Ողբերգություն Ռուսթավիում․ «Ժամը երեքին զանգահարել է հորեղբորն ու խնդրել իրեն հիվանդանոց պառկեցնել»
Փետրվարի սկզբին Ռուսթավին ցնցեց սարսափելի մի ողբերգություն․ 29-ամյա տղամարդը դանակահարել էր 13-ամյա զարմիկին։
Մարդասպանը ձերբակալված է։ Փորձաքննությունը պարզել է, որ նա հոգեկան ծանր հիվանդ է։
Սպանությունից մեկ օր առաջ նրա մեջ ագրեսիա է արթնացել, և ազգականները դիմել են մի քանի հիվանդանոց։ Սակայն առողջապահության համակարգը չի ընդունել սրված հիվանդությամբ անառողջ մարդուն և տուն է ուղարկել։ Մի քանի ժամ անց նա 13-ամյա երեխայի է սպանել։
JAMnews-ը փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել Ռուսթավիում, և ինչու համակարգում տեղ չի եղել հոգեկան սուր հիվանդություն ունեցող մարդու համար։
________________
Ռուսթավիի 8-րդ միկրոշրջանի 7-րդ կորպուսի բակում քամին մի քանի բազմագույն ճոճանակ է շարժում։ Բակում լուռ է։ Երեխաների ձայներ անգամ չեն լսվում։
Կորպուսի բնակիչներն ասում են, որ սովորաբար աղմկոտ ու երեխաներով լի բակն արդեն մի քանի շաբաթ է, ինչ դատարկ է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այստեղ 13-ամյա դեռահասին դանակով սպանել է նրա հարազատ հորեղբայրը։
29-ամյա երիտասարդը երեխային դանակի մոտ 20 հարված է հասցրել։ Ըստ նախնական տեղեկության, նա հոգեկան հիվանդ է։ Անառողջ վիճակն, ըստ ամենայնի, սրվել է թմրանյութերի օգտագործման պատճառով։
Սպանությունից մի քանի ժամ առաջ հիվանդության սրացումը նկատած հարազատներն ու հիվանդի ընկերները դիմել են երկու տարբեր բուժհաստատություն։ Սակայն ոչ հոգեբուժական, ոչ թմրաբանական բաժանմունքներ նրան չեն ընդունել։
«Մեջքին այնքան հարվածներ էր հասցրել․․․ Կոկորդին էլ ու սրտի հատվածում»
Փետրվարի 10-ին 9:30-ին մոտ Ռուսթավիի 8-րդ միկրոշրջանի բնակիչները հարևան Գիորգի Ասանիձեի բղավոցն են լսել։
-Բա՛ց արա, — պահանջում էր Ասանիձեն՝ փորձելով ներս մտնել առաջին հարկում գտնվող բնակարան։
Դռան հետևում դանակը ձեռքին կանգնած է եղել Ասանիձեի մանկության ընկերը։ Բնակարանում է եղել նաև 13-ամյա երեխան։ Ավելի ուշ Գիորգի Ասանիձեն լրագրողներին պատմել է, որ օգնության կանչող երեխայի ձայն է լսել։ Երբ ոստիկանությունը բնակարան է ներխուժել, նա արդեն մահացել էր։
«Մեջքին բազմաթիվ վերքեր կային, կոկորդի մոտ, սրտի շրջանում․․․», — երկու շաբաթ անց շենքի բնակիչները նախկինի պես խոսում են միայն կատարվածի մասին։
29-ամյա տղամարդուն արդեն մեղադրանք է առաջադրվել։ Կալանքից հետո բժշկական փորձաքննություն է անցկացվել։ Բժիշկները կարծում են, որ նա հոգեբուժարանում հարկադիր բուժման կարիք է ունեցել։
Առաջին կանգառը՝ «Ռուսթավի» հիվանդանոց
Մեղադրյալի ընկերները հիշում են, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում նա առանձնահատուկ ագրեսիվ է եղել կնոջ և երեխաների հանդեպ և ասել է, որ ինչ-որ մեկին ուզում է սպանել։
Ընտանիքի անդամներն ու ընկերները սկզբից դիմել են «Ռուսթավի» հիվանդանոց։ Դա փետրվարի 9-ին է եղել՝ երեխայի սպանությունից 24 ժամ առաջ։ Հիվանդին «Ռուսթավի» են տեղափոխել շտապօգնության մեքենայով։
Հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Լուկա Սալուկվաձեն մեզ ծանոթացնում է մարդասպանի բժշկական քարտի հետ․
«Բողոքել է գլխապտույտից, գլխացավերից, ընդհանուր թուլությունից, սրտխառնոցից, անքնությունից։ Հիվանդի և նրա կնոջ խոսքով՝ նա գտնվել է մարիխուանայի ազդեցության տակ, որից հետո վիճակի վատթարացում է նկատվել։ Նա բողոքել է նաև պարբերաբար առաջացող անհանգստությունից, նյարդայնությունից, անքնությունից, ախորժակի բացակայությունից», — գրված է հիվանդության պատմության մեջ։
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար Խաթունա Ռևազիշվիլին ասում է, որ ընտանիքի անդամները չեն նշել կնոջ ու երեխաների հանդեպ ագրեսիվության մասին։ Նրա խոսքով՝ հիվանդին համապատասխան օգնություն է ցուցաբերվել, նրա վիճակը բարելավվել է և չորս ժամ անց նրան դուրս են գրել։
Իրադարձություններն այլ կերպ են հիշում նրա ընկերները, որոնք այդ օրը նրա հետ են եղել․
«Հիվանդանոցում մեզ ասացին, որ անհրաժեշտ է նրան պառկեցնել հոգեբուժարան», — պատմում է Գիորգի Ասանիձեն։
Դա հաստատում է հիվանդանոցի բժիշկ Լուկա Սալուկվաձեն։ Նա ասում է, որ իրենք հիվանդի հարազատներին խորհուրդ են տվել նրան Թբիլիսիի հոգեբուժարան տանել։
Սալուկվաձեի խոսքով՝ օրենսդրության համաձայն «Ռուսթավիի» հիվանդանոցը որևէ այլ բան չէր կարող ձեռնարկել, քան «հիվանդի մոտ հոգեկան հիվանդություն կասկածելն» ու նրա հարազատներին համապատասխան գործողություններ խորհուրդ տալը, քանի որ հիվանդանոցն ընդհանուր պրոֆիլի բուժհաստատություն է, և հոգեպես անառողջ անձանց օգնություն ցուցաբերելու պետական արտոնագիր չունի։
Երկրորդ իրավիճակ․ Թբիլիսիի «Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոն»
Հոգեպես անառողջ և թմրանյութերի ազդեցության տակ գտնվող մարդուն Ռուսթավիից տարել են Թբիլիսի՝ Քավթարաձեի փողոցում գտնվող «Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոն»։ Այն Թբիլիսիի խոշորագույն կենտրոններից է, որտեղ մի բաժանմունքում օգնություն է ցուցաբերվում հոգեպես անառողջ մարդկանց, իսկ մյուսում՝ թմրամոլներին։ Ինչու Թբիլիսիի հոգեբուժական կենտրոնը ռուսթավցի հիվանդին չի պահել։
Ըստ կենտրոնի ղեկավար Լաշա Կիլաձեի, թմրաբանական բաժանմունքում հիվանդներին բռնությամբ չեն բուժում, քանի որ դա արգելված է օրենսդրությամբ։
«Ընկերները ցանկանում էին պառկեցնել նրան թմրաբանական բաժանմունքում, սակայն հիվանդը հրաժարվել է բուժվել», — հայտարարել է Կիլաձեն լրագրողներին։
Նրա խոսքով՝ թմրաբանական բաժանմունքում հիվանդին խորհուրդ են տվել դիմել հոգեբուժական բաժանմունք։ Սակայն հիվանդը չի դիմել, ասում է Կիլաձեն։
Մեղադրյալի հարազատներն ասում են, որ նրան իրոք սկզբից տարել են թմրաբանական բաժանմունք, սակայն, նրան հրաժարվել են ընդունել և միանգամից տեղափոխել են հոգեբուժական բաժանմունք։
«Մենք եղել ենք հոգեբուժական բաժանմունքում։ Նրան ընդամենը երկու րոպեով են ներս տարել․․․ Բժիշկները խոսել են նրա կնոջ հետ։ Այնուհետև ասել են, որ բաժանմունքում տեղ չկա», — պատմում է մեղադրյալի ընկեր Գիորգի Ասանիձեն։
Նա ասում է, որ հոգեբուժական բաժանմունքից հետո նրանք կրկին դիմել են թմրաբանական․
«Դուրս եկավ անվտանգության աշխատակիցն ու անկետա ցույց տվեց։ Ասաց, որ 3000 լարի է պետք այդպիսի անկետայի համար։ Եթե չեք հավատում, ստուգեք տեսագրություններն», — ասում է Գիորգին։
Նա պատմում է, որ ընկերները հիվանդանոցի ղեկավարությանը խոստացել են այդ գումարը հաջորդ օրը բերել, միայն թե նրան ընդունեն ստացիոնար բուժման, սակայն բժիշկները չեն համաձայնել։
Զանգ՝ գիշերը երեքին
Չարաբաստիկ առավոտից ընդամենը մի քանի ժամ առաջ, երբ նա հարազատ եղբորորդուն դանակի 20 հարված է հասցրել, 29-ամյա տղամարդը զանգահարել է իր ազգականին։
«Գիշերը երեքին մոտ, երբ նա զանգահարել է իր հորեղբորը և խնդրել հիվանդանոց տանել իրեն․․․ խնդրել է խոստանալ, որ ծայրահեղ դեպքում երկուշաբթի իրեն հիվանդանոց կտեղափոխեն՝ բուժում սկսելու։ Նա օգնություն է խնդրել, սակայն ոչ ոք, ըստ էության, ուշադրություն չի դարձրել», — ասում է մեղադրյալի ընկեր Գիորգի Ասանիձեն։
Ո՞վ է մեղավոր կամ ինչո՞ւ համակարգը չի աշխատում
Արդյո՞ք բժիշկները պարտավոր էին անել անհրաժեշտ ամեն ինչ, որ հիվանդն անպայման հոգեբույժի դիմեր։ Այս հարցին միանշանակ պատասխան չկա հոգեբուժական համակարգի թերությունների պատճառով, որը բացահայտել է Ռուսթավիի դեպքը։
Թերություն 1․ անբավարար կոորդինացիա
Գլխավորն, ինչ պարզվել է կատարվածի արդյունքում, այն է, որ հոգեբուժության ոլորտն առողջապահության միասնական համակարգի հետ բավականաչափ կոորդինացված չէ, իսկ հիվանդանոցները՝ միմյանց միջև։
Ստացվում է, որ բժիշկները պատասխանատվություն չեն կրում իրենց օգնությանը դիմած հոգեկան խնդիրներով հիվանդների համար անգամ մյուս բաժանմունք նրան տեղափոխելիս։ Ակնհայտ է, որ բժիշկները բավականաչափ տեղեկություն չունեն հոգեբուժական ծառայության մասին։
«Երբ հիվանդին բերում են Ռուսթավիի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց․․․ Նրա հետագա ճակատագրով պետք է արդեն զբաղվի համակարգը, նրան օգնություն ապահովի, տեղավորի այն հաստատությունում, որտեղ հարկն է, այլ ոչ թե թողնի ընկերների հույսին», — ասում է Հոգեկան առողջության ասոցիացիայի ղեկավար, հոգեբույժ Մանանա Շարաշիձեն։
Այն բանի հետ, որ բուժհաստատություններում տեղ փնտրելու հարցով չպետք է զբաղվեն հիվանդի ընտանիքի անդամներն ու ընկերները, համաձայն է նաև Հոգեբույժների համայնքի նախագահ Էկա Չկոնիան։ Նրա կարծիքով՝ գլխավոր խնդիրը բուժհաստատությունների ներքին և արտաքին կոորդինացիան է։
Թերություն 2․ թմրաբանական օրենսդրություն
Եվս մեկ թերություն, որը բացահայտեց Ռուսթավիի դեպքը, կատարյալից շատ հեռու գտնվող թմրաբանական օրենսդրությունն է։
Վրաստանում թրմաբանական հիվանդանոցները հիմնականում աշխատում են թմրանյութերից կախվածություն ունեցող հիվանդների դետոքսիկացիայի և թերապևտիկ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Ի տարբերություն հոգեբուժության հիվանդների, թմրամոլների բուժումը բացառապես ինքնակամ է․ բռնի ուժով նրանց բուժելն արգելված է օրենքով, և բացառություններ նախատեսված չեն։ Հենց այս փաստարկն են օգտագործում Հոգեկան առողջության և թմրաբանության կենտրոնում որպես արդարացում, թե ինչու է ծանր վիճակում հայտնված մարդը համակարգից դուրս մնացել։
Վրաստանի հոգեկան առողջության ասոցիացիայի ղեկավար Մանանա Շարաշիձեն ասում է, որ այդ օրենքն անհրաժետ է փոխել․
«Օրինակ, մարդը փսիխոզ ունի, որն առաջացել է հոգեմետ նյութի օգտագործման հետևանքով, և նա լիովին համապատասխանում է սոցիալապես վտանգավորի չափանիշներին։ Սակայն միաժամանակ հրաժարվում է հոսպիտալացումից։ Եվ ոչինչ չես կարող անել, քանի որ օրենքը հարկադիր բուժման անցկացում չի ենթադրում։ Այս դրույթն անհրաժեշտ է անհապաղ շտկել», — ասում է նա։
Թերություն 3. Բազմապրոֆիլ հիվանդանոցներում հոգեբուժական բաժանմունք չկա
Հոգեբան Ջանա Ջավախիշվիլին ուշադրությունը սևեռում է ևս մեկ խնդրի վրա․ նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ հոգեբուժական բաժանմունքներ գործեն բոլոր բազմապրոֆիլ հիվանդանոցներում, այլ ոչ միայն մասնագիտացվածներում, որպեսզի հնարավոր լինի արագ օգնել հիվանդության սուր փուլում գտնվող հիվանդներին։
«Նշանակություն չունի՝ հիվանդն ինչ-որ դեղերի տակ է, թե քրոնիկ հիվանդ է՝ սուր էպիզոդով։ Մարդուն անհետաձգելի օգնություն է անհրաժեշտ։ Եվ սովորական բազմապրոֆիլ հիվանդանոցներում օգնություն ցուցաբերելու հնարավորություն պետք է լինի, որտեղ գործում են վիրաբուժության, նյարդաբանության, սրտաբանության և այլ բաժանմունքներ։ Դրանց հետ մեկտեղ պետք է լինի նաև սուր հոգեբուժության բաժանմունք», -ասում է Ջավախիշվիլին։
Մինչև 2017թ-ն ամեն ինչ հենց այպես էր։ Երկու տարի առաջ օրենսդրական փոփոխություններ մտցնելուց հետո դադարեցվել է պետական ծրագրերին մասնակցող երեք խոշոր հիվանդանոցների ֆինանսավորումը, որոնցում գործում էին սուր հոգեկան խնդիրներով հիվանդների համար բաժանմունքներ։
Խոսքը Գուդուշաուրիի անվան հիվանդանոցի, №5 կլինիկական հիվանդանոցի և ռեֆերալ հիվանդանոցի մասին է։
Ըստ մասնագետների՝ փոփոխությունների արդյունքը վատն է․ կրճատվել է հոգեկան սուր հիվանդությամբ տառապող հիվանդների համար տեղերի քանակը, բարդացել է նաև այդպիսի հիվանդների ընդունումը։
Բացի այդ, հոգեկան հիվանդություններ ունեցող հիվանդների բուժումը սովորական հիվանդանոցներում՝ այնտեղ, որտեղ բուժվում են, օրինակ, թոքերի բորբոքումով կամ կոտրվածքներով մարդիկ, նրանց համար լրացուցիչ խնդիրներ չէր ստեղծում սոցիալական մերժվածության առումով։
Թերություն 4․ «մահճակալների պակաս»
Հոգեկան առողջության և թմրամոլության կանխման կենտրոնում հերքում են այն, որ Ռուսթավիի հիվանդը չի հոսպիտալացվել հոգեբուժական բաժանմունքում այն պատճառով, որ տեղ չի եղել։ Սակայն տեղեկությունն այն մասին, որ փետրվարի 10-ին կենտրոնում ազատ մահճակալներ չեն եղել, հաստատում է օմբուդսմենը։
«Մահճակալների պակասն» արդեն երկար տարիներ է, ինչ Վրաստանի հոգեբուժական հաստատությունների խնդիրն է, որը ոչ մի կերպ չի ստացվում լուծել։ Մասնագետները հիվանդանոցների ծանրաբեռնվածության երկու պատճառ են համարում՝ ֆինանսների սխալ բաշխումը և մասնագիտացված ծառայությունների ապահովման խախտումը։
Հոգեբուժության ոլորտի խնդիրները միմյանցից տարբերվում են սրության աստիճանով։ Որոշ հիվանդների անհրաժեշտ է ստացիոնար բուժում, մյուսներին՝ այլ ծառայություններ։ Այդ «մյուս» ծառայությունները Վրաստանում լուրջ խնդիր են, քանի որ ստացիոնարում կարելի է հանդիպել այնպիսի հիվանդի, որն այնտեղ չպետք է լինի, այդ պատճառով էլ սուր հիվանդություններ ունեցողների համար այնտեղ տեղ չի մնում։
Այսօր Վրաստանի բոլոր հոգեբուժական ստացիոնարներնում ընդհանուր առմամբ 1400 տեղ կա։ Դրանցից յուրաքանչյուրի համար պետությունն օրական 19 լարի է տրամադրում։
«Եթե օգնության կարիք ունեցող բոլոր հիվանդներին մենք ստացիոնար ուղարիենք, դա այնպիսի աներևակայելի ծախսեր կառաջացներ, որ ոչ մի համակարգ չէր դիմանա», — ասում է Էկա Չկոնիան։ Նրա խոսքով՝ այս իրավիճակի ելքն այլընտրանքային, ավելի էժան ծառայությունների զարգացումն է հիվանդության թեթև ձևերով հիվանդ անձանց համար։
* Նյութի վրա աշխատելիս հեղինակը մեկնաբանություն ստանալու համար մի քանի անգամ կապվել է առողջապահության նախարարության հետ սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։