավորվված չէր նրանով, որ վճարովի է դարձնել կամ որակն է ավելի հաստացել: Որոշեցի, որ էլ չեմ ուզում շրջական միջավայրն աղտոտեմ և ուզում եմ լավ օրինակ ծառայել երեխաներիս համար»։
Ըստ նրա, փոփոխությունների պետք է հասնել փոքր քայլերով, օրինակ ծառայելով, հասկանալով և խնդիրները վերլուծելով.
«Մինչ դա հաճախ երեխաներիս հետ մեր և հարակից բակերում ձեռնոցներով հավաքում էինք այդ տոպրակները: Տղաս ասաց՝ մայրիկ, եթե մենք էլ չգնենք պոլիէթիլենային տոպրակներ ու մեր հարևանները տեսնեն, որ միայն կտորից տոպրակներ ենք օգտագործում, գուցե՞ իրենք էլ այդպես անեն»:
Աիդայի խոսքով՝ առվազն մի քանի ծանոթ-բարեկամ հետևել են իրենց օրինակին․
«Այժմ նրանց խոհանոցն էլ է մաքրվել ավելորդ պոլիէթիլենային տոպրակներից: Նաև գնված մթերքը պահում են բացառապես ապակյա տարաների մեջ։ Իսկ շատերը՝ սննդամթերքը խանութից տուն բերելով, հաճախ չեն էլ հանում պոլիէթիլենային տոպարկներից:Այդպես օրերով պահում են սառնարանի մեջ կամ դարակներում։ Դրանից սննդի որակն էապես տուժում է:
Իրականում մեծ բան չէ, պետք է ուղղակի ցանկանալ: Սկզբում խանութներ մտնելիս հիշում էի, որ կտորե տոպրակները չեմ վերցրել։ Հետ էի վերադառնում տուն առանց գնումների: Սովորույթ դարձրի, մթերքը դատարկելուց հետո, դրանք ծալել և դնել պայուսակիս մեջ»:
Խորհուրդ է տալիս կտորե տոպարկներ օգտագործելը սովորություն դարձնել։ Իսկ այն ամրապնդելու համար, կարևոր է համարում հաճախ նայել այն միջավայրին, որտեղ ապրում ես․
«Բավական է քամու ժամանակ լուսամուտից դուրս նայես։ Եվ այդ ժամանակ կհասկանաս, թե ինչ աղետալի վիճակ է»։
50 միկրոնից բարակ տոպարկների արտադրությունը շարունակվում է
50 միկրոնից ավելի բարակ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելելու օրենքն ընդունվել է 2020-ի գարնանը, բայց բավականին ուշ է ուժի մեջ մտել։ Ուշացումը գիտակցված էր։ Դա արվել է, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին, իրենց արտադրողական կարողությունները փոխեն ու նոր հումքատեսակներով սկսեն արտադրել նոր տեսակի տոպրակները։
Ուսումնասիրելով համացանցում եղած հայտարարությունները՝ կարելի է համոզվել, որ արտադրողներն առաջարկում են տարբեր հաստությամբ տոպրակների պատրաստում՝ ըստ գնորդի նախասիրությունների:
Ընկերություններից մեկի տնօրենը (ցանկացավ մնալ անանուն) ասաց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մի քանի անգամ իրենց բանավոր զգուշացումներ են եղել, ապա դրանք դադարել են, իրենք էլ շարունակել են նախկին արտադրության տեսակը․
«50 միկրոն հաստությամբ տոպրակներ օգտագործում են միայն խոշոր սուպերմարկետները։ Մնացած փոքր խանութները բարակ տարբերակն են նախընտրում, որովհետև դրանք ավելի էժան են: Մեծ սուպերմարկետներն ունեն իրենց սեփական պոլիէթիլենային տոպարկներիի արտադրությունը կամ գործընկեր արտադրողները։ Մեզ պատվերներ չեն տալիս, մենք էլ ստիպված մնացածների պատվերով ենք աշխատում»:
Արտադրողն ասում է, որ օրենքը թղթի վրա է մնացել։ Եթե վերահսկողություն լիներ, վաճառքի կետերը տուգանվեին, դաշտը կամաց-կամաց կկարգավորվեր․
«Մենք էլ, մեր հերթին, չէին խախտի օրենքը։ Իմ կարծիքով, վերահսկողություն պետք է լինի մի քանի ուղղությամբ՝ թե՛ շուկայի վերահսկողության, թե՛ արտադրության: Մինչև կլորիկ տուգանքներ չլինեն ոչ ոք հանուն բնության հետքայլ չի անելու»:
Ինչու օրենքը չաշխատեց
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ–ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասում է, որ այդ օրենքը ոչ մի օր չի աշխատել.
«Այյդպես էլ պետք է լիներ: Նախ, կարգավորումը տարածվում է միայն աղբի կառավարման մեծ շղթայի մի օղակի վրա։ Իսկ նման հատվածական լուծումներն անարդյունավետ են ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում:
Խնդրի լուծման համար պետք է համակարգային մոտեցում։ Շղթայից հանելով մի օղակը՝ չես կարող խնդրին լուծում տալ: Մենք հիմնականում խոսում ենք պլաստիկ թափոնների մասին, որոնք վիզուալ են առնչվում մեզ: Իրականում այն լրջորեն վնասում է մեր բնական միջավայրը»։
Զարաֆյանը օրինակ է բերում Սևանի ավազանի կենդանատեսակների օրգանիզմներում հայտնված պոլիէթիլենային տարբեր իրերը.
«Պլաստիկի վնասների մյուս կողմն այդքան էլ տեսանելի ու քննարկող չէ։ Սակայն մասնագետներն այն իսկապես մտահոգիչ են համարում»:
ՀԿ ներկայացուցչին ասում է՝ վերջին 15 տարիների ընթացքում այս հարցը Հայաստանի համար վտանգավոր և զգայուն է դարձել․
«Պատկան մարմինների կողմից պոլիէթիլենային տոպրակների շրջանառությունն ու վաճառքը դժվար վերահսկելի է դարձել: Ներմուծողներն ու արտադրողները խանութների, կառավարման և վերահսկողական օղակների հետ որոշակի փոխկապակցվածության մեջ են: Մյուս կողմից, բարձիթողի վիճակում է աղբի տեսակավորման հարցը, թեև առանձնացվել են տարբեր աղբահավաք տարաներ։ Սակայն վստահ չենք, որ դրանք սովորական աղբի հետ նույն աղբավայրում չեն հայտնվում»։
Նրա փոխանցմամբ՝ ավելի վստահելի և գործուն սխեմա է, երբ հատուկ կանչի միջոցով կազմակերպությունները՝ ռեսուրսներ ծախսելով, մոտենում են և վերցնում տեսակավորված աղբը: Այն պետք է վերամշակման համար վճարովի հումք դառնա, որպեսզի մեխանիզմը սկսի աշխատել.
«Այս շղթայի մյուս և արդիական հարցը պոլիէթիլենային տոպրակների ներկրումն է տարբեր առցանց խանութների միջոցով: Այստեղ ոչ մի վերահսկողություն չկա։ Հաճախ մեկ փոքր ապրանքը փաթեթավորված է լինում մի քանի տոպարկներով, ևս մեկը տրամադրվում է, որպեսզի ապրանքը գնորդը տուն տեղափոխի»։
Ինգա Զարաֆյանը խորհուրդ է տալիս հատվածական և ցուցադրական փոփոխություններ չանել, այլ աշխատել խնդրի լուծումների շուրջ՝ ներառելով ամբողջական համակարգը:
Նրա կարծիքով՝ հնարավոր չէ ընդհանրապես հրաժարվել պլաստիկի կիրառությունից։ Հետևաբար, անհրաժեշտ է համարաում մտածել ծավալների կրճատման և վերամշակման հնարավորությունների շուրջ:
Օգտագործման ծավալների կրճատման տեսակետից առավելապես կարևորում է հետևողական կրթումը։ Կարծում է՝ մարդկանց պետք է սովորեցնել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումից։ Եվ դրան պետք է հասնել մոտիվացնելով, այլընտրանքներ առաջարկելով, օրինակ ծառայելով:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Պայքար պոլիէթիլենային տոպրակների դեմ ՀՀ-ում