Չնայած տարածաշրջանի անկայուն իրավիճակին՝ տուրիզմը Հայաստանում ակտիվանում է
Տուրիզմը Հայաստանում ակտիվանում է
Հայաստանում տուրիզմի ոլորտը քիչ-քիչ արթնանում է, բայց օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում «դեռևս զգուշավորություն կա՝ տարածաշրջանի անկայուն վիճակով պայմանավորված»: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի կարծիքն է:
Նրա խոսքով՝ օտարերկրացի զբոսաշրջիկների մեծ մասը անհատներ են ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ճապոնիայից և Չինաստանից: Առաջին եռամսյակում, որը տուրիստական սեզոն չի համարվում, քիչ չեն եղել նաև ներգնա զբոսաշրջիկները:
Հայաստանի զբոսաշրջությունը անկում ապրեց 2020 թ.-ի գարնանը, երբ երկրում գրանցվեցին COVID-19-ի առաջին դեպքերը: Նույն տարվա աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը ևս բացասական դեր ունեցավ տուրիզմի ոլորտի վրա: Փոխարենը նույն ժամանակահատվածում նկատվեց ներգնա զբոսաշրջիկների թվի աճ:
«2022 թ.-ի առաջին եռամսյակում ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասել է շուրջ 250 հազարի, ինչը 2.9 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, բայց, ցավոք, դեռ պակաս է 2020 թ. առաջին եռամսյակի համեմատ, երբ դեռ կորոնավիրուսը չէր սկսվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Մեխակ Ապրեսյանը:
Վիճագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ.-ի առաջին եռամսյակում ներգնա զբոսաշրջիկների թիվը Հայաստանում կազմել է 183 հազար: Սա 22%-ով ավելի է 2020 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, իսկ տուրիստական ամենաակտիվ՝ 2019 թ.-ի ցուցանիշը գերազանցում է 15.5%-ով:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ ավելացել են նաև անհատական այցելությունները Հեռավոր Արևելքի երկրներից:
Խմբային այցելությունների պակասն Ապրեսյանը բացատրում է «տարածաշրջանի անկայուն վիճակով պայմանավորված» զբոսաշրջիկների զգուշավորությամբ:
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան են եկել հազարավոր քաղաքացիներ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Պատճառը, սակայն, ոչ թե հանգստանալու ցանկությունն էր, այլ ռուս-ուկրաինական հակամարտությունը:
«Մոտ 115 հազար այցելություն է գրանցվել, հիմնականում՝ Ռուսաստանից, 4-5 հազար էլ՝ Ուկրաինայից և Բելառուսից»,- հայտնել է Ապրեսյանն ու հավելել, որ արդեն հունիսից սկսած գալիս են նաև հանգստի նպատակով:
Դժվարանում է ասել՝ օտարերկրացի զբոսաշրջիկների համար ո՞ր ուղղությունն է ավելի գրավիչ. կախված է Հայաստան գալու նպատակից, ճաշակից և սպասելիքներից:
Ինչ վերաբերում է ներգնա տուրիզմին, տուրիստական ընկերությունների հավաքագրած տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների նախընտրելի ուղղություններն են Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերը:
Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանի բնակիչներից շատերը երկրի ներսում սկսեցին հետաքրքրվել հանգստյան վայրերով համավարակի պաատճառով։ Սակայն ընթացքում նրանք բացահայտեցին տարբեր հետաքրքիր ուղղություններ ու սահմանների բացվելուց հետո ևս նախընտրում են հանգստանալ հայրենիքում:
Ապրեսյանի համոզմամբ՝ տուրիզմի զարգացման համար Հայաստանը դեռ շատ աշխատանք պետք է կատարի՝ վարի ակտիվ և նպատակային մարքեթինգային քաղաքականություն, իրականացնի ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
«Հայաստանի օրենսդրությունը պետք է համապատասխանեցնել այսօրվա մարտահրավերներին և զարգացումներին, անհրաժեշտ է կատարելագործել նաև սահմանային անցման գործընթացները»,- շեշտել է փորձագետը:
Որպես օրինակ է բերում աշխարհի 60-ից ավելի երկրների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը Հայաստան, որը երկրում գործում էր նախքան համավարակի տարածումը: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ՝ այժմ քննարկվում է այդ մեխանիզմները վերականգնելու հարցը, ինչն, իհարկե, կհեշտացնի օտարերկրացի զբոսաշրջիկների մուտքը երկիր:
Տուրիզմը Հայաստանում ակտիվանում է