Չ՛զոհվածը
Հայաստանաբնակ Հրաչ Աբրահամյանի կյանքը բաժանվում է երկու մասի. նախքան գերությունն ու գերությունից հետո։ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմում գերությունից հետո անհայտ կորած համարվող Հրաչ Աբրահամյանին կենդանության օրոք վիճակվել է ունենալ իր սեփական գերեզմանը, որը նա հայտնաբերում է տուն վերադառնալուց հետո։
Լուսանկարում՝ ձախից առաջինը Հրաչ Աբրահամյանն է ԼՂ պատերազմի տարիներին:
Հրաչ Աբրահամյանը զինվորական համազգեստով:
Գերությունից 27 տարի անց, Հրաչ Աբրահամյանը շաբաթը մեկ անգամ այցելում է զոհված ընկերներին՝ Եռաբլուր մարտական ընկերների, հարազատների կամ թոռների հետ:
Հրաչն ասում է, որ ինքն էլ կարող էր այստեղ թաղված լինել, մինչդեռ կյանքը հաղթեց իր մեջ:
1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսված պատերազմը մինչ օրս շարունակում է լինել Հարավային Կովկասի զարգացումը խոչընդոտող և չլուծված հակամարտություններից մեկը։
Հրադադարի համաձայնագիրը կնքվել է 1994 թ.-ին, սակայն կոնֆլիկտը մինչ օրս էլ շարունակում է մարդկային կյանքեր խլել:
Ըստ հետազոտող-լրագրող Թաթուլ Հակոբյանի տվյալների, Ղարաբաղյան պատերազմի տարիներին, ինչպես նաև 1994-2017 թթ․ ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 9000 -ից ավելի զոհ։
Հրաչի գերությունը սկսում է 1991 թ. մայիսի 19-ին։ Նա մասնակցում էր ռազմահետախուզական գործողությունների, որի ընթացքում էլ գերի է ընկնում Հայաստանի Տավուշի մարզի մոտ գտնվող ադրբեջանական մի գյուղում։
Գերության մեջ անցկացնում է 4 օր, սակայն տուն է վերադառնում շուրջ 3 ամիս անց` 1991 թ. օգոստոսի 30-ին:
«Հիշում եմ, երբ դուռը ծեծեցի, բացեց կնոջս հայրը ու ապշած ինձ էր նայում: Մտա ներս, երեխաներս վազեցին ինձ մոտ, բայց կինս սառած հայացքով ինձ էր նայում, չէր կարողանում խոսել: Հետո հայացք նետեցի հեռուստացույցի գլխին, տեսնեմ սև շրջանակի մեջ իմ նկարն է դրած, դիմացը վառվող մոմեր: Հարցրեցի կնոջս սա ի՞նչ է, ասաց, բա քեզ թաղել ենք: Ո՞նց թե թաղել եք, հարցրեցի ես ու անշարժացա»,-պատմում է 66-ամյա Հրաչ Աբրահամյանը:
«Հրաչը, որ մտավ տուն, ինձ թվաց երազիս մեջ եմ: Ձեռք էի տալիս նրա դեմքին, ձեռքերին, որ հավատամ: Հետո նայեցի, տեսնեմ վիրավորված չի ու ապշած հարցրեցի՝ դու ո՞ղջ ես: Չէի հասկանում` ինչ է կատարվում»,-ասում է Ալվարդը Աբրահամյանը:
Շարունակելով կնոջը՝ Հրաչը պատմում է, որ հաջորդ օրն առավոտյան մարտական ընկերների և ընտանիքի հետ գնացին իր գերեզմանին:
«Գնացի, տեսա Եռաբլուրում գերեզման են սարքել, հողը լցրել ու երկաթից ցուցանակ դրել, վրան էլ գրել անուն ազգանունս՝ Աբրահամյան Հրաչ, ծնված՝ 1952 թ., զոհված՝ 1991 թ.: Որ տեսանք, սկսեցինք ծիծաղալ, մարտական ընկերներս սկսեցին կատակներ անել, թե բա Հրաչը մեռել է, մենք էլ խաբար չենք»,-հիշում է նա:
Հետագայում` 1992 թ.-ին, նա իր համար նախատեսված գերեզմանում հուղարկավորում է պատերազմում զոհված ընկերոջը`Հրանտ Ասատրյանին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կողմից եղել է ավելի քան 4500 անհայտ կորած, որոնց մեջ ներառված են և՛քաղաքացիական անձինք, և՛ զինվորականներ: 2015-ին ԿԽՄԿ-ն հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների թարմացված ցուցակը:
Իսկ 2014-ից ԿԽՄԿ-ն սկսել է իրականացնել անհայտ կորածների հարազատների կենսաբանական նմուշների հավաքագրումը: Մինչ օրս 298 անհայտ կորածների արյունակից հարազատներից հավաքվել է 778 նմուշ, որոնցից 195-ն անցել է ԴՆԹ պրոֆիլի և որակի ստուգում։
Ղարաբաղյան պատերազմի մասնակից Հրաչ Աբրահամյանը ծնվել է Բաքվում՝ հայ ընտանիքում, սակայն 4 տարեկանում մոր մահից հետո, տեղափոխվել է Ղարաբաղ՝ Շուշիի մանկատուն: Նա պատմում է, որ հայրը երկրորդ անգամ է ամուսնացել և ինքը մնացել է տատիկի խնամակալության ներքո: 8 տարի ապրելով Շուշիի մանկատանը՝ նա կրկին վերադարձել է Բաքու սովորելու ինտերնատում, այնուհետև զորակոչվել խորհրդային բանակ:
Հրաչը տիրապետում է ադրբեջաներեն լեզվին, և երբ 1991թ.-ին գերի է ընկնում, առաջին հերթին փորձում են պարզել իր ինքնությունը:
«Ստիպում էին խոստովանել, որ հայ եմ, հետո, որ շորերս հագիցս հանեցին, տեսան, որ թևիս վրա նակոլկա ունեմ, վրան հայերեն տառերով գրված՝ «Սեր իմ Ալվարդ»: Հասկացան, որ հայ եմ ու մեկ էլ մեջքիս ուժեղ հարված զգացի: Ուշքս գնաց ու էլ բան չեմ հիշում»,-պատմում է Հրաչը:
Գերության մեջ նա պարբերաբար ծեծի է ենթարկվում, մարմնի տարբեր հատվածներում ստանում վնասվածքներ ու կոտրվածքներ, որոնց հետքերը վաղուց արդեն անցել են, բայց հիշողությունները մնացել:
«Հիշում եմ մեկը մի օր հաց բերեց, գցեց գետնին, տրորեց ու հահոյելով ասաց դե կեր: Մտածեցի, մեկ է, ուտեմ խփելու է, չուտեմ էլի խփելու է ու որոշեցի ուտել, սոված մեռնում էի: Մի երկու հատ ծամեցի հացը, մեկ էլ քացով խփեց կոկորդիս: Դրանից հետո չէի կարողանում խոսել, ձայնալարերս վնասվել էին»,-պատմում է Հրաչը:
Չորրորդ օրը նա խնդրում է, որպեսզի իրեն ուղեկցեն զուգարան: Տանում են և հենց այդ ժամանակ էլ Հրաչը դիմում է փախուստի:
«Զուգարանից որ դուրս եկա, տեսա ադրբեջանցիները բարձր-բարձր խոսում են, իմ կողմ չէին էլ նայում: Որոշեցի փախնել: Ոտքերիս մեջ ուժ չկար, դեմքս այլանդակված, կոկորդս վնասված, աչքերս ուռած, արյան ու կապտուկների մեջ կորած, բայց փախնում էի: Այդպես էլ ինձ չտեսան, ես փախա ու մի 20 մետր հեռավորության վրա մի հին զուգարան գտա: Մինչև վիզս մտա էդ զուգարանի կղանքի մեջ ու թաքնվեցի»,-պատմում է Հրաչը:
Այդպես մի քանի ժամ մնում է մինչև դադարում են լսվել իրեն փնտրող մարդկանց ձայները: Ողջ գիշեր քայլում է, անցնում անտառների միջով ու լուսադեմին հասնում հայկական կողմը։
«Կյանքը շատ թանկ է: Գերության ժամանակ, որ ինձ ծեծում էին, մտածում էի հեսա կմեռնեմ, բայց մինչև վերջին շունչը ուզում էի ապրել, չէի հանձնվում: Հետո որ փախա, ու այս պատմությունը շատերը իմացան, ինձ հարցնում էին, թե ոնց եմ զուգարանում` կղանքի մեջ, էդ տհաճ հոտին 4 ժամ թաքնված մնացել: Բայց ես էդ 4 ժամը մնացել եմ հանուն ապրելու, հանուն կյանքի, ամեն մի վայրկյանը թանկ էր ինձ համար: Էդ պահին մտածում էի ավելի լավ է սոված մնամ, վատ ապրեմ, բայց հիմա դիմանամ, որ շարունակեմ ապրել»,-ասում է Հրաչը:
Հայկական կողմում հայտնվելուց հետո նա 3 ամիս բուժում է ստանում Իջևանի հիվանդանոցում: Այդ ընթացքում հեռախոսազանգով մեկ անգամ տեղեկացնում են նրա կնոջը, որ Հրաչը գտնվում է մահամերձ վիճակում:
«Ես միանգամից ուշաթափվեցի, երբ ստացա այդ լուրը: Ես հասկացել էի, թե ամուսինս գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում ու մեր բարեկամները սկսեցին փնտրել նրան Երևանի բոլոր հիվանդանոցներում ու անատոմիկներում: Բայց ոչ մի տեղ չգտանք ամուսնուս դիակը,-պատմում է տիկին Ալվարդը,- Անցան օրեր ու լուր չկար, հարևաններն էլ ասում էին, թե Հրաչը դավաճան է, անցել է ադրբեջանցիների կողմը ու էլ հետ չի վերադառնա: Երեխաներս դասի չէին գնում, ամբողջ օրը լացում էին ու ամաչում, որ իրենց հորը դավաճան են անվանում: Մեր հարազատները որոշեցին գերեզման սարքել Հրաչի համար՝ մտածելով որ նրան սպանել են: Հունիսի 18-ին` նրա գերությունից մեկ ամիս անց, մենք գերեզման սարքեցինք ամուսնուս համար, իր շորերը, կոշիկները դրեցինք դագաղի մեջ ու թաղեցինք Եռաբլուրում»:
Հրաչը պատմում է, որ ինքը բուժման 3 ամիսների ընթացքում անգիտակից է եղել, կոտրվածքներ ստացած, ձայնալարերը վնասված, նույնիսկ չի կարողացել խոսել հարազատների հետ կապ հաստատելու համար: Եվ միայն ապաքինվելուց հետո, կարողացել է վերադառնալ տուն` Երևան:
«Պատերազմի դաշտում ինչ դաժանություն ասես, որ չեմ տեսել, մոտ ընկերներ եմ կորցրել, վիրավոր ընկերոջս կյանքը փրկել, գերի ընկած հայի հետ բերել, ադրբեջանցի երեխայի կյանք փրկել: Ես չէի ուզի, որ պատերազմ լիներ ու Աստված չանի կրկնվի: Մարդը, ով անցել է պատերազմի միջով, կհասկանա ինչ արհավիրք է դա»,-ասում է Հրաչը:
Այսօր նա աշխատում է՝ որպես պահակ, Երևանի նորակառույց շենքերից մեկում, իսկ ազատ ժամանակը նվիրում է տան առջևի փոքրիկ այգին մշակելուն: Հրաչը ապրում է Ազատաշեն գյուղում կնոջ, տղայի ու թոռների հետ: Պատմում է, որ պատերազմից հետո հիմնականում զբաղվել է շինարարությամբ:
«Այսպիսի մի խոսք կա «ոչ կենդանի, ոչ մեռած»: Ես ինձ հաճախ այդպես եմ զգում…Ճիշտ է, ապրում եմ, քայլում եմ, շնչում, բայց հասարակության մեջ իմ տեղը լիարժեք չեմ գտնում: Պատերազմի հետքը մնում է մինչև կյանքի վերջ: Ես խաղաղություն եմ ուզում»,-ասում է Հրաչ Աբրահամյանը: