Չեչնիա․ «բաց» vs «պահպանողական» հագուստ
Չեչնիայում՝ Ռուսաստանի կազմում գտնվող հանրապետությունում, որը Հյուսիսային Կովկասում է գտնվում, փաստացի դրես-կոդ է գործում կանանց համար։ Հեշտ է ենթադրել, որ այդ հանրապետության կանանց համար, որտեղ պահպանողական մուսուլմանական բարքեր են տիրում, թույլատրված կլինի բաց զգեստ կրելը կամ գլուխը չծածկելը։
Սակայն կանոններն աշխատում են նաև այլ ուղղությամբ, դրանք կանանց թույլ չեն տալիս չափազանց պահպանողական հագնվել։
Այդ չգրված կանոնների խախտման պատճառով չեչեն կանանց վերջերս ոստիկանություն են կանչել։ Այնտեղ նրանց դիմավորել է մուֆտին, որը սկզբից աղջիկներին նախատել է «սխալ» հագուստի համար, այնուհետև ստիպել հանել հագուկապի անպետք դետալները։ Այդ ամենը տեսանկարահանվել է և ցուցադրվել գլխավոր հանրապետական հեռուստաընկերության եթերում։
«Գրոզնի» հեռուստաընկերությունը կատարվածն անվանել է «դաստիարակչական զրույց»։ Դրա անցկացման առիթն այն է եղել, որ երեք աղջիկներն էլ նիկաբ են կրել՝ մուսուլմանական գլխաշոր, որը ծածկում է դեմքը։
«Հիջաբը պարտադիր է, — բացատրել է Չեչնիայի մուֆտի Սալահ Մեժիևը, – սակայն դեմքն ու ձեռքերը պետք է բաց լինեն։ Չգիտեմ՝ որտեղ և ինչ եք սովորել։ Սակայն ձեր այս արտաքին տեսքը հակասում է մեր ժողովրդի ավանդույթներին և ավանդական իսլամին», – ասել է Մեժիևը։
Աղջիկներին ուղղված նվաստացուցիչ նախատինքի ու կենտրոնական հեռուստաալիքով այդ նվաստացման հեռարձակման մեջ ոչ մի նոր բան չկա։ Տեղի իշխանությունները պարբերաբար նման կերպ պատժում են բնակիչներին, որոնց պահվածքն անպատեհ են համարում։
Այսպես, վերջերս հեռուստաընկերությունը հանրապետությունով մեկ ամոթանք էր տալիս դպրոցականներին, որոնք կոտրել են ցանկապատը, և սա միակ դեպքը չէ, այլ պարբերաբար կրկնվող երևույթ։
Հիջաբ՝ գլխաշոր կրելու պահանջը Չեչնիայում բազմիցս բարձրաձայնվել է նախկինում։ Այն պետք է կրեն պետական հաստատությունների աշխատակիցները, «Գրոզնի» հեռուստաընկերության լրագրողները, համալսարանի ուսանողներն ու անգամ դպրոցականները։
Այն կանանց վրա, ովքեր այնպես չէին հանգնվում, ինչպես ուզում են հանրապետության կրոնական և աշխարհիկ իշխանությունները, հարձակվում էին փողոցում։ Այսպես, 2010 թ․ հունիսին առանց գլխաշորի աղջիկների վրա փեյնթբոլի զենքով կրակելու մի քանի դեպք է եղել։ Նման հարձակումներից Չեչնիայում տուժել են տասնյակ կանայք, աղջիկներից մեկը ծանր վնասվածքով հոսպիտալացվել է։
Մեկնաբանելով Գրոզնիում աղջիկների վրա հարձակումը՝ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ շնորհակալություն կհայտներ այդ ակցիայի կազմակերպիչներին։