Որքան մեծ, այնքան լա՞վ: Քննարկվում է Աբխազիայի նախագահի թեկնածուների հարմար տարիքը
Աբխազիայում փոխվում են նախագահի պոտենցիալ թեկնածուի տարիքին առաջադրվող պահանջները և, ինչպես նշում են փորձագետները, դա կապված է հստակ քաղաքական ֆիգուրների հավակնությունների հետ:
Այժմ նախագահի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ պայմաններին.
ազգությամբ աբխազ,
աբխազերենի իմացություն,
Աբխազիայի քաղաքացի,
35-65 տարեկան:
Որոշ ժամանակ առաջ «Աբխազիայի ժողովրդական ճակատ՝ հանուն արդարության և զարգացման» կուսակցությունը երրորդ կետը փոփոխելու և տարիքային ցենզը 45-75 տարեկան դարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել:
Կողմ փաստարկներ
Հանրապետության առաջնորդը պետք է ոչ միայն բարձրագույն կրթություն ունենա և կոմպետենտ լինի, տարիքային ցենզն ավելացնելու առաջարկն են բացատրում Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները:
«Անհրաժեշտ է քաղաքական և կյանքի փորձերի միահյուսման առկայություն, որոնք կուտակվել են բազմամյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հենց այդ պատճառով ենք մենք անհրաժեշտ համարում բարձրացնել տարիքային ցենզի ներքին շեմը մինչև 45 տարեկան», — հայտարարել են Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները:
Այս նախաձեռնությանն աջակցություն է հայտնել մի քանի կազմակերպություն, այդ թվում՝ «Կանայք քաղաքականությունում» հասարակական կազմակերպությունն, ինչպես նաև հայտնի անձինք:
Օրինակ, նախկին արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան, որն այժմ գլխավորում է «Ախիպշիմրա» փորձագիտական հիմնադրամը, կարծում է, որ նախագահի թեկնածուների հնարավոր տարիքի այսօրվա սահմանափակման վերին շեմը՝ 65 տարեկանը, խտրականություն է:
«Ուժեղ, կրթված և ազգային կողմնորոշում ունեցող առաջնորդի խնդիրը մեր երկրի առջև շատ սուր է կանգնած: Այդ պատճառով էլ այդպիսի լիդերության հնարավորությունները 35-65 տարեկանով սահմանափակելն անտրամաբանական է և անարդյունավետ: Նման սահմանափակումներ չկան աշխարհի ժողովրդավարական երկրների մեծ մասի օրենսդրությունում», — կարծում է Չիրիկբան:
Դեմ փաստարկներ
«2019թ-ին կայանալիք ընտրություններին նախագահի թեկնածուների որոնումները դեռևս արդյունք չեն տվել, այդ պատճառով էլ այսպիսի ճիգեր են նկատվում», — ասել է խորհրդարանի պատգամավոր Ախրա Աբուխբան, որը ներկայացնում է նախագահամետ մեծամասնությունը: Եվ նշել. «Ընդ որում, ես հստակ անձանց չեմ նշում»:
JAMnews-ի Աբխազիայի խմբագիր և «Չեգեմյան ճշմարտություն» անկախ թերթի գլխավոր խմբագիր Ինալ Հաշիգը նույնպես դեմ է արտահայտվում տարիքային ցենզի փոփոխությանը:
«Փորձը՝ փորձ, սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, հեղափոխական վերափոխումներն անում են երիտասարդ առաջնորդները: Տարեց քաղաքական գործիչը որպես պետության ղեկավար ընդունելի է այն երկրներում, որտեղ վաղուց ամեն ինչ բարեփոխվել է, ինչպես, օրինակ, Եվրամիության երկրներում: Իսկ այնտեղ, որտեղ միայն խնդիրներ են, ինչպես Աբխազիայում, դրանք կարող է լուծել միայն երիտասարդ, էներգիայով լի առաջնորդը», — ասում է Ինալ Հաշիգը:
Առաջարկի դիտարկում
Խորհրդարանի պատերում ցենզի թեման դեռևս պաշտոնապես չի քննարկվել, սակայն պատգամավորներն իրենց անձնական տեսակետն են հայտնել:
Օրինակ, ներկայիս գումարման պատգամավոր Նատալի Սմիրը վստահ է, որ նախագահի թեկնածուների տարիքային շեմը մինչը 75 տարեկան բարձրացնել չարժե: Նա նշում է, որ այդ թեմային չարժե նաև քաղաքական աստառ տալ:
«Պետք է բարձրացնել ներքին շեմն, ընդ որում, ինչպես նախագահի, այնպես էլ պատգամավորների համար: Քանի որ խորհրդարանի պատգամավոր կարող է լինել կրթված և աշխատանքային փորձ ունեցող մարդը: Նախագահն, ըստ իս, պետք է 40 տարեկանից երիտասարդ չլինի, իսկ վերին շեմը պետք է թողել այնպես, ինչպես կա», — ասում է Սմիրը:
Ընտրողների կարծիքը
Այս նախաձեռնության վերաբերյալ սոցցանցերում տարվող քննարկումը կարծիքների բավականին մեծ գունապնակ է ներկայացնում, սակայն, միևնույն է, այնպիսի տպավորություն կա, որ հասարակությունում ընդհանուր առմամբ կողմ են նախագահի հնարավոր տարիքի բարձրացման գաղափարին: Երկու տիպիկ մեկնաբանություն.
«Վարչապետ Գենադի Գագուլիան 71 տարեկան է, Աբխազիայի պետհամալսարանի ռեկտոր Ալեկո Գվամարիան՝ 78, խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան՝ 72: Ինչո՞ւ նախագահի տարիքը չի կարող 65 տարեկանից բարձր լինել»:
«Մեծերի հանդեպ հարգանքը մեր շատ կարևոր ավանդույթն է: Սակայն կոռեկտ չէ այն պաշտոնյաների վրա տարածելը: Այսօր բոլոր գործընթացներն ավելի դինամիկ են ընթանում, և մեծ տարիքը խոչընդոտ կլինի»: