Չծխել
Ռեստորանի սեղանը կամ հյուրանոցի համարը Վրաստանում մշտապես նախատեսված է ծխողների համար: Չծխող հաճախորդների համար տեղեր կարող են ընդհանրապես չլինել: Ծխախոտն էժան է, այն կարող է գնել նույնիսկ նախաճաշի գումարը տնտեսած դպրոցականը: Հավանաբար այդ պատճառով է, որ ծխողներն այստեղ շատ են (տարբեր տվյալների համաձայն՝ բնակչության մինչև 40%-ը) և բազմազան (ծխում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, և՛ դեռահասները, և՛ հղիները):
Այս ամառ կրկին քննարկումներ սկսվեցին «Ծխախոտի հանդեպ վերահսկողություն» նոր օրինագծի շուրջ: Վրացական լրատվամիջոցների մի մասն անգամ հայտարարել է, որ հասարակական վայրերում ծխելու արգելքն ուժի մեջ կմտնի 2018թ-ի հունվարի 1-ից: Սակայն արդյո՞ք դա այդպես է, և ի՞նչ է տեղի ունենում օրենքի հետ:
Օրինագծի նախաձեռնող պատգամավոր Գուգուլի Մագրաձեն կարծում է, որ եվրոպական արժեքների հավակնություններ ունեցող երկրում պարզապես չի կարող իրերի այնպիսի դասավորություն լինել, որը նկարագրված է առաջին պարբերությունում:
“Փակ տարածքներում և ընդհանրապես հասարակական վայրերում ծխելն արգելող օրենք գոյություն ունի 2003թ-ից: Դրանով նույնիսկ տուգանքներ են սահմանվում, սակայն օրենքը մահացած է: Պատմության մեջ դեռևս որևէ դեպք չի գրանցվել, որպեսզի Վրաստանում որևէ մեկին տուգանեն ծխելու համար, մեխանիզմներ չկան, ոչ էլ մարմին, որը դրանով կզբաղվի: 2013թ-ին հատուկ պետական հանձնաժողով ստեղծեցին, որը պետք է աշխատեր նվազեցնել ծխախոտի վնասը: Գործողությունների պլան մշակվեց: Սակայն ոչինչ չփոխվեց, — պատմում է Մագրաձեն:
Ի տարբերություն հնի, նոր օրինագծում նշված է, թե կոնկրետ որ մարմինն է խախտողներին տուգանելու, իսկ 2018թ-ից խախտող կհամարվեն բոլոր այն սրճարանները, բարերն ու ռեստորանները, որտեղ ծխում են: Ի դեպ, տուգանելու են ոչ թե ծխողին, այլ այն հաստատությունը, որտեղ ծխել են: Տուգանքները զգալիորեն կավելանան (հին օրենքով 5 լարի՝ 2.5 դոլար է նախատեսվում):
Նոր օրինագիծը վերանայում է ծխախոտի իրացման և դաստիարակչական ու կրթական հաստատությունների միջև հեռավորությունը. նվազագույնը 50 մետր էր, այժմ 100 կդառնա: Բացի այդ գովազդի սահմանափակումներ կսկսեն գործել: Եվ այդ հարցում, ասում է Մագրաձեն, նախաձեռնողները ծխախոտային ինդուստրիայի լուրջ հակազդեցությանը հանդիպեցին:
«[Արտադրողներն ու ներմուծողներն] աշխատում են այնպես անել, որ օրենքը հետաձգեն անորոշ ժամանակով: Նրանք ասում են. «Ինչո՞ւ եք այդքան շտապում: Չէ՞ որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի մեջ հստակ ժամկետներ նշված չեն»: Այդ ժամանակ ես պատասխանում եմ. «Մենք չպետք է օրենքներ ընդունենք միայն նրա համար, որ ԵՄ-ն է մեզնից պահանջում»», — ասում է Մագրաձեն:
Բժիշկների կարծիքով, այդ օրենքը կարող է բազմաթիվ մարդկանց առողջությունը բարելավել: «Վրաստանի ուռուցքաբանների ասոցիացիայի» պրոֆեսոր Ռեզո Գագուան կարծում է, որ նման սահմանափակումներ հարկ էր ընդունել տարիներ առաջ, սակայն ավելի լավ է ուշ, քան երբեք:
Գագուան կիսվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությամբ. 2020թ-ին աշխարհում քաղցկեղի տարբեր տեսակներով հիվանդ մարդկանց թիվը կհասնի 8 մլն-ի: Անկասկած, օնկոլոգիական հիվանդությունները Վրաստանին էլ կվերաբերեն:
«Վրաստանում գրանցված է մոտ 10 հազար քաղցկեղային հիվանդ: Այս թիվն աճում է ամեն տարի, և 2020թ-ին կհասնի 16-18 հազարի: Ծխելն այդ թվի հետ կապված է այնքանով, որ ծխախոտի ծխի 60 տոկոսից ավելին քաղցկեղածին է», — նշեց Գագուան:
«Վրաստանի ուռուցքաբանների ասոցիացիան» վերջերս հատուկ հայտարարություն է տարածել, որում գործադիր և օրենսդիր իշխանություններին կոչ է արել անհապաղ ծխախոտի վաճառքի և օգտագործման վերահսկողությունը խստացնող օրենք ընդունել:
Վրաստանում ծխախոտի վերահսկողության խստացման համար պայքարող ամենաակտիվ կազմակերպությունը «Ծխախոտի վերահսկողության դաշինքն» է:
Դաշինքի ղեկավար Գիորգի Բախտուրիձեն կիսվեց վերջերս Սոցիալական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներով: Պարզվում է, որ Վրաստանի բնակչության 92%-ը կողմ է հասարակական վայրերում ծխելու արգելքին, իսկ 82%-ը կողմ է սրճարաններում, բարերում և ռեստորաններում ծխելու արգելքին: Միաժամանակ, հարցվածների գրեթե 60%-ը հենց ծխողներ են:
Վրաստանում հակածխախոտային օրենսդրությունը գործարկելու փորձերը կարելի է ավանդական համարել. դրանք եղել են 2008, 2011, 2013 թվականներին: 2013թ-ին Վրաստանում փոխվեց իշխանությունը և պարզվեց, որ գործը մեռյալ կետից կշարժվի: Սակայն ոչ մի նման բան:
“Մենք դիմեցինք նոր իշխանությանը, պատմեցինք միջազգային պարտավորությունների մասին, որոնք ստանձնել է Վրաստանը: Շուտով հանձնաժողով ստեղծվեց, ռազմավարություն մշակվեց, գործողությունների պլան հաստատվեց: Սակայն հետո վարչապետը փոխվեց, և ողջ այդ գործընթացը տարօրինակ կերպով սառեցվեց, — ասում է Բախտուրիձեն:
“Վրացական երազանքի իշխանության գալուն պես ծխախոտային ինդուստրիան ստվերից դուրս եկավ, այժմ նա իր շահերի լոբինգ է իրականացնում պետական հաստատություններում:
“Արտադրիր Վրաստանում պետական ծրագրի շրջանակում ծխախոտային ինդուստրիան 2015թ-ին պետության կողմից 3 մլն լարի ֆինանսավորում է ստացել, այն դեպքում, երբ շրջանակային կոնվենցիայի 19-րդ հոդվածն, ընդհակառակը, ծխախոտ արտադրողներին պարտավորեցնում է բնակչությանը փոխհատուցել առողջությանը վնաս հասցնելը:
2009թ-ից գործում է արգելք Վրաստանում ծխախոտային ինդուստրիայի կողմից տարբեր միջոցառումների և կազմակերպությունների հովանավորման համար: Սկսած 2013թ-ից մինչև հիմա ծխախոտային ընկերություններից մեկն ակտիվորեն ֆինանսավորում է պետական համալսարանները, ուսանողներին և բարձրաստիճան պաշտոնյաներին: Մյուսն ապօրինի հովանավորում է մասնավոր բուհեր, հետազոտական կազմակերպություններ, ինչպես նաև լրագրողների կամ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների համար թրեյնինգներ անցկացնող կազմակերպություններ: Ըստ էության, նրանք գնում էն պաշտոնյաների, ինչպես նաև լրագրողների լոյալությունը: Մենք կարծում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների և ծխախոտային ընկերությունների միջև կոռուպցիոն սխեմաներ են գործում, — հայտարարեց Բախտուրիձեն:
Մարդու իրավունքների կենտրոն ոչ կառավարական կազմակերպությունը դատի է տվել “Բրիթիշ ամերիկան տոբակո ծխախոտ արտադրող Բրիտանական-ամերիկյան ծխախոտային ընկերությանը (British American Tobacoo), ՆԳՆ ակադեմիային և փախստականների հարցերով նախարարությանը: Կազմակերպության իրավաբան Էկա Լոմիձեն ներկայացրեց հարցի էությունը:
“2015թ-ին ոստիկանական ակադեմիայում տեղի ունեցավ բռնի տեղահանվածների և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների պարգևատրումը վկայականներով: Արարողությանը ներկա էր Վրաստանի փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին, “Բրիթիշ ամերիկան տոբակո ընկերության ներկայացուցիչներն ու ոստիկանական ակադեմիայի ղեկավարության ներկայացուցիչներ: Դահլիճում, որտեղ տեղի էր ունենում այդ միջոցառումն, ընկերության տարբերանշանով պաստառ էր փակցված: Դա ապօրինի հովանավորչություն և արգելված գովազդ է: Դա վարչական իրավախախտումների օրենսգրքի խախտում է, դրա համար 300 լարի տուգանք է նախատեսվում, — ասում է իրավաբանը:
Մինչև վերջերս ծխախոտային ընկերության գովազդային նկարը տեղադրված էր ոստիկանական ակադեմիայի ֆեյսբուքյան էջում, սակայն բառացիորեն մի քանի օր առաջ այն հեռացրել են:
“Մեզ համար բոլորովին անընդունելի է օրենքի նման խախտումը, այն էլ՝ իրավապահ մարմինների պատերից ներս, — հայտարարեց Լոմիձեն:
Այդ ընթացքում օրինագիծն ուսումնասիրել են 5 խորհրդարանական կոմիտեներում և բացի իրավաբանականից, մնացած բոլորն աջակցություն են հայտնել: Սակայն այն պատճառով, որ խորհրդարանում լիագումար նստաշրջաններ արդեն չեն անցկացվում, առաջին ընթերցումը տեղափոխվել է աշնանային նստաշրջան:
Կկարողանա՞ն արդյոք հասարակական շահերը հաղթել ծխախոտային ինդուստրիային, պարզ կդառնա աշնանը:
Հրապարակվել է 27.07.2016