Վրացի ընդդիմադիր լրագրող Նիկա Գվարամիան մուտք է գործում քաղաքականություն
Նիկա Գվարամիան՝ քաղաքական գործիչ
Վրացի ընդդիմադիր լրագրող և «Մտավարի Արխի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիան հունվարի 15-ին սոցցանցում տարածել է հայտարարություն, որով տեղեկացրել է, որ մուտք է գործում քաղաքականություն և հանդես է գալիս լայն քաղաքական միության ստեղծման օգտին, որը կպայքարի 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար, ընտրություններ, որոնք շատ կարևոր են երկրի համար։
Գվարամիան գրում է, որ «իր քաղաքական նպատակներին հասնելու համար պատրաստ է երկխոսել բոլորի հետ»։
Ընդդիմադիր պատգամավոր և «Ազգային շարժում» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության նախկին նախագահ Խատիա Դեկանոիձեն լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ խորհրդակցություններ է անցկացնում ինչպես Նիկա Գվարամիայի, այնպես էլ «Ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիայի հետ, ով նույնպես պատրաստվում է փետրվարին նոր կուսակցություն հիմնել։
2023 թվականի դեկտեմբերի 30-ին Նիկա Գվարամիան հայտարարեց, որ քաղաքական գործընկերության հարցը քննարկում է «Ազգային շարժման» նախկին նախագահի հետ։ Սակայն Մելիայի թիմի անդամները չեն հաստատում, որ բանակցում են այլ քաղաքական կուսակցությունների հետ։ Նրանք նշում են, որ այս փուլում խորհրդակցություններ են իրականացնում միայն կոնկրետ անձանց հետ։
Նիկա Գվարամիայի հայտարարությունը
«ԶԼՄ շատ ներկայացուցիչներ ինձ զանգահարում են ապագա քաղաքական կոնֆիգուրացիաների հետ կապված: Ես հասանելի չեմ հարցազրույցների համար, ուստի կգրեմ այստեղ։
Հինգ տոկոսի արգելքը հաղթահարելը, տասը-քսան հոգանոց խորհրդարանական խմբակցությունն ինձ համար լրիվ անհետաքրքիր են։ Անձամբ ես պատրաստ եմ բոլոր տեսակի զիջումների գնալ միասնության հասնելու համար, այդ թվում՝ միակողմանի զիջումների, եթե մյուսները չունեն բավարար համարձակություն, խոհեմություն և ընդհանուր շահերի գիտակցում։
Ինձ հետաքրքրում են փոփոխություններն ու նորությունները։ Ես պաշտոններ ու ազդեցություն ունեցել եմ։ Դրա համար քաղաքականություն վերադառնալու կարիք չունեմ։ Ես մուտք եմ գործում քաղաքականություն՝ միասին փոխելու [իրավիճակը դեպի լավը], որպեսզի ժողովրդավարությունն ու ազատությունը մեկընդմիշտ անշրջելի դառնան։
Ես մուտք եմ գործում քաղաքականություն, քանի որ ցանկանում ենք երկիրը կառավարելու համար ճանապարհ բացել նոր մարդկանց համար և հնարավորինս արագացնել սերնդափոխությունը քաղաքական էլիտայում։
Ես մուտք եմ գործում քաղաքականություն, քանի որ կարծում եմ, որ դա անհրաժեշտ է այստեղ և հիմա։
Ես մուտք եմ գործում քաղաքականություն, քանի որ ուզում եմ ուժեղացնել ընդհանուր պայքարը»։
- «Առանց Վրաստանի ՀՀ-ն չի կարող ունենալ արևմտյան ինտեգրացիա»․ կարծիք
- «Իվանիշվիլիի վերադարձի որոշման մեջ կան անձնական դրդապատճառներ, վախեր և ռիսկեր»․ վրացի քաղաքագետ
2022 թվականի մայիսին Նիկա Գվարամիան դատապարտվել է երեք տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման՝ ընտանիքի կարիքների համար ծառայողական մեքենան օգտագործելու մեղադրանքով։
2023 թվականի հունիսի 22-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Նիկա Գվարամիայի ներման ակտ է ստորագրել։
Նիկա Գվարամիայի գործը ներառվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցում, որը վերաբերում է քաղբանտարկյալներին և խոսքի ազատությանը։
Սպիտակ տունը, վկայակոչելով Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը, գրում է, որ Գվարամիայի գործը բացահայտեց «մի շարք գործերով դատարանների վրա [վրացական] կառավարության աճող ազդեցությունը», որն ուղղված է քննադատներին և հակառակորդներին ճնշելուն։
2023 թվականի հունիսի 29-ին Լրագրողների պաշտպանության կոմիտեն Նիկա Գվարամիային շնորհեց Մամուլի ազատության միջազգային մրցանակ։ Գվարամիան այս ամենամյա մրցանակի չորս դափնեկիրներից մեկն էր։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Նիկա Գվարամիան՝ քաղաքական գործիչ