Ո՞ւմ են պատժամիջոցներ սպառնում
«Էկոնոմիստ» ամսագիր, Մեծ Բրիտանիա
«Ադրբեջան. արդյո՞ք մարդու իրավունքները նշանակություն ունեն». այսպես էին կոչվում ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումները: Ադրբեջանցի զեկուցողը ելույթ էր ունենում Skype-ով, քանի որ նրան արգելել են երկրից դուրս գալ:
Սեպտեմբերի 15-ի լսումներին մասնակցած զեկուցողներից մեկը լրագրող Խադիջա Իսմայիլն էր, որը հայտնի է իր սկանդալային հետաքննություններով և տարբեր մեղադրանքներով բանտում 1.5 տարի է անցկացրել:
«Ինձ մի՛ թողեք երկրից դուրս գալ: Իսկ ես այդ խայտառակության մասին կպատմեմ առանց տնից դուրս գալու: Եվ դա ավելի արդյունավետ կլինի, — ֆեյսբուքյան իր էջում գրում է Խադիջան: — Այս կամ այն հանդիպմանը մասնակցելու վրա ժամանակ և գումար էր ծախսվում: Ափսոս էր ինքնաթիռներում անցկացվող ժամանակս. մեկ երկրում միջոցառման մասնակցելով՝ չէի կարողանում մյուսին մեկ այլ երկրում մասնակցել: Այսօր առավոտյան կոնֆերանսի եմ օվկիանոսից այսկողմ, երեկոյան՝ օվկիանոսից այնկողմ»:
Մյուս զեկուցողը Թյուրքել Քերիմլին էր՝ ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի տղան, ում նույնպես թույլ չէին տվել լքել երկիրը: «Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է թարմացնել անձնագիրս, իսկ հորս արդեն 10 տարի է, ինչ արգելում են երկրից դուրս գալ, — պատմել է Թյուրքելը: — Իմ ընտանիքը տարիներ շարունակ հետապնդումների է ենթարկվում: Հորեղբորս, ում բանտ են նստեցրել, սպառնացել են սպանել: Կուսակցության այլ ակտիվիստների ընտանիքների անդամները նույնպես հետապնդումների են ենթարկվում»:
Երկու զեկուցողներն էլ պատմում էին Ադրբեջանում առկա հարյուրից ավել քաղբանտարկյալների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների բազմաթիվ խախտումների մասին, այդ թվում նաև՝ խոսքի և հավաքների ազատության:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը հայտարարեց, որ «լուռ դիվանագիտությունը», որը երկար տարիներ կիրառել է ԱՄՆ-ն, անօգուտ է եղել: «Լուռ դիվանագիտությունը քաղբանտարկյալներին առևտրի առարկա է դարձրել», — ասել է նա:
Կոզլարիչը նաև The Washington Post-ում վերջերս տպագրված հոդվածի համահեղինակն է (Մաքքեյնի ինստիտուտի տնօրենի հետ համատեղ), որն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում մեծ արձագանք ստացավ և ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանին (խորհրդակցության համար) ետ կանչելու առիթ դարձավ:
Հոդվածի հեղինակները նշում էին, որ այս տարվա գարնանը պատժամիջոցների սպառնալիքն է Ադրբեջանի իշխանություններին ստիպել ազատ արձակել 16 քաղբանտարկյալի: Այսպիսով, ԱՄՆ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնի, քանի որ նոր ձերբակալություններն ու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեն, որն ավելացնելու է նախագահի իրավասությունները, էլ ավելի են խորացնում ավտորիտարիզմն Ադրբեջանում:
Պատժամիջոցի տեսքով հիմնական սպառնալիքն այն իրավական ակտն է, որը դրա համահեղինակ Ջիմ Մակգովերնը (մյուս համահեղինակը հայտնի հանրապետական Ջոն Մակքեյնն է) ու մամուլը «Մագնիտսկու գլոբալ ցուցակ» կամ «Գլոբալ Մագնիտսկի» են անվանում: Այն ենթադրում է անհատական պատժամիջոցներ այլ երկրների քաղաքացիների հանդեպ, ովքեր մարդու իրավունքների խախտման հետ կապ ունեն: Կոնգրեսի լսումներից հետո Մակգովերնը հայտարարել է, որ օրենքը «իր ճանապարհը կանցնի Կենգրեսով մինչև տարվա վերջ: Սակայն եթե դա տեղի չունենա, մենք դիմելու ենք աշխատակազմին, որպեսզի նրանք ավելի վճռական լինեն և անեն այն, ինչ արդեն իրավունք ունեն անելու՝ պատժամիջոցներ կիրառել այն մարդկանց դեմ, որոնք մեղավոր են կաշառակերության և մարդու իրավունքների խախտման մեջ»:
Ադրբեջանական իշխանությունները ոչ մի կերպ չարձգանքեցին լսումներին և անհատական պատժամիջոցների թեմային, չնայած որ նախկինում պետությունը կարծիք հայտնում էր այդ առիթով: Օրինակ, նախորդ տարվա «Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ ակտ» օրինագիծը ԱԳՆ-ն, չինովնիկները, քաղաքական գործիչներն ու իշխանամետ մամուլն անվանում էին հայամետ ուժերի կողմից նախապատրաստված օրինագիծ[1] [2] [3] [4]: Այս անգամ հնչեց միայն իշխանամետ լրատվամիջոցների ոչ պաշտոնական դիրքորոշումը, որոնք լսումները հայամետ[5] անվանեցին և ԱՄՆ-ին մեղադրեցին Ադրբեջանում անկարգություններ հրահրելու մեջ[6] [7]:
Համացանցում գրեթե քննարկումներ չկան Կոնգրեսի լսումների և պատժամիջոցների վերաբերյալ, բացառությամբ լրագրողների և քաղաքական ակտիվիստների, ովքեր շնորհավորում են միմյանց.
«Կարևորն այն է, որ բյուրոկրատներն ու լոբբիստներն, ում գրպանը մեր բյուջեից է փող գնում, ամեն ինչ չփչացնեն: Թե չէ ամեն ինչ լավ է լինելու, Ալլահը տա»:
«Նավթն ուժը կորցրել է, և այժմ Արևմուտքի ժամանակն է ժողովրդավարության մասին մտածելու: Ոչինչ հավերժ չէ»:
Կայքում, որտեղ հրապարակվել է լսումների մասին նորությունը, միայն մեկ մեկնաբանություն կա ոմն Փարվիզից.
«Պատմությունից մենք տեսել ենք, որ նման ռեժիմները միշտ ինքնամեկուսացման ուղի են բռնում: Իսկ Ադրբեջանն, ավելի ճիշտ՝ Ալիևի ռեժիմն, արդեն վաղուց իր համար ինքնամեկուսացման ուղի է ընտրել: Մեզ մոտ միայն խոքով է գլոբալիզացիա, Եվրոպա, ինտեգրացիա, իսկ գործնականում բոլորովին այլ վիճակ է»:
Հետո պարզվեց, որ իրականում նախքան լսումները ոմանք դրա արդյունքներին էին սպասել:
Երկխոսություն խանութում.
— Վաղուց եմ այդ մասին կարդացել, իսկ ո՞ւր են դրանք: Եթե ամերիկացիներն այդ պատժամիջոցների հարցն այսքան չձգեին, մենք սրան չէինք հասնի, — ասում է տարեց մի մարդ: Ես արդեն «Զոլոտայա յավային» (էժանագին ռուսական ծխախոտ) եմ անցել, իսկ մեկ տարի առաջ «ոսկե» Davidoff էի ծխում:
— Դու մտածում ես՝ ամերիկացիները քեզ համար ծխախո՞տ են գնելու, — պատասխանում է վաճառողը:
Հրապարակվել է 19.09.2016