«Շատ մարդկային անձնավորություն է». ռուսական հեռուստատեսությունը Պուտինի մասին հաղորդում է ցուցադրել
Ռուսական պետական «Ռոսիա» հեռուստաալիքը սկսել է ցուցադրել «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարը, որն ամբողջությամբ նվիրված է Ռուսաստանի նախագահի աշխատանքին և ժամանցին, պատմում է Բի-Բի-Սին:
Բովանդակությունը
Նոր հեռուստահաղորդման մասին «Ռոսիան» հայտարարել է պրեմիերայի նախօրեին միայն: Ոչ մի տվյալ «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» ծրագրի բովանդակության, պարբերականության և անգամ հաղորդավարի մասին չի եղել առաջին թողարկումից առաջ:
Նոր ձևաչափը ենթադրում է, որ յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողին պատմելու են Վլադիմիր Պուտինի կյանքի մասին: Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որն առաջին թողարկմանը ստուդիայում էր, ծրագիրը նկարագրել է որպես պետության ղեկավարի անցկացրած շաբաթը ցուցադրելու փորձ:
Առաջին թողարկումը նվիրված էր 4 թեմաների.
• Պուտինի աշխատանքային այցը Սիբիր,
• կենսաթոշակային բարեփոխման մեղմացման մասին հայտարարություն,
• մանկական կենտրոնի այցելություն,
• հանգիստ Սիբիրում:
Հաղորդման մեջ նախագահի հասցեին միայն գովասանք էր հնչում, մասնավորապես.
նրա լավ ֆիզիկական տեսքի,
աշխատանքային լարված գրաֆիկի,
երեխաների հանդեպ սիրո,
կենսաթոշակային բարեփոխման մեղմացման համար:
Ոճը
Ահա մի քանի մեջբերում ծրագրի հյուրերի արտահայտություններից.
«Ռուսաստանի նախագահը առաջին տարին չէ, որ նախագահ է, միգուցե կարելի էր և շունչ քաշել, բայց ոչ. յուրաքանյուր շաբաթ նա լարված աշխատում է»:
«Այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես է նա դիմանում նման գրաֆիկի, նման մարաթոնի»:
«Թե որքանով է հանքափորի աշխատանքը վտանգավոր և ծանր, Պուտինը սեփական փորձից գիտի»:
«Նա միշտ շփվում է մարդկանց հետ՝ ավելի լավ զգալու և հասկանալու, թե ինչն է մարդկանց հուզում»:
«Նախագահը կես ժամում բացատրեց հարցի էությունը»:
«Երևում է, թե ինչպես է Պուտինը սիրում երեխաներին»:
«Նա սիրում է երեխաներին: Նա շատ մարդկային անձնավորություն է»:
Ի՞նչ նպատակ ունի հաղորդաշարը. Բի-Բի-Սիի ենթադրությունները
Բի-Բի-Սին ենթադրում է, որ նման հաղորդման հայտնվելու պատճառը Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկումն է կենսաթոշակային տարիքի բարձրացման պլանների մասին իշխանությունների հայտարարությունից հետո:
• Ռուսաստանում բարձրացվել է կենսաթոշակային տարիքն ու աճել են հարկերը: Որո՞նք են իշխանության փաստարկները, և ի՞նչ է հիմա լինելու
2018թ-ի հունիսից նախագահի ընտրական վարկանիշն անկում է ապրել 15 տոկոսով (հունիսի 10-ին նրա օգտին քվեարկելու պատրաստ քաղաքացիները 62 տոկոս էին, օգոստոսի 30-ին՝ 47 տոկոս, «Հասարակական կարծիք» հիմնադրամի տվյալներ):
Սա նախագահին աջակցելու պատրաստակամության առավել մեծ անկումն է և ամենացածր մակարդակը 2011թ-ից ի վեր, երբ երկրում զանգվածային ցույցեր էին խորհրդարանական ընտրություններից հետո:
Ընդօրինակման ենթակա անձինք
Նախագահի ձեռքբերումների մասին կամ նրա մասնակցությամբ հեռուստահաղորդումներ հաճախ են հանդիպում այն պետություններում, որտեղ մեկ մարդը կառավարում է երկիրն արդեն երկար տարիներ:
Օրինակ, Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը, որն իշխանության ղեկին էր ընդհանուր առմամբ 14 տարի, 1999-2012թթ-ին յուրաքանչյուր կիրակի առավոտյան եթեր էր մտնում Alo Presidente («Ալո, նախագահ») ծրագրի շրջանակում:
Թուրքմենստանի պետական հեռուստատեսությունը պարբերաբար սյուժեներ է ցուցադրում նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասնակցությամբ (երկիրը գլխավորում է 2006թ-ից), որոնցում նրան պատկերում են որպես ժամանակակից և էներգիայով լի առաջնորդի:
61-ամյա Բերդիմուհամեդովը ռեփ է կարդում, մարզասրահ գնում, ձիավարում, կրակում ինքնաձիգով և BMW M3-ով դրիֆթեր անում:
Իսկ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի մասին (երկիրը կառավարում է 1990թ-ից) վավերագրական ֆիլմերի շարք էր նկարահանվել, որոնք ցուցադրում էին մի ամբողջ շաբաթ: Դա տեղի էր ունենում «Առաջին նախագահի օրը» «Նազարբաև-կենտրոնում», որը նվիրված էր Նազարբաևին: