Նրանք խախտել են Հիպոկրատի երդումը
Արևիկ Զոհրաբյանն արդեն դադարել է ամուսնու մահվան համար պատասխանատուների փնտրել, քանի որ 3 տարի տևած իր պայքարը որևէ արդյունք չի ունենում: Նա ամեն օր ստիպված է պատասխան գտնել անչափահաս երկու որդիների բազմաթիվ հարցերին, թե ինչու իրենց հայրը չկա:
2013թ-ի գարնանային մի օր Արևիկի ամուսինը՝ 27-ամյա Ցոլակ Մկրտչյանը, սովորական փորացավ է ունեցել, դեղ չի խմել, քանի որ ալերգիա ուներ դեղամիջոցների նկատմամբ: Դիմել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ Ցոլակին միջմկանային ներարկել են «Պապավերին» դեղամիջոցը, որից հետո վերադարձել է տուն: Արևիկը պատմում է, որ գիշերը ցավը վերսկսվել է, և ամուսինը կրկին ստիպված է եղել վերադառնալ հիվանդանոց:
«Ասացի ես էլ գամ հետդ, ասաց՝ չէ, ես կգն ու շուտ կգամ: Գնաց… զանգեցի, զանգեցի, չէր վերցնում: Ամբողջ գիշեր սպասում էի, մեկ էլ առավոտյան ժամը 6-ին եկան հետևիցս, ասացին՝ մահացել է»,- պատմում է Արևիկն ու չի կարողանում շարունակել խոսքը:
«Մասիսի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժնի վարիչ Գևորգ Գրիգորյանը Ցոլակին ներերակային ներարկել է «Բառալգետաս» դեղամիջոցը, որի հետևանքով վերջինս ընկել է անաֆիլակտիկ շոկի մեջ: Դատական փորձաքննությունը եզրակացրել է, որ Ցոլակ Մկրտչյանը մահացել է «Բառալգետաս» (Բառալգին) տեսակի թմրամիջոցի ներարկումից առաջացած անաֆիլակտիկ շոկից:
Արևիկը պնդում է, որ դեռևս հիվանդանոց կատարած առաջին այցելության ժամանակ ամուսինը բժշկին զգուշացրել է, որ դեղերի նկատմամբ ալերգիա ունի, սակայն քրեական գործի շրջանակներում բժիշկ Գրիգորյանը նշել է, թե Ցոլակն իրեն չի զգուշացրել:
Անաֆիլակտիկ շոկից մարդուն հնարավոր է փրկել, եթե անհապաղ ներարկվի ադրենալին (էպիֆերին) և վերակենդանացման միջոցառումներ ձեռք առնվեն: Ցոլակ Մկրտչյանին ադրենալինն ուշ են ներարկել, այդ մասին նշված է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ:
Փորձագիտական հանձնաժողովների եզրակացությունները հակասում են միմյանց
Ցոլակ Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ բժիշկական փորձագիտական հանձնաժողով է կազմվել՝ ՀՀ գլխավոր ալերգոլոգ Սպարտակ Ղամբարովի գլխավորությամբ:
Հանձնաժողովը եզրահանգել է, որ ադրենալինի՝ ժամանակին ներարկելու դեպքում հնարավոր էր կանխարգելել անաֆիլակտիկ շոկի զարգացումը: Քննչական մարմինն այս եզրակացությունը չգիտես ինչու հիմք չի ընդունել: Արևիկ Զոհրաբյանը հիշում է, որ քննիչը հենց առաջին հանդիպման ժամանակ բժշկի մասին ասել էր. «ինքն անունով մարդ ա, իրեն ոչինչ չեն կարող անել»:
Նախաքննության շրջանակներում նշանակվել է երկրորդ փորձաքննությունը՝ այս անգամ անեսթեզիոլոգ Իրինա Մալխասյանի գլխավորությամբ:
Երկրորդ անգամ հանձնաժողովը տվել է այնպիսի եզրակացություն, որի հիման վրա հնարավոր կլիներ գործը կարճել. ադրենալինի ուշ ներարկումը պատճառ չի եղել մահվան, միևնույնն է անաֆիլակտիկ շոկը կզարգանար:
Արևիկ Զոհրաբյանի բողոքարկումից հետո կազմվել է երրորդ փորձագիտական հանձնաժողովը՝ կրկին Իրինա Մալխասյանի գլխավորությամբ և կրկին նույն եզրակացությամբ: Արևիկ Զոհրաբյանը պնդում է, որ նման եզրակացություն տալով, հանձնաժողովի անդամները փորձում են պաշտպանել իրենց կոլեգայի՝ բժիշկ Գրիգորյանի շահերը: Ցոլակ Մկրտչյանի մահվան դեպքի վերաբերյալ քրեական գործն ի վերջո կարճվում է՝ հիմք ընդունելով բժշկափորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը:
Իրինա Մալխասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կոնկրետ դեպքը չի հիշում, ժամանակ չունի, բայց կարծում է, որ դեպքերից շատերը բժշկի սխալի պատճառով չեն տեղի ունենում, լրագրողներն ընդամենն անտեղի աղմուկ են բարձրացնում:
Ինքը բժիշկ Գևորգ Գրիգորյանը լրագրողների հետ շփվել չցանկացավ: Նա ասաց, որ փաստաբաններն ու լրագրողները կողմնապահություն են անում. «Ինչքան կեղտ ունեք, լցրեք ինձ վրա»,- եզրափակեց նա:
Բժիշկ Գրիգորյանի օգտին փորձագիտական եզրակացություն տված հանձնաժողովի անդամ, անեսթեզիոլոգ Դավիթ Մելքոնյանը ևս ասաց, թե կոնկրետ այս դեպքը չի հիշում, բայց կարծում է, որ Մասիսի հիվանդանոցում բազում խնդիրներ կան, որոնց թվում նշեց շուրջօրյա անեսթեզիոլոգիական ծառայության բացակայությունը:
Հանձնաժողովի անդամ, բժիշկ Դավիթ Մելքոնյանը կարծում է, որ բժիշկները միշտ հասարակության ուշադրության կենտրոնում են. նրանք կարող են 30 տարի շատ լավ աշխատել, հանկարծ մի դեպքի պատճառով դատապարտվել: «Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել, հնարավոր է իր մոտ ինչ-որ անձնական ողբերգություն է եղել, կարող է մի բան է պատահել»,- ասաց Մելքոնյանը:
Օրենքը կուլ է գնում բժշկական «համերաշխությանը»
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով պաշտպանում էր Ցոլակ Մկրտչյանի իրավահաջորդ Արևիկ Զոհրաբյանի շահերը, հայտնում է, որ նախաքննության փուլում որպես ծանրակշիռ ապացույց դիտարկվում է բժիշկ-փորձագետների եզրակացությունը: Սա Ինեսսա Պետրոսյանն անթույլատրելի է համարում. «Բժիշկ-փորձագետները, բժշկական համերաշխությունից ելնելով, իրենց գործընկերոջ դեմ եզրակացություն չեն կայացնում»: Փաստաբանի կարծիքով, գործի վարույթն իրականացնող մարմինը պետք է նաև քննչական գործողություններ կատարի, ինչպես օրինակ, հեռախոսազանգերի վերծանումը:
ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածը սահմանում է բժշկական սխալը, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է հիվանդի մահ կամ առողջական ծանր վնաս:
Վերոնշյալ հոդվածով, ըստ ոստիկանության տվյալների, 2010-2014թթ.-ին արձանագրվել է 121 դեպք, որից 22-ն ուղարկվել է դատարան, 54-ը՝ կարճվել, 2-ը՝ կասեցվել, 43-ը նախաքննության փուլում են:
Նույն ժամանակաշրջանում ՀՀ դատական դեպարտամենտի տվյալների համաձայն բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հիվանդի մահվան կամ ծանր առողջական վնասի պատճառման հոդվածով դատարանում քննվել է 27 գործ և որոշվել 32 բժշկի ճակատագիր: Նրանցից 28-ը դատապարտվել են ազատազրկման, բայց 19-ը համաներմամբ պատժի կրումից ազատվել են, իսկ 8-ի նկատմամբ դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել նշանակված պատիժը, սահմանելով փորձաշրջան՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի: Մեկ բժիշկ արդարացվել է, մեկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու պատճառով: Երկու բժշկի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ 100.000 ՀՀ դրամի չափով:
Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի պարզաբանմամբ, դատավորներին հնարավորություն է տրված հայեցողական վճիռներ կայացնել, որոնց թվում է նաև պայմանական կերպով պատիժը չկիրառելը (Քր. օր. 70 հոդված):
«Վճռաբեկ դատարանն է սովորաբար որոշում դատական քաղաքականությունը՝ եղած նախադեպերով: Բայց չի բացառվում, որ դատական քաղաքականությունը որոշվի նաև հեռախոսով. ներքին հրահանգներ գնան դատարաններին: 70-րդ հոդվածը մի կողմից հումանիստական ակտ է, բայց մյուս կողմից չի բացառվում կոռուպցիոն ռիսկը»,- ասում է Արա Ղազարյանը:
Այսպիսով՝ բժիշկների շահերը պաշտպանվում են թե նախաքննության, թե դատավարության և թե փորձաքննության փուլերում: Իսկ բժշկական սխալի հետևանքով հարազատին կորցրած անձինք պաշտպանություն են փորձում գտնել փաստաբանների և լրագրողների շրջանում: Տարբեր դատական ատյաններում բողոքներ ներկայացնելուց հետո նրանք հիասթափվում են, հաշտվում անպատժելիության հետ ու լռում: