Ումո՞վ ենք հպարտանում և ո՞ւմ մեղադրում
Երկաթյա դուռը բացվում է դրսից ուղիղ դեպի սենյակ, մեծ սեղանը զբաղեցնում է ամբողջ տարածքը, ուզում ես անցնել դրա հեռավոր անկյունում գտնվող խոհանոց, պետք է սողոսկել մեջքով նստածների մեջ: Սեղանի շուրջ նստած են Երկրորդ աշխարհամարտի վետերաններ՝ հինգ հոգի: Մնացածը Համագործակցության անդամներն են:
[Ադրբեջանի ժողովուրդների համերաշխության հասարակական միավորում], Համագործակցությանը կից «Շող» միավորման գրողներ, ջութակով գունատ աղջիկ ու տղա, ովքեր ներկա էին բազմազանելու ժամանցային ծրագիրը և կամավորներ, ովքեր էլ կազմակերպել էին միջոցառումը:
Համագործակցությունն ըստ էության տարածքն էր տրամադրել: Մայիսի 9-ի հաղթանակի կապակցությամբ վետերաններին որոշել էր շնորհավորել հայտնի ակտիվիստ Աիդա Ալիևան, ով նաև զբաղվում է մանկատան հարցերով և այլ բարեգործական նախագծերով: Հենց նա և նրա ընկեր-կամավորներն են թեյախմության համար թխվածք գնել և փաթեթավորել նվերները: Նվերները պրակտիկ էին՝ հնդկաձավար, մակարողնեղեն, շաքար:
Թոֆիգ Ահմեդով
Հրավիրվածների թվում էր նաև վետերան Թոֆիգ Ահմեդովը: Նա ուղիղ կեցվածք ունի և ցուցադրում է իր բազմամթիվ շքանշանները: «25 տարի Մոսկվայում եմ ապրել, այնտեղ ինձ Անատոլի Յակովի էին անվանում», — պատմում է նա: Ահմեդովի պնդմամբ, Մոսկվայում բարեգործի ոսկե մեդալ է ստացել, հետո ևս երկու տարի ապրել Նյու Յորքում, որտեղ ի դեպ բոլոր ադրբեջանցիները բաքվեցի են, գյուղերից մարդ չկա: «Ես ստալինիստ եմ, շատ եմ սիրել և սիրում Ստալինին, ով ամեն ինչ արել է ֆաշիզմի հանդեպ հաղթանակ տանելու և արդյունաբերության աշխատանքի համար, — հպարտությամբ ասում է Ահմեդովը: — Դուք դա չգիտեք, սակայն երբ պատերազմն ավարտվեց, նա սկսեց գներն իջեցնել»:
Ընդհանուր առմամբ սեղանի շուրջ հաճախ էին հիշում խորհրդային ժամանակները: Բանն այն է, որ վետերանների գործերով Ադրբեջանում զբաղվում են հիմնականում ռուսական համայնքի ներկայացուցիչներն ու համապատասխան կազմակերպությունները՝ Ռուսական տեղեկատվական մշակութային կենտրոնը, ռուսական համայնքը, կամավորներն ու հատկապես Բաքվի ամենահին եկեղեցու՝ Միքայել հրեշտակապետի տաճարի ներկայացուցիչները:
Համագործակցությունը, որին աջակցում է Ռուսաստանի դեսպանատունը, մանր գրական խմբակները և միավորումները իրենցից մեծ հաշվով ռուսախոս տեղեկատվական համայնք են ներկայացնում: Այստեղ խորհրդային ժամանակաշրջանի նոստալգիկ մթնոլորտ է տիրում և ձգտում դեպի ամեն ռուսականը, այդ պատճառով էլ Երկրորդ աշխարհամարտը երեկոյի ընթացքում մի քանի անգամ Հայրենական Մեծ պատերազմ անվանեցին՝ ինչպես Ռուսաստանում:
Վալենտին Կոնոնով
1928 թ-ի ծնված վետերան Վալենտին Եֆիմի Կոնոնովը, պատերազմի տարիներին թիկունքում է աշխատել: «Կասպյան շոգենավների միությունում, Աստրախան նավթի էինք գնում, բանակը վառելիքով ապահովում: Ստիպված էինք փոխհրաձգության գնալ գերմանացիների հետ»:
«Մեզ վրա յունկերսներ հարձակվեցին և այնպիսի իրավիճակում հայտնվեցինք, որ գնում էինք, իսկ մեր հետևից՝ վառելիքով քարշակը: Իսկ այդ պահին նրանք են հարձակվում, մենք չէինք կարող մանևրել, գերմանացիների համար պարզապես թիրախ էինք:
Հատուկ վախ ես երբեք չեմ զգացել, սակայն մի պահ կար, որը քչերը տեսած կլինեն և կարող են իրենց պատկերացնել՝ ինչպես է ծովն այրվում: Գերմանացիներն արկակոծեցին գործարանը, վառելիքը թափվեց և հրդեհվեց: Քամին մեր վրա էր քշում այդ այրվող ջուրը, և մոտ 200 մետրից հանկարծ կտրուկ փոխեց ուղղությունը և կրակը մեզնից հեռու տարավ»:
Վալենտին Կոնոնովի հայրը, ով ապրել է 93 տարի, «ՍՄԵՐՇ»-ում է ծառայել: Եվ երիտասարդներից քչերը գիտեն, որ «ՍՄԵՐՇ»-ը լեգենդար կառույց էր, որը ենթարկվում էր անձամբ Ստալինին և ապահովում խորհրդային բանակի «զտումները», մի խոսքով ստալինյան հետապնդումներն իրականացնող կառույց էր:
Հանդիսավոր ելույթներին հետևեց ինքնագործունեությունը. երգեր կիթառի նվագակցությամբ, ջութակ, մի խոսքով, բոլորն արեցին, ինչ կարող էին: Թեյը լցնում էին խոհանոցում հսկա էլեկտրական ինքնաեռից: Ընդհանուր առմամբ միջոցառումը հաջող ընթացք ունեցավ՝ չհաշված նվերները բաժանելուց հետո տեղի ունեցած փոքրիկ միջադեպը. պարզվեց՝ ինչ-որ մեկը երկու փաթեթ էր վերցրել և առանց նվեր թողել ուրիշին:
Սփոփեց սակայն այն, որ պետությունը նույնպես որոշել էր շնորհավորել վետերաններին. այս տարի նրանց 1000-ական մանաթ (670 դոլար) հատկացրին, իսկ վետերանների այրիներին՝ 500 մանաթ (335 դոլար): Նախորդ տարի այդ գումարը կազմել է համապատասխանաբար 500 և 300 մանաթ:
Մնացած 364 օրը
Ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում Երկրորդ աշխարհամարտի մոտ 1200 վետերան կա: Վետերան են համարվում բոլոր նրանք, ովքեր մարտի դաշտում են եղել, ինչպես նաև կռվել են թիկունքում, գերմանացիների օկուպացրած տարածքների հայրենադարձները, «ճամբարականները», աշխատանքի վետերանները: Գոյություն ունի վետերանների խորհուրդ, որը զբաղվում է նրանց հարցերով:
Ինչպես են ապրում վետերանները Հաղթանակի օրվանից բացի տարվա մնացած 365 օրը: Նրանք տարբեր չափերի թոշակներ են ստանում: Հակաօդային պաշտպանության Բաքվի շրջանի Պատերազմի վետերանների խորհրդի նախագահ և Միխայլովյան եկեղեցուն կից սոցծառայության ղեկավար Ալեքսանդր Անտրոպովի խոսքերով, բաժանումն այսպիսին է. օրինակ օդաչուները կարող են ստանալ մինչև 1000 մանաթ (669 դոլար), շարքայինները՝ նվազագույն կենսոթոշակից (160 մանաթ՝ 107 դոլար) մինչև 300-380 մանաթ (200-255 դոլար):
Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա 1992թ-ի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 46-րդ նստաշրջանի հիման վրա օրենք է ընդունվել, որը սահմանում է մարդկանց շրջանակը, ում արտոնություններ են հասնում, ինչպես նաև վետերանների խորհուրդների գործունեությունը:
2006թ-ին օրենքում փոփոխություններ կատարվեցին՝ արտոնությունները փոխարինվեցին վետերաններին միանվագ վճարումներով:
Ի դեպ, այդ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, վետերաններին գործադիր իշխանության մարմինները պետք է կոմունալ ծախսերի վճարման համար նպաստներ հատկացնեն: Պետք է նպաստներ տրվեն բուժման, պրոթեզավորման, դեղորայքի համար և ապահովեն առողջարանների այցելությունը: Սակայն, ինչպես ասում է Ալեքսանդր Անտրոպովը, ոչ մի նպաստ վետերաններին չի հատկացվում, ոչ մի արտոնություններ չկան, բոլոր կոմունալ ծախսերը նրանք ինքնուրույն են վճարում, բուժումը նույնպես վճարովի է. «Փող կա, բուժվիր, դեղեր գնիր, չկա՝ ոտքերդ տնկիր և մահացիր»:
Սակայն պետությունը պարբերաբար բավականին մեծահոգի է լինում, օրինակ, 2012թ-ին վետերանները նոր NAZ-Lifan [սեփական արտադրության ավտոմեքենա] մեքենաներ նվեր ստացան, իսկ ևս 45 մարդ՝ նոր բնակարան:
Ընտանիք չունեցող միայնակ վետերանները կենսաթոշակից կենսաթոշակ են ապրում, մի կամավորի այցլելությունից մինչև մյուսը: Այդ պատճառով էլ նրանք, չնայած տարիքին, հիվանդություններին ու հոգնածությանը, ուրախությամբ են այցելում իրենց համար կազմակերպած միջոցառումներին:
Ադելիա Ագակիշիևա
Ադելիա Ագակիշիևային ավելի ու ավելի դժվար է դառնում տոներին ներկա լինելը: 87 տարեկան է: Մենակ է ապրում Բայիլի շրջանի փոքր բնակարանում՝ Բաքվի կենտրոնից ոչ հեռու: Նրա ոտքերը հիվանդ են, ձեռնափայտով է քայլում, ինքնուրույն չի կարող հոգ տանել իր մասին: Սակայն սև աչքերի հայացքից պարզ է դառնում, որ սուր մտքը տարիները խնայել են:
Ինքը Ադելիան Նախիջևանից է: 41թվին ավարտել է տեխնիկումը, ֆելդշերների կուրսեր է անցել, կոմսոմոլի կոմիտեի քարտուղար է եղել: «42թ-ին մեզ իր մոտ կանչեց կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի քարտուղարն ու կարդաց ռազմական գործողություններին մարտունակ երիտասարդությանը ներգրավելու մասին Ստալինի հրամանը:
Ահա թե ինչ կասեմ. հիմա շատ են նրանք, ովքեր ասում են, թե ինքնակամ են գնացել: Մի հավատացեք նրանց: Ոչ ոք ինքնակամ չի գնացել, բոլորին ստիպել են դիմում գրել: Այդպիսի ժամանակներ էին: Ասացին և բոլորը հավաքվեցին: Իսկ հիմա ամեն ինչ խառնվել է, միմյանց դեմ են կռվում: Ափսոս հիմա Ստալինը չկա»:
42թ-ին Ադելիային ուղարկել են ճակատ որպես բուժքույր. «Մեզ հետ էր նաև բժիշկ Մամեդը և ևս մեկ քույր՝ Խաջարը: Բժիշկը դողում էր մեզ վրա, փորձում էր վտանգից պահպանել»:
Սրտացավ Ադելիայի համար շատ դժվար էր որպես բուժքույր աշխատել. «Մի անգամ երկու օդաչու բերեցին մեզ մոտ՝ այրված մաշկով: Բժիշկը մկրատն ու պինցետը տվեց և ասաց. «Կտրիր մեռած մաշկը»: Ես կտրում եմ, իսկ արցունքներս հոսում են: Բժիշկը հետո զայրացած ասաց. «Չե՞ս հասկանում, որ պատերազմի դաշտում ես: Այստեղ լացել չի կարելի: Հարմարվիր՛»:
Ադելիան ասում է, որ մինչև հիմա լալիս է, երբ հեռուստացույցով Հաղթանակի շքերթն են ցույց տալիս: «Քրոջս ամուսինը զոհվեց պատերազմում, նա երիտասարդ էր և մենակ մնաց երեխայի հետ: Մինչև մահ ամուսնուն էր սգում. ռազմաճակատից ուղարկված նամակները լցնում էր իր առջև ու սկսում լացել: Ես ինքս մի քանի նամակ եմ կարդացել, այլևս ուժ չունեի, սիրտս պայթում էր…»:
Ադելայի անձնական կյանքը չի դասավորվել: «Ընտանիքս շատ խիստ էր: Հորս այդպես էլ չէին ասել, որ պատերազմ եմ գնացել: Մայրս խաբել էր, թե սովորելու եմ մեկնել և ինչ-որ շրջանում եմ աշխատելու: Սկզբում, երբ դեռ 43թ-ին չէին ուղարկել ուկրաինական ճակատ, հաճախ էի տուն գալիս: Մայրս միշտ ասում էր. «Համազգեստով տուն մի արի»: Բանակում շատերն էին ուզում ինձ հետ ամուսնանալ, հիմնականում՝ ռուսներ, սակայն ես բոլորին մերժեցի, ասում էի, որ ուսումս եմ շարունակելու: Սակայն իրականում ռուսի հետ չէի ուզում ամուսնանալ: Մի անգամ մեր բուժքույր Խաջարի հետ նստած էինք, նա ասաց. «Ոչ ոքի չենք պատմի, որ ռազմաճակատում ենք եղել, այլապես մեզ որպես անբարոյականների կվերաբերվեն»:
Ադելիան եղել է ուկրաինական, բելառուսական ռազմաճակատներում, Չեխոսլովակիայում և Լեհաստանում: Մայիսի 8-ին իրենց ստորաբաժանումը Դրեզդենում էր, 9-ին՝ Բեռլին ուղարկեցին: «Հիշում եմ, որ երբ լսեցի հաղթանակի մասին, նստեցի գետնին, ոտքերս պարզեցի ու սկսեցի լացել: Բոլորը լալիս էին՝ զինվորները, սպաները, տղաներն ու աղջիկները: Հետո գնացինք դեպի Ռեյխստագ: Ես ցածրահասակ էի, ինձ բարձրացրին և ասացին. «Նայիր, դու էլ գրիր անունդ աստիճաններին»: Բայց չգրեցի, չէի ուզում, որ իմ անունը թշնամու հողում լինի», — պատմում է Ադելիան:
Նրա խոսքով, նյութական կարիքները բավարարված են: Նա 300 մանաթ (200 դոլար) կենսաթոշակ և 100 մանաթ (67 դոլար) «նախագահական թոշակ» է ստանում: Ամենից շատ նրան անհանգստացնում է ոչ թե կարիքն, այլ պաշտոնյաների ամենաթողությունը: «Սոցապահովության հիմնադրամի՝ հաշմանդամության մասին տեղեկանքում որպես պատճառ գրել են՝ ընդհանուր: Սակայն պետք է գրեին «Հայրենական Մեծ պատերազմի վետերան: Հարցերիս ոչինչ չպատասխանեցին»:
Ադելիա Ագակշիևա
«Երեկոյան Մոսկվա» թերթի 1945թ-ի մայիսի 9-ի համարը՝ «Հիտլերյան Գերմանիան ջախջախվել է»:
Վարկածներ
Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների վերաիմաստավորումը հեշտ բան չէ: Ադրբեջանական դասագրքերի պաշտոնական վարկածն այսպիսին է. Երկրորդ աշխարհամարտը մեր ազգի կարևոր հաղթանկներից է: Խորհրդային Ադրբեջանի մոտ 600 հազար բնակիչ է մասնակցել պատերազմին, մոտ 300 հազարը զոհվել է: Իսկ նավթը, որը Բաքվից Աստրախան էր տանում 14-ամյա Վալենտին Կոնոնովը, գլխավոր դերակատարում է ունեցել խորհրդային բանակին վառելիքով ապահովելու հարցում:
Սոցցանցերն զբաղվում են այդ հարցով պարտադիր կերպով մայիսի 9-ին, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ՝ ողջ տարվա ընթացքում, սակայն այստեղ Երկրորդ աշխարհամարտը հիմնականում վիճաբանության առարկա է: Այդպիսի վիճաբանությունների ընթացքում հետաքրքիր փաստեր կարելի է իմանալ, որոնք չկան դասագրքերում, օրինակ, որ ադրբեջանական նավթը ԽՍՀՄ-ը բարեհաջող կերպով Գերմանիա էր ուղարկում ընդհուպ մինչև 1941թ.՝ այդ պահին լինելով նրա դաշնակիցը:
Կա ևս մեկ վարկած, որը կտրուկ տարբերվում է պաշտոնականից: Բանն այն է, որ ինչ-որ ազատագրական շարժում է գոյություն ունեցել, արտասահմանում պատսպարված ինտելիգենցիան, Ադրբեջանի Առաջին հանրապետության ժառանգները երազում էին վերադարձնել Ռուսաստանից անկախությունը և բոլորովին գիտակցաբար համագործակցում էին Երրորդ Ռեյխի հետ: «Ստացվում է, որ խորհրդային ռեժիմի համար պայքարող մարդիկ, որը ուղղակիորեն պատասխանատվություն է կրում ադրբեջանական ազգի դեմ գործած բազմաթիվ չարագործությունների համար, մեխանիկորեն հերոսներ էին դառնում: Իսկ իրական հայրենասերները, ովքեր զենքը ձեռքներին պայքարում էին հազարավոր ադրբեջանցիների մահվան համար պատասխանատու ռեժիմի դեմ, որը 30-ականների հետապնդումների ժամանակ ոչնչացրել էր ազգի ինտելիգենցիային, հայրենիքի դավաճաններ են», — իր հոդվածում գրում է պատմական գիտությունների դոկտոր Այդին Բալաևը:
Բրեստի ամրոցի պաշտպանի մասին պատմության տակ ադրբեջանցի օգտատերերից մեկը գրում է. «Ոչ մի հերոսական բան չկա կայսրությունների կռվում հրանոթի միս դառնալու մեջ»: 2016թ-ին սոցցանցերում Հաղթանակի օրը զարմանալիորեն խաղաղ անցավ. Մարդիկ, կարծես, հոգնել էին քաղաքականությունից վիճելուց և անընդմեջ իրենց պապերի պատմություններն էին հրապարակում: Այնուամենայնիվ, վերջին ժամանակներս, երբ Ռուսաստանում կայսրության փառաբանման թեման հաճախ է օրակարգում հայտնվում, Ադրբեջանում սկսում են մտածել այն մասին, թե ինչ է երկիրը կորցրել և ինչ է ձեռք բերել որպես Խորհրդային Ռուսաստանի գաղութ:
Առանձին թեմա են գեորգևյան ժապավենները, որոնք շատերը պուտինյան Ռուսաստանի ագրեսիայի խորհրդանիշն են համարում: Այն մասին, թե որտեղից են Պուտինի PR-մասնագետները պեղել այդ ժապավենը Երկրորդ աշխարհամարտի ռեբրենդինգի համար, մոլի վիճաբանություններ են գնում: Պուտինի քաղաքականության, կայսրության վերածնման և դեպի մեծ եղբայր Ադրբեջանի վերադարձի կողմնակիցներին մնացածները արհամարհական «խիվի» են անվանում, ինչպես կոչում էին խորհրդային քաղաքացիներին Գերմանիայի կողմից Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին:
Կոմունիստներ
Հաղթանակը պատերազմում կարելի է օգտագործել որպես փաստարկ քաղաքական կուսակցության օգտին: Օրինակ, Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը մայիսի 9-ին ուրախ է շնորհավորել վետերաններին և միաժամանակ ագիտացիա անել երիտասարդությանը:
Ֆաշիզմի դեմ հաղթանակի հուշարձանի մոտ կուսակցության ներկայացուցիչներն այս տարի գեորգևյան ժապավեններ էին բաժանում, դրոշներ ծածանում և իրենց տեսակետը ներկայացնում վետերաններին շնորհավորելու եկած մի քանի երիտասարդների: Միջոցառումն արդեն ավարտվում էր, վետերանները հաճույքով շփվում էին լրագրողների հետ, իսկ «կոմունիստական հավաքի» կողմից «կապիտալիզմ», «կոմունիզմ» և նույնիսկ «Զյուգանով» բառեր էին լսվում: Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Զյուգանովին որպես օրինակելի գործիչ էին նշում:
Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գյուլնիսա Մաքսիմովան
Գնդապետ Սուլեյման Աբասովը հավատարիմ է իր մասնագիտությանը՝ ռազմական գործ է դասավանդում:
Մայոր Ռաֆիկ Հուսեյնովը 40 տարվա դասավանդման ստաժ ունի, երկու բարձրագույն կրթություն, և համարում է, որ առանց գիտական աստիճանի մեր ժամանակներում հնարավոր չէ:
Աղասամեդ Ամիրբեկովը դստերը խնդրել է տոնակատարությանը գնալ՝ ամրացնելով իր շքանշանները, եթե ինքն այս տարի Հաղթանակի օրվան ողջ չլինի: Նա կատարել է խոստումը:
Ամենատխուր պատմությունը
Վետերանների պատմություններից թերևս ամենատխուրը Սոֆյա Սոկոլովայինն է:
Սմոլենսկի շրջանի Կրուտոյե գյուղից մինչև Բաքվի փոքրիկ սենյակ նրա ուղին անցել է ֆաշիստական ճամբարներով, ծանր աշխատանքով և ստալինյան Ռուսաստանում թշնամու կարգավիճակով:
Նրա 17-ամյա եղբորը ֆաշիստները գերի էին վերցրել: Իսկ 1943թ-ին եկել են նաև նրա հետևից: Սոֆյան 16 տարեկան է եղել: «Այն ժամանակ շատ դեռահասների են գողացել տներից շրջակա բոլոր գյուղերից, ամենուր մայրերի լաց էր լսվում: Ովքեր չէին ուզում, պարզապես ստիպում էին փայտով կամ ինքնաձիգով»:
Ռազմագերիներին շարքով հասցրել են ընդհուպ մինչև Բելառուսական ԽՍՀ: «Ճանապարհին մաքրում էինք ձյունը, իսկ տեղում արդեն հողային աշխատանքներ անում, խրամատներ էինք փորում, հակատանկային բունկերներ»: Պատերազմից որպես հիշատակ է մնացել երկու բեկորային սպի՝ կրծքի և ոտքի հատվածում, վնասվել է նաև աջ ձեռքը:
«Սնվում էինք թեփի հացով: Դրանից բոլորի ստամոքսն ու լյարդը ցավում էր, նրանք, ովքեր ողջ մնացին, բոլորը հիվանդ են, ես այսօր նույնպես դիետայի կարիք ունեմ», — պատմում է նա: Հատկապես դժվար էր ձմռանն անտառում, ոտքերին կոշիկների փոխարեն փայտե կալանակոճղեր, ոտքերը սառում էին, կրակի մոտ տաքացնել չէր կարելի՝ փայտը միանգամից հրդեհվում էր: Սոկոլովային տանջող ոտքի ուժեղ ցավերը այդ կալանակոճղերի մասին հիշողություն են:
Արդյո՞ք կյանքը հեշտացավ պատերազմից հետո: Սոֆյան սկսել է աշխատել կոլտնտեսությունում, գտել է եղբորը: «Սարսափելի սով էր, մարդիկ պարզապես մահանում էին: Լինում էր, որ ուժ չէինք ունենում, պառկում էինք դաշտում, իսկ կողքդ թրթնջուկ է աճում, և կամաց-կամաց ծամում էինք:
Կենդանիներ, մեքենաներ չկային, մարդիկ ինքներն էին տեղափոխում ցորենի պարկերը, սայլերը, գութանով վար էին անում»:
Նա փաստաթուղթ չի ունեցել. Ստալինը թշնամու օկուպացրած տարածքներում ապրողներին ազգի դավաճան էր հայտարարել. «Իսկ ի՞նչ անեինք: Եթե նույնիսկ զինվորները չկարողացան հողը պահել, ի՞նչ կարող էինք անել մենք՝ ծերերը, կանայք ու երեխաները»: Այսօր Սոկոլովան նվազագույն թոշակ է ստանում՝ 170 մանաթ, չնայած որ ճամբարներում եղած հայրենադարձները նույնպես վետերան են համարվում, սակայն իր կարգավիճակը նա չի կարող ապացուցել:
Կամավորների հաշվին է ապրում: Զարմանալի է, սակայն այս ժպտերես կինը չի բողոքում կյանքից. «Ինձ մոտ ամեն ինչ լավ է, միայն ոտքերս են ցավում»:
Պատմության ողբերգությունն այն է, որ պատերազմը Սոկոլովայից խլել է ոչ միայն երիտասարդությունն ու առողջությունը, այլև հերոսական առասպելի ետևում պատսպարվելու հնարավորությունը:
Սոֆյա Սոկոլովա
Հրապարակվել է 02.06.2016