Ուկրաինա. ուլտրաաջերը՝ ռոմերի դեմ
JAMNEWS, ըստ Հրոմադսկոյեի նյութերի
Որտե՞ղ և ե՞րբ
Ուկրաինայի ռոմական բնակավայրերի վրա վերջին երկու ամսում 6 հարձակում է տեղի ունեցել:
Առաջին միջադեպը տեղի է ունեցել Կիևում ապրիլի 20-ին. Կիևում քոչվոր ռոմերի ճամբարը ցրել են, բնակիչների իրերն ու վրաններն՝ այրել:
Այնուհետև ևս մի քանի հրդեհումներ են եղել. մայիսի 9-ին Լվովյան շրջանում և մայիսի 22-ին՝ Տերնոպոլի շրջանում: Իսկ հունիսի 7-ին «Ազգային դրուժինաներ» կազմակերպությունը ոստիկանության հետ մեկտեղ Կիևի Գոլոսեևի ազգային պարկում ցրել է ռոմերի ճամբարը:
Նոր հարձակման հետևանքով հունիսի 23-ին Լվովում մեկ մարդ է զոհվել:
Ովքե՞ր են հարձակվում
Հարձակումների ետևում կանգնած են «Նեմեզիդա», «Սթափ ու չար երիտասարդություն», «C 14» ուլտրաաջ կազմակերպությունների ներկայացուցիչները: Ահա, թե ինչ է նրանց մասին հայտնի:
C14-ը գոյություն ունի 2009թ-ից: C14-ի անդամները մասնակցել են Դոնբասի պատերազմին տարբեր կամավորական գումարտակների կազմում ուկրաինացի զինվորականների կողմից:
Այդ կազմակերպությունը հայտնի է ԼԳԲՏ համայնքի և ձախերի շարժման ներկայացուցիչների միջոցառումների ձախողմամբ, օրինակ, ռուս նեոազգայնականների կողմից սպանված ակտիվիստ Անաստասիա Բաբուրովայի և իրավաբան Ստանիսլավ Մարկելովի հիշատակին Կիևում անցկացված ակցիան:
«Նեմեզիդա» կազմակերպության անդամները հիշվել են Կանանց իրավունքների քայլերթի մասնակիցների վրա հարձակմամբ, որն անցկացվում էր Կիևում մարտի 8-ին. երթի ավարտից հետո նրանք մասնակիցներից մի քանիսի վրա «զելյոնկա» են լցրել և պատռել նրանց պաստառները:
«Սթափ և չար երիտասարդությունը» նախկինում ընդհանրապես չէր հիշատակվել մամուլում, սակայն Misanthropic Division միջազգային նեոազգայնական կազմակերպության հետ նրա կապերի մասին տվյալներ կան:
Ինչպե՞ս են հետաքննվում հարձակումները
Ոստիկանությունը չէր շտապում քրեական գործեր հարուցել հարձակումների փաստի առթիվ մինչև վերջին միջադեպը: Սկզբում ամեն ինչ սահմանափակվեց ցուցումնքների տալու համար ոստիկանություն կանչելով, սակայն հետո կոնֆլիկտով հետաքրքրվեցին իրավապաշտպաններն, ու ոստիկանությունը սկսեց ձերբակալել գրոհների մասնակիցներին և կազմակերպիչներին:
Այժմ քրեական գործեր են հարուցվել «դիտավորյալ սպանություն, որը կատարվել է մի խումբ անձնաց հետ նախնական պայմանավորվածության համաձայն», «ազգային, ռասայական թշնամանք և ատելություն հրահրող գործողություններ», «անչափահասներին հանցավոր գործունեությունում ներգրավելը» և այլ հոդվածներով:
Հունիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ դատարանը երկու ամսով կալանավորել է ռոմերի ճամբարի վրա հարձակվածներից 6-ին:
Ինչպե՞ս է արձագանքել աշխարհը և Ուկրաինան
Լվովի շրջանում ռոմի սպանության մասին արտահայտվեցին միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն, ինչպես նաև Եվրախորհուրդը և Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը:
Սպանությունն ու ռոմերի վրա հարձակումը քննադատեցին նաև Ուկրաինայի հունակաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները և Ուկրաինայում հռոմեակաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը:
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը կոչ արեց ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին անձամբ վերահսկել ռոմերի սպանության հետաքննությունը Լվովշչինայում: Ավակովը հայտարարեց, որ հարձակումը «ոգեշնչվել է Ռուսաստանից»: «Ռուսական հետքի» մասին է խոսել նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանրային կերպով չի արձագանքել Ուկրաինայում ռոմերի ճամբարների վրա հարձակումներին: