«Նշանակությունը սիմվոլիկ է, ոչ թե պրակտիկ»․ ԵՄ առաքելությունը սահմանին
ԵՄ առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում են լինելու մինչև 50 դիտորդներ։ Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում կայացված որոշման մասին նախօրեին հայտնել էին «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը դեռևս չի տարածել պաշտոնական հաղորդագրություն։
Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության համաձայն՝ դիտորդներն իրենց աշխատանքը պետք է սկսեն հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առայժմ հստակ չէ՝ որ երկրի դիտորդների մասին է խոսքը և ինչ լիազորություններ են ունենալու նրանք։
Հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվել էր հայտարարություն, որով Հայաստանն իր համաձայնությունն էր հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ադրբեջանը համաձայնել էր առաքելության հետ համագործակցել «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:
Հայտարարության համաձայն՝ առաքելության նպատակներն են՝
- վստահության կառուցումը,
- զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
JAMnews-ը զրուցել է հայ փորձագետների հետ ու փորձել հասկանալ՝ ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը ԵՄ առաքելությունից՝ հաշվի առնելով նաև Վրաստանի փորձը, որտեղ նրանք տեղակայվել են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։
Հրանտ Միքայելյան, Կովկասի ինստիտուտի փորձագետ
«Կարևոր ձևաչափ է, բայց Հայաստանի խնդիրները լուծել չի կարող»
Կովկասի ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ՝ եթե քաղաքական կամք գործի չդրվեց Վրաստանում, դժվար է ակնկալել, որ Հայաստանի պարագայում իրավիճակն այլ կլինի։
«Եթե մեր նպատակն այն է, որ կասեցվեն տարածքային փոփոխությունները, ապա դժվար թե կարող ենք դա ակնկալել այս առաքելությունից։ Այն ավելի շատ սիմվոլիկ նշանակություն է ունենալու, քան պրակտիկ»,- JAMnews-ի հետ զրույցում ընդգծել է Միքայելյանը։
Եվրամիության դիվանագետները չեն բացառել, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է տեղափոխվել Վրաստանից։ Հարևան երկրում քաղաքացիական առաքելությունը տեղակայվել է 2008 թ․-ի օգոստոսյան պատերազմից հետո՝ ռուս-վրացական պայմանավորվածությունների կատարմանը հետևելու համար։ Այս դեպքում ևս որպես նպատակ է ամրագրվել հակամարտող կողմերի միջև վստահությունը վերականգնելը։ Ներկա պահին ԵՄ-ն Վրաստանում 200 դիտորդ ունի։
Քաղաքագետը հիշեցնում է՝ մի քանի տարի է, ինչ սահմանազատում է իրականացվում վրաց-օսական հակամարտության գոտում, որը Թբիլիսին համարում է անօրինական բորդերիզացիա։ Իսկ այնտեղ գտնվող քաղաքացիական դիտորդները որևէ կերպ չեն միջամտում։
«Այդ պահին ռուսները կամ օսերը, որոնք սահմանի մյուս կողմից էին կանգնած, ունեին կոնկրետ նպատակ, դա փաստացի սահմանն իրենց պատկերացումներին համապատասխանեցնելն էր։ Իրենք այդ նպատակն իրագործել են, իսկ դիտորդները կարողացել են միայն արձանագրել դա։ Այդ պատճառով կարծում եմ՝ անհրաժեշտ է քաղաքական կամք և ռազմական ներկայություն»,- նկատում է փորձագետը։
Միքայելյանի գնահատմամբ՝ Հայաստանի դեպքում էլ դիտորդները զեկույց են կազմելու, ինչից հետո Եվրամիությունը կորոշի՝ ինչպես արձագանքել, եթե Ադրբեջանի կողմից նոր խախտումներ լինեն։
«Այս ձևաչափը կարող է կարևոր դեր խաղալ, բայց Հայաստանի խնդիրները լուծել չի կարող․ անվտանգային խնդիրների լուծման բանաձևում սա ընդամենը մի էլեմենտ է։ Հայաստանին անհրաժեշտ են շատ ավելի ստույգ գործիքներ, որպեսզի կանխվի Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիան»,- ամփոփել է քաղաքագետը։
Արմեն Բաղդասարյան, քաղաքագետ
«Զսպող մեխանիզմ է՝ շատ թույլ, բայց չեղածից լավ»
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ քանի որ ներկա պահին հայ-ադրբեջանական սահմանը բավականին խոցելի է, քաղաքացիական դիտորդների տեղակայումը կարող է դրական նշանակություն ունենալ, բայց «պետք չէ, որ Հայաստանը դիտորդներից որևէ կոնկրետ ակնկալիք ունենա»։
«Արևմուտքը հաշվի է առնելու ոչ թե այն, թե ինչ է տեղի ունենում իրականում, այլ այն, թե տվյալ պահին ինչ քաղաքական շահեր է հետապնդում մեր տարածաշրջանում։ Այս դեպքում էլ կարող են ասել, թե՝ փաստացի տվյալներ չունեն, որ Ադրբեջանն է սադրանքի դիմել, դեռ պետք է պարզեն և այլն։ Նրանք գալիս են, ոչ թե Հայաստանին, այլ իրենց շահերը պաշտպանելու, իրենց ազդեցությունը մեծացնելու»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Բաղդասարյանը։
Քաղաքագետը կարծում է՝ Եվրամիության քաղաքացիական առաքելության առջև դրված նպատակները հնարավոր չէ իրագործել ընդամենը երկու ամսում։ Չի բացառում, որ սահմանված ժամկետն առաջիկայում երկարաձգվի։
«Ուզում եմ հիշեցնել, որ երբ 1992 թ․-ին ստեղծվեց Մինսկի խումբը, ենթադրվում էր, որ դրա գործունեությունը տևելու է առավելագույնը մի քանի ամիս, այն պետք է նախապատրաստեր Մինսկի կոնֆերանսը։ Արդյունքում այդ կազմակերպությունը գործեց և գործում է մոտ երեսուն տարի։ Կարծում եմ՝ ԵՄ առաքելությունը հնարավոր կլինի երկարաձգել մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, եթե դա տեղի ունենա։ Ենթադրում եմ, որ այդ երկամսյա ժամկետը նշվել է հենց այն տրամաբանությամբ, որ հույս կա՝ երկու ամսում ինչ-որ առաջընթաց կլինի»,- պարզաբանել է Բաղդասարյանը։
Դիտորդների ներկայությունը կարևոր է համարում։ Ասում է՝ դա «երաշխիք չէ», բայց կարող է ունենալ «զսպող նշանակություն»։
Հարց ուղղեցինք՝ Բաքուն կընդունի՞ առաքելության պատրաստած զեկույցները, չէ՞ որ խմբի հետ համագործակցելու է «այնքանով, որքանով առնչություն կունենա»։
«Ադրբեջանը կարող է ցանկացած պահի ասել, որ դրանք իրենց համար որևէ նշանակություն չունեն, և քանի որ իրենք չեն մասնակցում, միակողմանի են և այլն։ Առանձնապես մեծ հույսեր պետք չէ կապել դիտորդների հետ, նրանք կարող են ծառայել որպես զսպող մեխանիզմ՝ շատ թույլ, բայց չեղածից լավ»,- ի պատասխան ասել է քաղաքագետը։
ԵՄ առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին