Ո՞ւմ կընտրի Վրաստանը
Վրաստանում խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ Ամերիկյան ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI) ներկայացրել է երկրի քաղաքական կուսակցությունների վարկանիշները:
Հետազոտությունում արտացոլված գլխավոր տենդենցներն են.
Ամենահաճախ հանդիպող պատասխանը «չգիտեմն» է
Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին, սակայն, պարզվում է, որ հարցվածների 61%-ը դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու: Դա վկայում է այն մասին, որ ընտրողները հեռու են քաղաքական կուսակցություններից և, ընդհանուր առմամբ, երկրում ընթացող քաղաքական գործընթացների հանդեպ վստահություն չունեն:
Օրինակ, հարցին, թե որ կուսակցությունն է ավելի շատ համապատասխանում ձեր հայացքներին, հարցվածների 29%-ը պատասխանել են՝ «չգիտեմ»: Նման բարձր ցուցանիշ այդ հարցում չունի ոչ մի կոնկրետ կուսակցություն: Այստեղից եզրակացություն. կուսակցությունները դաժան պայքար պետք է մղեն դեռ չկողմնորոշված քաղաքացիների և ժխտողական դիրքորոշում ունեցողների ձայնի համար:
Կորցված վստահություն
Ըստ ամենայնի, իշխող կուսակցությունը ոչ մի կերպ չի կարողանում բարձրացնել իր քաղաքական վարկանիշը, որը դրամատիկ կերպով ընկավ 2015թ.-ի սկզբին: Հարցվածների ընդամենը 15% է նշել, որ կընտրեր «Վրացական երազանք» կուսակցությունը, եթե ընտրություններն անցկացվեին վաղը: Ընտրություններից 5 ամիս առաջ ստացված այս ցուցանիշը պետք է իշխանություններին ստիպի խորհել:
Ընդամնեը 3,5 տարի առաջ՝ 2012-ի նոյեմբերին, իշխանության եկած «Վրացական երազանքն» ուներ ընտրողների 63 տոկոսի ձայնը: Գլխավոր հարցը հետևյալն է. կկարողանա՞ արդյոք Բիձինա Իվանիշվիլիի թիմը մնացած 5 ամիսների ընթացքում վերադարձնել կորցրած վստահությունը: Պետք է հաշվի առնել նաև, որ «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ 5 քաղաքական սուբյեկտները կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին: Եվ դեռևս հայտնի չէ, թե ինչ ազդեցություն կունենա «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շանսերի վրա կոալիցիայի մասնատումը:
Կայուն ընտրող
Հետաքրքիր է ևս մեկ տենդենց. իշխանական կուսակցության վարկանիշի նվազումը չի անդրադառնում ընդդիմության վարկանիշի վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն վաղը, երկրի գլխավոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 13%-ը:
«Միասնական ազգային շարժում» կուսակցության վարկանիշն ինքնին հետաքրքիր ֆենոմեն է: Արդեն չորրորդ տարին է՝ այդ կուսակցության վարկանիշը 10-15% է կազմում: Ակնհայտ է, որ ընտրողները, թեև դժգոհ են իշխնությունից, սակայն ընդդիմության մասին նույնպես լավ կարծիքի չեն: Փաստ է, որ «Միասնական ազգային շարժումը» ընտրողների կայուն և երաշխավորված աջակցությունն ունի, չնայած դեռևս չի կարող ավելի լավ արդյունքներ գրանցել և իր կողմ բերել իշխանությունից հիասթափված ընտրողներին:
Երրորդ կուսակցությունը
NDI հետազոտության ներկայացրած վարկանիշների համաձայն, պարտադիր 5% ընտրական շեմը հաղթահարել է ևս մեկ կուսակցություն՝ «Ազատ դեմոկրատները»: Հարցվածների 6%-ը նշել է, որ իր ձայնը կտա այս կուսակցությանը, եթե ընտրություններն անցկացվեն վաղը: 2015թ. անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքում պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի քաղաքական թիմը հավաքել էր հարցվածների 9%-ի ձայնը: Վերջերս այդ կուսակցությունը հարձակումների թիրախ է դարձել. առաջնորդներից մեկի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար են տեսել, հրապարակվել են մյուս անդամի անձնական կյանքն արտահայտող տեսանյութեր:
Ռուսաստանը մեր ընկե՞րն է
Հետաքրքրական է այն փաստը, որ Ռուսաստանին հավատարմություն արտահայտող և Արևմուտքն ու Հյուսիսատլանտյան դաշինքը քննադատող կուսակցությունների վարկանիշը չի գերազանցում 3%-ը:
Ի՞նչ կապ ունի Բիձինան
Հենց այս հարցով են պատասխանում իշխանության ներկայացուցիչներն ընդդիմության այն մեղադրանքներին, որոնք հնչում են հեռուստադեբատների ընթացքում:
Չնայած, ինչպես պարզվեց, ոչ միայն ընդդիմադիրներն են կարծում, որ նախկին վարչապետը երկրի ոչ ֆորմալ ղեկավարն է: NDI հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 66 տոկոսի կարծիքով, Իվանիշվիլին նախկինի պես իշխանական կառույցներում որոշում ընդունողն է: Եվ միայն հարցվածների 15 տոկոսն է հավատացած, որ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա չի միջամտում երկրի կառավարման հարցերին: Միաժամանակ հարցվածների 56%-ի կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե Բիձինա Իվանիշվիլին այլևս չմասնակցեր քաղաքական որոշումների կայացմանը:
Ո՞ր քաղաքական գործիչն է ձեզ դուր գալիս
Տվյալ հարցը նույնպես մեծ ոգևորություն չառաջացրեց հետազոտության շրջանակում հարցվածների մոտ: Քանի որ այստեղ նույնպես պատասխանների մեծ մասը «չգիտեմ» է:
Քաղաքական գործիչներին նախընտրելու վարկանիշի առաջին երեք տեղը զբաղեցնում են ընդդիմության ներկայացուցիչները՝
«Միասնական ազգային շարժման» առաջնորդ Դավիթ Բակրաձեն (15%), «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Իրակլի Ալասանիան (7%) և Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին (6%): Գործող վարչապետին հավանում է հարցվածների 5 տոկոսը:
Ամենահետաքրքիրը ներկայիս առավել խոշոր քաղաքական գործիչների վարկանիշներն են՝ նախկին վարչապետի և նախկին նախագահի: Հարցվածների ընդամենը 4 տոկոսն է նշել, որ հավանում է Բիձինա Իվանիշվիլիին, և ընդամենը 2 տոկոսը՝ Միխայիլ Սահակաշվիլիին:
Հրապարակվել է 11.04.2016