Որքա՞ն են Վրաստանի վրա արժենում ընտրությունները
55 միլիոն լարի. այսքան են Վրաստանի բյուջեի վրա արժեցել նախատեսվող նախագահական ընտրությունները:.
Նշված 55 միլիոնից մոտ 40 միլիոն լարի է ծախսվել անմիջականորեն ընտրական միջոցառումների կազմակերպման վրա: Իսկ 15 մլն լարի բյուջեի վրա արժեցել է քաղաքական կուսակցություններին պահելը:
Ինչի՞ համար ենք մենք գումար վճարում քաղաքական կուսակցություններին, և ինչի՞ վրա են նրանք ծախսում այդ փողերը:
Ո՞ր կուսակցություններն են ֆինանսավորվում բյուջեից
Քաղաքական կյանքի նրբություններին չտիրապետող մարդիկ հարցադրում են անում. «Ինչո՞ւ է կուսակցությունը/թեկնածուն մասնակցում ընտրություններին, եթե հստակ գիտի, որ չի հաղթելու դրանցում, չի հաղթահարելու ընտրական շեմը»:
Իրականում ընտրություններին մասնակցելը կուսակցությունների և քաղաքական գործիչների համար «շահեկան գործ է» ոչ միայն հաղթանակի դեպքում: Դա սովորական գործընթաց է, որի ընթացքում քաղաքական գործիչները ֆինանսավարում են ստանում:
«Որակավորված սուբյեկտ». այսպես է կոչվում պետբյուջեից ֆինանսավորվող կուսակցությունը: Այդպիսի կարգավիճակ ստանալու համար այս կամ այն քաղաքական կուսակցությունը պետք է մասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կամ խորհրդարանական ընտրություններին և հավաքի 3 տոկոսից ավել ձայն: Այդ դեպքում կուսակցությունը որակավորված սուբյեկտ է դառնում, և նրան բյուջեից ֆինանսավորում է տրվում:
Աուդիտի ծառայության տվյալներով՝ 2017թ-ին բյուջեից ֆինանսավորվել է ավելի քան 20 կուսակցություն:
Կարդացեք նաև. Գիա Նոդիայի կարծիքը. Բիձինայի ընտրությունը
«3-տոկոսանոց» կուսակցության նվազագույն ֆինանսավորումը կազմում է 300 հազար լարի: Այդ գումարը կարող է փոխվել՝ կախված տարբեր հանգամանքներից. օրինակ՝ այն աճում է, եթե կուսակցությունը հավաքել է 3%-ից ավել ձայն, ասենք, 6%-ի դեպքում ֆինանսավորումը կկազմի 600 հազար լարի: Բոնուսներ են տրվում այն կուսակցություններին, որոնք պահպանում են գենդերային հավասարակշռությունը, որոնց շարքերում կանայք կազմում են անդամների ընդհանուր թվի 30 %-ը:
Այն դեպքում, երբ 3-տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարում է դաշինքը, բյուջետային ֆինանսավորում է ստանում դաշինքի կուսակցություններից յուրաքանչյուրը: Դրանք այն գումարներն են, որոնց միջոցով սովորաբար պահվում են կուսակցության առաջնորդներն ու աշխատակիցներն՝ աշխատավարձ, գրասենյակային ծախսեր և այլն:
Ինչո՞ւ է ֆինանսավորումը կատարվում բյուջեից
Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ ենք մենք ֆինանսավորում քաղաքական կուսակցություններին: Ինչո՞ւ ենք մենք նրանց տարեկան 12-15 մլն լարի վճարում բյուջեից:
Ընդ որում, բյուջեից ֆինանսավորվում են ոչ միայն այն կուսակցությունները, որոնք իրապես մասնակցում են երկրի քաղաքական կյանքին, այլ նաև նրանք, որոնք աննկատ են:
Ազատություն ռադիոկայանի կազմած համեմատական վիճակագրությունից պարզվում է, որ, քաղաքական կուսակցությունների վրա ավելի շատ գումար է բյուջեից ծախսվում, քան մոր և մանկան առողջության, փախստականների նվազագույն կենսաապահովման, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պրոֆեսիոնալ վերապատրաստման կամ, օրինակ, կենսական այնպիսի կարևորություն ունեցող ծրագրի վրա, ինչպիսին է քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց դեղորայքով ապահովելը:
Քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման գլխավոր գաղափարն այն է, որ երկրում առողջ քաղաքական մրցակցություն լինի, քաղաքականությունում կրճատվի «սև փողերի» ծավալն ու կոռուպցիոն գումարներն, իսկ քաղաքական կուսակցություններն առողջ մրցակցային միջավայր և գործողությունների հավասար հնարավորություն ունենան:
Կարդացեք նաև. Ո՞րն է իսկությունը: Վրաստանը՝ որպես համար մեկ ռեֆորմատոր երկի՞ր, թե՞ «էլիտար կոռուպցիայի» հանգրվան
Որոշ քաղաքական ուժերի նախընտրական արշավն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետբյուջեից ստացված գումարներով: Բոլոր կուսակցությունները, որպես կանոն, հզոր բարերար և հովանավորներ ունեն, օրինակ, իշխող կուսակցությունն ու նրա թեկնածուն:
Առանց բյուջետային ֆինանսավորման նրանք չեն կարող մասնակցել ընտրությունների, ինչն իշխող կուսակցության համար ավելի կհեշտացնի դիրքերը պահպանելը: Մեկ այլ հարց է, թե որքանով են որակյալ Վրաստանում գործող կուսակցություններն, ինչ արժեքներ ունեն դրանք և ինչ են առաջարկում ընտրողներին: Օրինակ, կուսակցությունը, որը նախորդ տարի բյուջեից հազարավոր լարի գումար է ստացել, հաճախ է իր նախընտրական հռետորաբանությունում օգտագործում ատելության լեզուն, հոմոֆոբ և քսենոֆոբ բովանդակության հայտարարություններ: Խոսքը «Հայրենասերների դաշինքի» մասին է:
Ո՞վ և որքա՞ն է ստացել բյուջեից
2017թ-ին բյուջեից ամենամեծ գումարը՝ մոտ 4 մլն լարի, ստացել է «Վրացական երազանքը»:
Երկրորդ տեղում «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունն է, որը բյուջեից 2.5 մլն լարի է ստացել:
Մի փոքր ավելի քիչ գումար է հասել «Եվրոպական Վրաստանին»՝ 2 255 973 լարի:
Բյուջետային ֆինանսավորում անցյալ տարի ստացել են նաև այսպես կոչված «աներևույթ» կուսակցությունները:
Օրինակ, 2017թ-ին «Վրաստանի ավանդապաշտների միությունը» բյուջեից ստացել է 533 017 լարի, «Ազատություն՝ Զվիադ Գամսախուրդիայի ուղով» կուսակցությունը՝ 543 421 լարի, «Նոր քրիստոնյա-դեմոկրատները» 543 017 լարի:
Վրաստանի բնակիչներից շատերի համար, թերևս, անակնկալ կլինի իմանալ, որ այդ կուսակցությունները դեռևս չեն լուծարվել: