Որտե՞ղ թաղել մահացածին
Ադիգենում հիմա հանգիստ է: Տեղի քրիստոնյաների և մուսուլմանների միջև երկօրյա կոնֆլիկտից հետո իրավապաշտպաններն ու լրագրողները լքեցին ավանը, չնայած որ ոստիկանական մեքենան դեռևս շարունակում է մնալ այստեղ:
Վերջին երեք տարվա մեջ սա կրոնական հարցի շուրջ ծագած երրորդ կոնֆլիկտն է Ադիգենում: Եթե առաջին ու երկրորդ դեպքերում վեճերի պատճառը մուսուլմանական աղոթատեղին էր, ապա այս անգամ քրիստոնյաների ու մուսուլմանների կռվախնձորը գերեզմանատան տարածքն է եղել:
Այս պահին կոնֆլիկտը հարթված է՝ մուսուլմանական համայնքին, քրիստոնեականին կից, գերեզմանատան տարածք են տրամադրել: Երկու գերեզմանատներն էլ առանձին մուտքեր կունենան, մեջտեղից առանձնացված կլինեն պատնեշով:
Սակայն իրավապաշտպանները այս որոշման մեջ լավատեսության հիմքեր չեն տեսնում: Նրանց խոսքով, վերջին տարիներին տարածված կրոնական կոնֆլիկտները վկայում են համակարգային խնդիրների մասին:
Իրավիճակն Ադիգենում սրվեց այն բանից հետո, երբ նախորդ տարվա գարնանը մահացավ մահմեդական Ռևազ Միքելաձեն, որի թաղման համար գյուղում տեղ չգտնվեց:
Ադիգենում ավելի քան 20 մահմեդական ընտանիք է ապրում, որոնք Աջարիայից 30 տարի առաջ են եկել այստեղ: Այս տարիների ընթացքում մուսուլմանները հնարավորություն չեն ունեցել թաղել իրենց մահացածներին. ոմանք ընտանիքի անդամներին հուղարկավորել են լեռնային Աջարիայում, մյուսները՝ սեփական բակերում:
Մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ Ռևազ Միքելաձեի ընտանիքի անդամները որոշել են այլ կերպ վարվել. թաղման համար նրանք գյուղի տարածքում հատված են ընտրել: Որոշվել է, որ այսուհետ մուսուլմաններն այստեղ իրենց գերեզմանատունն են ունենալու:
Սա գյուղում մեծ խառնաշփոթ է առաջացրել: Քրիստոնյա համագյուղացիները Միքելաձեի ընտանիքին թույլ չեն տվել թաղել մահացածին ընտրված տեղում՝ առաջարկելով դա անել գյուղի գերեզմանատանը: Միքելաձեների ընտանիքը հրաժարվել է, քանի որ մահմեդականին քրիստոնյայի կողքին չի կարելի թաղել: Ի վերջո, մահացածին տեղափոխել են հարևան Զանավի գյուղ և հուղարկավորել:
Այս դեպքից մի տարի է անցել, սակայն գերեզմանատան հարցի լարվածությունը չի թուլացել: Նախորդ շաբաթ բանը հասավ զանգվածային ծեծկռտուքի: Ստիպված եղան շտապօգնություն կանչել գյուղ: Իրավիճակը հանդարտեցրեց իրավապահ մարմինների միջամտությունը:
«Մեր գյուղում մուսուլմանական գերեզմանատուն չի կարող լինել: Մենք՝ քրիստոնյաներս, հստակ ենք դա ասում, և ոչ ոքի թույլ չենք տա ինչ-որ բան անել: Գյուղում գերեզմանատուն կա, թող այնտեղ էլ հուղարկավորեն իրենց մահացածներին: Եթե մենք նրանց առանձին տարածք հատկացնենք, հետագայում նրանք այնտեղ մզկիթ էլ կսարքեն», — ասում է Ադիգեն գյուղի բնակիչ Թինա Ջանաշիան:
Մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ խնդրում են միայն գերեզմանատան համար տարածք հատկացնել և ասում են, որ այստեղ մզկիթ չեն կառուցելու:
Այս գործընթացին մասնակցում են երկու կողմերի կրոնական առաջնորդները:
«Մեր կրոնի օրենքների համաձայն գերեզմանատան տարածք թույլ չի տրվում գինի կամ այլ ալկոհոլային խմիչքներ մտցնել կամ խաչ դնել: Ինչպես քրիստոնյաների համար Ղուրանի ընթերցումն ընդունելի չէ, այնպես էլ մեզ համար՝ Աստվածաշնչինը: Այդ պատճառով էլ ոչ մի դեպքում չի կարելի քրիստոնյաներին ու մուսուլմաններին կողք կողքի թաղել: Ապագայում դա շատ ավելի մեծ խնդիրների կառաջացնի», — ասում է Ջավախքի մուֆթի Մամուկա Վաշակմաձեն:
Այլ դիրքորոշում ունի Ջավախքի հոգևոր առաջնորդ հայր Անթիմոզը. «Գյուղում մեկ ընդհանուր գերեզմանատուն կա՝ և՛ քրիստոնյաները, և՛ մուսուլմանները պետք է թաղվեն այնտեղ, դա այդպես է և՛ պետական, և՛ մարդկային տեսանկյունից: Կրոնական տեսանկյունից քրիստոնյաների և մուսուլմանների հուղարկավորումը կողք կողքի ոչ մի խնդիր չի ներկայացնելու»:
Մուսուլմանական համայնքն արդեն մի քանի ամիսների ընթացքում պետությունից պաշտոնապես խնդրում է գերեզմանատան համար հողատարածք առանձնացնել:
Փետրվարի 25-ին համայնքի ներկայացուցիչները պաշտոնական պատասխան ստացան, որում ասվում էր, որ Կրոնի հարցերով գործակալությունն իրենց խնդրանքը կատարել է և Ադիգենի մունիցիպալիտետին հանձնարարվել է մուսուլմանական համայնքին գերեզմանատան տարածք տրամադրել:
Հենց այս պատասխանն է դարձել կոնֆլիկտի սրման պատճառ:
«Դուք ուզում եք ունենալ սեփական աղոթատեղի, սակայն չի հաջողվի, քսան հոգով գնացեք և ստորագրություններ հավաքեք, բայց ոչինչ չի ստացվի: Դուք այս գյուղում առանձին տեղ չեք ստանա: Եթե ինչ-որ մեկն էլ ուզում է դա անի, թող տեղ հատկացնի իր տանը, բակում կամ կաբինետում», — նման խոսքերով գյուղի կենտրոնում հավաքված գյուղացիներին դիմեց տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչ Բեքա Թաբիձեն:
«Արդեն 22 տարի է ապրում եմ այս գյուղում և բոլորի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել: Մահացածին երկու մետր հող է հասնում: Պարզապես ամոթ է», — պատասխանում է մահմեդական Լիա Իակոբիձեն:
Ադիգենում իրավիճակը սրվեց երեկոյան 7-ից հետո, երբ գյուղ եկավ մունիցիպալիտետի վարչական ղեկավար Զաքարիա Էնդելաձեն:
«Մուսուլմաններն են նրան բերել, ցանկացել են այսօր ամեն ինչ որոշել: Իսկ ես զգուշացրել եմ, որ մեր տղաներն այսօր խմում են և այս գործը խաղաղությամբ չի ավարտվի: Սակայն նրանք ինձ չլսեցին: Եկավ Էնդելաձեն և սկսվեց այս ծեծկռտուքը: Շտապօգնություն և ոստիկանություն եկավ», — պատմում է քրիստոնեական համայնքի ներկայացուցիչ Զուրաբ Թաբիձեն:
Ծեծկռտուքի մասնակիցները վնասվածքներ են ստացել. ոմանց աչքերն են վնասվել, մյուսները ուղեղի ցնցում են ստացել:
«Ես գլուխս եմ վնասել: Չգիտեմ՝ ինչով են խփել: Ուշագնաց եմ եղել իսկ շտապօգնությունն ինձ հիվանդանոց է տարել», — հիշում է Ավթանդիլ Իակոբիձեն:
Վրաստանի ՆԳՆ քրեական գործ է հարուցել Վրաստանի ՔՕ 1-ին մասի 156 հոդվածով՝ մարդուն հետապնդելը: Մի քանի գյուղացիներ հարցաքննվել են, սակայն նրանցից ոչ մեկը չի ձերբակալվել:
Այդ օրը Ադիգեն գյուղը կռվի դաշտ էր հիշեցնում և բաժանվել էր երկու մասի: Ի աջակցություն տեղի մուսուլմանական համայնքի Ադիգեն էին եկել այլ գյուղերի մուսուլմաններ ևս՝ Մոխեից, Իփիեթից, Ցիխիսուրից, Դերցելից, Զեդուբնից, Չելայից, Չեչլայից և այլն: Իսկ ճանապարհի վերին հատվածում հավաքվել էին տեղացի քրիստոնյաները: Կռվող կողմերի միջև կենդանի պատ էին կազմել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Իրավիճակը շտկվեց միայն երկու օրից. երկու համայնքների ներկայացուցիչները և դրանց կրոնական առաջնորդները հավաքվել էին Ադիգենի մունիցիպալիտետի շենքի առջև:
«Մենք ի սկզբանե պայմանավորվել ենք այդ մասին: Սակայն թյուրիմացություն տեղի ունեցավ, որին հետևեց ընդհարումը», — ասում է մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ Ավթանդիլ Կոչալիձեն:
«Միթե մենք կկարողանայինք կողք կողքի այդքան տարի ապրել, եթե ատեինք միմյանց: Ի՞նչ անենք, պետք է չէ՞ նրանք իրենց մահացածներին թաղեն: Առանձին գերեզմանատուն կառուցելը մենք ընդունում ենք: Հին գյուղական գերեզմանատանը մեր մահացածներն են անգամ նեղության մեջ, սակայն տեղավորվում են», — ասում է քրիստոնյա համայնքի ներկայացուցիչ Քեթևան Գախոկիձեն:
Գյուղում խոսում են այն մասին, որ իրավիճակը սրվել է այն պատճառով, որ ինչ-որ մեկն ուզում է քաղաքական դիվիդենդներ շահել: Այդ մասին ասում են ինչպես մուսուլմաններն, այնպես էլ քրիստոնյաները: Սակայն, թե ով է իրականում անկարգությունների հեղինանկը, ոչ ոք չկարողացավ նշել:
«Արդեն 30 տարի է կողք-կողքի ենք ապրում… Երևի քաղաքականությունն է մեղավոր, որ ինչ-որ մեկը խառնվեց այս գործին, թե ով, չգիտեմ», — ասում է քրիստոնեական համայնքի ներկայացուցիչ Մերաբ Կուրաշվիլին:
Մուսուլմաններն իրավիճակի սրման համար մեղադրում են քրիստոնյա երիտասարդներին, ովքեր հարբած հարձակվել են իրենց վրա:
«Նրանք մոտեցան մեզ ու սկսեցին հայհոյել, մեզ թաթարներ անվանել: Այսքան տարի մենք այստեղ ապրում ենք, դեռևս ոչ մի անգամ մեծ սերնդի ներկայացուցիչներից նման բան չենք լսել: Նրանք հարբած էին: Իսկ հարբած մարդն ինչ ասես, կանի», — ասում է մահմեդական Մզիուրի Վաշակմաձեն:
Մեղավորներին պետք է պարզեն իրավապահները: Չնայած ներկա պահին ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել:
Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց ուշադրությունը սևեռում են տվյալ փաստի վրա. հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի հայտարարության մեջ ասվում է, որ «մինչ այժմ ոչ մի անձի տուժածի կարգավիճակ չի տրվել: Բժշկական փորձաքննություն չի անցկացվել, ինչը չհիմնավորված փաստ է: Դա կասկածների հիմք է տալիս, որ պետությունը մտադիր է օբյեկտիվորեն և ժամանակին հետաքննել տվյալ դեպքն այնպես, ինչպես մուսուլմանների հանդեպ վերջին տարիներին իրականացրած հետապնդման դեպքերը»:
Գյուղում այժմ հանգիստ է: Ադիգենը պատրաստվում է նոր գերեզմանատան կառուցման աշխատանքներին: Քրիստոնյաներն ու մուսուլմանները պետք է կողք կողքի լինեն: Տվյալ պահին երկու համայնքների ներկայացուցիչները հայտարարում են, որ կատարվածը չի ազդի իրենց բարիդրացիական հարաբերությունների վրա:
«Մեր կողմից ոչ մի բարդություն չի սպասվում, կարծում եմ՝ նրանց կողմից ևս», — ասում է մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ Բադրի Կախաձեն:
Չնայած իրավապաշտպանները չեն կիսում այս լավատեսությունը և իշխանություններին կոչ են անում ավելի խորքային հետազոոտել կրոնական փոքրամասնությունների խնդիրները: «Սա հատուկենտ դեպք չէ: Կրոնական հողի վրա ծագող կոնֆլիկտները հաճախակի են դարձել, ինչը մատնացույց է անում խնդրի համակարգային բնույթը», — կարծում են Մարդու իրավունքների մոնիտորինգի և ուսումնասիրման կենտրոնի իրավաբանները: