Նոր հնարավորություն Վրաստանի համար
Հոկտեմբերի 8-ը վրացական քաղաքական լանդշաֆտի զգալի փոփոխությունների սկիզբն է: Աստիճանաբար արտահայտվում են հետխորհրդային քաղաքական ժառանգության հաղթահարման թույլ նշաններ: Անցած ընտրությունները ցույց տվեցին, որ այս փուլում Վրաստանը չկարողացավ հաղթահարել միակուսակցական կառավարման գայթակղությունը, որը վրացական քաղաքականության ամենամեծ թերությունն ու խնդիրն է:
Գլխավոր վտանգը
«Վրացական երազանքը» 4 տարվա ընթացքում նպատակաուղղված ձգտում էր ամբողջապես իր ձեռքերում կենտրոնացնել օրենսդրական և գործադիր իշխանությունը: Իշխանությունը կիսելու անընդունակությունը, որը դրսևորեց կոալիցիան, ցույց տվեց, որ «Վրացական երազանքը» շարունակում է ոչ թե արժեքների, այլ իշխանության շուրջ համախմբվելու կոմունիստական կուսակցությունից սկիզբ առնող վրացական կուսակցական քաղաքականության ավանդույթը:
Եթե երկրորդ փուլի արդյունքներով «Վրացական երազանքը» կարողանա սահմանադրական մեծամասնության հասնել, դա կլինի վրացական ժողովրդավարության համար գլխավոր վտանգը:
Այդ վտանգը սրում է այն հանգամանքը, որ «Վրացական երազանքի», հետևաբար և ողջ երկրի ոչ պաշտոնական ղեկավարը օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին է, որը ոչ մի կերպ անմիջականորեն հաշվետու չէ վրացի ընտրողին: Իվանիշվիլին, որը վստահ է պետություն կառավարելու և քաղաքական վերլուծություններ անելու իր ունակությունների վրա, կարծում է, որ երկիրը կարելի է այնպես կառավարել, ինչպես ֆինանսական կայսրությունը ելցինյան և պուտինյան Ռուսաստանում:
Սահմանադրական մեծամասնությունը կարող է փողով ու իշխանությամբ միավորված տարբեր ուղղվածության արժեքների բազա և ոչ թափանցիկ կառավարում ունեցող կուսակցության ձեռքերում հայտնվել: Նման վտանգավոր մեծամասնությունը դատապարտված է թույլ տալու այն բոլոր սխալները, որոնց ունակ է չվերահսկվող միակուսակացական ավտոկրատիան: Այդ պատճառով էլ վրացի ընտրողը խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրատարածքներում պետք է անի ամեն ինչ, որպեսզի «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն չստանա:
«Երազանքի» նոր «խուլիգանները»
Աջ պոպուլիստական, քսենոֆոբ «Հայրենասերների դաշինք» կուսակցության՝ խորհրդարան մտնելը շահեկան էր «Վրացական երազանքի» համար: Այն իր վրա կվերցնի գործառույթները, որոնք իրականացնում էին նախորդ գումարման խորհրդարանի «Վրացական երազանքի» պատգամավորներ Մեչիաուրին, Կանտարիան, Պապուաշվիլին, Ջաչվլիանին և այլ «խուլիգանները»: [Այդ պատգամավորները հակաարևմտյան և հակալիբերալ ելույթներով էին աչքի ընկնում]:
«Խուլիգանների աութսորրսինգը» «Վրացական երազանքին» հնարավորություն կտա ավելի ծանրակշիռ տեսք ունենալ, քան նախկինում: Իսկ իրականում «Վրացական երազանքի», ինչպես նաև դրա ոչ պաշտոնական ղեկավարի արժեքներն ու նախընտրությունները շատ մոտ են «Ասավալ-դասավալի» հետադիմական թերթին և «Հայրենասերների դաշինքին»:
«Ազգային շարժման» երկընտրանքը
Հոկտեմբերի 8-ի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունների գլխավոր ընդդիմադիր «Ազգային շարժման» ինքնանույնականացման միֆը կենսունակ չէ:
«Ազգային շարժման» ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ կուսակցությունն իրեն միակ «արևմտամետ» ուժ էր ներկայացնում, որն ի վիճակի է համախմբել ընտրողներին: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ընտրողները չեն կիսում նրանց հայացքները: «Ազգային շարժումը» Վրաստանի միակ արևմտամետ ուժը չէ (և երբեք չի էլ եղել):
Փոխարենը «Ազգային շարժումը» ցույց տվեց, որ կայուն 20-30 տոկոսանոց ընտրազանգված ունի: Կուսակցությունը պետք է հարմարվի այն մտքին, որ նա հնարավոր է այլևս երբեք չկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել առանց կոալիցիոն գործընկերների:
Միևնույն ժամանակ 20-30 տոկոսն այն ցուցանիշն է, որը ժողովրդավարական երկրներում ունենում են մեծ, այսպես կոչված ժողովրդական կուսակցությունները, որոնք ընտրողների մեծ մասն են ներկայացնում:
Կարելի է ասել, որ «Ազգային շարժումը» ժողովրդավարական տրանսֆորմացիայի ավարտական փուլն է անցնում:
Զարմանալի չէ, որ նման փոխակերպումը շահեկան չէ կուսակցության առաջնորդներից մեկին՝ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Նրա, ինչպես և Իվանիշվիլիի համար իշխանությունը միասնական ու անտրոհելի է: Տրոհված մասը կորցնում է արժեքը: Դրանով է հենց բացատրվում դրա անպատասխանատու հայտարարությունը. Սահակաշվիլին կոչ է արել 27% ձայն հավաքած իր թիմին բոյկոտել և՛ ընտրությունների երկրորդ փուլը, և՛ խորհրդարանի աշխատանքը:
Իրականում տվյալ պահին «Ազգային շարժումը» միակ կուսակցությունն է, որը կայուն ընտրազանգված ունի և այդ իմաստով կախված չէ կոնյունկտուրային տատանումներից: Եթե «Ազգային շարժումն» ինքն իր համար գերեզման չփորի՝ հրաժարվելով խորհրդարանական մանդատներից, ապա որքան էլ դա պարադոքսային լինի, երկարաժամկետ հեռանկարում հենց նա կարող է դառնալ հոկտեմբերի 8-ի ընտրությունների իսկական հաղթողը: Հանուն դրա նա պետք է հրաժեշտ տա իր անցանկալի առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլիից:
«Ազգային շարժման» ևս մեկ կոպիտ սխալը մշտական հարձակումներն էին փոքր արևմտամետ կուսակցությունների վրա: Դրանք սկիզբ էին առնում իրեն միակ արևմտամետ ուժ ներկայացնելու ցանկությունից: Հետևաբար «Ազգային շարժմանն» ավելի ձեռնտու էր աջ պոպուլիստական կուսակցությունների ուժեղացումը, քան իր անմիջական մրցակիցների:
«Փոքր կուսակցությունները»
«Ազգային շարժումն» իր ներդրումն ունեցավ (չնայած ոչ էքսկլյուզիվ) ձախ, ցենտրիստական և լիբերալ կուսակցությունների էրոզիայի գործում: Իրենց հերթին այդ կուսակցությունները (հատկապես ամենահին վրացական Հանրապետական կուսակցությունը) չկարողացան թարմանալ: Այսօր նրանք կենսունակ չեն:
Ի տարբերություն «Ազգային շարժման», նրանք չկարողացան սեփական ընտրական բազան ստեղծել: Իսկ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներն» ընդհանրապես հրաժարվեցին կամ չկարողացան խորհրդարանից դուրս շարունակել կուսակցական աշխատանքը: Ընտրություններին տարած պարտությունից հետո կուսակցությունը փաստացի փլվեց: Այն լքեց կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան և ղեկավար կազմի ևս մի քանի անդամ: Անկասկած, նման կուսակցությունները հազիվ թե շարունակեն գոյություն ունենալ:
«Բողոքող» ընտրազանգվածը
Հոկտեմբերի 8-ի ընտրություններն ի ցույց դրեցին նաև այն, որ բողոքող ընտրազանգվածը հակված չէ քվեարկելու «Ազգային շարժման» օգտին, և հիմնականում նախընտրում է տանը նստել, այլ ոչ թե քվեարկել գործող որևէ կուսակցության օգտին: Եթե «բողոքական» ընտրողին չգրավեն ցենտրիստական կամ ձախ կուսակցություններն, ու որոնց առաջնահերթությունները կրթությունը, սոցիալական արդարությունը, շրջակա միջավայրի պահպանումն է, ապա նրանց անպայման իրենց կողմը կգրավեն աջ պոպուլիստական կուսակցությունները (ընդ որում, ավելի հաջող կերպով, քան դա հիմա անում է «հայրենասերների դաշինքը»):
Վրաստանը կուսակցական քաղաքականության արմատական փոխակերպման փուլ է թևակոխել: «Վերևից» ստեղծված կուսակցությունները, որոնք կայուն ընտրազանգված չունեն, անհետացման եզրին են: Մեզ համար որոշիչ կլինի, թե ով և ինչպես կփոխարինի այդ կուսակցություններին:
Այդ պատճառով էլ հաջորդ 4 տարիներին Վրաստանը հնարավորություն ունի ցույց տալու, թե որքանով է պատրաստ հետխորհրդային պետությունից արևմտյան ժողովրդավարության երկրի վերածվելու, պարզապես այս անգամ՝ ոչ թե վերևից, այլ ներքևից: Այս անգամ մեր անհաջողությունները մենք չենք կարող բարդել կառավարության վրա, որից ոչ մի լավ բան չենք սպասում:
Հրապարակվել է 11.10.2016