Նոր տարվա հայկական տարբերակները
Սկսենք ամենասկզբից
Վանաձորում տոնը նշելու մասին պատմությունը ես կսկեմ հենց ինձանից: Նոր տարին ինձ համար միշտ սկսվում է տոնածառը զարդարելուց: Բայց այս տարի սկզբից ոչ թե տան ծառն եմ զարդարել, այլ մեր քաղաքի՝ Վանաձորի տոնածառը: Բարձրանալով գրեթե 20 մետր՝ տեղադրել քաղաքի գլխավոր տոնածառի գագաթը. դրանից լավ էլ ի՞նչ կարող էր լինել:
Եվ մինչ բոլորը նախատոնական առևտուր էին անում, տոլմա կամ բլիթ էին փաթաթում, ես մասնակցում էի տոնածառի լույսերի վառման արարողությանը:
5, 4, 3, 2, 1… Իմ Նոր տարին սկսվեց:
Խոպանչի Ձմեռ պապը
Վերջին 12 տարիներին Մկրտիչի համար հատուկ նշանակություն ունի Նոր տարին՝ դա միակ «պատրվակն է», որն իրեն բերում է Հայաստան, իր ընտանիքի՝ կնոջ և երեք երեխաների մոտ: Իսկ երեխաներն այս տարիներին հասցրել են ամուսնանալ և 55-ամյա Մկրտչին պապիկ դարձնել: Հիմա նաև Ձմեռ պապիկի դերում է, քանի որ գալիս է ցուրտ հյուսիսից՝ Ռուսաստանից և միշտ նվերներով բեռնված:
«Նոր տարին ինձ համար ընտանեկան տոն է, այդ օրը պետք է լինես ընտանիքիդ հետ: Ամեն տարի գալիս եմ, շատ բան է փոխված լինում՝ փոքր ժամանակ երեխաները չէին էլ ճանաչում»,- պատմուն է Մկրտիչը:
Մկրտիչի կինը՝ Սիլվան, տրտնջում է, որ տան հոգսն ամբողջությամբ իր վրա է: Ամեն տարի սպասում է, որ ամուսինը կգա ու կանի տղամարդու բոլոր գործերը, սակայն ձմռան մեկ ամիսը բավարար չէ այդ ամենի համար:
Նոր տարին՝ տնակում
4-ամյա Արենը իր ծնված առաջին օրից ապրում է տնակում: Դրանք Վանաձորում հայտնվեցին 1988-ի երկրաշարժից հետո: Հայաստանում այն ժամանակ ձևավորվեց ‘աղետի գոտի’ հասկացությունը, որը մինչև այսօր չի վերացել՝ շատ մարդիկ դեռ անտուն են մնացել: Արենի համար կյանքը փայտե պատերով տնակն ու տնակային ավանն է, որի բակում ինքն իրեն խաղացնում, զբաղեցնում է:
Արենի հետ տնակում ապրում են ծնողները, տատիկ-պապիկը և հորաքույրը: Արենի տատիկը՝ 50-ամյա Նելլի Սիմոնյանը նշում է, որ իր ընտանիքի համար շատ կարևոր տոն է Ամանորը, և նրանք միշտ նշում են ընտանիքով. «1988թ. երկրաշարժի ժամանակ վարձով էինք բնակվում, տունը քանդվեց, և մենք մինչև այժմ ժամանակավոր տնակում ենք ապրում: Ամանորի կեսգիշերին մեր ընտանիքի առաջին կենացը միշտ նույնն է. Նոր տարուն վերջապես կունենանք մեր տունը»:
Նոր տարին եկեղեցում, նուռը՝ ձեռքիդ
Արդեն երկրորդ տարին է, հայ առաքելական եկեղեցին նոր ավանդույթ է ձևավորել. Նռնօրհնեքի արարողություն է կատարում Ամանորի գիշերը: Եվ պետք է ասել, որ նոր ավանդույթն արդեն շատ հետևորդներ ունի: Կեսգիշերին բազմաթիվ վանաձորցիներ ընտանիքներով, երեխաներով, ընկերներով գալիս են սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի՝ իրենց հետ բերելով հնարավորինս շատ նուռ, որպեսզի օրհնվեն աստծո կողմից:
Տեր Վահան քահանա Ազարյանը նշեց, որ նախորդ տարի, երբ որոշվեց նշել Նռնօրհնեքը, իրենք, հոգևորականները, տարակուսանքի մեջ էին. ինչպե՞ս դա կընկալվի ժողովորդի կողմից և կընդունվի՞ արդյոք. «Եթե տոնը գեղեցիկ է, ինչո՞ւ չնշել այն: Սա ևս մեկ քայլ է մոտ լինելու Աստծուն և հենց նրա օրհնությամբ դիմավորել գալիք տարին»:
24-ամյա Գոռը ամբողջ 2015թ. տառապել է հիվանդությամբ, որի մասին չցանկացավ մանրամասնել. «Ես համոզված եմ, որ իմ ապաքինման գործում մեծ է նաև Աստծո դերը: Եվ այս տարի Ամանորը դիմավորել եկեղեցում՝ որպես երախտագիտության նշան, սա էր իմ ընտրությունը: Կյանքում առաջին անգամ եմ եկեղեցում Նոր տարին դիմավորում»,- ասում է Գոռը՝ ձեռքին բռնած նուռը:
Նոր տարին՝ Հայաստանից հեռու
Դեկտեմբերի 31-ին Հայաստանում տեղացած ձյունը ոմանք հեքիաթային նվերի պես ընդունեցին, բայց ոչ բոլորն էին դրան սպասում: Շատերը որոշել էին Ամանորը նշել ձմռան ցրտից ու բուքից հեռու: Անահիտն ու իր քույրը մեկնել Էին արևոտ և տաք Եգիպտոս: «Միշտ նշել ենք տանը, հետևել ենք հայկական բոլոր ավանդույթներին՝ միմյանց տներ հյուր գնալ, անպայման ճոխ սեղան գցել, սակայն այս անգամ որոշեցինք փոփոխություն մտցնել»,- ասում է Անահիտը:
Անցած տարի էլ նա Հայաստանից դուրս է նշել Նոր տարին. աշխատում էր Հոլանդիայում և գործի բերումով միայնակ է նշել տոնը տանից հեռու: Այս անգամ Ամանորը տանից հեռու նշելը իր մտածված ընտրությունն էր՝ բայց տաք Եգիպտոսում և քրոջ հետ:
Անահիտը ասում է, որ ճամփորդությունը հրաշալի անցավ և բավականին մատչելի էր, թեև 5-աստղանի հյուրանոցում են կանգ առել:
Ասում են, ինչպես Նոր տարին դիմավորես, այդպես էլ կանցնի ողջ տարին: Դե, տեսնենք, ինչպես կանցնի 2016-ն ինձ և իմ հերոսների համար: