Շրջանները բողոքում են ճգնաժամի դեմ
Այս շաբաթ Ադրբեջանի շրջաններն արձագանքեցին գների աճին ու ճգնաժամի այլ հետևանքներին: Երկրի ծայրամասերում դժգոհության ալիքը թափ է հավաքում, այն արտահայտվում է բողոքի ակցիաների ու ոստիկանության հետ բախումների տեսքով:
Նոյեմբերի 12-ին Լենքորանի Լիման քաղաքի բնակիչները փակել էին Բաքու-Աստարա ճանապարհը: Մարդիկ բողոքում էին մթերքի գների աճի, գործազրկության ու հանցագործությունների աճի դեմ:
Սիազանում, ինչպես հայտնում են տեղի բնակիչները, տեղի է ունեցել բախում ոստիկանների և տեղի բնակիչների միջև, կան ձերբակալվածներ ու տուժածներ:
Բողոքողների պահանջը մեկն է՝ կանխել գների հետագա աճն ու նոր աշխատատեղեր բացել:
Ֆիզուլիի շրջանում բողոքի ակցիաներ անցկացվեցին Բալա Բեհմենլի գյուղում: Մարդիկ նույնպես իրենց դժգոհությունն էին արտահայտում գնաճի ու ցածր կենսամակարդակի վերաբերյալ:
Աղջաբեդում մոտ 200 մարդ փակել էր Աղդաշ-Բարդա ճանապարհը: Բողոքի ակցիայի մասնակիցներին ցրեց ոստիկանությունը, իսկ ավելի ուշ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հանդիպեցին բնակչության դժգոհ հատվածին, հանգստացրին մարդկանց՝ խոստանալով լուծել նրանց խնդիրները:
Նույն սցենարով իրադարձությունները զարգացան նաև Բեյլաղան և Աղսու շրջաններում:
Ընդհանուր առմամբ, բոլոր անկարգությունների պատճառը մեկն էր. կենսամակարդակի կտրուկ անկումը մանաթի արժեզրկումից հետո, գների աճը մեկուկես անգամ, քրեածին իրավիճակի վատթարացումը, աշխատատեղերի հետևանքով ստեղծված գործազրկությունը: Արդյունքը նույնպես մեկն էր. բողոքի ակցիաները կամ ցրվեցին ուժային մեթոդով, կամ տեղական իշխանությունները խաղաղեցրին բնակչությանը:
Չնայած որ բոլոր հանրահավաքներն, ըստ բազմաթիվ վկայությունների, առաջացել են ինքնաբուխ կերպով և քաղաքական բնույթ չեն կրել, ամեն դեպքում ձերբակալվել է երկու ընդդիմադիր՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի Լենքորանի ճյուղի ղեկավար Նազիմ Հասանլին ու “Մուսավաթ կուսակցության ակտիվիստ Իման Ալիևը, երկուսն էլ՝ Լենքորանի շրջանի Լիման քաղաքում: Իման Ալիևի գործընկերների պնդմամբ, նա տեղեկացնում էր լրատվամիջոցներին անկարգությունների մասին, ինչն էլ ձերբակալության պատճառ է հանդիսացել:
Իրադարձությունների լուսաբանումն իշխանության ու իշխանամետ լրատվամիջոցների կողմից իրականացվել է ավանդական ձևով. որոշ պաշտոնյաներ հերքել են անկարգությունների փաստը, ոմանք՝ ակտիվիստներին ցրելը կամ տուժածների առկայությունը: Հնչեց նաև տարբերակ, համաձայն որի, անկարգությունների պատճառը սույն թվականի հունվարից ալկոհոլային խմիչքների վաճառքի արգելքն էր: Անցումը վճարային նոր համակարգի՝ բանկային քարտերի, պահանջում էր փաստաթղթերի վերաձևակերպում, որի արդյունքում խանութները դադարեցին ալկոհոլ վաճառել:
Հունվարի 12-ից նոր օրենքը կասեցվել է անորոշ ժամանակով: Ժամանակը ցույց կտա, կսփոփի արդյոք այս քայլը շրջանների բնակիչներին:
Նյութի պատրաստման համար օգտագործվել են “Կավկազսկի ուզել ռեսուրսի և BBC-ի ադրբեջանական ծառայության նյութերը: