Շիաներն ու սունիները Վլադիկավկազում վիճում են հին մզկիթի պատկանելիության շուրջ: Այդ պատճառով էլ մզկիթում պլանետարիում կբացեն
Վլադիկավկազում հին մզկիթի շուրջ վեճն ակտիվացրել է ողջ տեղական հասարակությանը: Դրա ճակատագրի մասին որոշումն արդեն ընդունվել է. այնտեղ կրկին, ինչպես խորհրդային ժամանակներում, պլանետարիում կբացվի: Սակայն կրքերն, ըստ ամենայնի, միայն կբորբոքվեն:
Ա
յդ մզկիթի շուրջ ստեղծված իրավիճակն առակ է հիշեցնում:
Այն կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին տեղի շիա մուսուլմանների փողերով: Այն ժամանակ Վլադիկավկազի մուսուլմանական համայնքը մեծ մասամբ ներկայացված էր շիա պարսիկներով և ադրբեջանցիներով, որոնք այստեղ էին տեղափոխվել Անդրկովկասյան երկրամասից (ներկայիս Հարավային Կովկասը)՝ Ելիզավետպոլի, Բաքվի, Երևանի և Թիֆլիսի նահանգներից: Առաջին մոլլան Ելիզավետպոլի նահանգի ռուսահպատակ Հաջի Մուլլա Իսմայիլ Հասան-Օղլին էր:
Մինչև 20-րդ դարի սկիզբը շիական, կամ, ինչպես այն այլ կերպ անվանում են, պարսկական մզկիթի կանաչ գմբեթներին վեր էր խոյանում կիսալուսինը։ Կովկասում հաստատված խորհրդային իշխանությունը լուծարեց մզկիթը, հանեց կիսալուսինը, իսկ 1963թ-ին մզկիթում պլանետարիում սարքեց: Այն շատ լավ էր կազմակերպած և շուտով դարձավ քաղաքի հայտնի տեսարժան վայր:
1990-ականներին Խորհրդային Միության փլուզումն, այն ուղեկցող պատերազմներն ու ավերածությունները պլանետարիումն անպետք դարձրին, և այն փակվեց: Մինչև վերջերս գեղեցիկ շենքը լքված էր, քանդվում էր և անպիտան դառնում:
Որոշ ժամանակ առաջ իշխանությունները որոշեցին վճռել դրա ճակատագիրը, և այդ ժամանակ պարզվեց, որ մզկիթն արդեն հասցրել է կռվախնձոր դառնալ երկու մուսուլմանական համայնքների՝ շիաների և սունիների միջև:
Հյուսիսային Կովկասը մեծ մասամբ բնակեցված է մուսուլմաններով, և մուսուլմանների շրջանում միշտ մեծամասնություն են կազմել սունիները: Գործընթացներն այս տարիների ընթացքում այնպես են ընթացել, որ այժմ Հյուսիսային Օսիայում բնակվող մուսուլմանների մեծ մասը նույնպես սունի իսլամ է դավանում:
Նրանք Վլադիկավկազում սեփական մզկիթն ունեն՝ կոչվում է Համաժողովային, այն այստեղ սունիական են կոչում: Սակայն դրա տարածքը բոլորի համար փոքր է, ուրբաթ օրվա նամազին չի տեղավորում հարյուրավոր հավատացյալների: Եվ տեղի սունիները որպես ելք տեսնում են այն, որ իրենց փոխանցեն շիաների մզկիթը:
[pullquote align=”right”]մզկիթը չեն ստանա ոչ սունիները, ոչ շիաները, և այնտեղ կրկին պլանետարիում կբացվի[/pullquote]
Հյուսիսային Օսիայում շիաները քիչ են, հարյուր հոգուց ոչ ավել, և լուրջ ազդեցություն չունեն: Սակայն փաստաթղթերից հայտնի է, որ պարսկական մզկիթն այդ համայնքը կառուցել է իր հանգանակության հաշվին, և այն այժմ սունիներին փոխանցելու մտքին շիաները կտրականապես համաձայն չեն:
Նրանց աջակցում են Իրանից, որի հետ ակտիվանում են Հյուսիսային Օսիայի կապերը: Փետրվարին Վլադիկավկազում «Իրան-Իրիստոն» իրանա-օսական մշակութային կենտրոն է բացվել:
Այս վտանգավոր իրավիճակում հանրապետության իշխանությունները Սողոմոնի որոշում են կայացրել. մզկիթը չեն ստանա ոչ սունիները, ոչ շիաները, և այնտեղ կրկին պլանետարիում կբացվի:
Ի
ր գեղեցկությունը դեռևս պահպանած այս կառույցը Թերեքի ափին է, դրա ետնամասում Գլխավոր կովկասյան լեռնաշղթայի գագաթներն են: Այն կառուցված է հիմնականում կարմիր աղյուսից, պատվանդանը տեղական քարից է: Արտաքինից մզկիթը մի ժամանակ սվաղվել է և բաց գույնով ներկվել: Կենտրոնական մասում վրանաձև գմբեթն է՝ ծածկված թերթավոր մետաղով: Ճակատամուտքը զարդարված է գեղարվեստական աղյուսե շարվածքով և արաբական հյուսագրով. դռան վրա գրված է Ղուրանի «Ալ Ֆաթիհա» առաջին սուրահը:
Շենքն արդեն ցանկապատվել է, և, ինչպես հաղորդվում է, վերանորոգվել է անձրևներին չդիմացող գմբեթն ու պատերը: Վերականգնողական աշխատանքները վերահսկում է անձամբ Հյուսիսային Օսիայի ղեկավարը, JAMnews-ին ասել է աշխատանքների ղեկավար Վասիլի Թադթաևը: Ռեստավրատորներն այժմ աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի վերականգնեն մզկիթի պատերի սկզբնական տեսքը, որոնք խորհրդային տարիներին պատվել են կրաշաղախի հաստ շերտով, ասել է նա:
Սակայն շինարարներին խիստ քննադատում են կոպիտ աշխատանքի համար: Վերջերս սոցցանցերում բոլորը քննարկում էին այն տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես են շինարարները պատերից պոկում հաստ սպիտակ կրաշաղախի քարացած շերտը՝ միաժամանակ վնասելով դրա տակ գտնվող աղյուսե շարվածքը:
Հասարակությունն ընդհանուր առմամաբ, ինչպես նաև շիաների և սունիների համայնքներից շատերը գնահատեցին պլանետարիում ստեղծելու մասին իշխանությունների որոշումը և աջակցություն հայտնեցին որպես «իմաստուն ելքի»: Սոցցանցերում կազմակերպված ոչ ֆորմալ քվեարկության արդյունքում պլանետարիում ստեղծելու գաղափարին կողմ էր արտահայտվել քվեարկածների 53%-ը, մուսուլմանական կրոնական օբյեկտի վերածննդին կողմ էր արտահայտվել 33.5%-ը:
Սակայն այս ամբողջ պատմությունը հասարակությունում ակտիվացրել է Հյուսիսային Օսիայի բարդ կրոնական համատեքստի մասին քննարկումը, որում միահյուսվել է միանգամից մի քանի կոնֆլիկտային համատեքստ: Տիպիկ մեկնաբանությունները.
«Նախկին մուսուլմանական տաճարում պլանետարիում սարքելու իշխանությունների որոշումը մարտնչող աթեիզմի խորհրդանիշ է»:
«Ամենուր պետք է հավասարակշռություն փնտրել: Առաջարկում եմ մզկիթում ռուս-իրանական ընկերության կենտրոն ստեղծել, որն անտեղի խցկել են գիտական գրադարանի շենք»:
«Ես ամբողջությամբ կողմ եմ պլանետարիումի շենքի վերաբերյալ հանրապետական ղեկավարության դիրքորոշմանը: Այն պետք է մնա որպես պլանետարիում, այլ ոչ թե մզկիթ»:
«Շենքը պլանետարիումի համար հարմար չէ, դա փաստ է: Մզկիթի համար, ըստ ներկայիս չափորոշիչների, այն նույնպես հարմար չէ: Առաջին հերթին, ակտիվ երթևեկությունը, երկրորդ հերթին՝ շենքն իրականում փոքր է: Կարելի է այնտեղ իրանական մշակութային կենտրոն կամ Օսիայում իսլամի պատմության թանգարան սարքել: Օսերից շատերն են իսլամ դավանում»:
«Շիական մզկիթը սունիներին փոխանցելը ապուշության գագաթնակետն է և հղի է ընդվզումով: Այդ պատճառով էլ թող պլանետարիում լինի»:
«Այնտեղ հարևանությամբ ևս մեկ շենք կկառուցվի, թե չէ մի՞թե այդ պլանետարիումի հետ այդքան գլուխ կդնեին: Նույնպիսի իրավիճակ էր տրամվայի վթարային կամրջի հետ: Այն փակվեց, ռեստավրացիայի մասին բարձրագոչ հայտարարություններ արվեցին, հետո ծածուկ-ծածուկ հիանալի սրճարան կառուցեցին դիտակետով և կրկին վերաբացեցին: Իսկ կամուրջն ինչպես փլվելու եզրին էլ, այդպես էլ շարունակում է մնալ»: