Կին-լուսանկարիչներն իրենց մասնագիտության մասին
Վերջին 10-15 տարվա ընթացքում հայաստանյան մեդիա դաշտում աշխատող կին լուսանկարիչները ոչ միայն կոտրել են կարծրատիպերը, այլև խթան հանդիսացել վավերագրական լուսանկարչության զարգացմանը, պրոֆեսիոնալ ֆոտոլրագրության միջոցով վեր բարձրացնելով երկրում առկա բազմաթիվ սոցիալական խնդիրներ:
«Փորձում ենք ցույց տալ այն պրոբլեմները, որոնք մեր իրականությունում տաբու են, թեմաներ, որոնք երկար ժամանակ թաքնված են մնացել կյանքի լուսանցքում: Այդ պատճառով էլ մեզ հաճախ են ասում, որ մենք կեղտն ենք նկարում ու ջրի երես դուրս բերում»,— ասում է վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը, ով այն առաջին կին լուսանկարիչներից էր, ովքեր մեդիա ոլորտում հայտնվեցին 2000-ականների սկզբին:
• Բիզնեսի նոր ձև Հայաստանում, որն օգնում է մարդկանց խնդիրները լուծել
• Ղարաբաղյան հակամարտություն. երեք կնոջ պատմություն
• Թուրքիա․ սեռական բռնությունը երեխաների հանդեպ
Հիշում է, երբ 2002-ին աշխատանքի ընդունվեց «Արմենպրես» լրատվական գործակալությունում, կին լուսանկարիչ ընդհանրապես չկար. «Դաշտի վետերաններն ինձ կասկածանքով էին նայում, հայացքներում մի հարց կար. կարողանալու ե՞ս աշխատել: Առաջին տարին բավականին ծանր էր, թե մասնագիտությունում հմտանալու առումով, թե այն պատճառով, որ ամեն օր պետք է նրանց ապացուցեի՝ կինը նույնպես կարող է լուսանկարչությամբ զբաղվել»:
Ասում է. ընտանիքում էլ ամուսինն է երկմտել և անընդհատ հիշեցրել, որ կնոջ համար ծանր աշխատանք է ընտրել:
«Ինձ հայրս սատար կանգնեց, որպեսզի ես զբաղվեմ ֆոտոլրագրությամբ: Նա միակն էր, որ տեսավ իմ ներսի պոտենցիալը, հավատաց ինձ, համոզեց ընտանիքիս, օգնեց ու աջակցեց»,- ասում է երկու տղաների մայրը:
2008 թվականից վավերագրական լրագրությամբ զբաղվող Անուշ Բաբաջանյանն էլ նշում է. հաճախ, երբ մեկնում է նկարահանումների, հատկապես մարզերում կամ Լեռնային Ղարաբաղում, զգում է, որ բնակիչների համար իր ներկայությունը այնքան էլ հաճելի չէ:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ մեկնել էի աշխատելու Լեռնային Ղարաբաղում, որտեղ այդ օրերին խիստ վտանգավոր իրավիճակ էր, մարդկանց հայացքներում մի բան էի կարդում. «Բա սա քո տեղն է՞»: Կամ էլ կարող են քեզ լուրջ չընդունելով ասել. ամուսին, երեխա չունե՞ս, գնա տուն, իսկ եթե իմանում են, որ ամուսնացած ես, միանգամից ասում են. «Բա էլ ո՞ւր ես եկել»: Մարդիկ, մոռանում են, որ սա էլ մեր մասնագիտությունն է»,- ասում է Անուշը:
Նա էլ երկու երեխաների մայր է: Համեմատում է ֆոտոլրագրողների աշխատանքը հրշեջների, ոստիկանների աշխատանքի հետ.
«Այդ մարդիկ աշխատում են իրենց կյանքը վտանգելով, ու նրանց շարքերում բազմաթիվ կանայք կան: Կարծում եմ, մեր նկատմամբ էլ վերաբերմունքը կարող է նույնը լինել»:
Երեք երեխաների մայր, լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը ասում է, որ իրենք հաճախ խնդիր են ունենում լրատվամիջոցներում աշխատանքի ընդունվելիս, հատկապես նորությունների գործակալություններն են գերադասում տղամարդ լուսանկարիչներին.
«Եթե գործատուն ասում է, որ տղամարդ լուսանկարիչ է ուզում, նշանակում է ի սկզբանե ենթադրում է. ցանկացած պահի, երբ զանգի, այդ կինը չի կարող գնալ: Չմոռանանք, որ լինում են անկանխատեսելի իրադարձություններ: Կանանց համար հայաստանյան իրականությունում առավել դժվար է. տուն, ընտանիք, երեխաներ, աշխատանք… Սակայն այս խնդիրը միայն Հայաստանում չէ, ու աշխարհում լուսանկարիչների գերակշռող մասը տղամարդիկ են:
Վերջերս միջազգային մամուլն էլ անընդհատ գրում է այդ մասին, կոչ անում խմբագիրներին աշխատանքի վերցնել նաև կին լուսանկարիչների, ինչի արդյունքում աշխարհում ֆոտոլրագրությունը հավասարակշռված կլինի: Մեր լուսանկարները մեր ձայներն են: Լուսանկարիչներից մեկը կայք է բացել, որտեղ ներկայացնում է միայն կին լուսանկարիչներին, այսինք սա էլ իր ձևի մեջ դարձյալ կոչ է խմբագիրներին»:
Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը, համեմատելով վերջին տաս տարիները, նշում է, որ կարծրատիպերը դաշտում հիմնականում կոտրվել են.
«Տարիներ առաջ այդ ամենը զգացվում էր օպերատորների կոպիտ հայացքներից ու վերաբերմունքից, ասենք, հրմշտում էին, անգամ տեղ չէին տալիս կանգնելու ու կադր անելու: Հիմա հենց իրենք են տեղ պահում մեզ համար, եթե բողոքի ցույց է կամ ոստիկանության հետ բախումներ են, փորձում են ինչ որ ձևով ապահովել քո անվտանգությունը»:
Ի տարբերություն վավերագրող լուսանկարիչների, Լիլիան Գալստյանը «նյուզ» է նկարում ամեն օր՝ իրեն դուր է գալիս լինել իրադարձությունների կիզակետում.
«Չեմ ընտրում ինչ նկարել, նկարում եմ այն, ինչ տեղի է ունենում: Անձրևի ու ձյան ժամանակ, բողոքի ակցիաներ, պիկետներ, բախումներ ցուցարարների ու ոստիկանության միջև: Ու դու չես ընտրում նորությունը, վտանգ կա՞, թե՞ չկա, դու նկարում ես: Բայց մի բան էլ կա. եթե բախումներ են լինում, տղամարդիկ ավելի լավ են պատկերացնում, ինչպես փախչել, կնոջը այդ դեպքում խանգարում է զգացմունքայնությունը»:
Վավերագրող կին լուսանկարիչներն էլ համոզված են. իրենց ավելի են վստահում, քան տղամարդ լուսանկարիչներին:
«Որպես կին կարծում եմ, մեզ համար ավելի հեշտ է ֆոտոլրագրության հենց այս ոլորտում, որտեղ ամենակարևորը նախ և առաջ մարդկային հարաբերություններն են: Ու դու սկսում ես քո աշխատանքը, այդ հարաբերությունները կառուցելով: Մարդիկ մեզ ավելի են վստահում, քան կվստահեին տղամարդ լուսանկարչին: Բացի այդ թեմաներ կան, որոնք միայն կին լուսանկարչի օբյեկտիվը կարող է նկատել՝ սկսած ընտանեկան բռնություններից մինչև ԼԳՏԲ համայնքի խդիրները»,- բացատրում է Նազիկ Արմենակյանը:
Վավերագրող լուսանկարիչ Փիրուզա Խալափյանի դիտարկմամբ էլ, տղամարդ լուսանկարիչները ավելի շատ նախընտրում են ակնթարթային ֆոտոները.
«Նրանք սիրում են ավելի գլամուրային ֆոտոները, նրանց գործերը ավելի շատ շապիկի գեղեցիկ ֆոտոներ են, հայտնի մարդկանց լուսանկարներ, իրենք աշխատանքում ավելի մակերեսային են: Ի տարբերություն իրենց, ես կարող եմ գնալ եզդիների գյուղ ու ժամերով զրուցել եզդի երեխաների հետ, հետո սկսել աշխատել»,— ասում է Փիրուզան:
2012 թվականին Նազիկ Արմենակյանը, Անահիտ Հայրապետյանը, Անուշ Բաբաջանյանը և Փիրուզա Խալափյանը միավորվել և ստեղծել են «4+» վավերագրական լուսանկարչության հայկական կենտրոնը:
«Մեր նպատակը ոչ միայն լավ ֆոտոպատմություններ անելն է: Փորձում ենք զարկ տալ վավերագրական լուսանկարչության զարգացմանը Հայաստանում: Շուկան զարգացնելու համար կազմակերպում ենք դասընթացներ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ»,- ասում է Նազիկ Արմենակյանը:
Վավերագրող լուսանկարիչների համոզմամբ, իրենց աշխատանքով ներխուժում են հասարակության ամենատարբեր շերտերը ու վեր հանում սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, ներթափանցում են այնտեղ, որտեղ հաճախ իրենց չեն սպասում, փորձում են տեսախցիկի միջոցով ֆիլտրել մարդկային հույզերն ու ապրումները, դրանք ներկայացնել հասարակությանը:
«Պատահական չէր մեր «Մայր այլ Հայաստան» ցուցահանդեսը: Բոլորս գիտենք, որ ունենք Մայր Հայաստան`հրաշալի ու գեղեցիկ երկիր, բայց մենք ցույց տվեցինք Մայր Հայաստանի հակառակ կողմը, որը լի է հաճախ չլուսաբանված խնդիրներով ու հոգսերով:
Ես բավական երկար աշխատեցի ԼԳՏԲ համայնքի հետ: Հենց իրենք էին ասում, որ եթե տղամարդ լինեի, ինձ այդքան մոտ չէին թողնի, չէին բացի իրենց ներքին աշխարհը, չէին շփվի: Խնդիր կա իրականում, ում վստահեն և ինչի համար: Մարդիկ գնահատել էին, որ չէի գնացել սենսացիա սարքելու»,- ասում Նազիկը:
Լուսանկարիչը առավելությունն է համարում թեմայում երկար «մնալը».
«Հիմնական աշխատանքը`հարաբերությունների ստեղծումն է, տեսախցիկի միջով օրեր շարունակ հետևում ենք մարդկային կյանքերին, ապրում ենք նրանց հոգսերով ու դժվարություններով, փորձում հասկանալ նրանց, ու այդ ամենը ցույց տալ ֆոտոներում»:
Ընտանեկան բռնության թեմայով լուսանկարների շարքի հեղինակ Անահիտ Հայրապետյանն էլ նշում է, որ իրենք աշխատանքում ավելի համառ են, երկար ժամանակ են ծախսում ամեն գործի վրա, անգամ եթե չունեն ֆինանսական եկամուտներ.
«Որպես կին ես սկսեցի միևնույն հարթությունից նայել ընտանեկան բռնության խնդրին, ինձ հետաքրքրում էր, իմ հարազատները, ընկերուհիները ունե՞ն այդ խնդիրը: Տղամարդ լուսանկարիչներից ոչ ոք չէր անդրադարձել այս խնդրին, կարծում եմ, իրենց համար նաև դժվար կլիներ: Ինձ`որպես կին ավելի հեշտ էր կանանց հետ խոսելը, ինձ վստահում էին»:
Կին լուսանկարիչները հպարտությամբ ասում են, որ վերջին մեկ տարում Հայաստանը նաև իրենց լուսանկարներով են ճանաչելի դարձրել միջազգային հարթակում:
«Վերջին մեկ տարում մենք շատ գրագետ աշխատեցինք, մեր ֆոտոպատմությունները տպագրվեցին New York Times-ում , Washington Post-ում: Մենք աշխատում ենք միջազգային համադրողների ու խմբագիրների հետ, ինչը մեծ փորձառություն է մեզ համար»,- ասում է Անահիտ Հայրապետյանը: