Որքանո՞վ է հավանական Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային պայմանագիրը․ մեկնաբանություն Բաքվից
Աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում, Ռուսաստանի կողմից հարևան երկրների՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վրա ճնշման ավելացումն իրական սպառնալիք են ստեղծում Ադրբեջանի անկախության համար։ Ըստ քաղաքական գործիչ Նաթիկ Ջաֆարլիի՝ երկրի միակ փրկությունը կարող է Թուրքիայի հետ դանշակցային պայմանագիրը լինել։
- Ճգնաժամի ավարտ Վրաստանո՞ւմ։ Կառավարությունն ու ընդդիմության մի մասը համաձայնագիր են ստորագրել
- Նոր հին սահման․ ինչո՞ւ են հայկական գյուղերն Ադրբեջանի տարածքում հայտնվել
- «Կներեք, Էրդողանը չի ճանաչել Ղրիմը»։ Ինչո՞ւ է Ռուսաստանը դադարեցրել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
Ադրբեջանի ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին կարծում է, որ տարածաշրջանում կարևոր և վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, որոնք սպառնում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված նոր ինքնիշխան պետությունների անկախությանը։
«Դեռևս հաղթում է Ռուսաստանը»
«Ռուսաստանն ուժեղացնում է իր դերը, իսկ Արևմուտքը մինչև հիմա չգիտի, թե ինչ քայլեր ձեռնարկել և դեռևս զիջում է ամեն քայլափոխի։ Հնարավոր է, որ միջին և հեռավոր ապագայում Արևմուտքը կրկին առջևում լինի, սակայն ԱՄՆ-ն ու Եվրամիությունն այժմ առաջատար լինելու տեսակետից լուրջ խնդիրներ ունեն։ Այստեղ ամենավատն այն է, որ դա այսօրվա բան չէ․ Ռուսաստանի դիրքերի ուժեղացումն ընթանում է 2007 թ-ի Մյունխենի համաժողովից ի վեր»,- գրում է քաղաքական գործիչը։
«Այնուհետև Վրաստանում պատերազմ տեղի ունեցավ․ Արևմուտքը կրկին չկարողացավ ոչինչ ձեռնարկել, հետո՝ Ղրիմը, Դոնբասը, Բելառուսի իրադարձությունները և, ի վերջո, «խաղաղապահների» անվան տակ Ռուսաստանն իր բանակը մտցրեց մեր տարածք․ և այս իրադարձությունների ողջ շղթայում դեռևս հաղթում է Ռուսաստանը»,- շարունակում է նա։
Արևմուտքը կամ չգիտի հետխորհրդային տարածքը, կամ չի ուզում իմանալ և ուսումնասիրել այն, իսկ ամենավատը՝ որ այն հանձնում է Ռուսաստանին, հեռու ապագայի վրա է խաղում, կարծում է Ջաֆարլին։
«Ընտրություններից հետո Արևմուտքը սխալ է թույլ տվել»
«Արևմուտքը կարծում է, որ, Ռուսաստանի վրա թողնելով ողջ հետխորհրդային տարածքի բոլոր խնդիրների լուծումը, կկոտրի Կրեմլին, և, ի վերջո, Ռուսաստանը, չդիմանալով նյութական, քաղաքական և տնտեսական բեռին, կհանձնվի։ Կարծում եմ, որ սա շատ ռիսկային պլան է, և եթե անգամ այն չհաջողվի, այս պլանը մթագնում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների այսօրվա օրը, վախեցնում դրանց բնակչությանը։
Վերջին տարվա մեջ ամենամեծ սխալն Արևմուտքը գործել է Բելառուսի հարցում․ թեև Լուկաշենկոն բռնապետ է, ավտորիտար առաջնորդ, բայց Ղրիմից ու Դոնբասից հետո նա վախեցել էր, ուզում էր հեռանալ Մոսկվայից և մերձենալ Արևմուտքի հետ։ Անգամ բանակցություններ սկսեց Եվրամիության և ԱՄՆ-ի հետ, լուրջ այցեր կայացան, փաստաթղթեր ստորագրվեցին, ավելի համապարփակ փաստաթղթերի ստորագրում էր նախապատրաստվում։
Հենց Լուկաշենկոն էր, որ, նախընտրելով Բելառուսի անկախությունը, խանգարում էր Ռուսաստանի հետ «միութենական պետության» ստեղծմանը։ Սակայն վերջին ընտրությունների նախաշեմին Կրեմլն այնտեղ հետևյալ սցենարը կիրառեց․ Լուկաշենկոյի հիմնական հակառակորդները հենց Կրեմլի մարդիկ էին, ընտրություններից մեկ-մեկուկես տարի առաջ ռուսական հեռուստաալիքները նվաստացնում էին Լուկաշենկոյին։ Կարելի է ասել, «ընդդիմության» գլխավոր ամբիոնը ռուսական հեռուստաալիքներն էին։ Իսկ ընտրություններից հետո Արևմուտքը սխալ գործեց և Բատկային փաստացի հրեց Կրեմլի գիրկը։
«Մեզ համար ծանր ժամանակներ են գալու»
Ապրիլի 22-ին կայանալու է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը։ Մոսկվան արդեն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ Բատկան այժմ համաձայն է ամեն ինչի․ կարծում եմ՝ ապրիլի 22-ին կհայտարարվի Ռուսաստան-Բելառուս նոր, ավելի ինտեգրված դաշնակցային պետության մասին, և սա կարող է հիմք դառնալ ԽՍՀՄ հարության համար։
Դրանից հետո Ռուսաստանը հեշտությամբ «կուլ կտա» Ղրղզստանին․ այնտեղ վերջին իշխանափոխությունը ծառայում էր հենց այս նպատակին, հետո կգա Ղազախստանի ժամանակը, հաջորդ քայլը կլինի Դոնբասի միացումը, սակայն մեզ համար ամենավտանգավոր պահը Հայաստանն է։ Եթե ամռանը Կրեմլին հաջողվի այնտեղ իրականացնել իր մտահղացումը, ապա պաշտոնական Երևանը նույնպես կմտնի նոր ԽՍՀՄ կազմ, ըստ էության՝ պատերազմում կրած պարտությունը դրա համար հիմք է դարձել․ Հայաստանին հասկացրել են, որ միանձնյա, առանց Արջի օգնության իր՝ որպես երկրի գոյությունը հարցականի տակ էր լինելու։
Բարդ իրավիճակ է, եթե այս սցենարը սկսի իրականացվել, մեզ համար ծանր ժամանակներ կսկսվեն, Կրեմլն արդեն բացահայտ սպառնում է Դուգինի շուրթերով, Ադրբեջանին քարշ է տալիս դեպի «ԽՍՀՄ»։
«Եթե ընտրությունը լինի ԽՍՀՄ-ի կամ Թուրքիայի հետ համադաշնության միջև․․․»
Եվ ի՞նչ անենք մենք։ Եթե ապրիլի 22-ին Մոսկվայում հայտարարվի «ԽՍՀՄ» հարության մասին, մենք առանց վարանման պետք է դաշնակցային պայմանագիր ստորագրենք Թուրքիայի հետ, թուրքական բանակին թույլ տանք իր բազաները հիմնել մեր տարածքում։ Այլ ճանապարհ չկա, որովհետև եթե ընտրությունը լինի ԽՍՀՄ-ի կամ Թուրքիայի հետ համադաշնության միջև, կարծում եմ, մտածելու բան չկա, ընտրությունը պարզ է, միայն նոր համադաշնակցային պետության, Անկարա-Բաքու միության միջոցով մենք կարող ենք պահպանել մեր անկախությունը։
Ցավոք, կոլեկտիվ Արևմուտքն ավելի հեռու ապագայի վրա է խաղում, մոտ հեռանկարում մեզ բոլորիս որպես կեր գցում է Կրեմլի բերանը, գիտի, որ Մոսկվան չի մարսելու և, ի վերջո, խեղդվելու է, բայց դրա համար շատ ժամանակ է պետք։ Իսկ մենք այդ ժամանակը չունենք․ հարցականի տակ կարող է հայտնվել անկախությունը՝ մեր ամենամեծ ձեռքբերումը։
P.S. Եթե ապրիլի 24-ին Բայդենը 1915 թ-ի իրադարձությունները ցեղասպանություն անվանի, դա կավելացնի լարվածությունն Արևմուտքի և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, դրան նույնպես պետք է պատրաստ լինել։ Եթե ԱՄՆ-ն դա անի, իրենից կհեռացնի Թուրքիային և Ադրբեջանին, իսկ մենք էլ գնալու տեղ չունենք, հետևաբար՝ պետք է միասին քայլենք… ,- գրել է Նաթիկ Ջաֆարլին Ֆեյսբուքի իր էջում։