«Վրաստանում ստեղծված իրավիճակը լուրջ է, բայց ոչ անհույս». կարծիք
Ո՞վ կհաղթի Վրաստանի բողոքի ցույցերում
«Բողոքի ցույցերը ցրելու պատճառով Բիձինա Իվանիշվիլիի կերպարը՝ որպես կայունության երաշխավոր, փլուզվում է։ Եվ սա կարևոր է, քանի որ դա նաև կործանում է նրա լեգիտիմությունը թե՛ երկրի ներսում՝ բնակչության շրջանում, թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքական ուժերի համար»,- ասում է քաղաքական մեկնաբան Դավիթ Զուրաբիշվիլին։
Նա Վրաստանում ստեղծված իրավիճակը համարում է լուրջ, բայց ոչ անհույս։
Վրաստանում բողոքի ցույցերի զանգվածային ալիք բռնկվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրը պաշտոնապես կասեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը։ Ամեն գիշեր Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև տեղի են ունենում հանրահավաքներ, որոնք ոստիկանությունը փորձում է ցրել՝ մասնակիցների դեմ կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, ծեծի ենթարկելով և ձերբակալելով նրանց։
Մեկնաբանություն
Քաղաքական մեկնաբան Դավիթ Զուրաբիշվիլի
«Այս գործողությունների պատճառով (բողոքի ակցիաները դաժան ձևով ցրելը- JAMnews) Բիձինա Իվանիշվիլիի կերպարը՝ որպես կայունության երաշխավոր, փլուզվում է։ Եվ սա կարևոր է, քանի որ դա նաև կործանում է նրա լեգիտիմությունը թե՛ երկրի ներսում՝ բնակչության շրջանում, թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքական ուժերի համար։
Նույնիսկ Ռուսաստանին պետք չէ այնպիսի վրացական կառավարություն, որը չի կարող ապահովել կայունություն։
Այդ պատճառով Բիձինան փորձում է հնարավորինս արագ ճնշել բողոքի ակցիաները։ Ելնելով ռուսական օլիգարխիական պրակտիկայից՝ նա կարծում է, որ եթե բռնի և չեզոքացնի հանրահավաքների կազմակերպիչներին, ապա բողոքը կմարի։
Այս ամենը կարելի է հասկանալ և բացատրել ավտորիտարիզմի դիրքերից։
Բայց նրա խնդիրն այն է, որ այս ակցիաները իրականում կոնկրետ կազմակերպիչ չունեն։
Ոչ մի նման կազմակերպություն կամ անձ չկա։ Իվանիշվիլին չի կարողանում պատկերացնել, որ այդքան մեծ մասշտաբի բողոքի ակցիաներ կարող են տեղի ունենալ ինքնակազմակերպման միջոցով։ Նա պարզապես չի ընդունում այդ միտքը և համառորեն մութ սենյակում սև կատու է փնտրում, որը չկա։
Ոչ ոք չգիտի, թե բռնաճնշումների ինչ մակարդակի կարող են հասցնել նրա այս ոչ ադեկվատ որոնումները։ Բռնապետություն հաստատելու փորձի սպառնալիքը միանգամայն իրական է, և վրացական հասարակության արձագանքը կարող է լինել միայն ավելի մեծ վճռականությունը, ավելի մեծ կազմակերպվածությունն ու ավելի շատ բողոքի ակցիաները։ Այլ ճանապարհ պարզապես չկա։
Շատ բան կախված է նաև նրանից, թե ինչ մակարդակի ճնշում կլինի Արևմուտքի կողմից, և ինչ լծակներ կօգտագործեն այնտեղ՝ ռուսական ոճի այս անօրինականությունը կանգնեցնելու համար։ Այդ ուղղությամբ նույնպես լուրջ աշխատանք է անհրաժեշտ։
Մի խոսքով՝ իրավիճակը լուրջ է, բայց բնավ ոչ անհույս։ Ես շատ վաղուց ողջ Վրաստանում նման մեծամասշտաբ բողոքի ակցիաներ չէի տեսել։ Այդքան էներգիան չի կարող պարզապես մարել, անհետանալ, դա հակասում է ֆիզիկայի օրենքներին։
Կարևոր է նաև այն, որ այսօր Իվանիշվիլիի իշխանությունը հիմնված է միայն բռնության, իրավապահ մարմինների աջակցության և հետախուզման մեջ գտնվող հանցագործների վրա։
Նրանք քիչ են, իսկ մենք՝ շատ»։