Ռուս լրագրող և գրող Վիկտոր Շենդերովիչը, ում թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, հայց է ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարան։ Այդ մասին Շենդերովիչը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Մեկուկես ամիս առաջ Վրաստանի ՆԳՆ-ն առանց պատճառները պարզաբանելու ինձ երկիր չթողեց՝ խափանելով երկու ելույթ՝ Թբիլիսիում և Բաթումիում։ Ես որոշեցի հնարավորություն տալ վրացական հարգելի պետությանը շտկելու այդ սխալը և հայց ներկայացրի»,— նշել է Շենդերովիչը։
Հակապուտինյան տրամադրվածությամբ հայտնի գրող և լրագրող Վիկտոր Շենդերովիչը 2023 թվականի հունիսի 2-ին փորձել էր իսրայելական անձնագրով Թել Ավիվից հասնել Թբիլիսի, սակայն նրա մուտքն արգելել էին՝ առանց որևէ բացատրության։
Հունիսի 2-ին Թբիլիսիում նախատեսված էր Վիկտոր Շենդերովիչի «Միայն Շենդերովիչի թատրոն» ներկայացումը, ապա գրողը պետք է մասնակցեր Բաթումիում կայանալիք «Ուղերձներ և երկխոսություններ» խորագրով համերգին։
Շենդերովիչի փաստաբանի խոսքով՝ Վրաստանի ՆԳՆ-ի դեմ վարչական գործը հարուցվել է հուլիսի 17-ին։
Վիկտոր Շենդերովիչը Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամ է։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր նա խիստ քննադատում է Կրեմլի գործողությունները և դեմ է արտահայտվում պատերազմին: 2021 թվականի դեկտեմբերին ՌԴ արդարադատության նախարարությունը Շենդերովիչին ներառել է «օտարերկրյա գործակալների» ցանկում, ինչից հետո նա լքել է Ռուսաստանը։
Անցնող տարվա ընթացքում Ռուսաստանից և այլ երկրներից Կրեմլի բազմաթիվ քննադատների արգելվել է մուտք գործել Վրաստան՝ առանց բացատրության:
Նման վերջին դեպքը կապված է ռուս իրավապաշտպան և Պուտինի քննադատ Դարյանա Գրյազնովայի հետ, որը Ստամբուլից վերադառնում էր Վրաստան: Գրյազնովան պաշտպանում է Ռուսաստանում հետապնդումների ենթարկվող քաղաքացիներին, այդ թվում՝ եվրոպական դատարաններում։
Տարբեր ժամանակներում թույլ չեն տվել, որ Վրաստան մուտք գործեն «Դոժդ» հեռուստաալիքի լրագրողներ Ալեքսանդրա Շևչենկոն և Միխայիլ Ֆիշմանը, ակտիվիստ և իրավապաշտպան Աննա Ռիվինան, իր երկրում «օտարերկրյա գործակալ» հայտարարված բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը,Կաբարդինո-Բալկարիայից բլոգեր Ինսա Լանդերը, ում նկատմամբ շարունակվում են քրեական հետապնդումները Ռուսաստանում, ընդդիմադիրներ Դմիտրի Գուդկովը և Լյուբով Սոբոլը, ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը և ուրիշներ։
2022 թվականի սեպտեմբերի 5-ին Վրաստանից վտարվեց Կրեմլի ևս մեկ քննադատ՝ ռուս ֆոտոլրագրող Վասիլի Կրեստյանինովը։
Բացի այդ, առանց պատճառը պարզաբանելու թույլ չեն տվել Վրաստան մուտք գործել ռուսական ընդդիմադիր կուսակցությունների մի քանի ներկայացուցիչների, որոնք հասարակական գործունեություն չեն ծավալում, որոնց անունները հայտնի չեն լայն հասարակությանը։
Ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ Վրաստանի կառավարությունը որևէ մեկնաբանություն չեն տալիս այս հարցի վերաբերյալ։