Հայաստանի ընդդիմությունն առաջարկում է երկրում ռուսական նոր ռազմաբազա ստեղծել
Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ երկրի հարավում նոր ռազմաբազայի ստեղծման վերաբերյալ, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Հայաստանի հյուսիսում՝ Գյումրի քաղաքում, արդեն տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան։ 2010 թ-ին Ռուսաստանն ու Հայաստանը երկարաձգել են այդ բազայի տեղակայման մասին պայմանագիրը մինչև 2044 թ․։
Իսկ նոր բազան, ըստ ընդդիմության, կօգնի պահովել Հայաստանի Սյունիքի մարզի և ողջ տարածաշրջանի անվտանգությունը։
Սյունիքի անվտանգութան հարցը սրվել է արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Ըստ եռակողմ համաձայնագրի, որը ստորագրվել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանին է հանձնվել Զանգելանի շրջանը։ Այն սահմանակից է Հայաստանի Սյունիքի մարզին, և այժմ այստեղ իրականացվում է սահմանազատում և սահմանագծում՝ ըստ խորհրդային ժամանակների վարչական սահմանների։
Արդյունքում՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքների միջև ճանապարհի որոշ հատվածներ հատում են ադրբեջանական տարածքը։ Վերջերս այստեղ հաճախ են միջադեպեր տեղի ունենում այն պատճառով, որ սահմանն անցնում է Հայաստանի պետական օբյեկտների և մասնավոր շինությունների միջով։
Շրջանում իրավիճակը ծայրահեղ լարված է, սյունեցիները կարծում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ Ադրբեջանին է հանձել Արցախի հողերը, իսկ այժմ տալիս է և Հայաստանի հողերը։ Դեկտեմբերի 21-ին նրանք նույնիսկ փակել էին ճանապարհներն ու վարչապետին թույլ չէին տվել մտնել մարզի տարածք։ Փաշինյանը ստիպված էր եղել հատել փակ ճանապարհն ուղղաթիռով, որպեսզի կարողանա հանդիպել Սյունիքի այն բնակիչների հետ, որոնք դեմ չեն նրա հետ շփվել։
- Գործադուլ, փակ ճանապարհներ, հրաժարականներ․ ընդդիմության փորձը՝ պաշտոնանկ անել Հայաստանի վարչապետին
- Հայաստանի հարավի բնակիչները վարչապետին մարզ չեն թողել․ ինչո՞ւ է ապստամբել Սյունիքը
Ի՞նչ է առաջարկել Մարուքյանը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը կարծում է, որ այս պահին ամենակարևոր հարցը Սյունիքի մարզի անվտանգության ապահովումն է, քանի որ Ադրբեջանի ԶՈւ դիրքերն անմիջականորեն մոտեցել են հայկական բնակավայրերին։
Կուսակցւթյան պատգամավորներն այցելել են Սյունիք՝ տեղում ստուգելու մարզից եկող ողջ տեղեկատվությունը։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ այցից հետո իրենք համոզվել են, որ ադրբեջանական կողմը կարող է ոտնձգություններ կատարել սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ։
Ընդդիմադիր գործիչն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ավելացնել ռազմական բյուջեի ծախսերը․
«Ադրբեջանը պատրաստվում է նոր արկածախնդրության։ Այդ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրման և Սյունիքում բազայի տեղակայման ուղղությամբ։ Եվ Արցախի խաղաղապահներն ավելի հեշտ ապահովում կստանան Սյունիքից, քան՝ Գյումրիից»։
Պայմանագրային բազայի մասին
Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Հավաքական անվտանգության պայմանագրի կազակերպություն ռազմական դաշինքին Հայաստանի անդամակցության պայմաններում, ինչպես նաև հայ-ռուսական միջպետական հինգ պայմանագրերի համատեքստում երկիրը միևնույն անվտանգության գոտում է, ինչ Ռուսաստանը, կարծում է Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է միավորել բոլոր համաձայնագրերը Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մասին մեկ պայմանագրում, միևնույն ժամանակ արդիականացնել եղած ռիսկերն ու սպառնալիքները։
Պատգամավորները կարծում են, որ, ըստ էության, դա կնշանակի թղթին հանձնել այն, ինչ արդեն կա, սակայն նոր պայմանագրում առանձնահատուկ տեղ պետք է զբաղեցնի Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգության հարցը։
Ռազմաբազան, ըստ կուսակցության առաջնորդ Մարուքյանի, հենարան կլինի Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործառնության համար։ Բացի այդ, ընդդիմադիրը կարծում է, որ այն անվտանգության երաշխիք կլինի տարածաշրջանում, որը ՀԱՊԿ-ի անտանգության միասնական գոտու մեջ է՝ Իրանի և Թուրքիայի սահմանին։