Ում և որ դեպքերում է պետք հոգեբան
Հոգեբանին դիմելու մշակույթը Վրաստանում դեռ նոր է ձևավորվում: Այդ մասնագիտության շուրջ ավելի շատ միֆեր, քան իրական տեղեկատվություն է տարածված: Փորձենք հիշել այն միֆերը, որոնք հաճախ ենք լսել շրջապատում:
Միֆ 1: Հոգեբանը սկսելու է խրատ կարդալ գլխիս
Ծանոթներիցս մեկը ամուսնացած տղամարդուց բաժանվելուց հետո ծանր ընկճախտի մեջ էր: Երբ ես նրան խորհուրդ տվեցի դիմել հոգեբանի, նա կտրուկ հրաժարվեց այդ մտքից՝ ասելով, որ հոգեբանը խրատ է կարդալու և ընդհանրապես «ես ամաչում եմ այդ պատմությունն անծանոթ մարդուն պատմել»:
Եթե հոգեբանն իրոք պրոֆեսիոնալ է, ապա դուք երբեք նրանից նմանատիպ բացականչություններ չեք լսի. «Վայ, ինչպե՞ս եք նման բան արել»: Եվ խրատ ձեր գլխին ոչ ոք չի կարդալու: Հոգեթերապևտն այլ նպատակներ է հետապնդում՝ պարզել, թե ինչպես եք դուք հայտնվել այս կամ այն իրավիճակում և ինչ պետք է ձեռնարկեք ելք գտնելու համար:
Միֆ 2: Սեանսները սովորություն կդառնան
«Հոգեթերապիայից կախվածության մեջ ես ընկնում, ինչպես թմրանյութերից և կորցնում ես սեփական որոշումներ կայացնելու ունակությունը», — նման փաստարկ հաճախ եմ լսել:
Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է: Արդյունավետ հոգեթերապիայի գլխավոր նպատակներից մեկը մարդուն ինքնուրույն և անկախ կերպով խնդիրներ լուծելու ունակությունը ցույց տալն է:
Միֆ 3: Ես կդադարեմ մարդկանց հետ շփվել
«Հոգեթերապևտների մոտ գրանցվելուց հետո մարդիկ սկսում են իրենց շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները պարզել և անտանելի են դառնում», — ահա ևս մեկ միֆ:
Իրականում հոգեթերապիայի գերնպատակներից մեկը մարդուն սովորեցնելն է ճիշտ գիտակցել սեփական ցանկություններն ու կարողանալ մարդկանց այն հասցնել այնպիսի տեսքով, որ կոնֆլիկտ չլինի:
Հնարավոր է, որ հոգեթերապևտի այցելությունների ընթացքում դուք տհաճ բացահայտում անեք՝ պարզեք, որ կան մարդիկ, որոնց հետ դուք երբևե չեք կարող համաձայնության գալ, ընդհանուր լեզու գտնել և հարմարավետ զգալ ձեզ: Չնայած որ նմանատիպ մարդիկ կշարունակեն գոյություն ունենալ՝ անկախ նրանից, դուք դիմել եք հոգեբանի, թե ոչ:
Միֆ 4: Կյանքը կտրուկ կփոխվի
«Հոգեբանների հետ շփվելուց հետո մարդիկ կտրուկ փոխում են իրենց կյանքը՝ թողնում են աշխատանքը, տեղափոխվում այլ երկիր, բաժանվում են», — ասում է ծանոթներիցս մեկը, ով անընդհատ բողոքում է իր տաղտկալի կյանքից, սակայն ոչինչ չի ձեռնարկում այն փոխելու համար:
Այո, այդ ամենն իրոք կատարվում է, սակայն ոչ այդքան հաճախ: Հոգեբանի աշխատանքի արդյունքում վեր են հանվում մարդու ցանկությունները, ենթագիտակցությունից զգացմունքները տեղափոխվում են գիտակցական շերտ: Դրանց ազդեցության տակ մարդիկ ուզում են կտրուկ փոփոխություններ անել հենց այն ոլորտում, որտեղ նրանք իրենց ամենադժբախտն են զգում:
Սակայն հոգեբանին այցելելն ինքն իրենով ձեր փախուստի կամ այլ կտրուկ գործողությունների պատճառ չի կարող լինել: Հնարավոր է, որ ընդհակառակը լինի. ձեզ կարող է թվալ, որ ձեր տեղն այս ընտանիքում, երկրում չէ, որ լավ զգալու համար դուք պետք է փախչեք ուրիշ տեղ, իսկ հոգեբանին այցելելուց հետո դուք կհամոզվեք, որ դա չէ լուծումը, որ երջանկությունը հենց այստեղ է, ձեր կողքին, իսկ դուք այն չեք տեսնում ամենատարբեր պատճառներով:
Միֆ 5: Հոգեբանին դիմելը թուլության նշան է
«Ես այնքան էլ թույլ չեմ, որ ինձ հոգեբանի օգնություն պետք լինի: Իմ կյանքում ոչ մի այնպիսի բան չի կատարվում, որից չեմ կարող գլուխ հանել», — հավանաբար նման փաստարկ ևս լսել եք:
Դա միֆ է: Իսկ ճշմարտությունն այն է, որ հոգեբանի են դիմում հենց խիզախ մարդիկ, ովքեր ի վիճակի են եղել խոստովանել խնդրի առկայությունը: Նման քայլի դիմելն այնքան էլ հեշտ բան չէ, հատկապես մեր հասարակությունում, որտեղ ամեն մեկը ձգտում է ի ցույց դնել իր հաջողություններն ու բարեկեցությունը և հաճախ իրենք իրենց չեն խոստովանում, որ խնդիրներ ունեն: Այնպես որ, մարդն, ով դիմել է հոգեբանի օգնությանհը, ոչ մի կերպ թույլ չէ:
Միֆ 6: «Ես հոգեկան հիվանդ չեմ»
Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք դիմում են հոգեբույժի: Հոգեբաններն ու հոգեթերապևտներն աշխատում են առողջ մարդկանց հետ, ովքեր իրենց կյանքում բախվել են այս կամ այն դժվարությունների կամ խնդիրների:
Միֆ 7: Հոգեբանների մոտ են գնում նրանք, ովքեր ընկերներ չունեն
Սեփական խնդիրներն ընկերների հետ կիսել կարելի է, ինչո՞ւ ոչ, սակայն ընկերը պրոֆեսիոնալ չէ: Եթե ձեր նպատակը ոչ միայն սիրտը նրա առջև բացելն է, այլ խնդիրը լուծելը, ապա ոչ մի ընկերական զրույց չի փոխարինի մասնագետի օգնությունը:
Բացի այդ, ընկերը ձեզ չնեղացնելու համար կարող է դառը ճշմարտությունը թաքցնել: Իսկ հոգեթերապիան ոչ միշտ է այդ առումով հարմարավետ: Հաճախ հոգեբանը ստիպված է լինում ձեզ տհաճ բաներ ասել:
Միֆ 8: «Ես ուրիշ մարդ կդառնամ»
«Հոգեբանի ազդեցության տակ ես կդադարեմ ինձ հավատարիմ լինել»:
Իմացեք, որ լավ մասնագետը երբեք մանիպուլյացիայի տեխնիկայի չի դիմում, այդ պատճառով էլ դուք թուլամորթ խամաճիկ դառնալու վտանգի առջև չեք:
17.05.2016