Չվնասե՛լ․ ընտանեկան բռնության դեպքերի լուսաբանումը Հայաստանում
2020 թ․ առաջին կիսամյակի ընթացքում միայն Հայաստանում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» թեժ գծերին անցյալ տարվա ընթացքում ստացվել է կանանց նկատմամբ բռնությանն առնչվող 13 924 զանգ, իսկ նախորդ տարի եղել է մոտ 5000 զանգ։
Փորձագետների կարծիքով՝ դեպքերի ավելացման պատճառներից են եղել կորոնավիրուսի համավարակը և հարկադրված կարանտինը, Արցախյան երկրորդ պատերազմը և հետպատերազմական սթրեսները։
Իրավապաշտպանները կարծում են՝ գենդերային հիմքով և ընտանեկան բռնության դեպքերի լուսաբանումը չափազանց կարևոր է, քանի որ լրագրությունը հանրային գիտակցությունը փոխելու միջոց է։ Այն հասարակությանը թույլ է տալիս ճանաչել ինքն իրեն, դուրս բերել հիմնական խնդիրները և դրանք լուծելու ուղիներ փնտրել։
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի և դրանց լուսաբանման մասին։
- Բուլինգի «հայկական առանձնահատկությունը»․ անհանդուրժողականություն տարբերվողների նկատմամբ
- Ի՞նչ է Ստամբուլյան կոնվենցիան և ի՞նչ առասպելներ են միահյուսվել դրան Հայաստանում
- Խաչատուրյան քույրերի գործը Ռուսաստանում․ 20 տարվա ազատազրկում՝ բռնարարին և սադիստին դիմադրելու համար
Ինչպես լուսաբանվեց սարսափելի սպանությունը
Օրեր առաջ Հայաստանը ցնցվեց ընտանեկան բռնության հերթական դեպքից, որն առանձնահատուկ էր իր դաժանությամբ և սառնասրտությամբ։ Արարատի մարզում ընտանիքում ծեծի հետևանքով 1.5 տարեկան երեխա է մահացել։ Նրա սպանության համար մեղադրանք է առաջադրվել մորը, խորթ հորը և տատին։
Քննչական կոմիտեն հրապարակեց ահասարսուռ պատմությունը՝ ամենայն մանրամասնությամբ։ Ըստ իրավապահների՝ երեխան շուրջ 5 օր շարունակական ֆիզիկական բռնության էր ենթարկվել, իսկ փետրվարի 6–ին հերթական ծեծն ավարտվել էր փոքրիկի մահով։
Երեխայի սպանությունը, որպես չափազանց զգայուն թեմա, արդեն իսկ հանրային շոկ և հակազդեցություն առաջացրեց, դրան գումարվեց հանգամանքը, որ սպանության մեջ մեղադրվում են ծնողները։
Սակայն քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որն արտատպվեց շուրջ 80 լրատվամիջոցների կողմից՝ առանց որևէ միջամտության, պարունակում էր նաև սարսափելի մանրամասներ՝ երեխային պատճառված ֆիզիկական տանջանքների մասին։
Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական հաղորդագրությունը իրավական իմաստով խնդրահարույց չէր, դրանում ներկայացված տեղեկատվությունը առնվազն էթիկական լուրջ երկընտրանքի առջև պետք է կանգնեցներ լրագրողներին, որոնք արտատպել էին այն։
Ընտրությունն այսպիսին էր․ պաշտոնական հաղորդագրությունը ներկայացնել որոշակի կրճատումներով, սահմանափակվելով իրավական ձևակերպումներով, կամ հանրամատչելի դարձնել բոլոր մանրամասները՝ հաշվի չառնելով դրանց պատճառած հոգեկան տառապանքները՝ հատկապես անչափահաս լսարանի համար։
Եվ այս ընտրությունը, գրեթե միշտ, թողնված է հենց խմբագրությանը։
Փակ թեմա
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում վերջին տարիներին ավելացել են ընտանեկան բռնության արձանագրված դեպքերը, այն շարունակում է համարվել «ծպտյալ հանցագործություն», որովհետև, որպես կանոն, բռնության ենթարկվողները չեն բարձրաձայնում դրա մասին։
Կանանց դեպքում վախը կապված է բռնության հնարավոր կրկնության, բռնարարից տնտեսական և հոգեբանական կախվածության հետ։ Երեխաների դեպքում խնդիրներն առավել բարդ են․ նրանք վախենում են, որ իրենց չեն հավատա կամ կդատապարտեն։ Բացի այդ՝ երեխաները հաճախ չգիտեն՝ ում կարող են դիմել և պատմել իրենց նկատմամբ տեղի ունեցած բռնության մասին։
Ընտանեկան բռնությանը թաքնված բնույթ են հաղորդում նաև հասարակական կարծրատիպերը։ Դրանց համաձայն՝ ընտանիքում տեղի ունեցածը պետք է մնա տան պատերի ներսում։
Սակայն, անգամ այդ պարագայում, 2020 թ․ ընթացքում ընտանեկան բռնության քրեական գործերի թիվը զգալիորեն աճել է, այսինքն, ավելի շատ մարդիկ են դիմել իրավապահների օգնությանը։
Լուսաբանման տարածված սխալներ
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարևորում է բռնության դեպքերի լուսաբանումը հանրային գիտակցությունը փոխելու գործում։ Այդ պատճառով էլ համարում է, որ թեման լուսաբանող լրագրողները պետք է պատրաստված լինեն դրան․
«Շատ կարևոր է, որ լրագրողը այս թեմաներին անդրադառնալիս հստակ պատկերացնի, թե ինչ է գենդերային հիմքով բռնությունը։ Սեռով պայմանավորված բռնության լուսաբանումն ունի մի շարք նրբություններ, որոնք չիմանալու դեպքում լրագրողն իր աշխատանքով կարող է նաև վնասել։
Ամենատարածված սխալներից մեկը, որ թույլ են տալիս լրագրողները, բռնության ենթարկված անձի կրկնակի զոհայնացումն է, երբ շեշտը դրվում է բռնության պատճառների վրա՝ ուղղակի կամ անուղղակի կերպով դրանք զոհի մեջ փնտրելով։ Մինչդեռ, գենդերային հիմքով բռնության լուսաբանման ժամանակ պետք է հիշել, որ դա միայն մեկի ուժի և գերադասության պայմաններում մյուսի նկատմամբ կատարված բռնություն է՝ նրան ստորադասելու նպատակով»։
Հաջորդ տարածված սխալը, ըստ փորձագետի, դեպքը մեղմացնող հանգամանքների շեշտադրումն է, երբ, օրինակ, հրապարակման մեջ նշվում է, որ բռնությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա կամ աֆեկտի վիճակում։ Այլ կերպ ասած՝ բռնության համար առիթ է եղել։
«Պետք է նաև հիշել, որ բռնության դեպքերի լուսաբանումը ինքնանպատակ չէ․ այն անհուսության, շոկային վիճակի է հասցնում հասարակությանը, որի մոտ հարց է առաջանում․ իսկ ի՞նչ պետք է անել այս դեպքերում, չէ՞ որ որևէ կին ապահովագրված չէ իր նկատմամբ բռնության դեպքերից։
Այս պարագայում շատ կարևոր է, որ լրագրողն այնքան պատրաստված լինի, որ կարողանա նաև ուղղորդել դեպի մասնագիտական համապատասխան ծառայություններ կամ տեղեկացնել պետական աջակցության ձևերի մասին։ Լրագրողը նաև պետք է կարողանա ցույց տալ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, օգնի հաղթահարել հետտրավմատիկ և շոկային վիճակը», — ասում է Զարուհի Հովհաննիսյանը։
Նույնականացման խնդիրը
Հատկապես երեխաների նկատմամբ իրականացված բռնության դեպքերի վերաբերյալ լրագրողական աշխատանքներում տեղ գտնող հիմնական սխալը բռնության ենթարկվողի անձնական տվյալների բացահայտումն է, անձի ուղղակի կամ անուղղակի նույնականացումը։
«Ցանկացած դեպքում, երբ լրագրողները գործ ունեն մարդու անձնական տվյալների հետ, պետք է հիշեն դրանց բարեխիղճ մշակման՝ ձեռք բերման, պահպանման, հրապարակման կամ տարածման պահանջի մասին։ Մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ ցանկացած տվյալի հրապարակում պետք է ունենա որոշակի նպատակ, իրավական հիմք և համապատասխանի համաչափության սկզբունքին։
Այսինքն՝ տվյալների մշակումը պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր։ Անձնական տվյալները պետք է մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար», — ասում է արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալութան պետ Գևորգ Հայրապետյանը։
Ըստ նրա՝ պետք է հիշել, որ հրապարակելով մարդու անձնական տվյալը՝ լրագրողն այն հանրամատչելի է դարձնում։ Մասնագետը բացատրում է․ լրագրողական նյութի տեսանկյունից՝ անձնական տվյալների հրապարակման նպատակները տարբեր կարող են լինել։ Անձնական կյանքի միջամտության ամենատարածված նպատակը պայմանավորված է հանրային շահի գերակայությամբ․
«Սա կարող է արդարացված լինել հատկապես հետաքննական լրագրության մեջ, երբ հանրային շահի գերակայության հարց կա։ Բայց անգամ այս պարագայում խոսքը համաչափ միջամտության մասին է։ Եթե այն անցնում է ողջամտության սահմանները, լրագրողը պետք է հրաժարվի այդ միջամտությունից։ Մյուս բոլոր դեպքերում անձնական տվյալների հանրայնացման համար հիմքը անձի համաձայնությունն է։
Երեխաների և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց դեպքում, անգամ համաձայնության առկայության դեպքում, անձնական տվյալների հրապարակման որոշման բեռը հաճախ մնում է լրագրողի վրա։ Նա պետք է հստակ որոշի՝ արդյոք հրապարակման նպատակին հնարավոր չէ՞ հասնել՝ առանց անձնական տվյալների հրապարակման։ Եթե այդ նպատակն ամբողջապես իրագործելի է առանց անձնական տվյալների հրապարակման, ապա դա լավագույն լուծումն է», — ասում է Գևորգ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ այս երկընտրանքն առավել արդիական է համացանցի առկայության պարագայում, երբ տարածքային և ժամանակային սահմանափակումներ այլևս չկան․
«Հատկապես խոցելի վիճակում հայտնված մարդկանց և երեխաների դեպքում պետք է մտածել՝ արժե՞ արդյոք հրապարակել այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն կտան նույնականացնել մարդկանց։ Արդյոք արժե՞, հատկապես բռնության դեպքերը լուսաբանելիս, մարդկանց տվյալները հասանելի դարձնել բոլորի համար։ Լրագրողն ինքը պետք է որոշի՝ ունի՞ արդյոք իրավունք՝ այդ կերպ միջամտելու մարդու կյանքին»։
Նոր ուղեցույց
Լրագրողների կողմից գենդերային հիմքով և ընտանեկան բռնության դեպքերի լուսաբանումն առավել արհեստավարժ և օգտակար դարձնելու համար Եվրոպայի խորհուրդը ուղեցույց է մշակել Գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ։
Այն մշակվել է «Եվրոպայի խորհրդի՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Ուղեցույցը լրագրողներին, խմբագիրներին և գովազդատուներին հնարավորություն է տալիս բռնության թեմաները լուսաբանել մասնագիտական և ոչ սենսացիոն ձևով։
«Կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների ոտնահարում է, և լրավամիջոցներն ունեն էթիկական պարտականություններ՝ այն չդարձնել նորմա այնպիսի նյութերով, որոնք նպաստում և աննշան են դարձնում կանանց նկատմամբ բռնությունը։
Լրատվամիջոցները նաև պատասխանատվություն են կրում խորացնելու հասարակության գիտելիքները և զգայունությունը՝ կանանց նկատմամբ բռնության երևույթի հանդեպ[…]։ Լրատվամիջոցները նաև կարող են առանցքային դեր խաղալ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում», — ասվում է ուղեցույցում: