Չերքեզների և աբխազների աղոթքը քաղաքական ակցիայի է վերածվել ռուսական ոստիկանության գործողությունների պատճառով
Այս ամբողջ բուռն պատմությունը սկսվել է Գոլովինկա փոքր ավանում, որը գտնվում է ռուսական սևծովյան Սոչի քաղաքի մոտ: Այդ ավանն առանձնահատուկ և շատ կարևոր նշանակություն ունի մի քանի կովկասյան ժողովուրդների՝ չերքեզների, ադիգների, շապսուգների համար: Այստեղ է աճում նրանց համար սրբազան «Կակաչենին»:
Ծառն արդեն երկու հարյուր տարեկան է: Այն միշտ է սրբազան համարվել, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո այդ ժողովուրդների համար դարձել է նաև 1817-1864թթ-ի կովկասյան պատերազմի զոհերի խորհրդանիշ:
Վերջին 20 տարում մայիսի 21-ին Կակաչենու մոտ չերքեզներն աղոթում են ի հիշատակ կովկասյան պատերազմի զոհերի: Հազարավոր չերքեզներ-ադըղներ և նրանց հարազատ աբխազներ այստեղ հավաքվում են հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիներին:
Այդպես էր նաև այդ տարվա մայիսի 21-ին: Սակայն առաջին անգամ պատմությանը միջամտեցին իշխանությունները: Նրանց մեկնաբանությամբ՝ աղոթքը վերածվել էր չարտոնված հանրահավաքի: Կակաչենու մոտ էր ժամանել ոստիկանական կարգախումբ, որը ոչ միայն ցրեց աղոթքի մասնակիցներին, այլ նաև կալանավորեց և նախնական կալանքի բանտախուց տարավ ճգնավոր Ռուսլան Գվաշևին:
Գվաշևը շապսուգներ ժողովրդի առաջնորդն է և շատ հայտնի մարդ չերքեզների շրջանում: Այս անգամ նա էր ընտրվել որպես սգո աղոթքի քուրմ՝ փաստացի ողջ միջոցառման համակարգող:
Այնուհետև Լազարևսկոյե շրջանի դատարանը քննեց Սոչիի ոստիկանության զեկույցն ու որոշում կայացրեց Ռուսլան Գվաշևին 10 հազար ռուբլով (մոտ 175 դոլար) տուգանելու մասին: Իսկ քանի որ ճգնավորը չէր ենթարկվել ոստիկանությանը և չէր ցանկացել բանտախուց գնալ, նրան դատապարտեց նաև 8-օրյա կալանքի:
Ճիշտ է, դատարանը մարդասիրություն ցուցաբերեց և, հաշվի առնելով Գվաշևի հաշմանդամությունը, նույն պահին ներեց այդ 8 օրը և տարեց մարդուն տուն ուղարկեց:
Սակայն պատմությունը դրանով չավարտվեց, այն դրանից սկսեց: Եվ դետեկտիվին բնորոշ գծեր ձեռք բերեց:
Ռ ուսլան Գվաշևը կտրականապես չհամաձայնեց դատարանի որոշմանն ու սկզբունքայնություն ցուցաբերեց: Ըստ ռուսական օրենսդրության, հայտարարեց նա, կրոնական բնույթի միջոցառումները չեն կարող հանրահավաք համարվել, և դրանց անցկացման համար հատուկ թույլտվության վերաբերյալ փաստաթղթեր չեն պահանջվում:
Ի վերջո գործը հասավ նրան, որ սեպտեմբերի 11-ին նա անժամկետ հացադուլ հայտարարեց, իսկ Լազարևսկոյե ավանում բազմամարդ բողոքի ցույցեր սկսվեցին, որոնց մասնակցում էր այդ թվում Աբխազիայի հարյուրավոր բնակիչ:
Հոկտեմբերի 5-ին Կրասնոդարում, որտեղ գտնվում է երկրամասի դատարանը, պետք է քննեին Ռուսլան Գվաշևի վերաքննիչ բողոքը, և նրա ներկայությունն այնտեղ պարտադիր էր: Սակայն Գվաշևն արդեն այնպիսի վիճակում էր, որ կարող էր մահանալ ցանկացած պահի:
Այդ ժամանակահատվածում այս պատմության հանդեպ մեծ ուշադրություն կար Աբխազիայում: Ռուսլան Գվաշևը 1992-93թթ-ի վրաց-աբխազական պատերազմի մասնակից է եղել աբխազների կողմից և պարգևատրվել է Լեոնի շքանշանով: Նա ռուսական քաղաքացիությունից բացի ունի նաև աբխազական անձնագիր:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Գվաշևի հետ: Այնուհետև նրա մոտ է ուղարկել իր ներկայացուցիչներին՝ խորհրդական Վլադիմիր Զանտարիային և նախկին փոխնախագահ Վալերի Արշբային, որպեսզի նրանք Գվաշևին Սուխում տեղափոխեն բուժման համար:
Եվ հոկտեմբերի 5-ին, երբ իրավիճակը կրիտիկական դարձավ, Աբխազիայից շտապօգնության մեքենա ուղարկեցին, որը պետք է ուժասպառ ծերունուն Կրասնոդար տեղափոխեր: Նրան մեքենայում տեղավորեցին և շարժվեցին:
Սակայն Սոչիից դուրս գալիս շտապօգնության մեքենան զինվորական կեցվածքով մի խումբ անձինք կանգնեցրին, որոնք քաղաքացիական հագուստով էին: Մի քանի ժամ նրանք համառորեն համոզում էին Գվաշևին լքել մեքենան և հիվանդանոց գնալ իրենց հետ: Չերքեզ ճգնավորին դեպի Կրասնոդար ուղեկցող բոլոր մեքենաները կանգնեցվեցին փաստաթղթերը ստուգելու համար:
Այդ ժամանակ Կրասնոդարում երկրամասային դատարանի մոտ հարյուրավոր չերքեզ և աբխազ ակտիվիստներ հավաքվեցին, որոնք եկել էին աջակցելու Ռուսլան Գվաշևին:
Իրավիճակը մեղմեց հայտարարությունն այն մասին, որ դատական նիստը տեղափոխվում է հոկտեմբերին 16-ին: Այնտեղ հենց՝ շտապօգնության մեքենայում, Գվաշևին մոտ մարդիկ համոզեցին նրան դադարեցնել հացադուլը, որն այդ պահին շարունակվում էր արդեն 23 օր:
Ռուսլան Գվաշևը դատական նիստին սպասելու է և ակցիայի ընթացքում զգալիորեն խաթարված առողջությունը վերականգնելու է, ըստ ամենայնի, Աբխազիայում, ուր նրան հրավիրել է նախագահ Ռաուլ Հաջիմբան: Վերջին օրերին Գվաշևը չէր կարողանում վեր կենալ անկողնուց, գրեթե չէր խոսում, իսկ բժիշկները նրա մոտ ուղեղի կաթված են ախտորոշել:
Սակայն այժմ Գվաշևի և դատարանի միջև վեճն այլևս միայն նրա գործը չէ: Պատմությունը մեծ քաղաքական ակցիայի վերաճեց, որը զգալիորեն դուրս է եկել ողջ Կրասնոդարի երկրամասի սահմաններից:
Ի աջակցություն Գվաշևի հանրահավաքներ տեղի ունեցան Աբխազիայում և Թուրքիայում: Հացադուլի ժամանակ նրա տուն էին գալիս չերքեզ-ադըղների և աբխազների բազմամարդ խմբեր: Գվաշևին և պատմական հիշողության պահպանման համար նրա պայքարին համերաշխության տեսաուղերձ հրապարակեց հայտնի ռուս հեռուստահաղորդավար, Ռուսաստանի նախագահին կից Հանրային պալատի անդամ Մաքսիմ Շևչենկոն:
Աբխազիայում Ռուսլան Գվաշևի հետ կապված պատմությունը շատ ցավագին ընդունեցին: Այստեղ ի աջակցություն նրա հասարակական կազմակերպություն է ստեղծվել: Դրա ղեկավար, քաղաքագետ Դավիթ Դասանիան հրապարակավ հայտարարեց, որ եթե Գվաշևը մահանա, նա կհրաժարվի ռուսական քաղաքացիությունից և կոչ կանի բոլոր ադըղներին նույնն անել:
Այդ բոլոր հասարակություններում Ռուսլան Գվաշևն ընկալվում է որպես հաղթող, որը կարողացել է հակահարված տալ համակարգին: Պատմությունը, որը սկսվեց որպես շարքային վարչական գործ, դարձավ մեծ քաղաքական ակցիա Հյուսիսային Կովկասի միանգամից մի քանի հասարակություններում և Աբխազիայում: