Ով ում է հարգում Աբխազիայում
Իշխող կոալիցիայի հենասյուն «Միացյալ Աբխազիա» կուսակցությունը որոշել է իր ճաանպարհով գնալ. այն հայտարարել է Քաղաքական կուսակցությունների համակարգման խորհրդից և հանրային շարժումներից դուրս գալու մասին:
«Համակարգող խորհրդի առաջնահերթ ուղղությունները, որոնց մասին հայտարարվել է բնակչությանը, մոռացության են մատնվել: Գործադիր իշխանությունը բուռն գործունեության իմիտացիա է ստեղծում, սակայն արգելակվում են սահմանադրական, ինչպես նաև պետական մարմինների բարեփոխումները: Գործադիր իշխանունության գործունեությունը ավելի ու ավելի անհամապատասխան է հասարակության պահանջներին», — սրանք են “Միացյալ Աբխազիայի քաղխորհրդի տարածած հատուկ հայտարարությունում նշված պատճառները:
Այս որոշումը կարելի է համարել հարված նախագահ Ռաուլ Հաջիմբային և կոալիցիայի փլուզման սկիզբ: Ասենք, “Միացյալ Աբխազիան այլևս չի հարգում Հաջիմբային և այլ գործչի է աջակցելու: Սակայն ես չեմ շտապի եզրակացություններ անել:
Քաղաքականության մասին ավանդական աբխազական պատկերացումները մինչ այժմ իրոք հիմնվել են յուրօրինակ “դիմանկարային ժողովրդավարության վրա, երբ կարևոր չէ, թե ինչ է խոսում քաղաքական գործիչը, կարևոր է միայն նրա անձը: Մինչ այժմ այս օրենքն էր որոշիչ, և ստեղծվող նոր քաղաքական կոալիցիաները նույնիսկ չէին էլ փորձում ինչ-որ հատուկ գաղափարախոսություն կամ հստակ ծրագիր առաջ քաշել: Քաղաքական կոալիցիային անհրաժեշտ էր համախմբվել հավակնություններ ունեցող անձի շուրջ, լինել նրան կողմ կամ դեմ՝ սա է եղել սկզբունքը մինչև հիմա:
Այդպես էր Սերգեյ Բաղապշի նախագահության տարիներին, երբ նրան աջակցում էին այնպիսի տարաբնույթ կազմակերպություններ, ինչպիսիք էին “Այթայրա քաղաքական շարժումը, որի կորիզը մտավորականությունն էր և նոմենկլատուրային “Միացյալ Աբխազիան՝ իրեն միացած Անկախ պրոֆմիությունների ֆեդերացիայի հետ մեկտեղ:
Այդպես էր նաև նախագահ Ալեքսանդր Անկվաբի նախագահության ժամանակ, երբ բոլոր քաղաքական ուժերը, որոնց համար նա ձեռնտու նախագահ չէր, հավաքվեցին Քաղաքական կուսակցությունների համակարգող խորհրդի և հասարակական կազմակերպությունների շուրջ:
Եվ այսպես էր մինչ այժմ, ներկայիս նախագահ Ռաուլ Հաջիմբայի ղեկավարման շրջանում, որին դեմ է արտահայտվում ընդդիմադիր տարաբնույթ ուժերի բլոկը, իսկ նրանց միայն միացնում է Հաջիմբայի հանդեպ ատելությունը: Սակայն, ըստ ամենայնի, վերջին տասնհինգ տարվա մեջ ձևավորված այս ավանդույթը քիչ-քիչ սկսում է փլուզվել:
Առաջին հերթին դա նավթի արդյունահանման և ռուսների հանդեպ գործող` անշարժ գույքի ձեռքբերման էմբարգոյի վերացումն է: Այս երկու կետերը, որոնց կատարման վրա Մոսկվան ուղղակիորեն պնդում է, արդեն ուրվագծել են իրար դեմ դուրս եկած ճամբարներում առկա լուրջ տարաձայնությունները, ինչպես Համակարգող խորհրդում, այնպես էլ ընդդիմադիր բլոկում: Եվ այդ տարաձայնությունները միայն կուժեղանան, երբ վերոնշյալ հարցերն ավելի սրվեն (իսկ դա տեղի կունենա մոտ ապագայում): Իսկ հաջորդ տարվանից` ընտրական խառը համակարգին անցնելու հետ մեկտեղ, երբ կուսակցությունների դերը երկրի քաղաքական կյանքում զգալիորեն կաճի, բացառապես “դիմանկարային նախընտրություններից ելնելով համախմբվելը, արդեն բավարար չի լինի խաղի մեջ մնալու համար:
Գաղափարների ու սկզբունքների մրցակցության անցնելն անխուսափելի է: “Միացյալ Աբխազիան, որն իր ստեղծման օրվանից միշտ հստակ էր արձագանքում քաղաքական դաշտի կոնյունկտուրային, դա արդեն զգացել է:
Գործող իշխանության հասցեին հնչող մեղադրանքները, որոնք կուսակցությունը պաշտոնապես ներկայացրեց որպես կոալիցիայից դուրս գալու պատճառ, ձև է, որն օգտագործում էր քաղաքական ուժերի բլոկը ամբողջ նախորդ տարվա ընթացքում: Սակայն այստեղ մի առանձնահատկություն կա, որն ամեն ինչ փոխում է: Եվ առաջին անգամ է, որ դա դրդապատճառ է: “Միացյալ Աբխազիան, ի տարբերություն ընդդիմությանը, նախագահ Ռաուլ Հաջիմբայի անձի դեմ որևէ բան չունի: Նրան պարզապես ձեռնտու չէ Հաջիմբայի քաղաքականությունը:
- “Միացյալ Աբխազիա կուսակցությունը ստեղծվել է 2004թ. մարտին որպես հասարակական-քաղաքական շարժում, որը միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ 2004թ. նախագահական ընտրություններին ընդդիմությունից միասնական թեկնածու առաջարկել: Այդ տարի կրկնակի ընտրություն անցկացվեց և 2005թ. հունվարի 12-ին ձայների բացարձակ մեծամասնությամբ Բաղապշ (նախագահ)-Հաջիմբա (փոխնախագահ) տանդեմը հաղթանակ տոնեց: “Միացյալ Աբխազիան քաղաքական կուսակցություն է դարձել 2009թ.-ին: